Վերջին թարմացումներ
Բաժնում առկա է 12 հրապարակում

Համապարփակ համաձայնագիր

Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ու Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին նախօրեին երեկոյան Թեհրանում համապարփակ համաձայնագիր են ստորագրել նավթի, գազի, ջրի, էլեկտրաէներգիայի ոլորտներում համագործակցության զարգացման եւ երկու երկրների միջեւ առեւտրական ու արդյունաբերական կապերի ընդլայնման մասին: Առանձին քննարկման առարկա է եղել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը: Արմեն Մովսիսյանի հետ հանդիպմանը Իրանի տրանսպորտի եւ ճանապարհների փոխնախարար Ռեզա Փիլփայեխը հայտարարել է, որ իրանցի շինարարները կարող են կառուցել ոչ միայն Իրանի Ջուղա քաղաքից մինչեւ սահմանային Նորադուզ բնակավայրն ընկած հատվածը, այլեւ սահմանից մինչեւ Սիսիան քաղաք: Փոխնախարարը սրա հետ մեկտեղ հայտնել է, որ միայն մինչեւ Սիսիան ընկած հատվածի կառուցման համար անհրաժեշտ է 2.5 միլիարդ դոլարից ավելի գումար: Նա նշել է, որ Իրանը շահագրգռված է այս երկաթուղու կառուցմամբ, քանզի ցանկանում է Հայաստանի ու Վրաստանի վրայով դուրս գալ Սեւ ծով: Իսկ Հայաստանը հնարավորություն կունենա երկաթուղու միջոցով միանալ Պարսից ծոցին: Նախագիծը, անշուշտ, տեսականորեն լավ նախագիծ է, սակայն առայժմ անհայտ է մնում դրա ֆինանսավորման աղբյուրը:

Թույլ կտան բեռներ տեղափոխել

Բաքու-Թբիլիսի-Ախալքալակ-Կարս երկաթուղու կառուցումից հետո Վրաստանը թույլ կտա, որ Հայաստանը դրանով ապրանքներ տեղափոխի դեպի Եվրոպա: Այս մասին երեկ հայտնել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին ասուլիսի ժամանակ: Նրան հարց է տրվել, թե արդյոք Հայաստանը կկարողանա՞ դրանով բեռներ տեղափոխել` նկատի առնելով, որ Ադրբեջանը ցանկանում է այդ երկաթուղու կառուցմամբ Հայաստանին մեկուսացման մեջ գցել, դեսպանը դրական պատասխան է տվել: «Մենք ոչ մեր բարեկամներին եւ ոչ էլ թշնամիներին երբեք թույլ չենք տալիս մեզ քաղաքականություն թելադրել: Մենք բացահայտորեն հայտարարել ենք, որ մենք Հայաստանի հետ բարեկամներ ենք եւ ոչ մի երրորդ երկիր երբեք չի կարող ազդել այդ հարաբերությունների վրա, եւ Հայաստանի մեկուսացման մասին խոսք լինել չի կարող: Մեզ չեն կարող թելադրել, թե ինչպես շահագործել երկաթուղին, որը գտնվում է մեր տարածքում»,- ասել է դեսպանը:

Դեպի Պարսից ծոց

Իրանական մի շարք ընկերություններ պատրաստվում են Հայաստանի երկաթուղային ցանցը Իրանի միջոցով միջազգային ջրերին միացնելու նպատակով կոնսորցիում ստեղծել: Երեկ նման հայտարարություն է արել Իրանի ճանապարհների եւ տրանսպորտի փոխնախարար Ռեզա Փիլփայեն: Նա պարզաբանել է, որ այդ երկաթուղային ցանցը ունենալու է 540 կիլոմետր երկարություն, որից 480 կիլոմետրը` Հայաստանի, 60 կիլոմետրը` Իրանի տարածքում: Դա հնարավորություն կտա Հայաստանի երկաթուղային ցանցը կապել Պարսից ծոցի ափին գտնվող Բենդեր-Աբբաս նավահանգստին: Հայաստանի եւ Իրանի միջեւ արդեն համապատասխան փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, սակայն համաձայնագիր առայժմ չի ստորագրվել: Միաժամանակ, Փիլփայեն հայտնել է, ո իրանական ընկերությունները ցանկություն ունեն մասնակցել Հյուսիս-Հարավ` 624 կիլոմետր երկարությամբ մայրուղու կառուցմանը: Այն սկիզբ կառնի հայ-իրանական սահմանից եւ կձգվի մինչեւ հայ-վրացական սահման, իսկ այնտեղից` մինչեւ Բաթում: