ՍպորտSyndicate content

Օրվա լրահոսից

Չեմպիոնը Ենգիբարյանենց գյուղից

Լեհաստանում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում 1-ին տեղն է  գրավել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 18-ամյա Դերենիկ Ստեփանյանը: Հարկ է նշել, Դերենիկը 2011թ. Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում, 65 կգ քաշային կարգում աջ եւ ձախ ձեռքերի պայքարում նվաճել էր Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Ի դեպ, Գետահովիտը, որտեղ մարզական ավանդույթներ կան, այստեղից է նաեւ բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն (Մելբուրն, 1956թ.) Վլադիմիր Ենգիբարյանը, աստիճանաբար հայտնի է դառնում որպես բազկամարտիկների գյուղ: Ծնունդով այս գյուղից է նաեւ մեկ այլ հայտնի բազկամարտիկ` Եվրոպայի եւ աշխարհի բազմակի մրցանակակիր Արմեն Չապուխյանը:

Գագիկ Աղբալյան
Տավուշի մարզի թղթակից

Մարզական լուր

Հաշիվը հավասար է

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել) մրցամարտը հատեց հասարակածը. խաղացվել է նախատեսված 12 պարտիաներից վեցը: Առայժմ մրցակիցներին չի հաջողվում հաղթանակ տոնել, ու հաշիվը 3-3 է:

Մարզական լուր

9 վայրկյան

Ֆինլանդիայում ու Շվեդիայում ընթանում է տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը: Երեկ կայացել են քառորդ եզրափակիչ հանդիպումները. ինչպես եւ սպասվում էր, Ռուսաստանը հաղթել է Նորվեգիային` 5-2 հաշվով, աշխարհի գործող չեմպիոն Ֆինլանդիան էլ մրցաշարից դուրս է թողել ԱՄՆ-ի ընտրանուն` 3-2, ընդ որում` հաղթական գոլը ֆինները խփել են հանդիպման ավարտից 9 վայրկյան առաջ: Անակնկալներ են գրանցվել քառորդ եզրափակիչ մյուս խաղերում. Կանադան զիջել է Սլովակիային, իսկ առաջնության կազմակերպիչներից Շվեդիան` Չեխիային: Այս երկու հանդիպումներն էլ ավարտվել են 4-3 հաշվով: Այսօր կայանալիք կիսաեզրափակիչներում Ֆինլանդիան մրցելու է Ռուսաստանի, իսկ Չեխիան` Սլովակիայի հետ: Աշխարհի չեմպիոնը հայտնի կդառնա մայիսի 20-ին:

Մարզական լուր

2-րդ անգամ

Այսօր Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում կայանալու է ՈՒԵՖԱ-ի տղամարդկանց Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչը, իսկ երեկ նույն քաղաքի մեկ այլ` «Օլիմպիա» ստադիոնում կայացել է կանանց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: Ֆրանսիական «Օլիմպիկ Լիոնը» 2-0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել գերմանական «Ֆրանկֆուրտի» նկատմամբ ու 2-րդ անգամ անընդմեջ նվաճել Եվրոպայի կանանց ուժեղագույն թիմի կոչումը: Հանդիպումն անցել է լավագույն ֆուտբոլային խաղերին բնորոշ առանձնահատկություններով` թիմերը ցույց են տվել դինամիկ, հարձակվողական, գրավիչ ֆուտբոլ, որին ներկա են եղել 50 հազարից ավելի հանդիսականներ: Հիշեցնենք, որ կանանց ֆուտբոլի համաեվրոպական ակումբային մրցաշարն առաջին անգամ կազմակերպվել է 2001 թվականին, որը 2009-10 թվականների մրցաշրջանում ստացավ Չեմպիոնների լիգա անվանումը:

Ամենաազդեցիկ մարզիկները

Հարուստ ու սիրառատ

Ամերիկյան «Forbes» հանրահայտ ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ հայտնի մարդկանց ամենամյա վարկանիշային ցուցակը, որտեղ ընդգրկվել են նաեւ 14 մարզիկներ, այդ թվում` 5 թենիսիստ եւ 3 ֆուտբոլիստ:

Հայտնի մարդկանց վարկանիշային ցուցակը կազմելիս հաշվի են առնվել վերջին մեկ տարվա ընթացքում նրանց ստացած եկամուտները` աշխատավարձեր, հովանավորչական պայմանագրեր, գովազդներ եւ մասսայականությունը տպագիր մամուլում, հեռուստատեսությունում ու ռադիոյում, էլեկտրոնային լրատվամիջոցներում, սոցցանցերում նրանց անունների հիշատակման հաճախականությունը: Ի տարբերություն նախորդ տարի հրապարակված նմանատիպ ցուցակի, այս անգամ աշխարհի ամենաազդեցիկ հայտնի մարդկանց լավագույն տասնյակում սպորտսմեններ չկան: Անցյալ տարի ամերիկացիներ` գոլֆիստ Թայգեր Վուդսը վարկանիշային ցուցակում զբաղեցնում էր 6-րդ, իսկ բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը` 9-րդ հորիզոնականը:

Մարզական լուր

Առաջին պարտությունը

Գերթեթեւ քաշային կարգում WBA, WBO եւ WIBF վարկածներով աշխարհի չեմպիոնուհի, Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող հայազգի Սյուզի Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում առաջին պարտությունն է կրել ու զրկվել իր տիտղոսներից: Ֆրանկֆուրտում կայացած 10 ռաունդանոց մրցամարտում 24-ամյա Կենտիկյանը միավորներով զիջել է ամերիկուհի Մելիսա Մակքմորուին:

Մարզական լուր

Եռյակ չմտավ

Իտալիայի Միլան քաղաքում անցկացվող հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Բախտամյանը օդամղիչ ատրճանակով 10 մետր հեռավորությունից կրակահերթերում գրավել է չորրորդ տեղը: Բախտամյանը որակավորման փուլում ցույց է տվել լավագույն արդյունքը, սակայն եզրափակիչ կրակահերթերում հայ մարզիկից առաջ են անցել չինացի Տանը, թուրք Քելեշն ու ռուսաստանցի Գոնչարովը:

Մարզական լուր

Պատմական նվաճում

Սլովենիայում ավարտվել է ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունը: Եզրափակիչում Հոլանդիան հետխաղյա 11 մետրանոցներով 5:4 հաշվով հաղթել է Գերմանիայի հավաքականին (հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով) ու երկրորդ անգամ անընդմեջ նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Իր պատմության մեջ մեծագույն նվաճման հասավ Վրաստանը, որի հավաքականը կարողացավ հասնել մինչեւ կիսաեզրափակիչ: Վրաստանը, Լեհաստանի հետ միասին, նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալները: Ետխորհրդային երկրներից Վրաստանը Ռուսաստանից հետո երկրորդ հանրապետությունն է, որը դարձավ Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների մրցաշարի մրցանակակիր:

Չեմպիոնների լիգա

Կյանքի հանդիպում

Վաղը Երեւանի ժամանակով 22:45-ին Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում, տեղի «Բավարիան» ու Լոնդոնի «Չելսին» կխաղարկեն ֆուտբոլի Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցանակը` Չեմպիոնների լիգայի գավաթը:

Գերմանական ակումբը նախկինում չորս անգամ նվաճել է այս մրցանակը, եւս չորս անգամ` պարտվել եզրափակիչում: Վերջին անգամ «Բավարիան» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղացել է երկու տարի առաջ. 2009-2010 թվականների մրցաշրջանում, եզրափակիչում 0-2 հաշվով պարտվեց իտալական «Ինտերին»: Այս եզրափակիչին մասնակցած ֆուտբոլիստներից ներկայումս գերմանական թիմի կազմում են Ֆիլիպ Լամը, Բաստիան Շվայնշտագերը, Մարիո Գոմեսը, Իվիցա Օլիչը, Արիեն Ռոբենը, Թոմաս Մյուլերը:

Անգլիական «Չելսին» իր պատմության մեջ ընդամենը երկրորդ անգամ է փորձելու նվաճել Եվրոպայի ուժեղագույն ակումբի կոչումը: 2008 թվականի մայիսին լոնդոնյան ակումբը եզրափակիչում ետխաղյա 11 մետրանոց հարվածներով պարտություն կրեց անգլիական մեկ այլ թիմից` «Մանչեսթեր Յունայթեդից»: «Չելսիի» կազմում կան մեծ թվով ֆուտբոլիստներ, որոնք պարտվել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչում. «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եզրափակիչին մասնակցել են Դիդյե Դրոգբան, Ջոն Թերին, Պետր Չեխը, Էշլի Քոուլը, Ֆրենկ Լեմպարդը, Ֆլորեն Մալուդան, Ջոն Օբի Միկելը, Սոլոմոն Կալուն: Բնականաբար, այս բոլոր ֆուտբոլիստների համար վաղը կայանալիք եզրափակիչը յուրահատուկ ռեւանշ է, իսկ մի քանիսի համար էլ միգուցե վերջին հնարավորությունը` դառնալ Չեմպիոնների լիգայի հաղթող:

Մարզական լուր

Ավագը Ջերարդն է

Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը երեկ հրապարակել է 23 ֆուտբոլիստներից բաղկացած իր թիմի կազմը, որը կնախապատրաստվի Ուկրաինայում եւ Լեհաստանում այս տարվա հունիսի 8-ից հուլիսի 1-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Հավաքականում ընդգրկվել են բացառապես անգլիական պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստներ: Անգլիայի հավաքական են հրավիրվել դարպասապահներ Ջո Հարտը («Մանչեսթեր Սիթի»), Ջոն Ռադին («Նորվիչ»), Ռոբերտ Գրինը («Վենթ Հեմ»), պաշտպաններ Ջոն Թերին, Գերի Կեհիլը, Էշլի Քոուլը (բոլորն էլ` «Չելսի»), Ջոլեոն Լեսկոտը («Մանչեսթեր Սիթի»), Ֆիլ Ջոնսը («Մանչեսթեր Յունայթեդ»), Լեյթոն Բեյնսը («Էվերտոն»), Գլեն Ջոնսոնը («Լիվերպուլ»), կիսապաշտպաններ Ֆրենկ Լեմպարդը («Չելսի»), Թեո Ուոլկոտը, Ալեքս Չեմբերլենը (2-ն էլ` «Արսենալ»), Գարետ Բերին, Ջեյմս Միլները (2-ն էլ` «Մանչեսթեր Սիթի»), Էշլի Յանգը («Մանչեսթեր Յունայթեդ»), Սքոթ Պարկերը («Տոտենհեմ»), Ստիվեն Ջերարդը, Ստյուարդ Դաունինգը (2-ն էլ` «Լիվերպուլ»), հարձակվողներ Ուեյն Ռունին, Դենի Ուելբեկը (2-ն էլ` «Մանչեսթեր Յունայթեդ»), Էնդի Քերոլը («Լիվերպուլ»), Ջերմեյն Դեֆոն («Տոտենհեմ»)։ Հավաքականի ավագի պարտականությունները կատարելու է Սթիվեն Ջերարդը, որն աշխատել է Հոջսոնի հետ «Լիվերպուլում»: «Ես հիանալի ճանաչում եմ Ջերարդին: Սթիվենը հիանալի մարդ է եւ արտակարգ ֆուտբոլիստ: Նա շատ նվիրված է հավաքականին, այդ իսկ պատճառով ես մեկ վայրկյան էլ չեմ կասկածում ընտրությանս հարցում: Համոզված եմ, որ Ջերարդը կօգնի ինձ ամբողջական եւ համախմբված թիմ ստեղծել»,- ասել է Ռոյ Հոջսոնը:

Հայաստանի ազգային հավաքական

Լուրջ խնդիրների առաջ

Վարդան Մինասյան
Ուղիղ երկու շաբաթից` մայիսի 31-ին, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հերթական հանդիպումը կանցկացնի. Ավստրիայի Կուֆշտեյն քաղաքի «Գրենզլանդ» ստադիոնում ընկերական խաղում կմրցեն Հայաստանն ու Հունաստանը:

Արտասահմանյան այն երկրների առաջնությունները, որտեղ հանդես են գալիս մեր հավաքականի թեկնածուները, ավարտվել են, ու Երեւանում են արդեն Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը, Ռոբերտ Արզումանյանը, Հրայր Մկոյանը, Էդգար Մանուչարյանը: Մինչեւ մայիսի 26-ին մեկնարկելիք ուսումնամարզական հավաքը` կժամանեն նաեւ Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Զավեն Բադոյանը, Վալերի Ալեքսանյանը, Արթուր Եդիգարյանը, Լեւոն Հայրապետյանը, Մարկոս Պիցցելին, Արթուր Սարկիսովը: Այս ֆուտբոլիստներին կմիանան նաեւ Հայաստանի առաջնությունում հանդես եկող մեր ազգային հավաքականի անդամները: Հունաստանի, ապա հունիսի 5-ին Երեւանում կայանալիք Ղազախստանի հետ ընկերական խաղերում կբացակայի միայն Արաս Օզբիլիսը, որը, մեր ֆուտբոլային ղեկավարների համաձայնությամբ ու օժանդակությամբ, Ամստերդամում ենթարկվել է վիրահատության: Արասը ամբողջապես պատրաստ կլինի աշնանը մեկնարկելիք աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարին:

Մարզական լուր

Առայժմ` ոչ ոքի

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել) մրցամարտում խաղացվել է 4 պարտիա, ու բոլորն էլ ավարտվել են խաղաղ արդյունքով: Այսօր մրցակիցները հանգստանում են, իսկ վաղը կկայանա հերթական` 5-րդ պարտիան:

Մարզական լուր

Ձախողված նորամուտ

Չինաստանի Քին Հուան Դաո քաղաքում մեկնարկել է կանանց բռնցքամարտի աշխարհի 7-րդ առաջնությունը, որտեղ 10 քաշային կարգերում հաղթողի կոչումն են վիճարկում 77 երկրի 313 մարզուհիներ: Այստեղ 3 քաշային կարգերում` 51, 60 եւ 75 կգ, մեդալներից բացի` վիճարկվում են նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրեր: Աշխարհի առաջնությունում իրենց նորամուտն են նշում նաեւ հայաստանցի 2 մարզուհիներ: Առաջինը ռինգ դուրս եկավ աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկը համարվող Եվրոպայի փոխչեմպիոնուհի, 60 կգ քաշային, 26-ամյա Արմինե Սինաբյանը: Ցավոք, նորամուտը հաջող չստացվեց. առաջին իսկ մենամարտում Սինաբյանը պարտվեց ու դուրս մնաց պայքարից: Մեր երկիրը ներկայացնող 2-րդ պատվիրակը` Հայաստանի չեմպիոնուհի, 75 կգ քաշային Աշխեն Սիմոնյանն իր առաջին մենամարտում նույնպես պարտություն կրեց ու վերածվեց հանդիսականի: Աշխարհի առաջնությունը Հայաստանի մարզուհիների համար ավարտվեց:

Մարզական լուր

Կազմ ու պատրաստ

Հունիսի 7-ին մեկնարկող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը մասնակցող երկրների ազգային հավաքականների վերջնական կազմի հրապարակման վերջին օրը, ըստ կանոնակարգի, մայիսի 31-ն է, ու շատերը ներկայացնում են ընդլայնված կազմերը: Իսկ ահա Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն արդեն հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների անունները, որոնք կմասնակցեն Եվրո-2012-ին: Բենտուն Պորտուգալիայի հավաքականի կազմում ընդգրկել է դարպասապահներ Ռույ Պատրիսիուին («Սպորտինգ»), Էդուարդուին («Բենֆիկա»), Բետուին (ՉՖՌ, Ռումինիա), պաշտպաններ Ժոաու Պերեյրային («Սպորտինգ»), Ֆաբիո Կոենտրաուին ու Պեպեին (2-ն էլ` «Ռեալ», Իսպանիա), Բրունու Ալվեշին («Զենիթ», Ռուսաստան), Ռոլանդուին («Պորտու»), Ռիկարդու Կոստային («Վալենսիա», Իսպանիա), Միգել Լոպեշին («Բրագա»), կիսապաշտպաններ Ռաուլ Մեյրելեշին («Չելսի», Անգլիա), Ժոաո Մոուտինյուին («Պորտու»), Միգել Վելոզուին («Ջենովա», Իտալիա), Կարլուշ Մարտինշին («Գրանադա», Իսպանիա), Ռուբեն Միքայելին («Սարագոսա», Իսպանիա), Կուշտոդիուին («Բրագա»), հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդուին («Ռեալ», Իսպանիա), Նանիին («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Ռիկարդու Կուարեժմային ու Ուգո Ալմեյդային (2-ն էլ` «Բեշիքթաշ», Թուրքիա), Էլդեր Պոշտիգային («Սարագոսա», Իսպանիա), Նելսոն Օլիվեյրային («Բենֆիկա»), Սիլվեստր Վարելային («Պորտու»):

Միջազգային ֆուտբոլ

«Կոտորած» Միլանում

Ժամանակակից ֆուտբոլը, զուտ սպորտային խաղ լինելուց բացի, դարձել է նաեւ յուրահատուկ թատերականացված ներկայացում, որին ներկա են լինում տասնյակ հազարավոր հանդիսատեսներ:

Աշխարհի ուժեղագույն ակումբների հաղթանակները վերածվում են իսկական տոնահանդեսների` նախօրոք մտածված սցենարներով, ուշագրավ ռեժիսուրայով: Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակը Գերմանիայի առաջնությունում, Մադրիդի «Ռեալինը»` Իսպանիայում, Թուրինի «Յուվենտուսինը»` Իտալիայում, վերածվեցին հաղթական շքահանդեսների, որոնք, նախ, կայացան ստադիոններում, ապա շարունակվեցին քաղաքների կենտրոնական հրապարակներում: Սրանք հաղթանակների, ուրախության միջոցառումներ էին: Բայց լայնամասշտաբ միջոցառումների կազմակերպմամբ աչքի ընկան ոչ միայն հաղթանակած թիմերը. պարտվողները նույնպես գտան միջոցառումներ կազմակերպելու տարբերակ: Իսպանիայում չեմպիոնական գահը «Ռեալին» զիջած «Բարսելոնան» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հրաժեշտի երեկոն կազմակերպեց, որը պակաս տպավորիչ չէր, քան վերը նշված ակումբների հաղթական տոնահանդեսները: Մայիսի 13-ին կայացած Իտալիայի առաջնության վերջին տուրից հետո էլ հրաժեշտի ջերմ միջոցառում տեղի ունեցավ Միլանի «Սան Սիրո» ստադիոնում. տեղի «Միլանի» կազմում իրենց հրաժեշտի հանդիպումն անցկացրին աշխարհահռչակ ֆուտբոլիստներ, 2006 թվականի աշխարհի չեմպիոններ` 38-ամյա Ֆիլիպո Ինձագին, 34-ամյա Ջենարո Գատուզոն, 35-ամյա Ջանլուկա Ձամբրոտան, 36-ամյա Ալեսանդրո Նեստան, նաեւ` 36-ամյա հոլանդացի Կլարենս Զեեդորֆը: Մի ամբողջ ֆուտբոլային սերունդ, լեգենդար ֆուտբոլիստների աստղաբույլ հրաժեշտ տվեց Միլանին, ֆուտբոլին:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter