Դերասաններ կան, որ ինձ հետ չեն շփվում. Իրինա Հարությունյանը վերադարձել է Ստանիսլավսկու թատրոն

Դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Հարությունյանը սեպտեմբեր ամսից վերադարձել է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն: Դերասանուհուն երկար ժամանակ թույլ չէին տալիս վերադառնալ թատրոն, որտեղ նա աշխատել էր ավելի քան տասը տարի: ՀԺ-ն քանիցս անդրադարձել է նրա խնդրին:

Մի քանի ամիս առաջ Իրինա Հարությունյանը դիմել էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին եւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին՝ խնդրելով վերջիններիս աջակցությունը: Սակայն խնդիրը, կարծես թե, լուծում չէր ստանում, թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը բազմաթիվ պատճառաբանություններ բերելով՝ չէր ցանկանում վերջինիս հետ ընդունել թատրոն: 

«Երկար ճանապարհ անցա, վերադարձս հեշտ չէր, շատ խոչընդոտներ կային, բայց ի վերջո, մշակույթի փոխնախարար տիկին Նազենի Ղարիբյանի աջակցությամբ ու միջամտությամբ ստացվեց»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց դերասանուհին: Իրինա Հարությունյանի խոսքով՝ երբ նորից խոչընդոտներ են ստեղծվել, մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանն օգնականների միջոցով կապ է հաստատել թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանի հետ, եւ այս անգամ հարցը վերջանական լուծում է ստացել մշակույթի նախարարության կողմից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ՀԺ-ի հետ զրույցում Ֆրեդ Դավթյանն այս հարցի լուծումը հենց այդպես էլ տեսնում էր, ասելով, որ ինքն ընդամենը տնօրեն է, իսկ թատրոնում դերասանների ազատման կամ ընդունման հրամանները հաստատվում են մշակույթի նախարարության կողմից:

Դավթյանը, խոսելով Իրինա Հարությունյանի մասին, չէր զլանում ամեն անգամ կրկնել, որ դերասանուհին թատրոնից կոնֆլիկտով է հեռացել, այնուամենայնիվ, Իրինա Հարությունյանն իր վերադարձի այսքան ձգձգվելը կապում է Ստանիսլավսկու կոլեկտիվի հետ: Դերասանուհին նշում է, որ որոշ դերասանների դեմ արտահայտվելն է տնօրինության մոտ հակասական կարծիքների հիմք հանդիսացել:

Այսօր էլ Ստանիսլավսկու թատրոնում դերասանների մի խումբ կա, որոնք Իրինայի հետ չեն շփվում, սակայն վերջինս վստահեցմամբ՝ նրանք այնքան էլ շատ չեն: «Մնացածի հետ, եթե ոչ լավ, ապա չեզոք հարաբերությունների մեջ եմ, որովհետեւ իրենք նորմալ ադեկվատ մարդիկ են: Բայց դերասանուհիներ էլ կան, որոնք մոռացել են անգամ թատերական էթիկայի մասին: Մոռացել են, թե ինչպես պետք է իրենց պահեն թատրոնում, բեմի վրա կամ փորձի ժամանակ: Գերադասում եմ նրանց մասին չխոսել, քանի որ նրանք հանկարծակի հայտնված մարդիկ են թատրոնում եւ ես դա ասում եմ առանց որեւիցե վախի»,- ասաց նա:

Վերադարձից հետո Իրինա Հարությունյանը մեկ ամիս ոչ մի ներկայացման մեջ չի խաղացել, ասում է՝ որոշակի խնդիրներ կային: Կոնստանտին Ստանիսլավսկու անվան թատրոնի նոր եթերաշրջանը բացվել է սեպտեմբերի 14-ին, սակայն դերասանուհու վերադարձը բեմ եղել է հոկտեմբերի 7-ին:

Առաջին ներկայացումը, որում օրեր առաջ խաղացել է դերասանուհին՝ «Մորգանի խնամին» է, մարմնավորել է Մագդալենայի դերը: «Մորգանի խնամին»-ին թատրոնի նախկին գեղղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրած գործերից է, որը 5 տարի դադարից հետո կրկին խաղաց դերասանուհին:

«2008 թվականից մինչեւ 2013-ը խաղացել եմ այդ դերը, բայց այս անգամ հուզմունքս աննկարագրելի էր, հուզիչ էր դահլիճը, բեմը: Տարբեր զգացողություններ ունեի: Էն որ մարդիկ ասում են՝ դժվար է լինում հետ վերադառնալը, նորից հունի մեջ ընկնելը եւ այլն, ինձ համար ավելի շատ հոգեբանական էր դա, բայց դա էլ մի պահ տեւեց: Մարմինս, ձեռքերս ու ոտքերս այնքա՜ն սովոր են այս բեմին, որ չէր կարող ոչինչ խորթ լինել: Կարող եմ ասել, որ ո՛չ բեմն ինձ հուսախաբ արեց, ո՛չ ես բեմին ու իմ հանդիսատեսին»,- ասաց դերասանուհին:

Իրինա Հարությունյանի փոխանցմամբ՝ կան դերասաններ որոնց հետ գրեթե 10 տարի է աշխատել այդ թատրոնում, կան նաեւ այնպիսիք, որոնց հետ նախկինում մեկ տարի է աշխատել, նրանք իր հեռանալու ժամանակ նորեկներ են եղել, սակայն  վերադարձին դեմ են եղել:«Այդ դերասաններն իրենց կարծիքը թող իրենց տանը, իրենց ընկերների հետ կիսեն: Անհասկանալի է, թե ինչու պետք է դերասաններից մի քանիսի կարծիքը որոշիչ դեր խաղար որեւէ մեկի ստեղծագործական կյանքում: Նրանք չէ, որ պետք է որոշեին թատրոնում իմ աշխատել կամ չաշխատելը»,- ասաց նա:

Իրինա Հարությունյանը մոտակա օրերին նոր ներկայացում ունի, հոկտեմբերի 21-ին հանդես է գալու «Խանում» ներկայացման մեջ, որին շատ-շատ է սպասում: Դերասանուհին մեզ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց թատրոնի մինչ օրս գեղարվեստական ղեկավար չունենալու հետ կապված:

«Գերադասելի կլիներ, որ այս մեկ տարվա ընթացքում մեզ մոտ գեղարվեստական ղեկավար նշանակվեր, թեկուզ ժամանակավոր, բայց չէր կարելի թատրոնը թողնել առանց գեղարվեստական ղեկավարի, որովհետեւ դա ազդել է մեր թատրոնի, թե՛ մթնոլորտի, թե՛ որակի վրա: Երբ որ կոլեկտիվում չի լինում ղեկավար, այդտեղ տարբեր վտանգներ են առաջ գալիս»,- ասաց նա:

Դերասանուհին նաեւ նշեց, որ տեղյակ չէ, թե թատրոնում ինչպիսի քննարկում է եղել վերջին շրջանում, եւ թե ինչ չափանիշներով են գեղղեկավարի պաշտոնում առաջադրված հինգ թեկնածուից երեքին մերժել՝ թողնել երկուսին:

«Որպես այդ թատրոնի դերասանուհի կարող եմ ինչ-որ կարծիք ունենալ, բայց չեմ կարծում, որ այն ինչ-որ ձեւով ազդեցություն պիտի թողնի: Այսօր ամենակարեւորն այն է, որ մեր թատրոնը սրտացավ եւ խիստ ղեկավար ունենա, որովհետեւ Սամսոնիչի մահից հետո ամեն ինչ խախտվել է, այստեղ խառնվել է՝ մեծն ու փոքրը ճիշտն ու սխալը, ուժեղն ու թույլը, գլխավորն ու երկրորդականը: Այդ ամենը ղեկավարի պակասից է: Ալեքսանդր Գրիգորյանը 52 տարի ղեկավարել է այս թատրոնը, շատ ուժեղ ղեկավար է եղել, կարողացել է թատրոնը պահել տարբեր տարիների, տարբեր դժվար պայմանների, եւ ինչու ոչ՝ տարբեր իշխանությունների օրոք»,-ն նկատեց Իրինա Հարությունյանը:

Ինչ վերաբերում է գեղարվեստական ղեկավարի երկու թեկնածուներին, ապա  դերասանուհին ասաց, որ երկուսից Սուրեն Շահվերդյանին է ճանաչում, գիտի, որ իրենց թատերական աշխարհից է, սակայն իր հետ չի աշխատել եւ չգիտի, թե նա ինչպիսի ղեկավար կլինի, իսկ Կարեն Ներսիսյանին բացարձակապես չի ճանաչում եւ ոչ մի տիպի կարծիք ունենալ իր կարող:

Տպել
4116 դիտում

Լուիս Սուարեսը տեղափոխվում է «Ատլետիկո», Ալվարո Մորատան՝ «Յուվենտուս»

«Զվարթնոց» տաճարում մեկնարկեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (ուղիղ)

Րոպեներ անց Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

Մոլդովական փողոցում բռնկված հրդեհի վայրից փրկարարները տարհանել են երկու քաղաքացու․ տուժածներ չկան

Անկախության տոնակատարությանը նվիրված համերգ Զվարթնոց տաճարում. Տիգրան Գալստյանը լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել

Անկախության տոնի կապակցությամբ Երևանում կազմակերպվել են մարզական և մշակութային միջոցառումներ. ՊՆ

Նոր Ամանոս գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակեր

Մենք ակնկալում ենք խորացնել մեր գործընկերությունը մի շարք կարևոր ոլորտներում. Ջաստին Թրյուդոյի ուղերձը

Արթիկի գերեզմանատանը հայտնաբերվել է գերեզմանափորի դին

Վարորդի եկամուտը քչացել է, չի աշխատի, ծնողներն էլ խառը դրության մեջ են. 3 գյուղի աշակերտներ դպրոց հասնելու խնդիր ունեն

Սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում հայտարարում եմ որպես «Հայաստանի անկախության օր». քաղաքապետ

Վանաձորում 2 մանկապարտեզ չի վերաբացվել, 1-ի գործունեությունը դադարեցվել է. բուժքրոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Թաթան երգ կնվիրի Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբին

Անկախության 29-րդ տարեդարձի առիթով 5 մարզչի շնորհվել է վաստակավորի պատվավոր կոչում

3 ոսկե մեդալ՝ Բալկանյան երկրների առաջնությունից. հայ մարզիկները նաև ռեկորդային ցուցանիշներ են սահմանել

Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահը

Հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկում

Շարքային Դավիթ Խաչատրյանը շնորհավորում է Հայաստանի անկախության օրվա առթիվ եւ կատարում «Մարտիկի երգը» (տեսանյութ)

Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Տավուշի մարզին պատճառվել է մոտ 146 մլն դրամի վնաս. Ռաֆայել Վարդանյան

Արոնյանն ու Մովսեսյանը «Բադեն-Բադենի» կազմում հռչակվեցին Բունդեսլիգայի չեմպիոններ