Շտապ բուժօգնության ավտոմեքենաները գնվելու են առանց մրցույթի. ինչո՞ւ առանց մրցակցության

ՀՀ կառավարությունը որոշել է բժշկական կազմակերպությունների համար ձեռք բերել շտապ բուժօգնության մեքենաներ: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադրի մարտի 2-ին կայացած նիստում:

Որոշվել է անհրաժեշտ մեքենաները ձեռք բերելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությանը 2017 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 150 միլիոն դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Այդ գումարով նախարարությունը պետք է գնի շտապ բուժօգնության 10 ավտոմեքենա:

Պարզվում է, սակայն, որ առողջապահության գերատեսչությունն ու կառավարությունը պատրաստվում են շտապ բուժօգնության մեքենաները գնել առանց մրցույթ անցկացնելու: Եվ դա պատճառաբանվում է դրանց հրատապ անհրաժեշտությամբ: Կառավարության որոշման մեջ նշվում է, որ թույլատրվում է ավտոմեքենաների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա: Իսկ մեջբերված օրենքի տվյալ հատվածում կարդում ենք, որ բանակցային ընթացակարգը կարող է կազմակերպվել առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, եթե «ծագել է գնման անհետաձգելի պահանջ եւ, արտակարգ իրավիճակից ելնելով, գնման այլ ընթացակարգի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել»:

Սակայն հարց է առաջանում՝ մի՞թե առողջապահության նախարարությունն այդպես հանկարծակի հայտնաբերեց, որ բժշկական հաստատությունները շտապ օգնության մեքենայի կարիք ունեն, ու այնքան անսպասելի դա իմացավ, որ նախապես չէր էլ կարող կանխատեսել: Երբ փորձեցինք այս եւ այլ հարցերի վերաբերյալ գերատեսչությունից մեկնաբանություն ստանալ, որեւէ պարզաբանում չտրամադրվեց: Մեզ հետաքրքիր էր նաեւ, թե գնվելիք ավտոմեքենաները որ բժշկական հաստատություններին են տրամադրվելու եւ ումից կամ որ կազմակերպությունից է նախարարությունը պատրաստվում ձեռք բերել դրանք: Այս մասին նույնպես մանրամասներ չներկայացվեցին:

Որոշ բուժհաստատություններից ստացած տեղեկությունների համաձայն, սակայն առողջապահության նախարարությունը շտապ օգնության մեքենաներ ձեռք բերելու գործընթացը ձեռնարկել է բավականին վաղուց: Նախ, մասնավորապես անցյալ տարի է հաստատություններից հետաքրքրվել դրանց կարիքների մասին, հետո նաեւ մոտ մեկ ամիս առաջ: Պահանջների մասին տեղեկությունները ստացել է ու ըստ այդմ էլ որոշել գնում իրականացնել (հայտնի չէ՝ ներկայացված կարիքներին համապատասխա՞ն, թե՞ ընդամենը հնարավորությունների սահմաններում):

Առողջապահության նախարարությունն ինքն էլ հաստատում է, որ շտապօգնության ավտոմեքենաների անհրաժեշտությունը նորություն չէ ու տարիների պատմություն ունի: «Սույն որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական օգնության մեքենաների բազան նոր մեքենաներով համալրելու անհրաժեշտությամբ: Երկար տարիներ շարունակ բժշկական կազմակերպությունները չեն համալրվել նոր շտապ բժշկական օգնության մեքենաներով: Ուստի անհրաժեշտություն է առաջացել բժշկական կազմակերպությունները համալրել նոր շտապ բժշկական օգնության մեքենաներով»,- կարդում ենք համապատասխան որոշման նախագծում:

Բայց, այդ ամենով հանդերձ, ընտրելով առանց մրցույթի գնում կատարելու ճանապարհը, ստացվում է, որ ոլորտի պատասխանատուները չեն ցանկանում շտապ օգնության մեքենաները ձեռք բերել մրցակցային պայմաններում կամ որ նույնն է՝ հնարավորինս մատչելի  գնով ու առավելագույնս բարձր որակով: Եվ սա այն դեպքում, երբ նրանք շարունակ հիշեցնում են, որ կարեւոր է հատկացվող գումարների ճիշտ ու արդյունավետ բաշխումը, շեշտում են, որ ֆինանսական միջոցները սուղ են, փորձում կրճատել իրենց պատկերացմամբ ավելորդ ծախսերը եւ այլն: Իսկ խոսքի ու գործի այս հակասության պատճառների մասին միայն կարելի է ենթադրություններ անել:

Որպեսզի կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 150 միլիոն դրամով 10 ավտոմեքենա ձեռք բերվի, նշանակում  է, որ դրանցից յուրաքանչյուրի համար պետք է տրամադրվի 15 միլիոն դրամ: Այսինքն՝ այսօրվա փոխարժեքով շուրջ 30 հազար եվրո կամ շուրջ 30 հազար 600 դոլար: Թե ինչ մակնիշի, որ թվականի արտադրության շտապօգնության ավտոմեքենաներ է նախարարությունը պատրաստվում գնել, նույնպես անհայտ է: Իսկ համացանցում մեր որոնումները ցույց տվեցին, դրանց գներն ամենատարբեր են՝ մի քանի հազար դոլարից մինչեւ մի քանի տասնյակ հազար դոլար:    

Տպել
3757 դիտում

Որոշ երկրներում սահմանափակումները հանում են, որոշներում՝ կրկին խստացնում. կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում

Գործնական պարապմունք է անցկացվել մարտական հենակետերում

Ոստիկանությունը Երևանում պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող շուրջ 30 անձի է հայտնաբերել (տեսանյութ)

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու կինը 2019-ին 19 մլն 500 հազար դրամով նոր բնակարան են գնել. հայտարարագիր

Կհիմնանորոգվի Մեծամորի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը և կասֆալտապատվեն մի շարք փողոցներ

Ստեփանակերտի խաղահրապարակներում ոստիկանները երեխաներին ալկոգել, դիմակներ, ձեռնոցներ ու տեղեկատվական թերթիկներ են բաժանել

Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ծանուցել է ԱՀԿ-ից պաշտոնապես դուրս գալու մասին

Ներքին Գետաշեն համայնքում կասֆալտապատվի 12 փողոց, կկառուցվի ոռոգման համակարգ եւ լուսավորության ցանց

«Այդ իրավիճակում Ադրբեջանը պարտություն է կրում». պատգամավորը՝ Ալիեւի նյարդայնանալու պատճառների եւ վախերի մասին

28-ամյա աղջիկը թոշակառու հարևանուհուց գողացած բանկային քարտով 300.000 դրամ է կանխիկացրել (տեսանյութ)

Լուսակունք համայնքում նախակրթարան է կառուցվում

Երևանում բախվել են մոտոցիկլետն ու «Mercedes-Benz»-ը. մոտոցիկլետի 17-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Հունիս ամսին Արարատի մարզում ծնվել է 103 երեխա

Կորոնավիրուսով է վարակվել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն. РИА Новости

Սուբվենցիոն ծրագրով Մելիքգյուղ համայնքում խմելաջրի ցանց կկառուցվի

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Բերման է ենթարկվել Մասրիկի 39-ամյա բնակիչը. նրա անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)

Գեղարքունիքում 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների, գազալցակայանների ու շինանյութի խանութների գործունեությունը

Մարտունիում 65 մահճակալ հզորությամբ բժշկական կենտրոն է կառուցվում

Կապանում այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք