Դ. Տոնոյանի տեսլականը՝ կառավարության ծրագրի շրջանակներում պաշտպանության ոլորտի մասին

09/07/2018 schedule20:47

ՀՀ Պաշտպանության նախարար դավիթ Տոնոյանը ներկայացնում է իր տեսլականը ՀՀ կառավարության ծրագրի մտահղացման շրջանակներում պաշտպանության համակարգի զարգացման վերաբերյալ: Համաձայն այդ տեսլականի.

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի համաձայն զինված ուժերի առանցքային նպատակն է Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովումը և Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը: Ստորև ցանկանում եմ ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականը Կառավարության ծրագրում մեզ համար այս գերնպատակի և զինված ուժերին և պաշտպանության նախարարության գործունեության մյուս առաջնահերթությունների կենսագործման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության անվտանգային անկայուն միջավայրը, պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերները, դրանցից բխող արտաքին, այդ թվում` անմիջական ռազմական բնույթի սպառնալիքները պահանջում են ունենալ հուսալի պաշտպանության համակարգ: Ի լրումն նախաձեռնողական արտաքին դիվանագիտության՝ այդ համակարգը Հայաստանի և Արցախի երաշխավորված, կայուն և տնտեսական զարգացումը խթանող պաշտպանունակության, Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի և Արցախի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու, իսկ  անհրաժեշտության դեպքում` ուժի դիրքերից հանդես գալու հիմնական գրավականն է:

Պաշտպանության համակարգի գերագույն նպատակը մարտունակ, ապաքաղաքականացված, հասարակության համակողմանի ներգրավմամբ և ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվող զինված ուժերի ձևավորումն է: Այսպիսի զինուժ ունենալու համար պահանջվում են զգալի` Հայաստանի Հանրապետության հնարավորությունների համեմատ անհամաչափ մեծ միջոցներ, որոնք պետք է զուգակցվեն թափանցիկության բարձր չափորոշիչների, ուժերի և միջոցների առավելագույնն արդյունավետ օգտագործման, վատնումների բացառման և բանակի նկատմամբ հասարակության լիակատար վստահության հետ:

Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է բանակաշինության և զինվորական ծառայության շուրջ հաստատված մթնոլորտի ու մոտեցումների արմատական փոփոխության հրամայականը՝ որպես Զինված ուժերի մարտունակության և արդյունավետության բարձրացման կարևորագույն միջոց։ Այս գերխնդրի իրագործման համար պաշտպանության համակարգում մենք պետք է անցնենք իմացական վերափոխում՝ պարտականությանզգացողությունը փոխարինելով առաքելության զգացողությամբ: Սա վերաբերում է պաշտպանության ոլորտի անձնակազմի անխտիր բոլոր կատեգորիաներին՝ գեներալներից ու սպաներից մինչև կրտեր և ավագ ենթասպաներ ու շարքայիններ, հայեցողական պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներից և քաղաքացիական հատուկ ծառայողներից մինչև բանվոր-ծառայողներ: Պարտականության զգացողությունը մարդու մեջ սերմանում է մշտապես վերադասի հրահանգներին սպասելու, իսկ անգործության պատճառով առաջադրանքը ձախողելու դեպքում՝ նման հրահանգ չստանալու պատճառաբանությամբ արդարանալու մշակույթ:

Ղեկավար պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ, առանց բացառության, պետք է գիտակցի, որ իրեն վստահված այս առաքելությունը լավագույնս իրականացնելու համար պետք է գերազանցություն դրսևորի երկու առանցքային գործառույթում:

Առաջինը դա ենթականերին առաջնորդելն է: Առաջնորդիր սեփական օրինակով, մարդկանց խրախուսիր ըստ արժանիքների, պատժիր արդարացի կերպով, սահմանիր հստակ առաջադրանք, տուր դրա իրականացման խելամիտ ուղղղորդում, թույլ տուր կարգապահ նախաձեռնողականություն՝ միաժամանակ վերահսկելով առաջադրանքի կատարումը և չխուսափելով ընդհանուր պատասխանատվությունից, և վերջապես՝ հանդուրժող եղիր ոչ էական վրիպումների համար, և կտեսնես, որ ձևավորել ես բարձր կատարողականությամբ թիմ՝ դրա անդամների բնավորության, խորագիտակության և հանձնառության առողջ հավասարակշռմամբ:

Երկրորդ առանցքային գործառույթը միջոցների մտապատկերումն է, դրանց պլանավորումը, ձեռքբերումը, հատկացումը և օգտագործման վերահսկողությունը: 

Նախևառաջ պետք է գիտակցենք, որ Հայաստանի մարդկային ռեսուրսները սահմանափակ են, հետևաբար հայոց զինուժի զինվորն ու սպան պետք է շեշտը դնեն ոչ թե քանակական առավելության, այլ որակական գերազանցության վրա: Յուրաքանչյուր հրամանատար և պաշտոնյա պետք է առաջնորդվի հասարակության և պետության կողմից հատկացված մարդկային, նյութական, ֆինանսական և այլ ռեսուրսները պետության և հասարակության անվտանգության ապահովմանը առավելագույն արդյունավետությամբ ծառայեցնելու գիտակցումով։ Ռեսուրսների ոչ նպատակային, ոչ արդյունքային, ոչ խնայողաբար և անարդյունավետ ծախսը հատկապես վնասակար ազդեցություն է գործում Հայաստանի նման սահմանափակ ֆինանսական հնարավորություններ և համեմատաբար մեծ զինված ուժեր ունեցող երկրների վրա: Բոլորս պետք է գիտակցենք, որ հասարակության կողմից Զինված ուժերին հատկացված նյութատեխնիկական և ֆինանսական միջոցները քաղաքացիների՝ սեփական սոցիալական, կրթական, առողջապահական և մյուս ոլորտներից խնայված և անվտանգության ապահովման առաջնահերթությունից ելնելով մեզ տրամադրված ռեսուրսներ են։ Այս հարցն էլ ավելի է կարևորվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ունեցող երկրներում, երբ պետությունը պատասխանատվություն է կրում զինվորի կենցաղային պայմանների, սննդի, հագուստի, հանգստի և ժամանցի պայմանների ու մի շարք այլ խնդիրների համար: Այս տեսանկյունից յուրաքանչյուր հրամանատար պետք է գիտակցի ծնողների կողմից իրեն վստահված զորակոչիկների կյանքի, անվտանգության և բարեկեցության ապահովման բարձր պատասխանատվությունը։

 Մյուս կողմից՝ յուրաքանչյուր ժամկետային զինծառայող պետք է գիտակցի, որ լինելով հայրենիքի պաշտպան՝ ինքն այլևս չի գտնվում ծնողների և հարազատների խնամքի տակ, և ֆիզիկական ու հոգեպես պատրաստ լինի պատվով կրելու զինվորական ծառայության դժվարությունները և սահմանափակումները:

Ինչքան էլ հզոր ռազմական տեխնիկա և մեծաթիվ անձնակազմ ունենաս, միևնույն է, դատապարտված ես ձախողման, եթե բանակումդ չի տիրում անհրաժեշտ արդարության, նվիրվածության և համախմբվածության մթնոլորտ: Այս հատկանիշները չեն ձևավորվում ինքնին, այլ կախված են առկա բացասական երևույթները կամ դրանց վերապրուկները արմատախիլ անելուն և դրական դրսևորումները ամրապնդելուն ուղղված ամենօրյա աշխատանքի հաջողությունից:

Կոռուպցիոն որևէ դրսևորում տեղ չպետք է ունենա բանակում: Կոռուպցիան ինքնին չարիք է պետության կենսագործունեության ցանկացած ոլորտում, սակայն այն կրկնակի աղետ է ռազմական բնագավառում, աղետ, որը չսանձահարման դեպքում կարտահայտվի մարտի ժամանակ խափանված կրակոցի, հավաքակայանից դուր գալ չկարողացող տեխնիկայի, զինվորի համար անհրաժեշտ կալորիականություն չպարունակող սննդի տեսքով: Այնպես որ՝ բանակի շարքերում բարեվարքության ամրապնդման, անհրաժեշտ հաշվետվողականության զարգացման աշխատանքները պետք է լինեն ղեկավար կազմի ուշադրության կիզակետում:

Պաշտպանության բնագավառում և զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, դրանք կառավարելու և բարեվարքության նորմերն ամրապնդելու համար պետք է մշակվեն նաև նյութա­տեխնի­կա­կան ռեսուրսների կառավարման, այսինքն՝ պլանավորման, գնումների, սպառման, վե­րահսկման և հաշվետվողականության թափանցիկ ընթացակարգեր: Այս ընթացակարգերը կոչված են երաշխավորելու պաշտպանության ռազմավարության առաջնահեր­թու­թյուն­ների հիման վրա ռեսուրսների բաշխումը և կարողությունների ձևավորումը, կառա­վարման և բյու­ջետային որոշումների ներդաշնակեցումը, բյուջետային ծրագրերի` նյութա­տեխնիկական առումով կայունությունը և մրցակցող պահանջների միջև ռացիոնալ որոշումների կայացումը: Եվ քանի որ առկա անվտանգային միջավայրում զինված ուժերի պահանջները հիմնականում գերազանցելու են պետության տնտեսական հնարավորությունները, պետք է ռեսուրսների կառավարման ոլորտում իսպառ վերացնենք տեղայնական շահերի ազդեցությունը, երբ զինված ուժերի այս կամ այն բաղադրիչն իր կարիքները ներկայացնելիս դրանք չի դիտարկում մարտական կարողությունների ընդհանուր տարրապատկերում, միաժամանակ խուսափելով ռազմական գիտության տեսանկյունից չհիմնավորված այնպիսի ձեռքբերումներից` լինեն դրանք համակարգերի, համալիրների, ապրանքների կամ ծառայությունների տեսքով, որոնք պարունակում են վաղաժամ բարոյապես հնանալու կամ ձեռքբերման համար ոչ մատչելի դառնալու ռիսկեր:  

Զինված ուժերի կարևորագույն խնդիրներից է նաև պաշտպանության համակարգի և զինված ուժերի՝ ապաքաղաքական լինելու և քաղաքական չեզոքության պահպանման սահմանադրական պահանջի իրագործումը։ Այս առումով արդեն հիշատակված իմացական վերափոխման արգասիքներից պետք է լինի նաև այն, որ բանակը գործնականում զերծ մնա քաղաքական և ընտրական գործընթացների վրա որևէ հնարավոր ապօրինի ազդեցությունից կամ հակառակը` ինքը ուղղորդված կերպով չազդի ընտրությունների արդյունքների վրա: Լինելով համազգեստ կրող քաղաքացիներ՝ զինծառայողները երկրի իշխանության ձևավորման գործընթացին մասնակցելու իրենց իրավունքը պետք է իրացնեն բացառապես ընտրությունների ժամանակ ազատ կամարտահայտության միջոցով և զինվորականներին հարիր կարգապահ կերպով` առանց որևէ ապօրինի ներգործության։ Այս նպատակով առաջիկայում կմշակվենառաջարկություններ ՀՀ Ընտրական օրենսգրքում ՀՀ զինված ուժերում նախընտրական քարոզչության իրականացման մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ:

Միաժամանակ, չպետք է մոռանալ, որ բանակը հասարակության անբաժանելի մասն է, պետք է առավելագույն թույլատրելի սահմաններում թափանցիկ լինի քաղաքացիական հանրության համար

Կառավարության ծրագիրը նախատեսում է նաև ճշգրտումների կատարում Զինված ուժերի զարգացման պլանում և Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրում: Որպես պաշտպանության ոլորտի ռազմավարական նշանակության երկու հիմնական ուղեցույցներ, այս փաստաթղթերը կարիք ունեն ինչպես իրենցում պարփակված հայեցակարգային դրույթների՝ նոր քաղաքական առաջնահերթություններին և պաշտպանության կազմակերպման մոտեցումներին համապատասխանեցման, այնպես էլ կատարված աշխատանքների միջանկյալ վերստուգման և խնդիրների թարմացման: Նորացված փաստաթղթերի վերջնանպատակը կլինի զինված ուժերի մարտական կարողությունների և անձնակազմի մարտական վարպետության բարձրացումը, որին հասնելու համար կպլանավորվեն որոշ ոլորտներում ռեսուրսների ավելացման, այլ ոլորտներում դրանց ծախսի արդյունավետության բարձրացման, մեկ այլ տեղ՝ խնայողության ռեժիմի անցման միջոցառումներ՝ հասնելով պաշտպանության համակարգում ընդհանուր արդյունքայնության բարձրացման:

Որպես պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթություններ, անդրադառնամ հետևյալ խնդիրներին.

Առաջնահերթություն 1.

Զինված ուժերի համալրումը անհրաժեշտ քանակի և ժամանակակից սպառազինությամբ, ռազմականտեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով, ռազմական կառավարման արդիական սկզբունքների ևհամակարգերի ներդրումը և անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանումը

Այստեղ մեր վերջնանպատակն է բանակի մարտունակության մակարդակի համապատասխանեցումը ռազմական սպառնալիքների մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողությունները հնարավորինս վաղ փուլում և ՀՀ համար շահավետ պայմաններով դադարեցնելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորմամբ:

Մեր թիվ մեկ խնդիրն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ ռազմական պայմանների ստեղծումը: Մենք թույլ չենք տալու, որ հակամարտության կարգավորման գործընթացում, ինչքան էլ այն երկարաձգվի, հակառակորդը մեզ հետ խոսի ուժի դիրքերից և հետամտի առավելապաշտական նպատակներ: Սահմանին որևիցե այսպես ասած ապակառուցողական դրսևորում` լինի դա դիվերսիոն ներթափանցումների, դիպուկահար կրակի, դիրքային փոփոխությունների և լայնածավալ հարձակման համար ուժերի կուտակումների տեսքով, արժանանալու է կտրուկ և սթափեցնող պատասխանի: Դա անելու համար մենք շարունակելու ենք հետևողականորեն զարգացնել զինված ուժերի մարտական կարողությունները, հակառակորդի նկատմամբ ճիշտ պահին, ճիշտ տեղում և ճիշտ ձևաչափով անհրաժեշտ ազդեցության ներուժը պահպանելու և էլ ավելի զարգացնելու համար: Խնդիրներն արդեն առաջադրված են, կարողությունները՝ ձևավորված, և մենք աշխատում ենք դրանք էլ ավելի հզորացնելու ուղղությամբ:

 Զինված ուժերի երկարաժամկետ արդիականացման գործընթացը ներառելու է ռազմական հզորության բոլոր ոլորտները՝ առաջնագծում մարտական հերթապահությունից, հեռահար միջոցներով զսպումից, մարտական պատրաստությունից սկսած և վերջացրած ռազմական կառավարման համակարգով, մարտ վարելու նոր եղանակներով և կրթությամբ: Անշուշտ, առանցքային նշանակություն ունի զինված ուժերի զինանոցի համալրումը արդիական սպառազինությամբ, և այս գործում մեր աշխատանքներն իրականացնելու ենք ինչպես դաշնակից ու գործընկեր պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման, այնպես էլ՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման շրջանակներում: 

Գերակա խնդիր է նաև Զինված ուժերի կառավարման համակարգի և կառավարման մշակույթի արդիականացումը: Այդ համակարգը պետք է ունենա ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն և տեխնոլոգիական հագեցվածություն: Այս խնդրի կատարման համար, բացի տեխնիկական լուծումներից, շարունակվելու է նախաձեռնողականության, արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու և դրանցով գործելու խթանմանը միտված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» կառավարման ու ղեկավարման սկզբունքի ներդրումը: Այս սկզբունքի էությունը հետևյալն է. տուր ենթականերիդ անհրաժեշտ ռեսուրսներ, ուժեր և միջոցներ, խելամիտ ուղղորդում և վստահություն, և կտեսնես, որ տեղում նրանք կգտնեն ավելի լավ լուծումներ և ամենակարևորը՝ կիրականացնեն դրանք ավելի օպերատիվ կերպով, քան եթե դու փորձես որոշել բոլորի փոխարեն, միաժամանակ չտեսնելով յուրաքանչյուր առանձին հրամանատարի պատասխանատվության գոտում ծագած իրավիճակի առանձնահատկությունները:

Եվ իհարկե, առաջնահերթ նշանակություն ունի ռազմարդյունաբերական համալիրում ներդրումների խթանման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման քաղաքականության վարումը՝ հարկային և վարչարարական ընթացակարգերի բարե­լավ­ման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և հանրային, մասնավոր ու միջազ­գա­յին կոոպերացիայի սկզբունքով համատեղ ձեռնարկությունների ստեղծման միջոցով:

Առաջնահերթություն 2.

Հակառակորդի հետ անմիջական շփման բնագծերի շարունակաբար համալրումը արդիական տեխնիկականմիջոցներով և մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացումը: Մենք պետք է առավելագույնի հասցնենք մի կողմից՝ հակառակորդի դիպուկահար կրակի, դիվերսիոն ներթափանցման և հարձակման նախապատրաստման փորձերի բացահայտման, հավաստանշման, թիրախորոշման և կրակային խոցման կարողությունները և մյուս կողմից՝ յուրային անձնակազմի քողարկման, պատսպարման և պաշտպանվածության աստիճանը:

Այս համատեքստում գերակա խնդիր է մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործումը և անձնակազմի անվտանգության աստիճանի բարձրացումը: Պետք է աստիճանաբար քայլեր ձեռնարկենք առաջնագծում մեր կողմից կիրառվող ստատիկ պաշտպանությունը տեսադիտարկման և այլ հետախուզական սարքավորումներով և հեռակառավարվող խոցման միջոցներով հագեցած տարաշարժուն-ճկուն պաշտպանությամբ փոխարինելու ուղղությամբ: Պաշտպանության այս տեսակի միջոցով զգալիորեն կնվազի անձնակազմի՝ հակառակորդի նշանառու կրակի տակ գտնվելը, կբարձրանա անձնակազմի պաշտպանվածության և դիմակայունության աստիճանը և կավելանա հակառակորդի դիվերսիոն խմբերի դարանակալման և ոչնչացման հավանականությունը: Այս նպատակով, ի թիվս այլ ուժերի և միջոցների, ստեղծվում են հակառակորդի օպերատիվ դասավորության ամբողջ խորությամբ և ռազմավարական մակարդակում նրա մտահղացումների վաղ հայտնաբերմանն ուղղված զորային, տեխնիկական ու գործակալական հետախուզական և վերլուծական կարողություններ:

Առաջնահերթություն 3.

Անձնակազմի հետ տարվող աշխատանքների որակի և արդյունավետության Էական բարձրացումը: Այստեղ մեր վերջնանպատակն է Զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակի ու կարգապահության ամրապնդումը, բանակում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը, ոչ կանոնագրային հարաբերությունները նվազագույնի հասցնելը, զինծառայողների արժանապատվության խոցման դեպքերի, ինքնավնասման և ինքնասպանության փորձերի առավելագույնս կասեցումը։

Մեր գերակա խնդիրն է զինված ուժերում մարդու իրավունքների ապահովումը երաշխավորելու նպատակով իրականացնել զինծառայողների իրազեկվածության և իրավագիտակցության բարձրացման, թափանցիկության ընդլայնման և ծառայողական քննությունների պարզեցման աշխատանքներ:

Առաջնահերթություն 4.

Զինծառայողների կրթության շարունակականության ապահովումը զինվորական ծառայության ողջ ընթացքում։ Մենք պետք է հետևողական աշխատանքներ տանենք զինծառայողի կրթական ցենզի բարձրացման և ինտելեկտուալ մակարդակի աճի ուղղությամբ՝ որպես Զինված ուժերի զարգացման ռազմավարության կարևորագույն ուղղություն։

Մեր վերջնական նպատակն է բանակում արհեստավարժության և բարոյականության նոր չափանիշների ձևավորումը` հմուտ, պատվախնդիր ու առաջնորդ սպայական կազմով և վարժված, կրթված, շարժառիթավորված ու մարտունակ զինվորներով, որի համար ձեռնարկելու ենք քայլեր Զինված ուժերի մասնագիտական ինքնությունը և վարկանիշը ամրապնդելու ուղղությամբ, ընդհուպ` մինչև ազգային արժեքները խորհրդանշող նոր համազգեստի ներմուծումը:   

Կրթությունը անքակտելիորեն կապված է անձնակազմի կառավարման հետ: Պաշտպանության համակարգում ընթացող կադրային փոփոխությունները իրականացվելու են պետական կառավարման և քաղաքացիական հանրության կարող ուժերը ներգրավելու և առկա պրոֆեսիոնալ ռեսուրսը լավագույնս օգտագործելու փոխլրացնող ուղղություններով: Պաշտպանության նախարարության ղեկավարությունը կյանքի է կոչելու արժանիքների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման քաղաքականություն, ավելի ու ավելի պատասխանատու պաշտոններ վստահելով ուժեղ բնավորություն, առաջնորդական որակներ, մասնագիտական խորագիտակություն և առաքելության նկատմամբ հանձնառություն ունեցող պրոֆեսիոնալ զինվորականներին և աշխատակիցներին:

Առաջնահերթություն 5.

Զինծառայողների պատշաճ և ամբողջական նյութական բավարարումը: Մենք պետք է երաշխավորենք բոլոր կարգի զինծառայողների իրավունքների պաշտպանվածության, թիկունքային, նյութատեխնիկական և բժշկական պատշաճ ապահովումը՝ որպես Զինված ուժերի ղեկավարության, պետական ու հասարակական վերահսկողության ու հոգածության առարկա:

Մեր խնդիրն է զինծառայողներին հատկացվող իրային միջոցների՝ համազգեստի, ներքնազգեստի, հիգիենայի ապահովման պարագաների որակական և քանակական ցուցանիշների, ինչպես նաև սննդակարգի բարելավումը: Այս ուղղությամբ առաջիկայում պաշտպանության նախարարությունում կմշակվի համապատասխան չափորոշիչների բարելավման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ և կներկայացվի ՀՀ կառավարություն: Պետք է աշխատենք նաև մի շարք ապահովման ծառայություններ օտարելու ուղղությամբ` հիմքում ունենալով դրանց որակի կտրուկ բարձրացումը և կոռուպցիոն երևույթների բացառումը:

 Առաջնահերթություն 6.

Զինծառայողների սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացումը, բնակարանային, բժշկական ապահովման և այլ ծրագրերի իրականացումը։ Բանակի բարոյահոգեբանական պատրաստվածությունը չի լինի բարձր մակարդակի վրա, եթե զինծառայողների համար չլինեն պատշաճ սոցիալական ապահովման պայմաններ` սկսած արժանավայել դրամական բավարարումից, հանգստի ու ժամանցի պայմաններից և վերջացրած բուժապահովմամբ: Իհարկե, ինչպես արդեն նշվել է, պետության տնտեսական ներուժի համեմատ մեծաքանակ բանակ ունենալու հանգամանքը ինքնին առաջ է բերում ֆինանսական սահմանափակումներ, սակայն խելամիտ լուծումների, «վատնող արտահոսքը» կասեցնելու և գործառույթներն ավելի օպտիմալ բաշխելու միջոցով պաշտպանության նախարարությունում անելու ենք ամեն ինչ զինծառայողի կենսապայմանները և նրա հոգևոր գոհունակությունը բարելավելու համար:

Պաշտպանության նախարարության գերակա խնդիրն է ծառայության մեջ գտնվող և նախկին զինծառայողների ու քաղ­ծառայողների, զինվորական հաշմանդամների, զոհված և անհայտ կորած զինծա­ռա­յողների ընտանիքների անդամների համընդգրկուն սոցիալական ապահովման ծրագրերի իրականացումը, զինծառայողների բժշկական ապահովման համակարգի վերափոխումը` առաջին բուժօգնության ցուցաբերումից և մարտի դաշտից տարհանումից մինչև հոսպիտալային օղակում որակյալ բուժում ստանալը:Այս համատեքստում արդեն իսկ ավարտական տեսքի է բերվում արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման «Մատչելի բնակարան զինծառայողին» պետական աջակցության նպատակային ծրագիրը, որը բեկումնային լուծում կապահովի բոլոր զինծառայողների (առանց տարիքային սահմանափակումների) սոցիալական պաշտպանվածության ոլորտի այս կարևոր հիմնախնդրին: Եվ իհարկե, աչքաթող չի արվում պաշտպանության ոլորտի անձնակազմի դրամական բավարարման մակարդակը բարձրացնելու հարցը, որին լուծում կտրվի Հայաստանում տնտեսական աճի և պետական բյուջեի եկամտային մասի ավելացմանը զուգընթաց:

Առաջնահերթություն 6.

Միջազգային ինտեգրման և հավաքական անվտանգության գործող ընթացակարգերի հնարավորությունների ընդլայնումը: Այս նպատակի վերջնարդյունքն է ռազմաքաղաքական դաշինքների և գործընկերությունների զարգացումը՝ պահպանելով ՀՀ ազգային շահերից բխող և առկա ռազմաքաղաքական ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների ձևավորման հավասարակշռությունը:

Մենք մեր հակառակորդի հետ չենք գտնվում քաղաքական վակուումում, այլ շրջապատված ենք տարատեսակ, երբեմն հակադիր օրակարգեր ունեցող պետությունների և միջազգային կազմակերպությունների հանրույթով: Նրանից, թե որքանով ճիշտ կկարողանանք նավարկել միջազգային հարաբերությունների այս հորձանուտով, կախված է արտաքին անվտանգության հարցերում ՀՀ շահերից բխող դիրքորոշումների ձևավորման, մեր բարեփոխումներին աջակցության, մեր բանակի հեղինակության ամրապնդման հաջողությունը:

Մեր գերակա խնդիրն է դաշնակցային և գործընկերային պաշտպանական համագործակցությունը զարգացնելու, բովանդակային և աշխարհագրական պատկերը բազմազանեցնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, միջազգային համագործակցության նպատակաուղղումը բազմակողմ և երկկողմ հարթությունում ռազմաքաղաքական հարաբերությունների, ռազմական և ռազմատեխ­նի­կական համագործակցության ու փոխգործունակության ամրապնդման բաղադրիչ­ների զարգացմանը:

Սա պաշտպանության նախարարի տեսլականն էր Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում պաշտպանության համակարգի և զինված ուժերի համար սահմանված նպատակների, առաջնահերթությունների և գերակա խնդիրների իրագործման վերաբերյալ: Վստահ եմ, որ պաշտպանության համակարգի անձնակազմն իր մասնագիտական խորագիտակության և հմտությունների ոլորտներում կգտնի էլ ավելի արդյունավետ գործնական լուծումներ, որոնք ամբողջարկվելով պետության և բանակի ղեկավարության ուղեցույցում, կապահովեն մեր ընդհանուր առաքելության պատվով կատարումը: Իսկ այս առաքելության կատարման գործում բանիմացության, արդարամտության, նվիրվածության և համախմբվածության կատարելատիպ դառնալու ձգտումը չունի այլընտրանք: 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ

Տպել
2402 դիտում

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ