ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐ
Բաժնում առկա է 17 հրապարակում

ԻՆՔՆ ԷԼ ՉԷՐ ՀԱՎԱՏՈՒՄ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, երեկ, այդուամենայնիվ, հրավիրվել էր Գյումրիի ոստիկանություն: Մի որոշ ժամանակ կրտսեր Ղուկասյանին ոստիկանությունում պահելուց հետո, սակայն, ինչպես եւ ենթադրվում էր, նրան ազատ էին արձակել: Սույն տեղեկությունը հաստատեց նաեւ ոստիկանությունը: Քրեական գործ հարուցելու մասին էլ, բնականաբար, խոսք չկա: Հիշեցնենք, Սպարտակ Ղուկասյանը երկու օր առաջ իր ընկերների հետ իրենց ընտանիքին պատկանող «Օազիս» ռեստորանային համալիրում ճոխ կերուխումից հետո երկու մեքենաներով զինված հարձակում էին գործել Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա, հայհոյանքներ տեղացել եւ սպառնացել «խփել տալ» Բալասանյանին: Նախօրեին երեկոյան համացանցում տարածվեցին այդ հարձակման տեսանյութերը եւ դրանից հետո էր, որ երեկ առավոտյան կրտսեր Ղուկասյանը ոստիկանություն հրավիրվեց` բացատրություն տալու:

ՎԱՐԴԱՆԻԿԵՆՔ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ

Երեկ Գյումրիից տեղեկություն ստացանք, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանն իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ եւ սպառնալիքներ հնչեցրել: Ըստ նույն աղբյուրների, կրտսեր Ղուկասյանը եւ յուր խումբը զինված են եղել, իսկ Սպարտակ Ղուկասյանը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին: Գյումրեցիները մեզ հետ զրույցներում նշում էին, որ նման մի դեպք էլ տեղի է ունեցել 2012 թվականին, որը, սակայն, անհետեւանք է մնացել: Հաշվի առնելով, որ Գյումրիի քաղաքապետի առանձնատունը հսկվում է տեսախցիկներով, երեկ Սամվել Բալասանյանի խոսնակ Զոհրապ Եգանյանին հարցրեցինք` արդյո՞ք Բալասանյանը իրավապահներին է ներկայացրել դեպքի տեսագրությունը: «Սամվել Բալասանյանը Հայաստան է վերադարձել երեկոյան եւ նշված տեղեկությանն ականատես չի եղել: Տան մերձակայքում իսկապես կան տեսանկարահանող սարքեր եւ տեսագրությունը դիտելուց հետո միայն կկարողանանք հետագա քայլերի մասին խոսել»,- պատասխանեց Եգանյանը: Նշենք, որ Գյումրիի քաղաքապետն այս օրերին գտնվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Վ. Ղուկասյանը բերման է ենթարկվել

Ըստ լրատվական կայքերի տեղեկությունների` Քավոր Հարութը Ազգային Ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորն է եւ ըստ տեղեկությունների` կրակոցներն արձակվել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի եւ եղբոր որդու կողմից:

Ավելի ուշ Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արտյոմ Կարապետյանի (Շեկո) մոտ հայտնաբերվել են հրազենային վիրավորումներ, վերջինս մահացել է, իսկ Հարություն Խաչատրյանին (Քավոր Հարութ) վիրահատում են, վերջինս ստացել է վերին վերջույթի վնասվածքներ եւ ըստ բժիշկի` նրա վիճակը ծանր է, սակայն ապրելու հավանականությունը՝ մեծ:

Ի պատասխան մեր հարցերին Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը զայրացած ասաց .«Էրեխեք, թողեք աշխատեմ հա՞, խնդրում եմ ես ձեզ, թողեք աշխատեմ, բոլոր հարցերին կպատասխանեմ հետո»:

Վերադարձել է

Գյումրիի մեր աղբյուրները հայտնում են, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակը, որ օրեր առաջ մեկնել էր Մոսկվա, վերադարձել է: Կրտսեր Ղուկասյանի նկատմամբ, հիշեցնենք, խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը, իսկ նրա մեկնումը երկրից ոստիկանությունից բացատրել էին նրանով, թե համապատասխան բժշկական տեղեկանք է ներկայացրել եւ շտապ մեկնել է ՌԴ` բուժվելու: Իրականում, ըստ լուրերի, Ս. Ղուկասյանը ՌԴ էր մեկնել «օրենքով գող» Դեդ Հասանի հուղարկավորությանը մասնակցելու: Երբ զանգահարեցինք Վ. Ղուկասյանի խոսնակ Լիլիթ Աղեկյանին` պաշտոնապես ճշտելու տեղեկությունը, նա պատասխանեց. «Ես ոչ բժշկական թղթից եմ տեղյակ, ոչ գնալուց, դա ընտանեկան խնդիր է: Ես` ինքս հիմա քաղաքում չեմ եւ տեղյակ չեմ` նա քաղաքում է, թե` ոչ»: Կրտսեր Ղուկասյանը, սակայն, ոչ միայն վերադարձել է: Երեկ Գյումրիի «Ասպարեզ» ակումբը տեղեկություն տարածեց, որ Գյումրիի Գ. Նժդեհ փողոցում վերսկսվել են ապօրինի կառուցվող գազալցակայանի շինարարական աշխատանքները: Այդ շինարարությունը, ըստ «Ասպարեզի», կապվում է հենց Սպարտակ Ղուկասյանի անվան հետ: Գյումրիի քաղաքապետի խոսնակ Զոհրապ Եգանյանը մեզ հայտնեց, որ ապօրինի կառուցվող գազալցակայանի շինարարությունն իրականացնող «Դանիկո» ընկերությանը քաղաքապետարանը 2 անգամ վարչական տույժի է ենթարկել, որից հետո գործն ուղարկվել է ոստիկանություն: Այնտեղ նյութեր են նախապատրաստվում:

«Ճշտի» ուղիով

Նախորդ օրը մենք դիմել էինք ՀՀ ոստիկանության լրատվության բաժին` մեր ունեցած տեղեկությունը ճշտելու նպատակով: Պատասխանելու համար մի քանի անգամ ժամանակ խնդրելուց հետո լրատվականը այդպես էլ խուսափեց պատասխանից: Դժվար չէ կռահել, որ այս մի օրը ոստիկանությունը փաստաթղթային հիմքեր է «դզել-փչել» Սպարտակ Ղուկասյանի` ՀՀ-ից հեռանալու օրինականությունը ապահովելու նպատակով: Երեկ արդեն, ոստիկանությունը հայտնել է, թե Սպարտակը համապատասխան տեղեկանք է ներկայացրել եւ բուժվելու նպատակով շտապ մեկնել է Ռուսաստան: Նշենք, որ հավաստի տեղեկություններով Սպարտակ Ղուկասյանը մեկնել է Մոսկվա` «օրենքով գող» Դեդ Հասանի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով: Նշենք, որ ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, իր մերձավոր շրջապատում Վարդան Ղուկասյանը բազմիցս հայտարարել է, թե ցանկություն ունի որդուն թագադրել, որպես «օրենքով գող» եւ այդ ուղղությամբ գործնական քայլեր է արել:

Էլի ծեծել է՞

Երեկ լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր հայտնվել, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցում սարսափելի ծեծի է ենթարկել «Հայռուսգազարդ»-ի Գյումրու մասնաճյուղի ղեկավարին: Սակայն, Շիրակի մարզի ոստիկանությունից մեզ կարճ կոնկրետ պատասխանեցին. «Չէ՜ նման բան չկա»: Սպարտակ Ղուկասյանն ու «Հայռուսգազարդ»-ի Գյումրու մասնաճյուղի ղեկավարը ընկերներ են, եւ վերջինս Սպարտակին ներկայացրել է «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի գազի վարձը եւ պահանջել է վճարել: Սպարտակն էլ ասել է, թե բոլորդ «հաբրգել» եք ու սկսել է ծեծել: Սա այն դեպքերից է, որ երբեք չի հաստատվի, քանի որ ոչ տուժողն է բողոքել, եւ ոչ էլ ոստիկանությունն է հետաքննություն անցկացրել: Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը երկար ժամանակ հետախուզվում էր Գյումրիում անցյալ օգոստոսին կրակոցների առիթով հարուցված քրգործի շրջանակներում: Այժմ նրան մեղադրանք է առաջադրված: Խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրությունը չհեռանալու մասին:

Տեղում դոփում է

Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի՝ Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստի օրը չի նշանակվել` մեր թղթակցին ասել է Դատական դեպարտամենտի լրատվության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Հիշեցնենք, որ այս սպանության գործով մեղադրվող միակ անձը Հարություն Սարգսյանն է, որը, ըստ մեղադրանքի, Եսայանին սպանել է խանդի հողի վրա: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն) եւ 188-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի ձեռնարկատիրություն): Ի դեպ, նորություն չկա Վ. Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի գործից: Ոստիկանությունից մեր թղթակցին հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ Ղուկասյանը հետախուզվում էր Գյումրիում ծեծի ու կրակոցների գործի շրջանակներում: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրօրի 258 հոդվածի 4-րդ մասով (զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասով՝ (ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը):

ԼՐԱՀՈՍ