ԽմբագրականSyndicate content

Մտադիր եմ ազատագրել Օսվենցիմը

Լֆիկական Օսվենցիմ արտահայտությունը մտքումս ծագեց Շերամի փողոցի շենքերից մեկի բակում, երբ շենքի մուտքի մոտ զրուցում էի մի քանի բնակիչների հետ: Որպեսզի ընթերցողն ամեն ինչ հասկանա, իրավիճակը պետք է նկարագրեմ առանց մեղմասացությունների: Հինգ-վեց հոգի էին կանգնած, 50-ից 70 տարեկան մարդիկ, հիմնականում` անատամ ու գրեթե ցնցոտիավոր (հանդիպումը պլանավորված չէր` ահազանգով էի գնացել այդ բակ, քանի որ լուր եկավ, թե այդ բակում իմ վստահված անձանցից մեկին խոչընդոտել են): Ու մեկ էլ հանկարծ ճռռալով մի մեքենա կանգնեց, դրանից իջավ հաստ ցեփը վզին մեկը ու ինձ լսող մարդկանց վրա սկսեց գոռալ. «Հըլը տուն մտեք սաղդ, արա՛, սաղդ հըլը տուն մտեք»:

Անատամ ու ցնցոտիավոր մարդիկ արագ քաշվեցին պադյեզդները, ես չհասցրի նույնիսկ որեւէ կերպ արձագանքել, որովհետեւ մինչ մարդիկ քաշվում էին տները, գոռացողը քայլելով հեռացել էր արդեն ու մի երկուհարյուր մետրից հետեւում էր իրավիճակին: Այսպես ծնվեց Լֆիկական Օսվենցիմ արտահայտությունը, հետո ամրապնդվեց, երբ Անկախ Մայլա թաղամասում մարդիկ ինձ համոզում էին, որ Սամվել Ալեքսանյանը դրախտի նման բարեկարգ է պահում թաղամասը, չնայած հենց նոր էինք թաղամաս մտել` մեկուկես, երկու, երեք մետրանոց փոսերի արգելքը հազիվ հաղթահարած: Ես այստեղ էլ հիշեցի քրեակատարողական հիմնարկը, որի կալանավորները դրսից այցելած դիտորդներին հավաստիացնում էին, թե իրենք ոչ մի պրոբլեմ չունեն, ամեն ինչ լավ է, չնայած իրականում ոչ կարգին սնունդ են ստանում, ոչ կարգին հագուստ, ոչ կարգին բուժօգնություն: Բայց միշտ` բոլոր դիտորդներին, հանձնաժողովներին պատմում էին, որ երջանիկ են զգում քրեակատարողական հիմնարկում:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Նիկոլ Փաշինյան

Ես` Նիկոլ Փաշինյանս, երեկ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու եմ առաջադրվել Երեւանի թիվ 7 ընտրատարածքում: Հենց այս ընտրատարածքում առաջադրվելը բխում է Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում, դրանից առաջվա իմ քաղաքական գործունեության տրամաբանությունից, Ազատության հրապարակում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորություններից, Համաժողովրդական շարժման հետագա պայքարի տրամաբանությունից` այսօր, այստեղ, հիմա՛ պայքարել Հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի, այսօր, այստեղ, հիմա՛ պայքարել ընդդեմ քաղաքացուն ստրկացրած համակարգի, այսօր, այստեղ, հիմա՛ հավատալ Հայաստանի քաղաքացուն եւ նրա ապագային, այսժամը, այսօրը, հիմա՛ն դարձնել ապագայի մեկնարկային հարթակ:

Հավատում եմ, որ քաղաքական գործչի առաքելությունը ոչ այնքան փոխելն է, որքան փոխելու հնարավորություն ստեղծելը, ոչ թե հայրենիք կերտելը, այլ հայրենիք կերտելու հնարավորություն ստեղծելը, ոչ թե ազատություն շնորհելը, այլ ազատություն ձեռքբերելու հնարավորություն ստեղծելը` յուրաքանչյուր քաղաքացու, քաղաքացիների հավաքականություն ժողովրդի համար: Ինչպես Հայ ազգային կոնգրեսի կողմից մեծամասնական կամ համամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված յուրաքանչյուր գործչի, այնպես էլ իմ հիմնական առաքելությունը սրանում եմ տեսնում. հաստատվել, լինել, ինքնաառաջադրվել որպես այլընտրանք` ընդդեմ կանխորոշված հուսահատության եւ հուսահատ կանխորոշվածության:

Ի՞նչը փոխենք եւ ինչպես

ՀՀԿ 13-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը տիրացուի քարոզ է հիշեցնում, որի հեղինակը էստեղից-էնտեղից լսած ինչ-որ բաներ իրար է կպցնում եւ մատուցում լսարանին, մեծ հաշվով չունենալով ասելիք:

Տարբեր գերատեսչությունների ներկայացրած տեքստերի ծաղկաքաղով ձեւավորված այդ ելույթը կարելի է համարել այսօր Հայաստանում գործող չինովնիկների գորշ զանգվածի, բայց ոչ երբեք ազգի եւ պետության լիդերի ելույթ: Այդ ելույթից, օրինակ, հնարավոր չէ ստանալ երեք շատ կարեւոր հարցերի պատասխան.

ա) ինչպիսի՞ն է այսօրվա Հայաստանի վիճակը

բ) ինչո՞ւ է վիճակը այդպիսին

գ) ի՞նչ է պետք անել, որպեսզի մեկ տարի անց, երկու տարի անց, երեք տարի անց, տասը տարի անց, քսան տարի անց` մենք ունենանք դինամիկ զարգացող պետություն:

Սերժ Սարգսյանի ելույթից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում վիճակը ահագին լավ է, բայց այնքան էլ լավ չէ, բայց այնպես էլ չէ, որ վատ է, չնայած ահագին վատ է, բայց լավ կլինի ասենք` լավ կլինի, որ լավ լինի: Ելույթից այդպես էլ հասկանալի չեղավ, թե Սերժ Սարգսյանի եւ իր կուսակիցների ինչին է պետք իշխանությունը, այսինքն` այդ լծակը օգտագործելու են, որ Հայաստանը դարձնեն ինչպիսի՞ն:

Ճառ ասե՞մ, թե զանգ կախեմ

Հեռուստացույցի առաջ մտածում էի` եթե լինեի ՌԴ քաղաքացի, ում օգտին կքվեարկեի մարտի 4-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում: Ավելի ճիշտ, եթե բոլոր թեկնածուները հավասար ձայներ ստացած լինեին, ու ես որոշելիս լինեի, թե առաջադրված թեկնածուներից ո՞ր մեկին պետք է վստահեմ ՌԴ նախագահի պաշտոնը, ի՞նչ ընտրություն կկատարեի:

Հարցս չնայած հռետորական չէ, բայց թողնեմ անպատասխան, որովհետեւ եթե ՌԴ քաղաքացու տեսակետից մոտենանք խնդրին, ստիպված պիտի լինենք արձանագրել, որ քվեաթերթիկի մեջ Ռուսաստանի գործող իշխանության այլընտրանքի անունը նշված չէր: ՌԴ նախագահական ընտրությունների հետ կապված մեկնաբանություններից ինձ ամենաշատը դուր եկավ «Անձրեւ» հեռուստաընկերության եթերում մի երիտասարդ վերլուծաբանի ասածը. նա ուշադրություն էր հրավիրում այն փաստի վրա, որ քվեաթերթիկների մեջ նշված թեկնածուների միջեւ որեւէ պայքար չկար, որովհետեւ, բացի Վլադիմիր Պուտինից, նախագահի թեկնածուների մեջ չկար մեկը, ով ռեալ հավատում էր, որ ինքը կհաղթի, ում թիմը հավատում էր, որ իրենց թեկնածուն կհաղթի: Բոլորը կարծես կատարում էին իրենց վերապահված դերակատարումը:

Լսիր, որդիս, պատգամ որպես

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը 2012 թվականի մարտի 1-ին խորհրդարանում քվեարկության դնելը եւ ընդունելը բազմաթիվ դիտորդներ, ոչ առանց հիմքի, որակել են որպես սրբապղծություն: Սա, ըստ էության, անարգանք է 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի, այդ օրը վիրավորված հարյուրավոր քաղաքացիների եւ ընդհանրապես` քաղաքացիական Հայաստանի հասցեին: Մեծ հաշվով նաեւ ուղերձ, որ բռնապետությունը մտադիր է երկար պահպանել իր իշխանությունը, ու քանի որ ստանդարտ միջոցները արդեն հասկանալիորեն բավարար չեն այս խնդիրը լուծելու համար, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը իշխանությանը հնարավորություն է տալիս բանակը կիրառել իշխանությունը կորցնելու վտանգի առաջ կանգնելիս:

Լիբերտանգո

Այսօր Մարտի 1-ն է: Գրեցի` հետո տեսա, որ Մարտի 1-ը մեծատառ եմ գրել: Սա ինձ համար ռեֆլեքս է դարձել, կամ էլ` իրականության որոշակի ընկալում. Մարտի 1-ը գրել մեծատառ: Ժամանակ առ ժամանակ ինձ հիշում եմ այն պահին, երբ կոնսպիրատիվ ճանապարհներով եկա հասա «Կոնգրես» հյուրանոցի մոտ:

Մյասնիկյանի արձանի կողմը հայացք նետելով` այնտեղ շանս տեսա, պատմական հնարավորություն` հիմա եւ անդառնալիորեն փոխել Հայաստանը, դարձնել իրավատեր քաղաքացիների երկիր: Հարց` օգտագործվե՞ց այդ շանսը, թե` ոչ: Եւ բացառի՞կ էր այդ շանսը, թե` ոչ: Հասկանալի է, որ չօգտագործվեց, բայց Մարտի 1-ի նրբությունն այն է, որ այդ շանսը չսպառվեց այդ օրվա մեջ: Մարտի 1-ը մեծատառ եմ գրում, որովհետեւ հասկանում եմ, որ Մարտի 1-ով ինչ-որ բան ոչ թե ավարտվել է, այլ սկսվել: Շարադրության ոճով ասած` այդ օրը ոչ թե վերջակետ դրվեց, այլ կախման կետեր: Ի՞նչ է սա նշանակում եւ ինչու՞:

Սահմանադրությունը` սեվերես

ՀՀ Սահմանադրությունը արձանագրում է սեփականության անձեռնմխելիության սկզբունքը, եւ սա երկրի սահմանադրական կարգի առանցքներից մեկն է. մարդու սեփականությունը պետք է լինի անձեռնմխելի: Սահմանադրությունն ասում է, որ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով եւ օրենքով նախատեսված դեպքերի:

Սահմանադրության այս դրույթը գործում էր նաեւ այն ժամանակներում, երբ Բուզանդի փողոցից սպեցնազով-բանով մարդկանց դուրս էին շպրտում իրենց տներից: Հետո, ի դեպ, իշխանության այդ գործողությունները Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց, բայց քանի որ մարդկանց արդեն տներից դուրս էին արել-պրծել, մեծ հաշվով իրավիճակը չփոխվեց: Ու հիմա այն սպեցնազը, որ Բուզանդի փողոցի իր խոհանոցում ճաշ եփող տանտիրուհուն քաշում դուրս էր շպրտում` սոխառածը գազօջախի վրա թողնելով, այդ նույն սպեցնազը պատ է կազմում մի քանի տասնյակ բնապահպանների առաջ, որպեսզի նրանք չխանգարեն Չոռնի Գագոյի եւ Խուճուճ Էդոյի կրպակների կառուցմանը: Բայց աբսուրդը հասել է էնտեղ, որ այս ամենը սկսել են բացատրել սեփականության անձեռնմխելիության սահմանադրական դրույթով:

Վուլֆը եւ գայլերի ոհմակը

«Անօրէն ազգն առաջնորդ չի գտնի, իսկ ով պահում է օրէնքը, նա երանելի է»։

Այս մեջբերումը Աստվածաշնչից է, Առակների գրքից (29:18): Հենց էս կտորը փնտրեցի-գտա` Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների մասին լուրերը լսելով: Վուլֆը երեկ կեսօրին հրաժարական տվեց իր անվան շուրջ ծագած սկանդալի պատճառով: Հաննովերի դատախազությունը դիմել էր երկրի խորհրդարանին`  նախագահի դեմ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Իր նկատմամբ ծագած անվստահության պատճառով եւ թիմակից խորհրդարանականներին ծանր վիճակի մեջ չդնելու համար, Վուլֆը հրաժարական է տվել:

Բայց ամենահետաքրքիրը ուրիշ բան է, սիրելիդ իմ ընթերցող: Այն, թե ինչի համար են մեղադրում մեր հարգարժան Վուլֆին:

Մեղադրանք 1. Նրա արձակուրդի ծախսերը, Ներքին Սաքսոնիայի վարչապետ եղած ժամանակ, հոգացել են նրան ծանոթ գործարարներ:

Մեղադրանք 2. Նա իր ծանոթ բանկիրներից արտոնյալ պայմաններով վարկ է վերցրել եւ իր համար տուն գնել` կրկին Ներքին Սաքսոնիայի վարչապետ եղած ժամանակ:

Զարթնի՛ր, լա՜ո, մեռնիմ քըզի…

Երեկ համացանցում թափառելիս «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանի «Մի խոցեք հերոսների ինքնասիրությունը» հոդվածը կարդացի ու, ճիշտն ասած, ապշեցի: Աչքերիս չէի հավատում, որ կարդում եմ այն, ինչ կարդում եմ, որովհետեւ եթե դա գրած լիներ մի լրագրող, ով գլուխ է գովում 55 տարվա աշխատանքային ստաժով եւ նրանով, որ «Սովետական Հայաստան» թերթում ագիտպրոպագանդայի բաժնի վարիչի տեղակալ է աշխատել, կհասկանայի: Բայց որ մեր սերնդի մարդը, ով հաստատ չի համաձայնի իշխանական քարոզչի իմիջին, ով փորձում է ներկայանալ որպես եվրոպական արժեքների ջատագով, ընդհուպ մինչեւ Հայաստան-ՆԱՏՕ ինտեգրացիայի կողմնակից` նման բան կգրի, չէի հավատա:

Ախտունգ, ախտունգ, ախտունգ…

Որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»  օրենքի բանակին վերաբերող հատվածը հակասահմանադրական է, ընդունում են նույնիսկ մի քանի հանրապետական պատգամավորներ: Նախօրեին առաջին ընթերցմամբ եւ կեղծված քվեարկությամբ «ընդունված» օրենքը, հիշեցնեմ, արձանագրում է, որ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կարելի է օգտագործել բանակը` Զինված ուժերը: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետում հստակ արձանագրված է, թե որ դեպքերում կարելի է զինված ուժերի օգտագործման մասին որոշում կայացնել. Հանրապետության  վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում: Զինված ուժերի օգտագործման որեւէ այլ դեպք ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում: Իսկ Սահմանադրության 8.2 հոդվածն արձանագրում է, որ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն:

Այս ամենը, փաստորեն, սերժանտական իշխանությունը դեն է նետում եւ օրենքով սահմանում, որ Հայոց բանակը կարող է դառնալ ներքաղաքական պայքարի գործիք, բնականաբար` գործող իշխանության, գործող նախագահի ձեռքում: Սերժ Սարգսյանը, հասկանալիորեն, մտածում է իշխանությունը պահելու մասին: Այդ իշխանության հանցավոր բնույթը նրան ինքնակամ հեռանալու հնարավորություն չի տալիս, իսկ քաղաքական եւ քաղաքացիական մեթոդներով իշխանություն պահելու մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ նրա անձնական եւ նրա թիմի քաղաքական հեղինակությունը զրոյացած է, գործող իշխանությունը Հայաստանում չունի քաղաքացիական հենարան եւ ուրեմն կարող է հենվել միայն ուժի, ռեպրեսիայի, ուժային կառույցների վրա:

Մարդկային կամքին երկրպագելիս

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության Նովակ Ջոկովիչ-Ռաֆայել Նադալ եզրափակիչը գերազանցեց բոլոր սպասելիքները եւ դուրս եկավ զուտ մարզական իրադարձության շրջանակներից: Դա ոչ թե թենիսի հանդիպում էր, այլ մի յուրօրինակ պատում` մարդկային կամքի մասին: Ջոկովիչն ու Նադալը կորտում անցկացրին շուրջ վեց ժամ, եւ այդ վեց ժամվա ընթացքում, մինչեւ վերջին րոպեները, չկար հստակություն, թե ում է բաժին հասնելու հաղթանակը: Շուրջ վեց ժամ տեւած հանդիպումն էլ անկայուն էր` մարտ ամսվա նման. երրորդ սեթից հետո թվում էր, թե ահա Ջոկովիչը ջարդել է հակառակորդին եւ հաջորդ պահին կհաղթի առանց դժվարության: Բայց տպավորությունը սխալ էր, Նադալը չհանձնվեց, վերականգնեց դիրքերը եւ ստացավ հոգեբանական առավելություն: Սրանից հետո թվում էր արդեն, թե Ջոկովիչը չի կարողանա հաղթահարել հաղթանակը բաց թողածի հոգեբանական ճնշվածությունը: Դեմքից, կեցվածքից, շարժուձեւից, խաղից երեւում էր, թե հուսահատված է եւ հանձնված, բայց այս տպավորությունն էլ սխալ դուրս եկավ: Հետո հաղթանակի վստահելի շանսը ձեռքից բաց թողեց Նադալը, ու թվում էր` կկոտրվի վերջնականորեն: Բայց այսպես չստացվեց, ու մինչեւ խաղի վերջին վայրկյանը ոչ ոք չէր կարող ասել, թե ինչով է ավարտվելու այդ եզրափակիչը: Ի վերջո, հաղթեց Ջոկովիչը, բայց Նադալը չպարտվեց: Նադալը պարտվեց սպորտային իմաստով, բայց պարտվեց որովհետեւ թենիսի կանոններն են այդպիսին. ոչ ոքի չկա, մեկնումեկը պետք է հաղթեր, եւ հաղթեց Ջոկովիչը: Բայց հաղթողը, մեծ հաշվով, մարդկային կամքն էր:

ԵԹԵ ԱՊՊԱ, ԱՊԱ ՊԱՊԱ

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը երեկ կանգնեցրել է մեր թղթակցի ավտոմեքենան եւ նրանից հարցրել, թե ինչու ԱՊՊԱ չունի: Թղթակիցը ասել է, որ ունի, պարզապես պահում է մեքենայի դարակում: «Բա ինչու՞ չես կպցնում»,- հարցրել է ոստիկանը: «Լավ եմ անում»,- պատասխանել է թղթակիցը: «Ոնց թե` լավ ես անում»,- զարմացել է ոստիկանը: «Բա ՀՀ ոստիկանապետն ինչու՞ չի կպցնում»,- հակադարձել է թղթակիցը: «Անպայման կպցրու»,- հորդորել է ոստիկանը: «Չեմ կպցնելու` մինչեւ ոստիկանապետ Վովա Գասպարյանը չկպցնի»,- պատասխանել է թղթակիցը: Այս պատմությունից հետո եկել էր խմբագրություն` սիրտը կախ: Կասկածում էր` ճի՞շտ է արել, թե ոչ: «Եթե օրինապահ քաղաքացի ենք, առաջինը մենք, չէ՞, օրենքը պիտի պահենք»,- հարցնում էր նա:

Այո, իհարկե, եթե օրինապահ քաղաքացի ենք, եթե օրենք ենք քարոզում, առաջինը մենք պետք է օրենքը պահենք: Ու մեր թղթակցին ասացի, որ իր արարքով ու պահվածքով նա պահպանել է օրենքը, պաշտպանել է օրինականությունը: Սա, ի դեպ, ենթագիտակցորեն հասկացել է նաեւ Ճանապարհային ոստիկանը եւ չի տուգանել մեր թղթակցին:

Մոսկովյան աշնան դասերից

ՌԴ ԿԸՀ նախագահ Չուրկինը զանգում է Պուտինին: «Վլադիմիր Վլադիմիրովիչ, երկու լուր ունեմ. մեկը` լավ, մյուսը` վատ»,- ասում է նա: «Սկսիր լավից»,- հրահանգում է Պուտինը: «Ձեզ ընտրել են»,- զեկուցում է Չուրկինը: «Իսկ ո՞րն է վատը»,- հետաքրքրվում է Պուտինը: «Ձեր օգտին ոչ ոք չի քվեարկել»,- ասում է Չուրկինը: Այս անեկդոտը երեկ եմ լսել` ինտերնետում, հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովի կատարմամբ:

Դեկտեմբերի 4-ի ընտրություններից հետո Ռուսաստանում ստեղծված վիճակը Հայաստանում շատերի համար էր անակնկալ: Դա նրանից է, որ շատերս էինք դադարել հետեւել Ռուսաստանում տեղի ունեցող պրոցեսներին` առաջնորդվելով այն կանխավարկածով, որ միեւնույն է` կընտրեն Պուտինին, միեւնույն է` կընտրեն Մեդվեդեւին, միեւնույն է` Ռուսաստանը կլինի այնպիսին, ինչպիսին սովոր ենք տեսնել վերջին տասը տարիներին:

Ապրել առանց Կիմ Չեն Իրի

Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Իրը եւ Չեխիայի դիսիդենտ-նախագահ Վացլավ Հավելը գրեթե միաժամանակ մահացան: Երեկ ինտերնետում կարելի էր տեսնել կադրեր երկու մահերին մարդկանց առաջին արձագանքի մասին: Չեխիայում մարդիկ լուռ մոտենում եւ ծաղկեփնջեր էին դնում, մոմեր վառում Վացլավ Հավելի տան մերձակայքում կամ նրա հետ կապված որեւէ այլ վայրում, իսկ  Հյուսիսային Կորեայում դպրոցականներ, բանվորներ, ուսանողներ` զինվորական շարքով կանգնած լացում-ողբում-հեկեկում էին առաջնորդի կորստյան կապակցությամբ: Կարելի է ասել, որ Չեխիայում մարդկանց ռեակցիան անկեղծ է, Հյուսիսային Կորեայում` շինծու. բայց սա պարզունակ մոտեցում կլինի:

Բացահայտման մեխանիկա

Մարտի 1-ի գործով տխրահռչակ դատախազ Կորյուն Փիլոյանը` 2011թ. դեկտեմբերի 12-ի ոչ պակաս տխրահռչակ ասուլիսում հիմնավորել էր «Չերյոմուխա-7» զինատեսակով 2008 թվականի Մարտի 1-ին Գոռ Քլոյանին, Տիգրան Խաչատրյանին, Արմեն Ֆարմանյանին սպանած ոստիկաններին բացահայտելու «անհնարինությունը»: Հիշեցնենք, որ ստույգ հայտնի է, որ այդ 2008թ. Մարտի 1-ին «Չերյոմուխա-7» կիրառել են չորս ոստիկաններ, ու հիմա, փաստորեն, Հատուկ քննչական ծառայությունը չի կարողանում բացահայտել, թե այդ չորսից ով կամ ովքեր են դարձել երեք անձանց սպանության հեղինակ. ամենակարեւոր հիմնավորումն այն է, որ «Չերյոմուխա-7»-ի փամփուշտը նույնականացման չի տրվում, եւ հնարավոր չէ պարզել, թե զոհերից յուրաքանչյուրին խոցած գնդակը ո՞ր հրացանից է արձակվել. «Ի՞նչ անեն, հո չորսին էլ չե՞ն դատելու: Երեք զոհերին, որոնք «Չերյոմուխաների» արդյունքում են զոհվել, չորս ոստիկաններ են կրակել, այսինքն` եթե ամեն մեկը մեկին է սպանել, գոնե մեկն անմեղ է, ավելին` կարող էր մեկը, չէ՞, երեքին կրակել, ի՞նչ անենք, դնենք` չորսը մարդու դատենք, ասենք` ոնց էլ լինի, մեղավորը դրանց մեջ կլինի՞»,- գործը բացահայտելու անհնարինությունը հիմնավորել էր Փիլոյանը:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter