Մենք ընդամենը ուզում ենք, որ Մաթեւոսյան կենտրոնը չլինի անձեռագիր, կիսատ-պռատ. Մաթեւոսյան

«Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարան»-ի շինարարության ընդմիջումների, կոնֆլիկտային երրորդ հարկի կառուցման խոչընդոտների մասին «Հակական ժամանակ»-ի հետ նախորդ զրույցից հետո գրանցված հաջողությունների մասին խոսեցինք «Հրանտ Մաթևոսյան հիմնադրամ»-ի նախագահ, ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանի հետ: Մաթևոսյանն անդրադարձավ նաև այժմ իրականացվող աշխատանքների ընթացքին, կենտրոն–թանգարանի հարակից այգուն եւ փողոցին, բացելով որոշ փակագծեր՝ խոսեց հետագայում կենտրոնի այցելուներին սպասվող անակնկալների մասին:

Պարոն Մաթևոսյան, ինչպիսի՞ն է շենքի կառուցման այսօրվա պատկերը: Գո՞հ եք Մաթևոսյան կենտրոն-թանգարանում մինչ այս իրականացված շինարարական աշխատանքներից:

-Այո, մինչև հիմա այն շինարարական աշխատանքները, որոնք արվել են՝ անթերի են: Պրոֆեսիոնալ առումով «Հորիզոն 95»-ը Հայաստանում իր գործի մեջ, կարելի է ասել՝ անգերազանցելի կազմակերպություն է: Գոհ ենք շինարարության որակից: Կառույցի ֆինանսավորման ընդհատության, ոչ պարբերականության պատճառով է, որ այն արդեն երրորդ տարին է թևակոխելու: Բայց դա շինարարի թերացումը չէ: Մյուս կողմից, եթե մի քանի պարամետրերով խոսենք ոչ թե գրողի, ստեղծագործության, կամ հրատարակչական ծրագրերի եւ այլնի, այլ համընդգրկուն՝ Հրանտ Մաթևոսյան մշակութային հայեցակարգի մասին, ապա այդ դեպքում անհրաժեշտություն կառաջանա շեշտադրումների, մանրամասնման, ընդգծումների միջոցով մասնավորից ամբողջին գնալու, քանի որ այս Կենտրոն-թանգարանը լոկ մասն է մեր հայեցակարգի կենսագործման՝ էական մասը:

Տեսեք՝ երբ շինհրապարակում կենտրոն-թանգարանի աշխղեկ Արթուր Աբգարյանը՝ իմ խնդրանքով կառույցը ձեզ ցուցադրելիս՝ շինարարության մասին մի քանի բան է ասել, պետք է իմանալ, որ նա այդ ընթացքի, նախագծի, կոնցեպտի մեջ վաղուց ընդգրկված մարդ է, ինչպես եւ ես. ես՝ հայեցակարգի ու գաղափարի, Արթուրը՝ կառույցի ընթացիկ շինարարության առումով: (Ընդսմին՝ նա հարցազրույցի նպատակով չի զրուցում, այլ բացատրություն տալու): Եվ, մտքներումս ունենալով մեր իմացածը, մենք ձեզ եւ ընթերցողին լոկ ինչ-ինչ դետալներ ենք պատմում: Բնականաբար, թյուրըմբռնում կարող է առաջանալ, նույնիսկ՝ շփոթմունք:

- Քաղաքաշինության կոմիտեից մեզ հաղորդած տեղեկությունների համաձայն՝ շինարարական աշխատանքները ամենաուշը երկու ամսից ավարտվելու են: Ե՞րբ պատրաստ կլինի շինությունը՝ որպես «Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարան»:

- Հրանտ Մաթևոսյան կենտրոն–թանգարանը մեկի համար ուղղակի կառուցվող շինություն է, մյուսի համար (օրինակ՝ մեզ) ամբողջական հայեցակարգով նախատեսված, նախագծված եւ ապագայում իր ֆունկցիոնալ ամբողջականության մեջ լիարժեք կենսունակություն ապահովող հաստատություն: Քաղշինկոմիտեից ասում են, որ շենքը ավարտում են երկու ամսից, ես ասում եմ՝ ժողովուրդ, լավ եք անում, բայց նախ երրորդ հարկը պիտի վերադարձվի: Այժմ մենք բանակցում ենք երրորդ հարկը վերադարձնելու շուրջ: Երբ շինարարը կամ ճարտարապետը խոսում է կառույցի մասին, կամ քաղաքաշինական կոմիտեն՝ Հրանտ Մաթեւոսյան կենտրոնի մասին, ապա նկատի ունի, թե այս պահին շինարարությունը՝ պատերը եւ ներքին հարդարման մի մասի աշխատանքները ուր են հասել: Եվ երբ իրենք ասում են, որ մի ամսից շենքը հանձնում են, նկատի ունեն միայն ու միայն իրենց առջև դրված հանձնարարականը: Իսկ երբ մենք ենք խոսում, թե Հրանտ Մաթևոսյան կենտրոնը երբ կենսունակ կլինի եւ կսկսի լիարժեքորեն աշխատել, նախ նկատի ունենք շենքի ֆունկցիոնալ լիարժեք աշխատանքը, ապա և շենքի հարևանությամբ միջավայրը՝ զբոսայգին, այն հատող փողոցը, մի խոսքով այն ամենը, ինչը կենտրոնի հետ կապ ունի, նրա շուրջ է:

- Որո՞նք են կենտրոն-թանգարանի վերաբերյալ ձեր ներկայացրած չափորոշիչները:

-Ի սկզբանե, երբ ստացել ենք պետության կողմից մեզ ներկայացրած առաջարկությունը՝ շենքը կառուցելու տվյալ տեղում, մենք ասել ենք, թե ինչպիսի հայեցակարգ ենք տեսնում: Այսինքն՝ պետք է լինի Լոռվա բնության մոդելավորմամբ պուրակ՝ բուսաբանական փոքրիկ այգի, ոչ թե որպես զուտ միջավայր, այլ որպես ցուցադրական էքսպոզիցիոն ծրագրի մի մաս: Երբ մարդը գալիս է այդտեղ, նա մուտք է գործում այդ պայմանական Անտառամեջ կամ Ծմակուտ անտառակը, որտեղ Մաթևոսյանի ստեղծագործություններում առկա տեղեր ու տեղանուններ են՝ «Չըռչըռ», «Կանաչ դաշտ», «Կալքար», «Կույր աղբյուր», «Ցամաք փոս» և այլն. Ահնիձորից ինչ-որ անուններ են վերցված՝ փոքրիկ գետակը իր մի ջրվեժով, Կաղնուտը, Աճարկուտը:

Կամ պատկերացրեք մի իրավիճակ, երբ տարածքում հանգստացողներին՝ լինեն դրանք կենտրոն այցելած զբոսաշրջիկներ, թե մարդիկ, ասենք՝ սիրահար զույգ: Պահ կգա, երբ կհայտարարվի. «Ահնիձորում անձրև է սկսվում, խնդրում ենք՝ պատսպարվեք անձրևանոցների տակ»: Եվ չնայած երևանյան շոգին ու հուլիսյան տապին՝ սկսի անձրև տեղալ: Շենքը կառուցվել է, ինչպես Լոռիում են ասում Գլխատան (շրջանաձև շինություն) սկզբունքով՝ մեր հայտնի Հազարաշենի: Շինությունը ներառում է երեք վերգետնյա եւ մեկ զրոյական հարկ: Ի սկզբանե, երբ որոշվել է շենքը կառուցել, մենք տվել ենք բոլոր չափորոշիչները՝ ժամանակավոր էքսպոզիցիայի, գլխավոր էքսպոզիցիայի եւ արվեստագետի կացարան-արվեստանոցի:

- Կացարան-արվեստանոցն ի՞նչ է, ինչպիսի՞ն է լինելու:

- Երբ ես 2004 թվականին տվեցի կացարան-արվեստանոցի գաղափարը՝ Կառավարության կամ նախարարության ֆունկցիոներներից մարդիկ եղան, որոնք ինձ ասացին. «էդ ուզում եք ձեզ համար հյուրանո՞ց սարքել»: Ասացի՝ մեզ համար չէ՝ ձեզ համար. պրիմիտիվ պատկերացում ունեին՝ ոչինչ չես ասի:

Ամբողջ աշխարհում գոյություն ունեն միջազգային ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս մշակույթի գործչին՝ լինի դա նկարիչ, դերասան, գրականագետ, կինոգետ, գրող, թե լրագրող, նրանց հնարավորություն են տալիս ճամփորդելու եւ բնակվելու մշակութային օջախներում կամ դրանց հարևանությամբ, ինչի համար նրանք ստանում են կրթաթոշակ: Եվ բնակվելով ենթադրենք Մաթևոսյան կենտրոնում՝ մարդը հնարավորություն է ստանում ուսումնասիրել Մաթևոսյանի գրականությունը սկզբնաղբյուրներից: Կենտրոն-թանգարանը հյուրանոցային պայմաններ է ստեղծում տվյալ անձի համար, բայց շատ ավելի մատչելի գներով, եւ այդ անձը կարողանում է մեկ ամիս կամ երկու ամիս բնակվելով՝ ստեղծել իր ստեղծագործությունը: Ամբողջ աշխարհում կան նման ձևով գրված վեպեր, ուսումնասիրություններ, և ասենք՝ ի նշան երախտապարտության՝ նշված ՝ գրվել է այսինչ վայրում, այսինչ թվականին:

- Հիմա երրորդ հարկը չկա՞:

- Երրորդ հարկը պարտադիր պիտի լինի: Երրորդ հարկում ունենք կացարան-արվեստանոցը եւ ժամանակավոր Էքսպոզիցիայի սրահը: Առաջին եւ երկրորդ հարկերում մշտական ցուցադրության սրահներ, զրո հարկում մեծ դահլիճն է՝ 120-130 տեղանոց եւ ունիվերսալ օգտագործմամբ՝ թատրոն կինո, սեմինարներ: Այնտեղ նաև ժամանակավոր դիմահարդարման վայր է հատկացված, ետնաբեմ կա դերասանների համար: Նմանատիպ փոքրիկ հնարավորություններ կան: Կարծում եմ՝ լիովին բավարար է, որ ունենանք ակտիվ համագործակցություն տարբեր կազմակերպությունների հետ, որպեսզի կենտրոն-թանգարանը ծառայեցվի իր մշակութաբանական նպատակին:

- Այս պահին մշակութային կենտրոնն ամենաշատը ինչի՞ անհրաժեշտություն ունի:

- Մշակութային կենսապահովման անհրաժեշտություն կա: Պահեստային մասեր շատ քիչ ունենք: Պատկերացրեք՝ էքսպոզիցիա է փոխվում, ցանկալի կլիներ, որ հարևանությամբ՝ գողտրիկ մի անկյունում՝ փոքրիկ պահեստային հնարավորություն լիներ. ժամանակավոր ցուցադրությունների համար դա անհրաժեշտ է: Այդ տեսանկյունից շենքը դեռ շատ փոքր հնարավորություններ ունի: Տնտեսական գործունեության համար այդ հնարավորությունների պակասը զգացվելու է:

- Ձեր ներկայացրած պահանջները լինելու են մինչև շենքի վերջնական ավա՞րտը:

- Պետք է նշեմ, որ բարեբախտաբար, նախորդ մեր զրույցից հետո մենք որոշակի առաջխաղացում ունենք, այն առումով, որ երրորդ հարկի մասին մեր վերջնագիր-պահանջի հետ լրջորեն հաշվի նստելով՝ ասել են, որ կառուցվելու է:

- Իսկ եթե հանկարծ նորից փոշմանեն, ի՞նչ եք մտադիր անել:

- Եթե նման բան լինի, թող համարեն, որ մենք վերջնագիր ենք ներկայացրել եւ առանց որի շենքն ուղղակի անլիարժեք է լինելու: Իսկ անլիարժեք շենքում հնարավոր չի լինի լիարժեք մշակութային կենտրոն իրականացնել: Խնդիրն այսօր այն է, որ պետք է ներկայանալի, լիարժեք շնչող հաստատություններ ունենալ, որպեսզի հասկանալի լինի, որ այստեղ մշակույթ կա: Իսկ ինչքա՜ն մենք ունենք կիսատ-պռատ, չմտածված, անձեռագիր, անհայեցակարգ հաստատություններ, որոնց անունները չեմ ուզում տալ: Մենք ընդամենը ուզում ենք, որ Մաթևոսյան կենտրոնն այդպիսին չլինի: Ունենք նաև ավտոկայանատեղիի խնդիր, որովհետև այցելուների համար մեզ պետք է առնվազն երկու երեք ավտոբուսի, մեքենայի համար ավտոոկայանատեղի: Պետք է դա էլ քննարկվի:

- Շենքի լիարժեք կառուցապատումից հետո ինչպիսի՞ն է լինելու հարակից տարածքի տեսքը՝ օրինակ այգին:

- Աբովյան պուրակի տարածքում կառուցվող կենտրոն-թանգարանին հարակից լինելու է բուսաբանական այգի, չնայած հասկանում եմ, որ դա ծախսեր է պահանջում, դժվարություններ կարող է ստեղծել: Ուզում ենք, որ լինի Հրանտ Մաթևոսյան փողոց, ինչպես որ ժամանակին քննարկվել էր կառավարության կողմից եւ որոշում կայացվել: Մենք կունենաք Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն, Հրանտ Մաթևոսյան փողոց, համար մեկ շենք հասցեով: Ուզում ենք փողոցի կողքի չորացած աղբավայր եւ ավտոկայանատեղի դարձած զբոսայգին դառնա կանաչ գոտի-անտառակ եւ գոնե մասամբ լուծի փոշոտ Երևանի «թոքերի հարցը»: Մենք ուզում ենք, որ Հրանտ Մաթևոսյան փողոցի վրայով հետիոտն կամրջակ լինի՝ զբոսայգու երկու կողմերը կապող, որ զբոսնելու հնարավորություն ստեղծի այցելուների համար: Կամրջակի անունը լինելու է Մաթևոսյանի ստեղծագործություններից մեկի անվամբ՝ «Նանա իշխանուհու»: Ալավերդիում կա պատմական, միջնադարյան կամուրջ՝ Վանենի կամ Նանա իշխանուհու միջնադարյան կամուրջը ՝ գեղեցկագույն մի շինություն: Մեր կամրջակը ինչ-որ կերպ նման պիտի լինի այդ կամրջին: Դա էլ դիզայներների եւ ճարտարապետների գործը պիտի լինի:

Առհասարակ հետագա աշխատանքների ողջ ծավալի առումով առայժմ ոչ մի դիզայներ եւ ճարտարապետ, էքսպոզիցիայի մասնագետ քայլեր չեն արել՝ ընդամենը եկել, տեղանքին են ծանոթացել, էսքիզներ ու գաղափար նախանշել: Այդպես է, քանի որ ՀՀ կառավարությունն առհասարակ կառույցի հետագա ֆինանսավորմանը չի անդրադարձել: Սխալ տրամաբանություն է դա՝ թե դեռ պիտի շինարարության առաջին փուլն ավարտվի, որ նոր մտածեն այդ ուղղությամբ: Բազմիցս զգուշացրել ենք, որ սխալ մարտավարություն է դա: Անօգուտ: Հետո էլ ասում են՝ դանդաղում է շինարարությունը, ուշանում է կենտրոնը: Այս ընթացքով դեռ շատ կուշանա: Պատկերացրեք, այս պահին նույնիսկ սաղմնային մակարդակով ձևավորված չէ կենտրոնի ապագա կարգավիճակը, աշխատակազմը, տարեկան մոտավոր բյուջեն:

                                                                                                           Աղունիկ Հովհաննիսյան

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 9-ի համարում:

Տպել
5088 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ