Մեր զեկույցները ամեն պահի կարող են Մարտի 1-ի բացահայտման հիմք լինել. Անդրանիկ Քոչարյան

Մարտի 1-ի գործով հարցերը արծարծվում են Մարտի 1-ից առաջ եւ մոռացվում են Մարտի 1-ի օրը նշելուց հետո:

Մեր զրույցում նման կարծիք հայտնեց Մարտի 1-ի նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը: Նրա խոսքով՝ այս գործը տեղից կշարժվի միայն մի դեպքում, եթե լինի հանրային պահանջ, կամ այն ժամանակվա կամ ներկայիս քաղաքական դաշտի գործող ուժերը կարեւորեն Մարտի 1-ը:

Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբը լուծարվել էր Սերժ Սարգսյանի՝ 2009 թվականի հունիսի 6-ի հրամանագրով։ Այդ ընթացքում խումբը հասցրել էր հինգ զեկույց հրապարակել, որը հաստատում էր նաեւ մարտի 1-ի իրադարձություններին բանակի ներգրավածության փաստը։

Անդրանիկ Քոչարյանի հետ մեր զրույցը ստորեւ.

- Պարոն Քոչարյան, փատահավաք խումբը ահռելի աշխատանք կատարեց, բայց այդ փաստերը մնացին թղթի վրա, հնարավո՞ր է, որ մեկ օր այնուամենայնիվ դրանք ծառայեն գործի բացահայտմանը:

- Փաստերը թղթի վրա չեն մնացել: Մենք կարողացանք այդ ամիսների ընթացքում փաստահավաք գործունեություն ծավալել եւ հրապարակել առաջին միասնական զեկույցը՝ Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներին վերաբերող: Իսկ մնացած զեկույցները, որոնք արդեն մշակվում էին եւ պատրաստ էին լուծարումից հետո, ես եւ Տիկին Սաֆարյանը կարողացանք իմի բերել եւ ամբողջացնել այն ինչ-որ հնարավոր էր մեր երկուսի կողմից ամբողջացնել, այն աշխատանքը, որ արվել էր ամբողջ խմբի կողմից՝ փաստահավաք գործունեության արդյունքում: Իսկ արդյունքում մենք ունեցանք զեկույցներ, որոնք կարծում եմ, մինչեւ հիմա էլ շատ կարեւոր են Մարտի 1-ի լիարժեք բացահայտմանը հասնելու համար:

- Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների բողոքները վարույթ ընդունելուց հետո ՄԻԵԴ-ը ՀՀ իշխանություններից դեռ տարիներ առաջ տեղեկություններ էր պահանջել գործի քննության ընթացքի, ինչպես նաեւ՝ փաստահավաք խմբի բացահայտումների մասին: Դուք տեղյա՞կ եք, թե ՄԻԵԴ-ում այս գործն ի՞նչ փուլում է, այդ փաստերը ՄԻԵԴ-ո՞ւմ են, թե՞՝ ոչ:

- Այս պահի դրությամբ տեղեկատվություն չունեմ եւ կարծում եմ, արժեր, որ ոչ միայն հետեւողական լինեին զոհվածների իրավահաջորդները, այլ նաեւ մեր քաղաքական ուժերը, որոնք նաեւ որոշակի պատասխանատվություն են կրում այն բացահայտելու համար, ոչ միայն իշխանությունները: Պետք է միասնական ջանքերով մենք հասնեինք ոչ միայն հարցի վերջնական լուծմանը՝ այսինքն բացահայտումներին, այլ նաեւ՝ այն որոշումներին, որոնք կավելանցնեին բացահայտման հնարավորությունները՝ այդ պահանջները իշխանություններից եւ իրավապահ մարմիններից տեղեկատվության առումով այդպես էլ մնացին կիսատ: Այսօր մենք տեսնում ենք, որ հարցերը արծարծվում են Մարտի 1-ից առաջ եւ մոռացվում են Մարտի 1-ի օրը նշելուց հետո:

- Փաստահավաք խմբի լուծարումից հետո դուք շարունակե՞լ եք փաստեր հավաքագրել կամ նախկինում հավաքած նոր փաստերի վրա նոր եզրահանգումների գալ: Եթե կան այդպիսիք, կարո՞ղ եք հրապարակել:

- Փաստահավաք խումբը իր գործունեությունը պետք է ծավալեր որոշակի լեգիտիմության շրջանակներում եւ ուներ որոշակի լիազորություններ Եվրախորհրդի պահանջների հիման վրա: Այսինքն՝ ուներ միջազգային մանդատ այդպիսի գործունեություն ծավալելու: Լուծարումից հետո փաստահավաք խումբը այդպիսի լիազորություններ չուներ եւ փաստահավաք գործունեություն նա չէր կարող անել, որովհետեւ, ըստ էության, խումբը բաղկացած էր երկու հոգի իշխանությունից երկուսը՝ ընդդիմադիր ուժերից եւ մեկ հոգի՝ ՄԻՊ-ի կողմից: Խումբը, ըստ էության, այդպիսի լիազորություններից զրկվեց, երբ որ իշխանությունները հասկացան, որ փաստահավաք գործունեությունը կարող է իրականացնել այնպիսի բացահայտումներ, որոնք ցանկալի չեն նաեւ այսօր իշխանությունում գտնվող շատ-շատ մարդկանց համար: Նաեւ կան այն ժամանակ որոշումներ կայացրած բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք այսօր պաշտոնյա չեն, բայց ունեն որոշակի ազդեցության լծակներ նաեւ այսօրվա գործող իրավապահ համակարգի եւ իշխանությունների վրա՝ ըստ էության:

 - Դուք կարո՞ղ էիք անձամբ հավաքել այլ փաստեր եւս:

 - Հավաքելու համար պետք է այդ հավաքած փաստերը հասանելի լինի, ունենաս որոշակի իրավասություններ: Այսօր ո՛չ ես, ո՛չ տիկին Սաֆարյանը եւ խմբի որեւէ անդամ առանց այդպիսի լիազորությունների չի կարող որոշակի փաստեր հավաքել: Բերեք իրացնենք այն, ինչ որ մենք հասցրել էինք անել: Մինչեւ հիմա, երբ որ հարցը տալիս են գլխավոր դատախազին, կամ նախկին գլխավոր դատախազներին, բոլորը ունեն ստանդարտ մեկ պատասխան՝ քրեական գործը կասեցված չէ, կարճված չէ, մենք զբաղվում ենք, ծավալը շատ մեծ է եղել եւ այլն: Բայց մի բան պետք է փաստենք, որ տարին տարվա վրա հնարավոր բացահայտումը հեռացնում ենք, իրենք էլ ժամանակ են շահում, որպեսզի չհասնեն որոշում կատարած այն մարդկանց, որոնց որոշումների արդյունքում մեր երկիրը ստացավ Մարտի 1, ունեցանք ոչ միայն 10 զոհ, այլ նաեւ, կարելի է ասել, մեր արձանագրած զեկույցների հիման վրա ՝տեղի է ունեցել իշխանության զավթում:

- Պարոն Քոչարյան, ի՞նչ եք կարծում երբեւէ այս գործը կբացահայտվի՞, որովհետեւ կարծես հանրության կողմից անտարբերություն է նկատվում:

- Գործը ըստ էության բացահայտված է, հանրության համար հարցականներ չկան, թե ինչ է տեղի ունեցել Մարտի 1-ին: Ուրիշ բան, որ անհատապես մահվան հանգամանքների հետ կապված պետք է բոլոր մեղավորները, հրաման տվողները, եւ իրականացնողները ի հայտ բերվեին, իսկ դա ի հայտ չբերելու համար այն ժամանակվա քննչական մարմինները ամեն ինչ արեցին, որպեսզի այդ մարդկանց հնարավորինս չկարողանա քննությունը մոտենալ: Այսօր էլ, վաղն էլ կլինի այդ հնարավորությունը, քանի դեռ մենք կարողացանք մեր գործունեության ամիսների ընթացքում հավաքագրել փաստեր եւ հրապարակել զեկույցներ: Գոնե այդ զեկույցների մասով իրավապահ մարմինները եւ դատախազությունը հսկայական անելիք ունեն: Մեր զեկույցները ոչ միայն առնչվում էին մահվան հանգամանքներին, այլ՝ կային բացահայտումներ, թե՛ ապօրինի զինված խմբավորումների ձեւավորվման, թե՛ զինված ուժերի հետ կապված՝ 0038 հրամանի առկայության մասին, դրանք փաստեր են, որոնք ըստ էության բացահայտում են իրողությունները, թե ինչու տեղի ունեցավ Մարտի 1-ը: Նաեւ մենք կարողացել ենք մեր փաստահավաք գործունեության ընթացքում բացահայտել Ազգային անվտնագության ծառայության կողմից օպերատիվ աշխատանքի արդյունքում շինված գործողությունները. փետրվարի 28-ից իրականացվում էին գործողություններ` ի հայտ բերելու Ազատության հրապարակում զենք-զինամթերք տեղակայելու, այնուհետեւ՝ ցուցարների կողմից օգտագործելու գործընթացը: Ըստ էության նաեւ դիպուկահարների հետ կապված հարցեր կան, բոլորը հնարավոր է բացահայտել, եթե դրա ցանկությունը ունենա այսօրվա գործող իշխանությունը, բայց այդ ցանկությունը տարիներ շարունակ ի հայտ չի գալիս: Ես կարող եմ ասել, որ գոնե մենք կարողացանք զեկույցներ հրապարակել, որը որեւէ մեկը չկարողացավ հերքել, իսկ դա նշանակում է, որ զեկույցները ցանկացած պահի, ցանկացած օր, տարի, կարող են դառնալ լուրջ բացահայտումների հիմք:

- Պարզապես ցանկություն չկա՞:

- Այստեղ միայն ցանկության խնդիրը չէ, որովհետեւ բացահայտումը նաեւ շատ վտանգավոր է շատերի համար նույն՝ Հայկ Հարությունյանի (նախկին ոստիկանապետ,-հեղ.) համար, Միքայել Հարությունյանի (2008-ին պաշտպանության նախարար,-հեղ,) համար, այն ժամանակվա գլխավոր դատախազի (Աղվան Հովսեփյան) համար: Քննչական մարմինների իրականացրած բազմաթիվ ապօրինի գործողություններ, դրանք իրականացրած տարբեր մարդկանց փասահավաք խումբը բացահայտեց, գուցե նրանք այսօր էլ ծառայում են, գուցե՝ չեն ծառայում, բայց դրանք այն ամբողջ փունջն էր, որ չբացահայտել պարզապես չէր կարող: Հասարակությունն էլ ինքը պետք է պահանջատեր լիներ, բայց միայն հասարակության խնդիրը չէ,  պահանջատեր լինելուց բացի քաղաքական այն ժամանակվա ուժերը պետք է մինչեւ վերջ հետեւողական պահեին այդ պահանջը: Ես բազմիցս եմ ասել, եթե իշխանությունները չէին ցանկանում բացահայտել նաեւ հանրային դատի կազմակերպման միջոցով, որովհետեւ դատը եթե մենք կարողանանք կազմակերպել ունենալով որոշակի փաստերի առկայություն նույն Ազատության հրապարակում, կարող է եւ իշխանությունը հասկանար, որ դա շատ մեծ վտանգ է իրենց համար եւ իրենք էլ նախաձեռնությունը չտային փողոցին, այլ նախաձեռնությունը տային պետության պատկան մարմինների շրջանակում եւ ստիպված գնային բանակցությունների, գոնե սպանությունների մասով: Ես չեմ ասում էն մասով, որ ասենք լուրջ վտանգ էր իշխանության տարբեր ճյուղերի համար, բայց սպանությունները չբացահայտել՝ պարզապես անթույլատրելի է, որովհետեւ նրանք սպանված են եւ նրանց վրա կրակողները այսօր էլ ազատության մեջ են եւ նրանք իրենց պատիժը չեն կրել, դա շատ վատ նախադեպ է, որը կարող է անընդհատ կրկնվել, եթե մենք գոնե ինչ-որ պահի չպարտադրենք բացահայտումներ:

- Պարոն Քոչարյան, որպես նախկին փասահավաք խմբի անդամ այս ընթացքում քննչական խումբը ձեզ կանչե՞լ է, հարցաքննե՞լ է գործի շրջանակներում:

- Բայց ինչու պետք է կանչեն: Փաստերի մեր ամբողջ փաթեթը լուծարումից հետո առգրավել եւ հանձնվել է քննչական խմբին եւ խումբը պարտավոր էր դա մանրակրկիտ ուսումնասիրել: Եթե էդքան էլ հավես չունեին ուսումնասիրելու, բավական է իրենք կարդային մեր հրապարակած զեկույցները եւ այդ զեկույցներում կգտնեին այն ուղղությունները որտեղով պետք է իրենք իրականացնեին հնչեցված, բարձրացաված փաստագրված նյութի հիման վրա գործողություններ: Նրանք այդ գործողություններն էլ չեն կատարել, պարզապես փորձում են ասել, որ սրանք էդքան էլ հիմնավորված չէին, եւ մենք որեւէ ցանկություն չունենք այդ ուղղությամբ շարժվելու, չշարժվեցին: 10 տարի մենք ունենք պատային վիճակ, իշխանությունները հայտարարում են գործը կարճված չի եւ հասարակությանը ըստ էության հեռացնում են իր արդարացի պահանջից: Այդպես շարունակելու արդյունքում մի օր էլ կասեն, որ՝ գիտեք ինչ բացահայտել անհնար է, որովհետեւ բացահայտման անհրաժեշտ մարդկանց վկաների առկայությունը այլեւս բավարար չի ինչ-որ բան բացահայտելու: Մարդիկ կան, որոնք մահացել են, մարդիկ կան, որոնք լքել են Հայաստանը: Ներքին զորքերի հրամկազմն ամբողջությամբ այս տարիների ընթացքում փոխվել է, բայց այդպես էլ պարզ չեղավ գոնե Գրիգոր Գիրգորյանին (Ներքին զորքերի նախկին հրամանատար,-հեղ.) իրենք կանչե՞լ են, բացատրություն վերցրե՞լ են, որովհետւ այդ մարդու հրամանների արդյունքում էր, որ բազմաթիվ ապօրինություններ են տեղի ունեցել ներքին զոքրերի կազմավորման ընթացքում, նաեւ նրա սխալ արձակած հրամանների արդյունքում կան մահացած մարդիկ, ինչպես նաեւ՝ առեղծվածային բազամթիվ դեպքեր եղան:

-Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Գեւորգ Կոստանյանը որոշեց մայր գործից մասեր անջատել, այդ փաստերը կցվե՞ցին առանձին գործերին:

- Դրանք ոչինչ չասող որոշումներ են, որովհետեւ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնողը պետք է պատասխան տար մեկ հարցի՝ ինչո՞ւ է անգործության մատնված քննչական խումբը: Ես չգիտեմ քննչական խմբի ղեկավարն այսօր ով է, նախկինում Վահագն Հարությունյանին ո՞վ է փոխարինել, ի՞նչ է արել, ես չգիտեմ այդ մարդն այս ընթացքւմ ինչ-որ բաներով հանդես գալիս է Մարտի 1-ի գործով: Գոնե տարին մեկ անգամ հաղորդագրություն տարածի խմբի կողմից, որ արվել է սա, սա, սա: Գոնե կանչեն մարդանց, որոնք կարող էին ինչ-որ կոնկրետ դրվագով ինչ-որ բան ավելացնել, որովհետեւ դրվագները այնքան շատ են, մարդկանց առկայությունը այնքան շատ է եղել, որ պարզապես պետք է շատ ցանկանաս, որ գործը քնեցնես, չբացահայտվի եւ արդյունքում ունենանք այսպիսի իրավիճակ: Այնպես որ Գլխավոր դատախազը՝ թե նախկին, թե՛ ներկա, պետք է մի օր պատասխան տան: Անգործության են մատնված թե քննչական խումբը, թե նաեւ դրանք վերահսկող մարմինները՝ իրենց ղեկավարների հետ մասին, սա շատ կարեւոր հարց է: Դատախազությունը պարտավոր էր գոնե կանչեր ձեւի համար ինչ-որ բան ցույց տար, որ ինչ-որ գործ են անում, բայց դա էլ չեն անում:

- Հիմա ասում են հարցերը նախաքննական գաղտնիք են:

- Ամեն ինչ կարող են ասել նախաքննական գաղտնիք է: Երբ որ դիպուկահարների հարցը մենք ուզում էինք պարզել, նրանք ասում էին՝ պետական գաղտնիքի խնդիր կա, բայց բոլոր գաղտնիքները պետք է բացահայտվեն, պետք է լիազոր մարմինը, որ փաստահավաք խումբն էր, ունենար այդ իրավասությունը, որպեսզի բացահայտեր, տեսնեին դիպուկահարը ով էր, ում կրակոցի արդյունքում մահացավ կոնկրետ անձնավորություն: Վերջին հաշվով, մեր կղմից հավաքագրված տեսանյութերում հստակ երեւում էր ոստիկանության ինչ ստորաբաժանումներ էին կանգնած եւ ինչ դիպուկահար կրակոց էին արձակում հակառակ ուղղությամբ: Երբ այդ նյութերը ուղարկում էինք համապատասխան մարմին, նրանք պատասխանում էին, որ մենք ի վիճակի չենք ճշտել կոնկրետ անձը, բայց չէ՞ որ հենց քննչական մարմնի գործն է տարբեր գործողություններով ճշտել զորամասը, զորամասի  հրամանատարին, բացատրություններ վերցնեին եւ վերջապես կադրում երեւացող նշանառու կրակողից հասնեին մինչեւ զինվորին, որը գտնվում էր նույն ներքին զորքերի որեւէ մի տեխնիկական միջոցի կողքին: Սրանք մանր հարցեր են, որոնք պարզապես չբացահայտել հնարավոր չէր: Իսկ եթե մինչեւ հիմա որեւէ բան բացահայտված չէ, պարզապես դրա ցանկությունը չկա: Այսօր էլ չբացահայտման տոտալ հրահանգի ներքո է գործում Մարտի 1-ի գործը եւ այդ գործը տեղից կշարժվի միայն մի դեպքում, եթե լինի հանրային պահանջ, կամ այն ժամանակվա կամ ներկայիս քաղաքական դաշտի գործող ուժերը կարեւորեն Մարտի 1-ը, ինչպես նաեւ կարեւորեն Հոկտեմբերի 27-ի բացահայտումը եւ մնացած բոլոր բացահայտումները, որոնք էական դեր խաղացին մեր պետության առաջընթացը կանխելու համար:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 9-ի համարում:

Տպել
4943 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ