Ժողովրդագրագետ. սա ազգային անվտանգության հարց է

04/05/2017 schedule23:34

Օրերս հրապարակված ժողովրդագրական պաշտոնական տվյալները մտահոգիչ են: Դրանց վերաբերյալ զրուցեցինք պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի հետ:

- Պարոն Մարկոսյան, ԱՎԾ-ն հրապարակեց առաջին եռամսյակի ժողովրդագրական իրավիճակի մասին տեղեկանքը: Ի՞նչ միտումներ եք տեսնում ներկայացված ցուցանիշներում: Որքանո՞վ են վտանգավոր այդ միտումները եւ ինչո՞վ են դրանք պայմանավորված:

- Ցուցանիշները որոշ իմաստով անսպասելի էին, քանի որ բնական աճի այդպիսի ցածր եռամսյակային տվյալներ Հայաստանի Հանրապետությունում վերջին 25 տարվա կտրվածքով առաջին անգամ են արձանագրվում: Նույնիսկ ծնունդների տեսանկյունից ամենացածր տարի համարվող 2001թ., երբ Հայաստանում տարեկան կտրվածքով արձանագրվել էր 32 հազար 065 ծնունդ, բնական աճն ավելի բարձր է եղել, քան ներկայումս: Դրա համար կան նաեւ օբյեկտիվ պատճառներ: Եթե նախորդ դարի 90-ական թթ. Հայաստանում միջինը տարեկան կտրվածքով մահանում էր 24 հազար, 21-րդ դարի առաջին տասնամյակում ՝26 հազար 800, ապա 2012-2016թթ. այդ ցուցանիշը դարձել է 27 հազար 700: Եվ մահերի թիվը դեռեւս կպահպանի բարձրացման կորը, քանի որ կենսաթոշակային տարիք են մուտք գործում նախորդ դարի 50-60-ական թթ. ծնունդները, որոնց թիվն ավելի շատ է, քան 40-ականների ծնվածներինը:

Բացի այդ, երիտասարդների արտագաղթի եւ ցածր ծնելիությամբ պայմանավորված` ավելացել է մեծահասակների տեսակարար կշիռը: Եթե 1989 թվականին 60 եւ ավելի տարիք ունեցող մարդիկ կազմել են բնակչության 7,9 տոկոսը, ապա ներկայումս նրանց թիվը մոտենում է 15 տոկոսի: Գոյություն ունի նաեւ ծնունդների նվազման բացատրությունը: Ներկա փուլում Հայաստանը մուտք է գործում ժողովրդագրական նոր իրականություն, երբ ամուսնական ակտիվ տարիք է մուտք գործում նախորդ դարի 90-ական թթ. ծնված սերունդը, որոնց թիվը 40 տոկոսով ավելի քիչ է, քան 80-ական թթ. ծնվածներինը: Եթե 1986թ. Հայաստանում ծնվել է 81 հազար 200 երեխա, ապա 1999թ. այդ ցուցանիշը իջել էր մինչեւ 36 հազար 500-ի, եւ, բնականաբար, քիչ ծնված երեխաներից ավելի քիչ երեխաներ են ծնվելու: Եթե սրան էլ գումարենք ոչ բարվոք սոցիալ-տնտեսական իրավիճակը, աճող գործազրկությունը, շարունակվող արտագաղթը, ապա ծնունդները նվազելու են, մահերը աճելու, եւ բնական աճի ցուցանիշը անկում է ապրելու:

- Դրանք ընդամենը եռամսյակային ցուցանիշներ են, ի՞նչ եք կարծում, տարվա ընթացքում միտումները կշարունակվե՞ն, թե՞ հնարավոր է կտրուկ փոփոխություն:

- Ընդհանրապես տարվա սկիզբը մահերի տեսանկյունից ամենաբարձրն է լինում: Եթե հաշվի առնենք Հայաստանում արձանագրված խստաշունչ ձմեռը եւ այն, որ գարնան սկիզբը խրոնիկ հիվանդությունների սրացման ամենաակտիվ փուլն է, ապա մահերի ավելացումը դրանով կարելի է բացատրել: Ինչ վերաբերում է ծնունդներին, ապա նվազման միտումը կշարունակվի, քանի որ արդեն իսկ 2016թ. 2012թ. նկատմամբ ծնունդների թիվը նվազել է 4,6 տոկոսով: Ըստ փորձագիտական կանխատեսումների, եթե ժողովրդագրական ներկայիս իրավիճակում փոփոխություններ չարձանագրվեն, ապա 2025թ. Հայաստանում մահերը կարող են գերազանցել ծնունդներին, եւ բնական աճը կունենա բացասական ցուցանիշներ: Կարծում եմ, այս գործընթացը կշարունակվի, քանի որ պակասում են նաեւ ամուսնությունները: Իսկ ծնունդների ընդհանուր թվաքանակում առաջնեկների ծնունդը գերակշիռ մաս է կազմում: Այս պարագայում, ցավոք սրտի, այս տարի եւս կունենանք ծնունդների եւ բնական աճի նվազում:

- ԱՎԾ-ի հրապարակած մեկ այլ վիճակագրության համաձայն` ՀՀ բնակչությունը շարունակում է նվազել, սակայն Երեւանի բնակչությունը աճ է արձանագրել: Ո՞րն է դրա պատճառը եւ արդյոք դա դրակա՞ն, թե՞ բացասական երեւույթ է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից:

- Երեւանի եւ ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման եւ բնակչության տեղաբաշխման հավասարակշռությունը արդեն իսկ խախտվում է նախորդ դարի 70-ական թթ. վերջից: Պարզապես անկախությունից ի վեր արձանագրվող միգրացիոն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին տեղաշարժերը ավելի են սրել իրավիճակը:  Խոսելով արտագաղթի մասին, երբ մարդիկ աշխատատեղերի բացակայության, սոցիալ-տնտեսական, հոգեբանական, ավելի լավ կյանքի ակնկալիքով արտագաղթում են Հայաստանից, ապա չպետք է մոռանալ ներքին տեղաշարժերի մասին: ՀՀ մարզերից Երեւան ուսանելու ժամանող երիտասարդների մեծ մասը հրաժարվում է վերադառնալ իր բնակավայրը: Դրան գումարած` այն երիտասարդները, որոնք ցանկություն չունեն արտագաղթելու, ապա աշխատանք են փորձում գտնել Երեւանում եւ հնարավորության դեպքում մշտական բնակություն են հաստատում Երեւանում: Մայրաքաղաքում աշխատանք գտնելու հնարավորությունները ավելի մեծ են, քան մարզերում: Եվ պատահական չէ, որ մարզերում արդեն իսկ բնական աճի ցուցանիշները բացասական թվեր են արձանագրում, քանի որ տեղի է ունենում երիտասարդ եւ աշխատունակ տարիքի մարդկանց արտահոսք: Եթե սրան էլ գումարենք արտագաղթի եւ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը, Հայաստանում արդեն իսկ փոքր թիվ չեն կազմում «ծերացող» եւ «ամայացող»գյուղերը, որն ավելի ցայտուն է դրսեւորվում հատկապես սահմանամերձ գոտիներում: Այնպես որ, սա, անշուշտ, բացասական երեւույթ է, եւ նույնիսկ ազգային անվտանգության հարց է:

Տպել
5877 դիտում

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը հանձնարարել է ստուգել քաղաքացուն խոշտանգելու ահազանգի մանրամասները. ՄԻՊ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 14 աշխատակցի մոտ եւս կորոնավիրուս է հայտնաբերվել

3 ավիաընկերություններ այսօր կիրականացնեն Մոսկվա-Երեւան չվերթներ՝ տեղափոխելով ՀՀ քաղաքացիների

Ով ինչպես է օգտագործում կորոնավիրուսը

Վիշտն անսահման է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Մահացել է լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին

Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ Պատրիկ Դեւեջյանի մահվան բոթից. Նիկոլ Փաշինյան

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ մոտ 6 հա տարածքում

Հայաէրոնավիգացիայի աշխատակիցները կշարունակեն մեկուսացված մնալ Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում

ԿԳՄՍՆ-ն այսօրվանից սկսել է հավաքագրել համակարգչային սարքեր`ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանը. LePoint

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

Երեւանում հրդեհվել է չշահագործվող վագոն-տնակ

Հայ-Ռուսական համալսարանը հաղթել է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի մրցույթում

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 424-ի. 52 նոր դեպք՝ 24 ժամում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների կեցության եւ խնդիրների վերաբերյալ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. վարորդը հիվանդանոցում է

Վերջին 1 ժամում Նորքի հիվանդանոցում կորոնավիրուսից 2 մահվան դեպք է արձանագրվել. նախարար

Ժամը 21:00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսի 407 դեպք

Երևանում հարբած վարորդը մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանին. տղամարդը ձերբակալվել է