Զարդեր, գինիներ, ինքնաթիռ. ադրբեջանցի բանկիրի կինը՝ ֆինանսական սկանդալի հերոս

Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիեւի տիկնոջ՝ Զամիրա Հաջիեւայի մասին այս օրերին գրում են անգլիական բոլոր առաջատար լրատվամիջոցները: Պատճառը նրա՝ վերջին տասը տարվա ընթացքում Բրիտանիայում արված ահռելի ծախսերն են: Միացյալ Թագավորության Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) պահանջել է նրանից բացահայտել հարստության աղբյուրը:

Զամիրայի ամուսինը՝ Ջահանգիր Հաջիեւը 2016 թ. հոկտեմբերին վատնումների եւ խարդախության համար Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանի կողմից դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման եւ ներկայումս կրում է իր պատիժը: Նա մինչ օրս հերքում է բոլոր մեղադրանքները: Հաջիեւը բողոքարկել էր դատարանի որոշումը, սակայն դատավճիռը մնացել էր անփոփոխ: Նա նաեւ կոչ էր արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ քննել իր գործը: Հաջիեւի փաստաբանները պնդում են, որ նրա ազատազրկումը քաղաքական դրդապատճառներով է: Նշվում էր, թե իբր Հաջիեւը ազատազրկվել է Ադրբեջանի իշխող շրջանակների հետ հակասությունների պատճառով:

Ինչ վերաբերվում է նրա տիկնոջ գործին, ապա, Financial Times-ի հաղորդմամբ՝ դատական լսումները Լոնդոնի Բարձր դատարանում սկսել էին դեռեւս հուլիսին, սակայն դրանց վերաբերյալ տեղեկատվությունը լայն տարածում է գտել այն բանից հետո, երբ լրացել է ԶԼՄ-ների համար այդ տեղեկատվությունը չհրապարակելու դատական արգելքի ժամկետը: Լրագրողների պնդմամբ՝ տվյալների բացահայտումը բխում էր հասարակության շահերից:

Զամիրա Հաջիեւայից պարզաբանումներ են պահանջել անշարժ գույքի երկու օբյեկտների՝ Նայթսբրիջ թաղամասի 11.5 միլիոն ֆունտ արժողությամբ տան եւ Ասքոթ քաղաքի արվարձաններում գտնվող 10.5 միլիոն ֆունտ արժողությամբ հողատարածքի վերաբերյալ: Այն գտնվում է Միլ Ռայդ էլիտար գոլֆ-ակումբի տարածքում եւ կազմում է ակումբի ընդհանուր տարածքի կեսը: Հողատարածքը ձեռք է բերվել Հաջիեւային պատկանող կազմակերպության կողմից: Տունը ձեռք է բերվել Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված կազմակերպության կողմից, որը, NCA-ի պնդումների համաձայն՝ նույնպես պատկանում է Հաջիեւներին: Եթե Հաջիեւան չկարողանա ապացուցել ծախսված գումարների օրինականությունը՝ նրա ունեցվածքը կարող է բռնագրավվել:

Հաջիեւան չի ընդունում իր մեղքը: Նրա փաստաբանները հայտարարել էին, որ NCA-ի կողմից հարցման փաստը չի նշանակում, որ նա կամ իր ամուսինը որեւէ հանցագործություն են կատարել, մինչդեռ NCA-ի փաստաբանները պնդում էին, որ Հաջիեւների ծախսերը էականորեն գերազանցում են Ադրբեջանի Միջազգային բանկում Ջահանգիր Հաջիեւի վաստակած գումարը: Հաջիեւների փաստաբանները Բարձր դատարանում հայտարարել էին, որ ամուսինները անարդարության զոհ են: Նրանք փորձում են դատարանի միջոցով չեղարկել հարցումը: Հաջիեւան դատարանում հայտարարել է, որ իր ամուսինը արդար գործարար է, որին, իբր, հաջողվել է հարստանալ գործարարությամբ՝ մինչեւ բանկի ղեկավար դառնալը: Սակայն NCA-ը պնդում է, որ 1993-ից մինչեւ 2015 թ. Հաջիեւը պետական ծառայող է եղել եւ չէր կարող նման խոշոր գումարներ վաստակել:   

Հրապարակված դատական նյութերից մասամբ հայտնի է դառնում նաեւ այն, թե ինչի վրա է Զամիրա Հաջիեւան ծախսել ահռելի գումարները: Մասնավորապես վերջին տասը տարիների ընթացքում նա լոնդոնյան միայն մեկ՝ Harrods հանրախանութում ծախսել է մոտ 16 միլիոն ֆունտ, այսինքն օրական միջինում շուրջ 4-4,5 հազար ֆունտ: Միայն մեկ օրվա ընթացքում նա 150 հազար ֆունտ է ծախսել էլիտար զարդեր, օծանելիք եւ ժամացույցներ արտադրող Boucheron ընկերության արտադրանքի վրա: Հաջորդ օրը Հաջիեւան ծախսել է 1800 ֆունտ, ինչի արդյունքում համալրվել է Հաջիեւների գինու մառանը: Եւս մեկ օր անց 100 հազար ֆունտով գնել է զարդեր Cartier-ից եւ 20 հազարի նվերներ ամուսնու համար: Լսումների ընթացքում հայտնի է դարձել նաեւ Հաջիեւայի 42 միլիոն դոլարով ձեռք բերված Gulfstream G550 ինքնաթիռի մասին: Հաջիեւային են պատկանել Ադրբեջանի Միջազգային բանկի կողմից տրված 35 բանկային քարտ:

Հաջիեւայից պարզաբանումներ պահանջելու իրավական հիմք են հանդիսացել Ապօրինի ֆինանսների օրենքում հունվարին ընդունված հավելվածը՝ «չբացատրված հարստության հարցման» հնարավորությունը: Դրա շնորհիվ Բրիտանիայի իշխանությունները իրավունք են ստացել հարցումներ իրականացնել 50 հազար ֆունտ եւ ավելի արժողությամբ ակտիվների սեփականատերերին՝ չպարզված ծագմամբ ունեցվածքի վերաբերյալ: Փոփոխությունները վերաբերվում են նախ եւ առաջ հանցագործությունների կատարման մեջ կասկածվողներին եւ եվրոպական տնտեսական գոտու մեջ չմտնող պետությունների ազդեցիկ քաղաքական դեմքերին ու նրանց հետ փոխկապակցված անձանց:

Հատուկ հետաքրքրության է արժանի այն, որ պաշտոնական Լոնդոնը հունվարին չէր թաքցնում, որ փոփոխությունների հիմնական թիրախը Ռուսաստանից եկող գումարներն են: Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ազգային քրեական գործակալության ղեկավար Դոնալդ Թունի խոսքով՝ դեռեւս մինչեւ փոփոխությունների ընդունումը Լոնդոնն արդեն ուսումնասիրում էր ռուսաստանցիների «կասկածելի ակտիվները»: Այլ կերպ ասած, օրենսդրական փոփոխության թիրախը հենց ռուսաստանցի մեծահարուստներն էին, սակայն առաջին եւ առայժմ միակ «զոհը» Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավարի տիկինն է:

Տպել
7282 դիտում

ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները համաձայնեցրել են հայկական կողմի առաջարկը. ի՞նչ են քննարկելու վարչապետները Երեւանում

Գաղտնի երդմնակալություն, միջազգային սպառնալիքներ, շարունակվող ցույցեր ու ձերբակալումներ. Բելառուսն այսօր (լուսանկարներ)

Քանդակները վերականգնման կարիք ունեն, բայց դրա համար հայտարարված երեք մրցույթին էլ ոչ ոք չի մասնակցել

Աշակերտների որոշ խմբերի համար դպրոցում դիմակ կրելը պարտադիր չի լինի. ուղեցույցը վերանայվել է

Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում հուլիսյան դեպքերի հետևանքով կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիների իրավապաշտպանների հետ

Լեդի Գագայի՝ փարաջանովյան դրվագներով հոլովակը փորձ է մարդկանց սթափեցնելու. Կարինե Հակոբյան

Մարմաշենում 21-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրվողը ազատ չի արձակվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Քիչ էր մնում անակնկալը փչացնեիք. ԱՆ խորհրդականը հրապարակել է պարգևատրված բուժաշխատողների ցանկը, որի մեջ է նաև «Նորք»-ը

Արգավանդ համայնքում երեք հակակարկտային կայան է տեղադրվել

Ստուգումներ մարտական հենակետերում. ՊՆ

Շիրակի մարզում կորոնավիրուս է հաստատվել 28 ուսուցչի մոտ. մեկուսացված է 186 աշակերտ

Ներկայացվել է ավիաընկերությունների ցանկը, որոնցով ճամփորդելիս պարտադիր է ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը

Վանաձորի կենտրոնում խանութ է պայթեցվել (լուսանկարներ)

Տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի նիստը

Գործադո՞ւլ, թե՞ բողոքի ակցիա ՀՊՏՀ-ում ու ի՞նչ է սահմանում Աշխատանքային օրենսգիրքը

Երևանի վարչական շրջաններում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել

Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը. Զոհրաբ Մնացականյանի ելույթը

Էդգար Բաբայանը ցանկանում է կարիերան շարունակել Դանիայից դուրս

«Մուլտի Գրուպ Կոնցեռնը» խախտումներով է շահագործել «Մղարթի ոսկու հանքավայրը». նյութերն ուղարկվել են դատախազություն

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը