ՆերքաղաքականSyndicate content

Թեթեւ բացթողում

Արամ Սարգսյան
Պարզվում է, ոչ անհայտ Սուրեն Սուրենյանցը «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է: Այս մասին մեր թղթակիցը տեղեկացել է երեկ, կուսակցության քաղաքական խորհրդի մեկ այլ անդամ Ռաֆիկ Մկրտչյանից:

Այս փաստը առավել հետաքրքիր է ահա թե ինչու. ԱԺ ընտրությունների քարոզարշավի վերջին օրերին Սուրեն Սուրենյանցը «Ա1+» հեռուստաընկերությունում նկարահանված վճարովի հոլովակում հայտարարեց, թե Երեւանի թիվ 7 ընտրատարածքում պաշտպանում է Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) թեկնածությունը: Նույն ԸՏ-ում, ինչպես գիտեք, մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր նաեւ Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանը: Ստացվում է, որ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամը պաշտպանում էր ՀՀԿ-ի թեկնածուին եւ այն էլ` Լֆիկ Սամոյին: Առավել հետաքրքիր է, որ «Հանրապետություն» կուսակցությունը իր քաղխորհրդի անդամի այսօրինակ հայտարարության վերաբերյալ որեւէ դիրքորոշում չի արտահայտել: Մնում է հուսալ, որ այս պարագայում լռությունը ամենեւին էլ համաձայնության նշան չէր, այլ սովորական թյուրիմացություն:

տես էջ 3

Եվս մեկ ինքնաբացարկ

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որը մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 3-րդ համարն էր զբաղեցնում, երեկ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ: Այս տվյալը մեր թղթակցին հայտնել են ԿԸՀ-ից: Ենթադրվում է, որ առաջիկա երկուշաբթի ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն իշխանական կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների` պետական պաշտոններ զբաղեցնող թեկնածուները:

Խոսա, դեմդ փոս ա՞

Հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը երեկ որեւէ կերպ չի արձագանքել ուղիղ եթերում բանավիճելու Նիկոլ Փաշինյանի առաջարկին: Ալեքսանյանը որեւէ կերպ չի արձագանքել նաեւ Նիկոլի երեկվա պատասխանին: Սա, ըստ որոշ փորձագետների, ախորժակի կորստի առաջին նշաններն են: Հիշեցնենք, որ Նիկոլի առաջարկի համաձայն` Ալեքսանյանի հետ ուղիղ եթերում բանավեճը պետք է տեղի ունենա կիրակի երեկոյան, եթե, իհարկե, Ալեքսանյանը համարձակվի ընդունել առաջարկը:

Կհրաժարվի՞ մանդատից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ հնարավոր է` ինքնաբացարկի դիմում ներկայացնի եւ հրաժարվի իր պատգամավորական մանդատից: Հովհաննիսյանը դեմ է ՀՀԿ-ի հետ ԲՀԿ-ի կոալիցիա կազմելուն: «Այսօր միտումները տանում են նրան, որ կոալիցիան ձեւավորվելու է»,- մեր թղթակցին ասել է Հմայակ Հովհաննիսյանը: Քաղաքագետը հավելել է, որ իր սկզբունքներին դեմ չի գնա: Այժմ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի պայմանավորվածություն ձեռք կբերվի Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ:

Բացումը` մայիսի 31-ին

Արդյո՞ք Սերժ Սարգսյանը ներկա է գտնվելու նոր ձեւավորված խորհրդարանի առաջին նիստին` մեր թղթակցի այս հարցին ի պատասխան, երեկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, հանրապետության նախագահը այդ նիստին ներկա է գտնվում: ՀՀԿ խոսնակը հայտնել է նաեւ, որ ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 31-ին, ժամը 10-ին: Նա երեկ հաստատել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակում ինքնաբացարկի դիմումները շարունակվում են, սակայն այդպես էլ որեւէ մեկի անունը չի նշել: Շարմազանովը մասնավորեցրել է միայն, որ ինքնաբացարկի դիմումները գրում են ներկայիս գործադիրի անդամները, իսկ գործող պատգամավորներից ոչ մեկը դեռ նման դիմում չի գրել:

Խմորումներ վարչապետի թեկնածության շուրջ

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ռուսաստանյան որոշակի շրջանակներ փորձում են Սերժ Սարգսյանին համոզել` ՀՀ վարչապետ նշանակել «երկու Կարեններից մեկին»: Խոսքը Երեւանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմբանկի» տնօրենի տեղակալ Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, թիվ 32 ընտրատարածքի ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի մասին է: Մեր աղբյուրները վկայում են, որ այս տարբերակին դեմ չէ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Սերժ Սարգսյանն էլ, մեր տեղեկություններով, վերջնական որոշում դեռեւս չի կայացրել: Գործող վարչապետի թեկնածությունը նրա համար ընդունելի է միջազգային «ֆեյսի» համար: Սակայն, նրան նաեւ մտահոգում է Տիգրան Սարգսյանի ցածր հեղինակությունը հանրապետության ներսում:

Օրվա լրահոսից

Կոնգրեսը դիմեց ՍԴ

Հայ ազգային կոնգրեսը երեկ ՀՀ ՍԴ է ներկայացրել դիմում, որով պահանջում է անվավեր ճանաչել մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքները: Համամասնական ընտրակարգով ընտրությունների վերաբերյալ դիմումները ՍԴ-ն պարտավոր է քննել բանավոր ընթացակարգով, եւ որոշումը պետք է կայացվի դիմումի մուտքագրումից հետո` 15 օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների վերաբերյալ ՍԴ-ն ստացել է վեց դիմում` Նիկոլ Փաշինյանից (թիվ 7 ընտրատարածք), Դավիթ Մաթեւոսյանից (թիվ 38 ընտրատարածք), Մանուել Գասպարյանից (թիվ 3 ընտրատարածք), Լեւոն Զուրաբյանից (թիվ 9 ընտրատարածք), Գագիկ Ներսիսյանից (թիվ 17 ընտրատարածք) եւ Սամվել Հարությունյանից (թիվ 37 ընտրատարածք):

Վարդանիկը փողը չի՞ տվել

Գյումրիում փնտրվում են մեղավորներ

Վարդան Ղուկասյան
Գյումրիի քաղաքապետն առհասարակ ցանկություն չունի այլեւս պատասխանելու իր հասցեին հնչող մեղադրանքներին:

Այս մասին «Հայկական ժամանակի» թղթակցին փոխանցեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամլո քարտուղար Լիլիթ Աղեկյանը, ի պատասխան մեր հարցադրմանը, թե ինչ է մտածում Վարդան Ղուկասյանը կուսակիցների կողմից իր հասցեին հնչող մեղադրանքների մասին:

Մասնավորապես, թիվ 33 ընտրատարածքում ՀՀԿ-ից  պատգամավոր վերընտրված Աշոտ Աղաբաբյանը պնդել էր, թե Գյումրիում ՀՀԿ-ի պարտության հիմնական մեղավորը Վարդան Ղուկասյանն է. «Պատճառը մարզային կառույցի ղեկավար Վարդանիկ Ղուկասյանն էր` իր ոչ ճիշտ քաղաքական ելույթներով հանդերձ…»,- ասել էր Աշոտ Աղաբաբյանը, ապա հավելել, որ եթե նա հրաժարականի դիմում գրի,  «դա իր կողմից տղամարդկություն կլինի»:

Գնացողներին` բարի ճանապարհ

Դուրս են գալիս նաեւ դուրս եկողներից

Հեղինակ՝ Արզօ
«Հանրապետություն» կուսակցությունը երեկ քաղխորհրդի նիստում որոշում է կայացրել Հայ ազգային կոնգրեսից դուրս գալու մասին: Սույն որոշումից անմիջապես հետո այդ կուսակցության մի որոշ անդամներ սկսեցին հայտարարել «Հանրապետությունը» լքելու մասին:

Լիբերալ կուսակցությունը եւս երեկ հայտարարություն տարածեց Հայ ազգային կոնգրեսը լքելու մասին: Այդ հայտարարությանը հետեւեցին ՀԼԿ անդամների հայտարարություններ` կուսակցությունը լքելու մասին:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանից տեղեկացանք, որ քաղխորհրդի նիստին մասնակցել են 10 հոգանոց խորհրդի 7 անդամները` Արամ Սարգսյանը, Սմբատ Այվազյանը, Սուրեն Աբրահամյանը, ինքը` Ռաֆիկ Մկրտչյանը, Սեւակ Սաղաթելյանը, Հովիկ Արսենյանը, Արտակ Զեյնալյանը, բացակա են եղել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամներ Սուրեն Սուրենյանցը, Գեղամ Հարությունյանը, Արա Կետիկյանը: «Որոշումն ընդունվել է միաձայն»,- ասաց Ռաֆիկ Մկրտչյանը: Ըստ նրա, նիստին մասնակցել են նաեւ կուսակցության տարածքային կառույցների ղեկավարները, մոտ 20 հոգի ելույթ են ունեցել եւ հայտնել իրենց տեսակետները:

Ֆիզկուլտ պրիվետ

Սերժ Սարգսյան
Հանրապետական կուսակցության գրասենյակում երեկ գործադիր մարմնի նիստ էր, որին Սերժ Սարգսյանը ներկայացել է բարձր տրամադրությամբ, ըստ ամենայնի` մի քիչ գինովցած: «Էս ի՞նչ խաբար է»,- լրագրողներին տեսնելով` հարցրել է նա:

Լրագրողների ուշադրությունից չի վրիպել, որ գործադիր մարմնի նիստին չի մասնակցում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Երեկվա նիստը, սակայն, լույս չի սփռել նոր կոալիցիային եւ կառավարության ձեւավորմանն առնչվող հարցերի վրա. անորոշությունը պահպանվում է:

տես էջ 3

Այլընտրանք չկա

Գագիկ Բեգլարյան
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ գործընկերներին տեղեկացրել է, որ նախարարական որեւէ պորտֆել կստանձնի, եթե զուգահեռաբար ստանձնի նաեւ փոխվարչապետի կարգավիճակ:

Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Բեգլարյանին պատրաստ է նշանակել տրանսպորտի նախարար, սակայն դժվարանում է փոխվարչապետի հարցում: Եթե այնպես ստացվի, որ Տիգրան Սարգսյանը չմնա վարչապետի պաշտոնում, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին այլընտրանք չի լինի, որպես միջազգային կառույցների հետ պայմանավորվածությունների հասնելու ընդունակ վարչարար: Բայց Բեգլարյանին փոխվարչապետի կարգավիճակում չի ուզում տեսնել նաեւ Տիգրան Սարգսյանը, որը Արմեն Գեւորգյանին համարում է իր կառավարության միակ ներկայանալի նախարարը:

Կողմ եւ դեմ

Վարդան Օսկանյան (լուսանկարը՝ «Ֆոտոլուր-ի»)
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանը նույն կուսակցության 3-րդ համար Վ. Օսկանյանին զգուշացրել է, որ եթե ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա կազմվի, Օսկանյանը պետք է հրաժարվի պատգամավորի մանդատից:

Օսկանյանը, սակայն, մեր տեղեկություններով, Ծառուկյանին ասել է, որ կուսակցությունից դուրս կգա, բայց մանդատից չի հրաժարվի եւ խորհրդարանում կգործի որպես անկախ պատգամավոր: Մեր տեղեկություններով, Ծառուկյանը նման խնդիր առաջադրել է նաեւ Հմայակ Հովհաննիսյանին, որը ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ համարն է եւ փաստացի ընտրվել է պատգամավոր: Լուրեր կան, սակայն, որ Հովհաննիսյանը նույնպես մտադիր չէ որեւէ պայմանով հրաժարվել պատգամավորական մանդատից: Օսկանյանն ու Հովհաննիսյանը, ինչպես նաեւ նրանց բազմաթիվ կողմնակիցներ դեռեւս հույս ունեն, որ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս չի կազմի: Նույնիսկ այս պարագայում, սակայն, ԲՀԿ ներսում լարվածություն կառաջանա, որովհետեւ այստեղ քիչ չեն նաեւ կոալիցիա կազմելու կողմնակիցները: Այս բլոկը գլխավորում են առողջապահության նախարար Հարություն Քուշքյանն ու քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

Հանդիպումների շարք

Նախօրեին, ինչպես եւ կանխատեսվում էր, նախագահական նստավայրում տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Հասկանալիորեն, քննարկվել են կոալիցիա կազմելուն վերաբերող հարցեր: Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է այդ հանդիպման փաստը, բայց եւ ասել է, որ կոալիցիա կազմելու վերաբերյալ որեւէ համաձայնություն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, այս պահի դրությամբ, չի կայացվել: Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը վերջին երկու օրերին հանդիպումներ է ունեցել նաեւ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի եւ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Լուրեր կան նաեւ, որ նմանատիպ հանդիպում է կայացել նաեւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ:

Խառը վիճակ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից երեկ տեղեկացանք, որ երեկ համամասնական ընտրակարգով որեւէ թեկնածուի ինքնաբացարկի դիմում չի ստացվել: Սա նշանակում է, որ իշխանության ներսում դեռեւս վերջնական որոշումներ չկան, եւ առնվազն ՀՀԿ-ում եւ ԲՀԿ-ում վերջնականորեն հայտնի չէ, թե ով է ընդգրկվելու կառավարության կազմում, ով է գնալու Ազգային Ժողով: ՀՀԿ-ում հիմնական պայքարը ներկայումս ընթանում է վարչապետի պաշտոնի համար, որի հավակնորդ են համարվում գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս, մեր տեղեկություններով, նախընտրում է գլխավորել Հայաստանի կառավարությունը եւ դեմ չէ, որ Տիգրան Սարգսյանը դառնա Ազգային Ժողովի նախագահ: Տիգրան Սարգսյան-Սամվել Նիկոյան տանդեմն էլ աշխատում է այսօրվա իրավիճակի պահպանման ուղղությամբ, որ Նիկոյանը մնա ԱԺ նախագահ, Տիգրան Սարգսյանը` վարչապետ, իսկ Հովիկ Աբրահամյանին ուղարկեն Սերժ Սարգսյանի աշխատակազմ` ղեկավարի կարգավիճակով:

Կրակում է վարչապե՞տը

Նկարում ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից Արմեն Զատիկյանն է: Ինչպես տեսնում ենք, նա ներկայումս քայլում է ձեռնափայտով, քանի որ ոտքի լուրջ վնասվածք էր ստացել ամիսներ առաջ: Այս տարվա փետրվարին հայաստանյան լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ վարչապետի թիկնապահ Արմեն Զատիկյանը ոտքից բավականին ծանր հրազենային վնասվածք է ստացել: Եւ ամենաուշագրավն այն էր, որ, ըստ լուրերի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր որսի ժամանակ պատահաբար կրակել իր թիկնապահի ոտքին: Մի քանի օր անց` փետրվարի 29-ին վարչապետը Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցելիս հերքեց, թե ինքն է կրակել իր թիկնապահի ոտքին եւ հայտարարեց, որ Արմեն Զատիկյանի հետ ինչ-որ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Անցած 4 ամիսների ընթացքում ոչ ՀՀ ոստիկանությունը, ոչ էլ այլ իրավապահ մարմին, լրագրողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան, այդպես էլ որեւէ տեղեկություն չհաղորդեցին դեպքի մասին, ոչ մի մանրամասն չներկայացրին` ոչ հերքեցին, ոչ հաստատեցին` վարչապետն է կրակել, թե` ոչ:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter