Ինչպես էր փոխվում աշխարհը, քանի դեռ մենք փոխում էինք Հայաստանը

Վերջին մեկ ամսվա ընթացքում մեր հասարակությունը չափազանց զբաղված էր հեղափոխությամբ եւ ուշադիր չէր միջազգային իրադարձությունների նկատմամբ, մինչդեռ աշխարհում ոչ պակաս կարեւոր զարգացումներ էին տեղի ունենում: Նախ եւ առաջ դա, իհարկե, երկու Կորեաների ղեկավարների պատմական հանդիպումն էր:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը տեղի ունեցավ երկու երկրների սահմանին: Յուրաքանչյուրն իր երկրում կանգնած միմյանց ողջունելուց հետո երկրների ղեկավարները միասին անցան սկզբում Հարավային, ապա Հյուսիսային Կորեայի տարածքով: Հանդիպման ընթացքում ստորագրվեց բարեկամության եւ խաղաղության մասին փաստաթուղթ, որը հիմք է հանդիսանում հետագայում Կորեայի վերամիավորման համար: Տարածված կարծիք է, որ Կորեաների մերձեցումը հնարավոր է դարձել Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների եւ կոշտ դիրքորոշման շնորհիվ: Այս կարծիքը, թերեւս, կյանքի իրավունք ունի, քանի որ Հյուսիսային Կորեան օբյեկտիվորեն ի զորու չէր լինի ռազմական հակամարտության մեջ մտնել ԱՄՆ-ի հետ:

Մեր անմիջական հարեւաններից Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 18-ին հայտարարեց արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իր որոշման մասին: Արտահերթ ընտրությունները կկայանան ս.թ. հունիսի 24-ին՝ 2019 թ. նոյեմբերի 3-ի փոխարեն: 2017 թ. սահմանադրության փոփոխության արդյունքում իշխանական լիազորությունները կենտրոնացվել էին նախագահի ձեռքում: Ըստ Էրդողանի, դրանց նպատակն է երկրի անցումը նախագահական համակարգին արագացնելը: Սակայն ընտրությունները մեկուկես տարով արագացնելն իրականում այլ դրդապատճառներով է պայմանավորված: Նախ եւ առաջ տնտեսական իրավիճակի օրեցօր վատթարացումը, որը, Սիրիայի պատերազմի ֆոնին կարող էր հզոր հարված հասցնել Էրդողանի վարկանիշին մինչեւ 2019 թ. նոյեմբեր: Բացի այդ, դեռեւս 2016 թ. հունիսյան անհաջող ապստամբությունից հետո երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ, ինչը հնարավորություն է տալիս իշխանություններին որոշակի հավելյալ լծակներ ունենալ ընդդիմադիրների նախընտրական քարոզարշավի վրա:

Նկատելի մերձեցում է տեղի ունենում ռուս-թուրքական հարաբերություններում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին: Բանն այն է, որ Թուրքիան՝ Ռուսաստանից  С-400  համալիրներ ձեռք բերելու պարագայում, կհայտնվի ԱՄՆ CAATSA փաստաթղթով նախատեսված պատժամիջոցների ռիսկի տակ եւ, ըստ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելի, կասկածի տակ կդնի F-35-երի ծրագրում իր մասնակցությունը:

Թուրքիան, այդուհանդերձ, շարունակում է համագործակցել ԱՄՆ այս պահին երկու անզիջում հակառակորդների՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ՝ Սիրիայի ճգնաժամի հարցում, թեեւ որոշակի զգուշավորություն է պահպանում: Ապրիլի 28-ին Մոսկվայում տեղի ունեցած արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով հերթական եռակողմ հանդիպման նախօրեին Թուրքիան դրական քայլ էր համարել ԱՄՆ եւ դաշնակիցների՝ Սիրիային հասցված օդային հարվածները, մինչդեռ ՌԴ ու Իրանը, բնականաբար, քննադատել էին դրանք:

Ապրիլի 26-ին Մայք Պոմպեոն Սենատի կողմից պաշտոնապես նշանակվեց ԱՄՆ պետքարտուղար: Երեք օր անց նա արդեն գտնվում էր Իսրայելում, որտեղ հանդիպեց Բինյամին Նեթանյահուի հետ: Նրանք քննարկել են Իրանի խնդիրը՝ համաձայնության գալով, որ իսլամական հանրապետությունը սպառնալիք է Իսրայելի եւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Նեթանյահուն նաեւ ողջունել է Իրանի հետ 2015 թ. կնքված միջուկային պայմանագրի վերանայման ԱՄՆ-ի մտադրությունը:

Ապրիլի 30-ին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը ռազմական միջուկային ծրագիր ունի: Նրա խոսքերով, իսրայելական հետախուզությունը Թեհրանից այսպես կոչված «Ամադ» նախագծի գոյությունն ապացուցող կես տոննա նյութեր է արդյունահանել:

Նույն օրը, ինչպես հետագայում պարզվեց իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել սիրիական բանակի պահեստներին: Այդ լարված իրավիճակը փոքր-ինչ թուլացավ Թրամփի հայտարարությունից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Միացյալ Նահանգներն այլեւս չեն զբաղեցնելու համաշխարհային ոստիկանի դերը:

ԱՄՆ հետագա քայլերը, սակայն, հակասում են այդ հայտարարությանը: Մայիսի 6-ին Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին հայտնեց, որ Թրամփը մտադրություն ունի փոխել Իրանի վարչակազմը: Ըստ Ջուլիանիի, դա այս պահին ավելի կարեւոր է, քան արաբա-իսրայելական հակամարտության լուծումը:

Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս միջուկային պայմանագրից եւ «նոր թափով է վերականգնելու» Իրանի նկատմամբ սահմանված ու պայմանագրով սառեցված պատժամիջոցները: Տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներ Իսրայելը, Սաուդյան Արաբիան եւ այլ երկրներ ողջունեցին Թրամփի քայլը, սակայն Ռուսաստանը, Չինաստանը, եվրոպական երկրները եւ մի շարք այլ երկրներ քննադատել են Թրամփի որոշումը եւ հայտարարել, որ հավատարիմ են մնում 2015 թ. փաստաթղթում ամրագրված սկզբունքներին: Բացի այդ, Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն վերջին շրջանում մի քանի անգամ հայտնեց, որ Իրանը հավատարիմ է մնացել պայմանագրով ստանձնած պարտավորություններին:

Այդուհանդերձ, ԱՄՆ-ն իր կոշտ դիրքորոշմամբ եւ պատժամիջոցներով, փորձելու է ստիպել Իրանին զիջումների գնալ Սիրիայի ճգնաժամի եւ Հեզբոլլահի հարցերում: Վաշինգտոնում, թերեւս, գիտակցում են, որ Իրանը Հյուսիսային Կորեա չէ եւ առանց պայքարի չի հանձնվի: Իսկ պայքարի հաջորդ փուլն արդեն սկսել է. մայիսի 10-ի գիշերը իսրայելական ուժերը «Սիրիայի տարածքում գտնվող իրանական ուժերին պատասխան հարված են հասցրել»: Իրանական կողմը հերքում է ոչ միայն իր կողմից Իսրայելի հրթիռահարումը, այլեւ առհասարակ իրանական ուժերի առկայությունը Սիրիայում:

Ելնելով նրանից, որ կողմերից ոչ մեկը չի պատրաստվում զիջել իր դիրքերը եւ արդեն իսկ տեղի է ունեցել զինված բախում՝ չի կարելի բացառել նաեւ ռազմական գործողությունների տեղափոխումը Իրանի տարածք: Դա, իհարկե, լրջագույն մարտահրավեր է Հայաստանի համար: Հնարավոր քաղաքացիական պատերազմը Իրանում ուղղակիորեն առնչվում է Հայաստանի ազգային անվտանգությանը եւ մեր դիրքորոշումը Իրան–Արեւմուտք հակամարտությունում ծայրահեղ կշռադատվածություն է պահանջում:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 11-ի համարում:

Տպել
4085 դիտում

Լավրովի նշած «վերահսկման մեխանիզմները» անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են հրադադարի համար

Մահ ու պայքար՝ Լեռնային Ղարաբաղում. սարսափելի պատերազմի ռազմաճակատից. The New York Times-ի անդրադարձը

Այսօր ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են 5 անօդաչու թռչող սարք (տեսանյութ)

Պատերազմը չի ավարտվել, դաժան ու սաստիկ պատերազմ է եւ մեր բոլորի ներդրումը չափազանց կարեւոր է. ՊՆ ներկայացուցիչ

Թուրքիայում ապրող հայաստանցիները հայրենիք վերադառնալու ճանապարհներ են փնտրում. նրանք տագնապած են

Արծրուն Հովհաննիսյանը՝ հակառակորդի դիակները հուղարկավորելու մասին

Արցախում զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր հերոսներից Հովհաննես Խոդերյանը

Ամեն կերպ պետք է օգնել, որ մեր երեխաները դառնան ոչ թե նահատակված, այլ կենդանի հերոսներ. Ալբերտ Հովաննիսյանի հայր

Հյուսիսում թշնամին այսօր կենդանի ուժի զգալի կորուստներ է ունեցել, իսկ հարավում շարունակվել են ծանր մարտերը. Պողոսյան

Այս պահին մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է. Արծրուն Հովհաննիսյան

ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Մեր տղաները իմիտացիա են անում, իբր նահանջել են, հետևից սողեսող մոտենում են թշնամու տանկին, հարվածում. Հովհաննիսյան

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորված Ռոբերտն ու Նարեկը դուրս են գրվել վերակենդանացման բաժանմունքից

Ալեքսանդր Կարապետյանը երրորդ գոլն է խփել Ռուսաստանի առաջնությունում և այն նվիրել հայրենիքի պաշտպաններին

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածները տեղափոխվել է են «Աստղիկ» բժշկական կենտրոն

Վարչապետը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Կորոնավիրուսը կարող է լսողության կորստի պատճառ դառնալ. կորոնավարակակիրներին սպասարկող բուժկենտրոններն ավելացել են 5-ով

Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք. 82-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից

Մեր բոլոր միջազգային գործընկերներին կոչ եմ անում պատերազմը դադարեցնելու հստակ հայտարարություն անել. նախագահ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ է նշանակվել «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը