Վերջին թարմացումներ
Բաժնում առկա է 1 հրապարակում

«Ազգը»` դատարան

Դեկտեմբերի 21-ից հունվարի 16-ն ընկած ժամանակահատվածում «Ազգ» օրաթերթի տպագրությունը դադարեցված է եղել: Ինչպես հայտնի է, օրաթերթի հաշիվները դատարանը կալանքի տակ էր առել հարկային մարմինների հայցով՝ կուտակված պարտքերի պատճառով: Երեկ օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանից տեղեկացանք, որ հաշիվների վրայի կալանքը արդեն հանված է: «Մենք հարկային մարմինների հետ բանակցեցինք եւ մեր բաժնետերերի խորհրդի որոշմամբ կարողացանք այդ հարկերի կարեւոր մասը վճարել, իսկ մնացած մասի վերաբերյալ կազմել վճարման ժամանակացույց, որը 3 ամսից պետք է մարենք»,-ասաց նա: Խմբագրի փոխանցմամբ` դատարանը թերթի հաշիվները կալանավորելու մասին իրենց չի ծանուցել, եւ իրենք այդ որոշման հետեւանքով բարոյական եւ նյութական կորուստներ կրելու դիմաց դիմել են դատարան: Հարցին` ինչպիսի պատճառաբանություն է ներկայացվում պատշաճ չծանուցելու համար, Ավետիքյանը պատասխանեց, «Ուղարկել էին տնօրենի, այսինքն իմ բնակարանի հասցեին, մինչդեռ ես արդեն երեք տարի է, այդ բնակարանում չեմ ապրում: 22 տարի է, «Ազգ» օրաթերթը նույն հասցեով է գործում, այսինքն գործունեության եւ իրավաբանական հասցեն նույնն է: Ինչի՞ եք ուղարկել տնօրենի հասցեով, կարող էր տնօրենը փոխվել, կարող էր հասցեն փոխվել ու չեն էլ հետաքրքրվել, թե էդ մարդիկ ինչի են բացակայում, սա է խնդիրը»,- ասաց նա: Դատական նիստը նշանակված է փետրվարի 14-ին: