«Ռոյալ Արմենիան» քայլեր է ձեռնարկում իր արդարացման ուղղությամբ. հաղորդում է ներկայացրել փորձագետների դեմ

«Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատիրոջ աղմկոտ գործը մի քանի տարի անց նոր ընթացք է ստանում:

Երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո «ՌԱ»-ի սեփականատեր Գագիկ Հակոբյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ իր դեմ հարուցված քրգործով փորձագետներ Վասիլի Առուստամյանի, Աշոտ Թեւիկյանի եւ Գեւորգ Մկրտչյանի կողմից հանցագործություն կատարելու փաստի մասին: Նրանք այն փորձագետներն են, ովքեր ըստ Հակոբյանի՝ ակնհայտ կեղծ փորձագիտական եզրակացություն են տվել:

Այն բանից հետո, երբ դեռեւս 2004 թվականին Գագիկ Հակոբյանը հայտարարեց, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի ղեկավար պաշտոնյաներն իրենց ընկերության տնօրինությունից կաշառք են պահանջում, «ՌԱ»-ն հայտնվեց Հայաստանի իրավապահների ուշադրության կենտրոնում: Այսինքն՝ կաշառք պահանջած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն Հայաստանի իշխանությունները սկսել էին կտրուկ միջոցներ ձեռնարկել «անհնազանդ» գործարարին պատժելու եւ լռեցնելու համար: Այն ժամանակվա իշխանությունը սրանով ցույց էր տալիս, թե ինչ կլինի այն գործարարների հետ, ովքեր կհրաժարվեն «մուծվել վերեւներին»: Գագիկ Հակոբյանի հայտարարությունից որոշ ժամանակ անց՝ 2005-ի հոկտեմբերին, նա եւ նրա տեղակալը ձերբակալվել, ապա կալանավորվել են: Հակոբյանը մեղադրվել է ՀՀ ՔՕ մի շարք հոդվածներով՝ խարդախության, մաքսանենգության, փողերի լվացման, փաստաթղթերի կեղծման համար, որի համար հիմք է ծառայել ընկերության արտասահմանյան մատակարար սփյուռքահայ Վաչե Պետրոսյանի հայտարարությունը: Վաչե Պետրոսյանն այս գործով ոչ ավել, ոչ պակաս ճանաչվել էր տուժող: Աղմկոտ քրեական գործը քննել եւ արդարացման դատավճիռ է կայացրել այժմ նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը: Մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանը (այժմ փաստաբան), որը Հակոբյանի համար 12 տարի էր պահանջել, բողոքարկել էր դատարանի դատավճիռը: Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր դատախազության բողոքը եւ 6 տարվա ազատազրկման դատապարտել Հակոբյանին:

Մեղադրական եզրակացությունը եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավճռին, ըստ էության, ամբողջությամբ կառուցվել է քրեական գործի նախաքննության ժամանակ փորձագետ Վասիլի Առուստամյանի գլխավորությամբ տրված դատահաշվապահական եւ դատատնտեսագիտական փորձաքննության եզրակացության հիման վրա:

Երեկ մեր զրույցում Գագիկ Հակոբյանի փաստաբան Գեւորգ Մինասյանը նշեց, որ եզրակացությունը կազմելիս դրա հեղինակները՝ Աշոտ Թեւիկյանը, Գեւորգ Մկրտչյանը եւ, մասնավորապես, փորձագիտական խմբի ղեկավար Վասիլի Առուստամյանը, զգուշացված լինելով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին, այնուհանդերձ տվել են ակնհայտ կեղծ եզրակացություն, ինչի արդյունքում դիտավորությամբ անտեսվել են գործի համար կարեւորություն ներկայացնող բազմաթիվ հանգամանքներ ու փաստաթղթեր: Մինասյանի խոսքով՝ այն ժամանակվա իրավապահներն էլ հնարավորություն են ունեցել այդ կեղծ եզրակացության հիման վրա սարքելու այդ գործը: Վերջինս նշեց՝ որպեսզի այդ խնդիրը կարողանային իրականացնել անհրաժեշտ է եղել այդ կազմակերպությանն օրենքով տրված արտոնությունները կամ իրավունքները «չեղարկել»: «Ռոյալ Արմեինա» ընկերությունը ի սկզբանե լինելով համատեղ ձեռնարկություն՝ օտարերկրյա ներդրմամբ ձեռնարկություն, օգտվել է «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավունքից՝ մաքսատուրքերի ու շահութահարկից ազատված է եղել:

«Այս փորձագետների խնդիրը եղել է այն, որպեսզի տա եզրակացություն, որ գիտեք՝ այդպիսի արտոնություններ չեն եղել: Սա է հենց գլխավոր բանալին: Այդ ընթացքում արդեն բազմաթիվ անհեթեթություններ է գրել այս կամ այն իրավիճակի կապակցությամբ, խեղաթյուրել է իրական պատկերը, կեղծ իրավիճակներ է ներկայացրել, որը այդպես չէ, եզրահանգումներ է կատարել, որը իր լիազորություններից դուրս է եղել: Հենց սա էլ դրվել է մեղադրանքի հիմքում»,- ասաց փաստաբանը: Նա նշեց փորձագետի եզրակացությունից մի հատված, որը վերաբերում էր հետեւյալին. փորձագետը նշել է, որ «Ռոյալ Արմենիա» ընկերության 51 տոկոս բաժնեմասի տեր հանդիսացող Միշել Ժերմանոսի վտարումը ընկերության անդամությունից, նրա բաժնեմասի անցումը ընկերությանը եւ այդ բաժնեմասի օտարումը Լեիդա-Ալուխաս Գոնսալեսին տեղի է ունեցել խախտումներով:

Ըստ փորձագետների, եթե Գոնսալեսի բաժնեմասի ձեռքբերումը ապօրինի է գնահատվում, ուրեմն՝  ՌԱ-ն դադարում է համարվել «համատեղ ձեռնարկություն», դադարում է օգտվել հարկային արտոնություններից, հետեւաբար՝ տրամաբանական է դառնում ընկերության պատասխանատուներին հարկային պարտավորություններից խուսափելու, այդ նպատակով փաստաթղթեր կեղծելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու հանցանքների մեղսագրումը: Այնինչ, կա դատական ակտ, որով Միշել Ժերմանոսին ընկերությունից հեռացնելը եւ Լ. Գոնսալեսի ընկերությանն անդամակցելը ճանաչվել է օրինական: Նման դիրքորոշում է հայտնել նաեւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության իրավաբանական վարչությունը: Բացի դա, ըստ Մինասյանի, փորձագետ Վասիլի Առուստամյանի առաջին ատյանի դատարանին տված բացատրությունից հայտնի է դարձել, որ նա չի տիրապետում անգլերենին եւ չի կարող մեկնաբանել այդ լեզվով կազմված, գործում առկա ու կարեւոր նշանակություն ունեցող բազմաթիվ հաշվապահական եւ այլ բնույթի փաստաթղթեր, որոնք գործի նախաքննության եւ դատաքննության ընթացքում թարգմանված չեն եղել: Մինասյանը նկատեց, որ նշված հանգամանքից հետեւում է, որ հաշվի առնելով օտարալեզու փաստաթղթերի ծավալը եւ նշանակությունը Վասիլի Առուստամյանը չէր կարող ընդհանրապես եզրակացություն կազմել, մինչդեռ նա դա հաջողացրել է կատարել: «Օբյեկտիվորեն հարց է ծագում, թե այդ անձն ինչպես է իրականացրել փորձաքննությունը եւ տվել եզրակացություն, եթե գործում եղած փաստաթղթերի գերակշիռ մասը կազմված են անգլերենով»,- նշեց փաստաբանը:

Այսպիսով՝ Գագիկ Հակոբյանն ու նրա փաստաբանը գլխավոր դատախազին հաղորդումը ներկայացրել են սույն թվականի օգոստոսի 13-ին: Դատախազությունն էլ ոչ ավել, ոչ պակաս հաղորդումը ուղարկել է ԱԱԾ՝ այն կառույցին, որն այն ժամանակ քննել է այս գործը: Բացի դա, փորձագետ Վասիլի Առուստամյանի որդին աշխատում է հենց ԱԱԾ-ում: ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ մայոր Վ. Հարությունյանը, վերանայելով Հակոբյանի եւ վերջինիս փաստաբան Մինասյանի հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախապատրաստած նյութերը, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացրել: Մայոր Հարությունյանը նման որոշում է կայացրել՝ լսելով միայն փորձագետներին, իսկ հաղորդում ներկայացրած անձանց այդպես էլ հարցաքննության չի կանչել: Բացի դա Մինասյանի խոսքով՝ քննիչը բոլորովին չի անդրադարձել հաղորդման մեջ տրված փաստական հանգամանքներին, դետալներին, ընդհանրական տեսակետներ հայտնելով եկել է եզրակացության, որ եթե նույնիսկ փորձագետների կողմից սխալներ եղել են, ապա նրանք դիտավորությամբ չեն արել: «Իսկ այդպիսի եզրահանգման եկել է նրանից, որ փորձագետներին հրավիրել բացատրություններ է վերցրել, փորձագետներն ասել են՝ չէ, մենք այդպիսի նպատակ չենք ունեցել: Մեզ չի լսել, բավարարվել է մեր գրածով, անշուշտ ամեն չի, որ կարող ես թղթին հանձնել:

Տարրական բանականությունը հուշում է, որ պետք է լսել նաեւ հաղորդումը ներկայացրած անձանց: Ապա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացրել՝ նշելով, թե փորձագետը պետք է գիտակցի, որ կեղծ եզրակացություն է տալիս, եթե ուղղակի սխալվում է, մոլորության մեջ է գտնվում, ապա հանցակազմը նրա արարքներում բացակայում է: Նշվում է նաեւ, որ բացակայում են կեղծ եզրակացություն տալու նրանց ուղղակի դիտավորության վերաբերյալ տվյալները: Այսինքն՝ նրանք հիմքեր չունեին, որպեսզի կեղծ փորձագիտական եզրակացություն կազմեին: Սա ուղղակի զավեշտ է»,- նկատեց փաստաբանը: Քննիչի սույն որոշումը ստանալուց հետո Հակոբյանն ու փաստաբանը որոշումը բողոքարկել են դատախազին: Նրանք խնդրել են քննել բողոքը, վերացնել քննիչի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, ինչպես նաեւ հանձնարարել հարուցել քրեական գործ առերեւույթ հանցագործության դեպքի կապակցությամբ, քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարել նախաքննական այլ մարմնի:

Մինասյանը նշեց, որ ԱԱԾ-ն կաշկանդված է քննել այս հաղորդումը: Նա նաեւ տեղեկացրեց, որ գլխավոր հերոս, փորձագետ Վասիլի Առուստամյանը շարունակում է աշխատել: Փաստաբանը մեր զրույցում ասաց, որ պատրաստվում էին այլ խնդրի մասին եւս բարձրաձայնել, երբ կկանչվեին հարցաքննության: Բանն այն է, որ ՌԱ սեփականատերը մեղադրվում էր նաեւ փաստաթղթեր կեղծելու համար: «Խնդիրը ինչումն է: Նույն մատակարարման վերաբերյալ գործում հայտնվում է մեկից ավելի ինվոյս (հաշիվ-ապրանքագիր): Մենք էդ սուբյեկտից (խոսքը՝ Վաչե Պետրոսյանի մասին է,-հեղ.) ունեցել ենք 40 ներկրում եւ ամեն մեկի հետ կապված եղել է ինվոյս կոչվածը՝ արտերկրից ստացած: Այդ անձնավորությունը արտերկրում ձեռք է բերում ապրանքը, մեր համար ուղարկում էր եւ այլ ծրարով ուղարկում էր ուղեկցող փաստաթղթերի բնօրինակը, որը մեզ համար էր, դրանց մեջ նաեւ ինվոյսը: Մեզ մեղսագրել են, թե դուք ինվոյսը կեղծել ենք: Հետագայում էդ նույն մարդուց վերցրել են իբր թե մեկ այլ ինվոյս եւ համադրել են, թե այս մարդն ասում է՝ այս ինվոյսն է ճիշտ, այ էն մեկը ճիշտ չէ եւ հալած յուղի տեղ են ընդունել: Բոլոր ուղեկցող փաստաթղթերում հղումները ինվոյսի եւ նրա էլեմենտները համապատասխանում է մեզ մոտ եղած ինվոյսը: Իսկ էն, որ հետո մեզ մեղադրելու համար սարքել են դրա էլեմենտները, չի բռնում մյուս փաստաթղթերի հետ»,- մանրամասնեց փաստաբանը:

«Ռոյալ Արմենիա»-ի սեփականատեր Գագիկ Հակոբյանն էլ մեր զրույցում նշեց. «Ես իրենց փողերին եմ կպել, երբ ինձ դատեցին, մյուս գործարարները հերթ էին կանգնում, որ տանեին փող տային իրենց, որովհետեւ իմ օրինակով բոլորը տեսան՝ ինչ է լինում այն գործարարին, ով փող չի տալիս իրենց: Ես ակնկալում եմ, որ ի վերջո արդարությունը պետք է հաղթի, ես այսօր եմ հավատում, այ տեսեք, փոխվել է իրավիճակը, բայց համակարգում հներից շատ մարդիկ են մնացել: Քանի ողջ եմ պայքարելու եմ, որպեսզի պատժվեն բոլոր այն մարդիկ, ովքեր այս հանցանքը գործել են եւ տարիներ շարունակ շարունակում են գործել, սրա դեմը պետք է առնել»:

Նշենք, որ այս գործով կայացրած արդարացման դատավճռից որոշ ժամանակ հետո Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով դատավոր Պարգեւ Օհանյանի լիազորությունները դադարեցվեցին: Օհանյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում հարց էր ուղղել Քոչարյանին. «Իսկ որ դու դատավորին ցուցում էիր տալիս 12 տարի նստացնել անմեղ մարդուն, հանցագործություն չէ՞ր: Հենց «Ռոյալ Արմենիան» ի՞նչ էր, ուղղակի ցուցումով էր գործը եկել, որ պիտի դատապարտվեն 12 տարի ազատազրկման»:

Տպել
8711 դիտում

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ