Վերջին թարմացումներ
Բաժնում առկա է 20 հրապարակում

ՄԱՍՆԱՎՈՐ ԶՐՈՒՅՑ ՉԻ ԵՂԵ՞Լ

Նախօրեին տեղեկատվություն եղավ, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի առանձնատան մոտ միջադեպի ժամանակ վիրավորված Արտակ Բուդաղյանը, ով այս գործով անցնող միակ մեղադրյալն է, հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ վերջինիս ԼՂՀ կատարած այցի ժամանակ: Երեկ, երբ փորձում էին հանդիպման մանրամասները ճշտել, մասնավորապես` ի՞նչ է խոսվել դրա ժամանակ, մարզպետի տան մոտ տեղի ունեցածին եւ քրեական գործին անդրադարձ եղե՞լ է. թե՞ ոչ, Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների հայրը` Էմիլ Բուդաղյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Զորավարժությունների ժամանակ են հանդիպել, մասնավոր զրույց չի եղել»: Հարցին` իսկ հնարավոր չէ՞ր մասնավոր զրույց կազմակերպել, մանավանդ որ ավագ Բուդաղյանը մի քանի անգամ Սերժ Սարգսյանին անպատասխան մնացած նամակ է ուղղել, Էմիլ Բուդաղյանն ասաց, թե նման միջոցառման ժամանակ դա հարմար չէր:

ԼԻՍԿԱՅԻ ԳՈՐԾԻ ԿՈԾԿՈՒՄԸ


Լիսկայի որդին եւ թիկնապահը, ովքեր կալանավորվել էին հայտնի դեպքերից հետո, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 7-ին ազատ արձակվեցին, իսկ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց. նրանց գործողությունները որակվեցին որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն: Այս պահին աղմկոտ քրեական գործը քննվում է միայն ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի մասով: Նրան, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի առաջին մասով` սպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը: Արդեն գրվել է, որ հայտարարված համաներումը տարածվում է նաեւ Արտակ Բուդաղյանի վրա, սակայն նրա շահերի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Արտակ Բուդաղյանը հրաժարվում է համաներումից: Պատճառը հետեւյալն է` եթե Բուդաղյանի նկատմամբ էլ քրեական հետապնդումը դադարեցվի, ապա սկանդալային այս գործը դատարան չի մտնի եւ հանրությունը երբեք չի իմանա, թե ինչ է իրականում տեղի ունեցել այս տարվա հունիսի 1-ին` Լիսկայի առանձնատան մոտ: Բացի այս, ինչպես մեզ հայտնեց Հայկ Ալումյանը, Արտակ Բուդաղյանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ ցանկանում է արդարացված լինել դատարանով, այլ ոչ թե համաներման կիրառմամբ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջոցով: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այս օրերին տարբեր իրավասու անձանց կողմից հայտարարվում է, որ համաներումը նորմատիվ իրավական ակտ է եւ անկախ համաներվող անձի ցանկությունից, դրա կիրառումը պարտադիր է: Այդուամենայնիվ, մեզ հետ զրույցում Հայկ Ալումյանը շարունակում էր պնդել, որ գործի վարույթի կարճում եւ քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե մեղադրյալը դրա դեմ առարկում է: «Մենք պահանջում ենք, որպեսզի գործը գնա դատարան:

ՔՐԵԱԿԱՆ ԳՈ ՞ՐԾ ԶԻՆԴԱՏԱԽԱԶԻ ԴԵՄ


Անդրադառնալով Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի հայտարարությանը, թե Սուրիկ Խաչատրյանը ինքնաշեն ապօրինի զենքի կիրառման դեպքում էլ քրեական պատասխանատվության չենթարկվեց, Արմեն Հարությունյանն ասաց. «Դեպքով առգրավվել են «Բերետտա» տեսակի ատրճանակներ, մեկը գործով ձեռք բերված ապացույցներով պատկանել է Ավետիք Բուդաղյանին , իսկ մյուսը` Սուրիկ Խաչատրյանին: Բուդաղյանին պատկանող «Բերետտան» հայտնաբերվել է դեպքի վայրում, դեպքի օրը մեկ «Բերետտա» տեսակի ատրճանակ է գործածվել: Սուրիկ Խաչատրյանի ատրճանակը չի գործածվել, դեպքից հետո է հայտնաբերվել, խուզարկության ժամանակ: Հետեւաբար, միայն ինքնաշեն լինելը չի կարող հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվության համար»: Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե դեպքի օրը Արտակ եւ Ավետիք Բուդաղյաններին թիկունքից են կրակել, ՊՆ քննչական ծառայության պետն ասաց, որ քրեական գործով նշանակված դատաբժշկական, դատաձգաբանական եւ այլ համալիր փորձաքննությունների եզրակացություններով եւ այլ ապացույցներով հստակ հիմնավորվել է, որ Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների մարմինների վրա առկա մարմնական վնասվածքները թիկունքից չեն եղել:

ԲՆՈՒՅԹԻ ԻՆԴԻԿԱՏՈՐ


ՊՆ ՔԾ եզրակացության համաձայն, նրանց գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին: Հիշեցնենք, որ, ինչպես երեւում է հունիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի հրապարակված տեսանյութից, Տիգրան Խաչատրյանը կրակել էր Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների ուղղությամբ: Այդ օրը Ավետիք Բուդաղյանը սպանվեց, Արտակ Բուդաղյանը` ծանր վիրավորվեց:

Քննչական մարմինը ապացուցված է համարել սպանված Ավետիք Բուդաղյանի մեղքը, եզրակացնելով, որ վերջինս է կատարել սպանության եւ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածներով նախատեսված արարքներ: Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել նրա մահվան պատճառով։ Իսկ Արտակ Բուդաղյանի մասով գործը կարճված չէ:

Այս որոշումը ոչ միանշանակ է ընդունվել քաղաքական ուժերի եւ իրավապաշտպան կազմակերպությունների եւ, բնականաբար, Բուդաղյանների հարազատների կողմից: Նրանք կբողոքարկեն այն: Ավետիքի եւ Արտակի հայրը` Էմիլ Բուդաղյանը, գտնում է, որ քննիչը Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի դատապաշտպանի դեր է կատարել եւ դա արել է զինդատախազ Գեւորգ Կոստանյանի ուղղորդմամբ: «Եթե դատախազը հրահանգած չլիներ, ինչ իրավունք ունեին այդ գործը կարճելու: Կոստանյանը վերեւից հանձնարարական է ստացել եւ իր քննիչին դարձրել նրանց ադվոկատը: Թե ում կողմից է ստացել` Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահի, թե ում, դա ես չգիտեմ, բայց որ հանձնարարել են, դա փաստ է»,-ասաց Է. Բուդաղյանը:

Առանց քննության

Զինվորական դատախազությունը երեկ տեղեկացրել է, որ Արտակ Էմիլի Բուդաղյանը հունիսի 20-ին դիմում է ներկայացրել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա.Ղազարյանին եւ խնդրել իրեն ճանաչել տուժող` միաժամանակ հայտնելով, որ ցանկանում է, որպեսզի իր ներկայացուցիչը հանդիսանա Հայկ Ալումյանը: Օրենքով սահմանված ընթացակարգով ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Ղազարյանը, անհապաղ քննության առնելով դիմողի պահանջը, հունիսի 24-ին պատճառաբանված որոշում է կայացրել դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին, եւ ընդունված որոշման մասին անմիջապես ծանուցվել է դիմողը եւ նրան է ուղարկվել համապատասխան որոշման պատճենը: Հուլիսի 7-ին ՀՀ Զինվորական դատախազությունում ստացվել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված` դիմող Ա.Բուդաղյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին քննիչի որոշման դեմ` խնդրանքով` վերացնել ՀԿԳ քննիչ Ա.Ղազարյանի` հունիսի 24-ի չպատճառաբանված որոշումը եւ ցուցում տալ քննիչին` Արտակ Էմիլի Բուդաղյանի պահանջի վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում: Քննիչի նշված որոշումը վիճարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված փաստաբանի բողոքը թողնվել է առանց քննության, որի մասին ծանուցվել է փաստաբան Հայկ Ալումյանին: Բողոքը չի քննարկվել, քանի որ փաստաբանը ղեկավարվելով ՀՀ Քր.դատ.օր-ի 103-րդ հոդվածով, քննիչի որոշումը բողոքարկել է վերադաս դատախազին, այնինչ` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է տվյալ որոշումը` դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին, դրա պատճենը ստանալուց 5 օրվա ընթացքում դիմողը պետք է բողոքարկի դատարան: Հետեւաբար, քանի որ տվյալ որոշումը կարող էր բողոքարկվել բացառապես դատարան, ուստի ՀՀ գլխավոր դատախազը չէր կարող քննարկման առարկա դարձնել այն:

Ընդունում-հանձնում

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը երեկ Սյունիքի մարզպետարանում ներկայացրել է նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին: Ներկայացմանը ներկա է եղել նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Կապանի «Խուստուփ» հեռուստաընկերության տեսանյութում երեւում է, որ Լիսկան բավական վատ տրամադրություն ունի: Այդուամենայնիվ, նա մոտեցել է ամբիոնին եւ մի երկու խոսք ասել: Խաչատրյանը շնորհավորել է նոր մարզպետին, մարզպետարանի աշխատակիցներին կոչ արել` Հակոբյանի հետ աշխատել նույն տեմպերով, ապա հավելել է. «Առաջին խնդրանքս նա է լինելու, որ սյունեցու հպարտությամբ առաջնորդվեք եւ կարողանաք սյունեցու հպարտությունը միշտ բարձր պահել: Ես նույնպես ուզում եմ շնորհավորել, կարծում եմ բոլորս միասին ուրախ ենք, որովհետեւ նույն թիմում ենք, երկրի քաղաքական նույն թիմն է, ոչ մի փոփոխություն չկա»: Նշենք նաեւ, որ «Գալան», հղում անելով իր աղբյուրներին, երեկ գրել է, թե Լիսկայի տան մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանի մոտ հայտնաբերված զենքում փամփուշտներ չեն եղել: Տեղեկությունը հաստատել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը` հավելելով, որ Արտակ Բուդաղյանի հրացանը միջադեպի օրը տեխնիկապես պատրաստ վիճակում չի եղել, դրանով հնարավոր չէր կրակել, Բուդաղյանի մոտ նաեւ փամփուշտ չի հայտնաբերվել եւ ասվածի վերաբերյալ քրգործում առկա են համապատասխան նյութեր:

Այսպես շարունակվի՝ պատգամավոր էլ կդառնա

ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանին, ով Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիսկայի տան մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ հրազենային վնասվածք էր ստացել, երեկ երեկոյան (աշխատանքային օրվա ավարտից 2 ժամ անց) մեղադրանք է առաջադրվել: Այս մասին «ՀԺ»-ին հայտնել է Բուդաղյանների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 137 հոդվածի առաջին մասով՝ սպառնալիք: «Արտակ Բուդաղյանին վերագրելով նման հակաօրինական գործողություններ՝ նպատակ են հետապնդում թեթեւացնելու մյուս կողմի մեղքը»,- ասել է Հայկ Ալումյանը: Բուդաղյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը: Հարցին՝ ինչպես է Արտակ Բուդաղյանն ընդունել վերոնշյալ որոշումը, Ալումյանը պատասխանել է. «Ինչպես ցանկացած մարդ, որին ապօրինի մեղադրում են ինչ-որ բանի մեջ»: Բուդաղյանը մեղադրանքը չի ընդունել: Մեր թղթակցի հարցին՝ հնարավո՞ր է որոշումը բողոքարկվի, Հայկ Ալումյանը պատասխանել է. «Մենք քայլեր կձեռնարկենք: Ես չեմ կարող ասել՝ ինչ քայլեր, բայց կձեռնարկենք»:

Նրանց մեղքի բաժինը զրո է

Բարձրաձայնվեց, թե ինչպես է Լիսկան կրակել իր հղի սիրուհու փորին, ինչպես է գորիսեցի մի պաշտոնյայի մերկացրել ու հրապարակայնորեն ստորացրել, վերջինս էլ՝ չդիմանալով նվաստացմանը, կաթվածից մահացել է, ինչպես է գործել Լիսկայի բանդան, ինչ խայտառակ յուրացումներ է արել նախկին մարզպետը: Այդուհանդերձ, Լիսկան ջանք չի խնայում կրկին իշխանության վերադառնալու համար: Եւ հաշվի առնելով, որ նա տարիներ շարունակ գործել է ՀՀ բարձրագույն իշխանության լիակատար հովանավորության ներքո, այդ հեռանկարն այնքան էլ անիրատեսական չէ: Համենայնդեպս, վերջին խայտառակ միջադեպից հետո Լիսկայի կալանավորված որդու՝ Տիգրան Խաչատրյանի շահերի պաշտպանությունն իրականացվում է ամենաբարձր մակարդակով եւ ամեն ինչ արվում է՝ Սուրեն եւ Տիգրան Խաչատրյաններին փրկելու համար: Երեկ մեր հարցերին պատասխանել է Բուդաղյանների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:  

- Պարոն Ալումյան, այսօր տեղեկություն տարածվեց, թե փորձագիտական եզրակացությամբ պարզվել է, որ Ս. Խաչատրյանի որդու արյան մեջ թմրանյութ է եղել, դուք այդ տեղեկությանը տիրապետո՞ւմ եք:
- Քանի որ արդեն այդ տեղեկությունը հրապարակվել է, ես նախաքննական գաղտնիք հրապարակած չեմ լինի, եթե ասեմ՝ այո, հաստատում եմ այդ տեղեկությունը:

- Իսկ դա նշանակո՞ւմ է, որ նոր մեղադրանք կառաջադրվի նրան:
- Դա արդեն չեմ կարող մեկնաբանել: