Սյուզաննա Պողոսյան

Սյուզաննա Պողոսյանի Հոդվածները

Օրվա լրահոսից

Լավ, չեք ուզում` մի բերեք

Երեւանի Ավան համայնքի բնակիչներից տեղեկություն ենք ստացել, որ թիվ 104 դպրոցի տնօրենը երեխաներին պարտադրում է դպրոց ներկայացնել բնակության վայրից տեղեկանք եւ ծնողների անձնագրերի պատճենները: Թե սա ինչով է պայմանավորված, նա չի բարեհաճում բացատրել, փոխարենը` ամեն օր երեխաներին հիշեցնում է այդ մասին: Ծնողները մտահոգված են, որ իրենց տվյալները ցանկանում են օգտագործել ԱԺ ընտրությունների հետ կապված: Երեկ զանգահարեցինք թիվ 104 դպրոց: Դպրոցի նորընտիր տնօրեն Հայկանուշ Նիկոյանն ասաց, որ անձնագրերի պատճենը եւ բնակության վայրից տեղեկանքը անհրաժեշտ են` աշակերտների անձնական գործերում տեղադրելու համար. «Գիտե՞ք, ես նոր եմ եկել այս դպրոց, դեկտեմբերի 22-ի ընտրությունից հետո: Երեխաների փաստաթղթերը ուսումնասիրել եմ եւ տեսել եմ, որ ոչ մի աշակերտի գործում այդ փաստաթղթերը չկան: Միգուցե այս դպրոցն այդպես է աշխատել: Բայց երբ որ աշակերտը դպրոց է ընդունվում, ըստ կարգի` այդ փաստաթղթերը պետք է լինեն»: Այդ ո՞ր կարգի` հարցրինք: «Ընդունելության կարգով»,- պատասխանեց, ապա հավելեց, որ եթե չեն ուզում, կարող են չբերել: ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք` դպրոց ընդունվելու համար ծնողի անձնագրի պատճենը եւ տեղեկանք անհրաժե՞շտ են. «Ոչ: Չկա նման կարգ, որ ծնողի անձնագիրը լինի գործի մեջ»,- ասաց նա: Դե, հիմա կռահեք, թե տնօրենի ինչին է պետք ծնողների անձնագրերի պատճենները:

Նախկինները

ՏԻՄ թվեր

Փետրվարի 12-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են նախատեսված 37 գյուղերում ու քաղաքներում: Այդ համայնքների թվում չկա որեւէ մեկը, որի նախկին ղեկավարը առաջիկա ընտրություններում առաջադրված չլինի: Ամենահետաքրքիրն այն է, որ 37 համայնքներից 16-ում մեկ թեկնածու կա, եւ դրանք համայնքների գործող ղեկավարներն են: Նրանց դեմ առաջադրված են եղել այլ թեկնածուներ, սակայն ընթացքում իրենց թեկնածությունները հանել են: Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում, օրինակ, ՀՀԿ գործող գյուղապետի դեմ առաջադրված անկուսակցական թեկնածուն է հանել իր թեկնածությունը: Սարալանջում ինքնաբացարկ են ներկայացրել ՀՀԿ-ական գյուղապետի դեմ առաջադրված երկու անկուսակցականներ:

Խնդիրը Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելն է

Ղեկավարները` վստահված անձ

Վոլոդյա Հովհաննիսյան
Երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի տարածքային գրասենյակների ղեկավարների խորհրդակցություն, որի մանրամասները փորձել ենք պարզել Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար Վոլոդյա Հովհաննիսյանից:

- Պարոն Հովհաննիսյան, ովքե՞ր էին մասնակցում խորհրդակցությանը, ի՞նչ էր քննարկվում:
- Խորհրդակցությանը մասնակցում էին Կոնգրեսի տարածքային կառույցների ղեկավարները` մոտ 35 հոգի: Մի մասը ճանապարհները փակ լինելու պատճառով չէին կարողացել գալ: Կոնգրեսի ղեկավարությունից տեղեկություններ ստացանք Հրազդանում ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակի մասին, խոսեցինք փետրվարի 17-ի հանրահավաքի մասին, ինչպես նաեւ քննարկեցինք մեծամասնական ընտրակարգով թեկնածուների ցուցակը:  

- Սասուն Միքայելյանի ընտրության մասով տարածքային կառույցների ղեկավարները ի՞նչ աշխատանք են իրականացնելու, որեւէ պարտականություն կա՞:
- Սասուն Միքայելյանի շտաբը ոնց որ բավականին հաջող աշխատում է, շրջանների կազմակերպությունները հատուկ հանձնարարություն չունեն, տեղի ուժերը բավարար են: Փետրվարի 10-ին Հրազդանում մեծ հանրահավաք է տեղի ունենալու, ցանկացողները կարող են դրան մասնակցել, ուրիշ բան չկա:

Դաշի՞նք, թե չդաշինք. այս է խնդիրը

«Ժառանգությունը» հիշաչար չէ

Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ մարտի 2-ին կկայանա կուսակցության համագումարը, որի ընթացքում կորոշվի առաջիկա ընտրական գործընթացներին իրենց մասնակցության հարցը, ինչպես նաեւ մասնակցության ձեւերը եւ չափերը:

Մինչ մարտի 2-ը պետք է որոշվի` կուսակցությունը ընտրություններին մասնակցում է միայնա՞կ, թե` «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքով: «Ժառանգությունը», ինչպես տեղեկացրեց Հովհաննիսյանը, մինչ այդ կշարունակի հանդիպել «Ազատ դեմոկրատների» հետ, բայց նախ պետք է ինքն իր համար հասկանա` ո՞րն է հասարակության պահանջը, եւ արդյո՞ք իրենց օրակարգում պետք է լինի միայն Ազգային ժողովում կրկին հայտնվելու հարցը: «Որովհետեւ եթե դա է միակ խնդիրը, որ «Ժառանգությունը» պետք է որոշի, ապա դա առանց համագումարի էլ կարող ենք ասել, որ հաջորդ գումարման Ազգային ժողովում «Ժառանգությունը» եթե ցանկանա` առանձին ցուցակով կհայտնվի: Բայց մենք ուզում ենք հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է լուրջ փոփոխությունների ճանապարհին, եւ պարտավոր ենք մաս կազմել այդ համակարգափոխական շարժման` թե՛ Ազգային ժողովում, թե՛ հրապարակում»,- ասաց Հովհաննիսյանը: Ի վերջո` ավելի շատ հակված եք միավորվելու՞ «Ազատ դեմոկրատների» հետ, թե ոչ` հարցրինք Հովհաննիսյանին: «Ես չեմ կարող ասել` մենք կմիավորվենք, թե ոչ, բայց մենք հակված ենք մեծ լուծումների»,- պատասխանեց նա` հավելելով, որ միայն ռեսուրսների միացմամբ է հնարավոր լուծել ավելի մեծ խնդիրներ, քան Ազգային ժողովում հայտնվելն է:

Ֆրանսահայերը շարունակելու են պայքարը

Հայ համայնքը Սարկոզիի հետ չի՞ հանդիպելու

Ֆրանսիայի Սենատում հունվարի 23-ին ընդունվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք այն անձանց համար, ովքեր կհերքեն Հայոց ցեղասպանության փաստը:

Օրինագիծը ներկայացվել էր Ֆրանսիայի նախագահի ստորագրմանը, սակայն մինչ Նիկոլա Սարկոզին կորոշեր` ստորագրել, թե ոչ, ֆրանսիացի մի խումբ սենատորներ եւ պատգամավորներ հունվարի 31-ին դիմել են Սահմանադրական խորհուրդ` վիճարկելով օրինագծի համապատասխանությունը Ֆրանսիայի Սահմանադրությանը:

Գնահատելով այս փաստը, երեկ լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հայտարարել է. «Այնուամենայնիվ, Թուրքիան ներգործություն ունեցավ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հաստատման այս փուլի վրա»: Մանոյանը պնդել է, թե սխալ է այն տեսակետը, որ Սարկոզին եթե չհապաղեր եւ ստորագրեր, ապա սենատորները Սահմանադրական դատարան չէին դիմի: Կիրո Մանոյանը երեկ լրագրողներին տեղեկացրել է, որ փետրվարի 2-ին` օրվա երկրորդ կեսին նախատեսված է Սարկոզիի եւ հայ համայնքի հանդիպումը, որտեղ այս հարցը քննարկվելու է: Երեկ մենք մի քանի անգամ զանգահարեցինք Ֆրանսիայի «Nouvelles d’Armenie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանին ճշտելու համար` նախատեսվա՞ծ է այդպիսի հանդիպում, թե` ոչ: Թորանյանը, որ մեծ ներդրում ունի ե՛ւ Սենատում օրինագծի ընդունման գործում, ե՛ւ շատ ակտիվ գործիչ է համարվում հայ համայնքում, մեզ հետ զրույցում պնդեց, որ Սարկոզիի եւ հայ համայնքի ներկայացուցիչների միջեւ փետրվարի 2-ին որեւէ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն չկա:

Հարիսան էլ թուրքերը խլեցին

Նոյը հայ էր` Տեր-Գուլանյան

Հանրային խորհրդի մշակույթի հանձնաժողովը երեկ սկսեց քննարկել «Հաղթանակ» զբոսայգու բարձունքում` «Արագիլ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող տարածքում 10 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով «Նոյան տապան» կառուցելու մասին նախաձեռնությունը եւ շատ արագ «այո» պատասխանեց գաղափարին` անգամ առանց տեսնելու դրա նախագիծը: Նախագծի նախաձեռնող խմբում են դերասան Սոս Սարգսյանը, երգիծաբան Արամայիս Սահակյանը, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, «Հաղթանակ» զբոսայգու տարածքը վարձակալող «Ուրախ ժամանց» ՍՊԸ տնօրեն Թորոս Ումրիկյանը, «ԱՐՄԱՐԵ» ընկերության տնօրեն Մարտուն Հարությունյանը եւ ուրիշներ:

Ըստ նախագծի, որը ՀԽ ներկայացուցիչների համար ընթերցեց Մարտուն Հարությունյանը, նախատեսվում է կառուցել տապան` Աստվածաշնչում նշված չափերին համապատասխան: Ըստ այդմ, նախագծվում է ներսից եւ դրսից փայտյա կառույց, որի երկարությունը կլինի 132-157 մետր, լայնությունը` 24-30 մետր, իսկ բարձրությունը` 13-20 մետր: Առաջին հարկը նախատեսված է թանգարանի համար: Թանգարանում պետք է տեղավորվեն «Նոյան տապանի» «անձնակազմի» կրկնապատկերները` 8 մարդկային եւ 120 զույգ կենդանական: Խոշոր կենդանիների պղնձաձույլ կրկնապատկերները պետք է տեղադրվեն «Նոյան տապանից» դուրս: Նաեւ կտեղադրվեն դիտասարքեր դեպի Արարատ լեռ, դեպի մայրաքաղաք եւ բաց երկինք: 

Վարկանիշը կարեւոր է

Առաջին եռյակն ըստ Թադեւոսյանի

Երեկ Հայ ազգային կոնգրեսում հրավիրվել էր քաղխորհրդի նիստ, որի ընթացքում շարունակվել են համամասնական ցուցակի կազմման շուրջ քննարկումները: Քաղխորհրդի նիստին մասնակցում էր նաեւ Կոնգրեսի անդամ, «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար Զոյա Թադեւոսյանը, որի հետ էլ նիստից հետո զրուցել ենք.

- Տիկին Թադեւոսյան, արդեն մի քանի օր է Հայ ազգային կոնգրեսում սկսվել են համամասնական ցուցակի քննարկումները: Կասե՞ք` ինչ մթնոլորտում անցավ այսօրվա (երեկվա-հեղ.) նիստը:
- Այո, ցուցակի քննարկումները շարունակվեցին, եւ այսօր` ինչպես մինչ այժմ ընթացող քննարկումները, անցան շատ թիմային, ընդունելի հարաբերությունների շրջանակում: Նիստի ընթացքում տիրում էր փոխադարձ ըմբռնման, միմյանց կարծիքը հաշվի առնելու տրամադրվածության մթնոլորտ, որտեղ բոլորը լսում են` ով ինչ առաջարկներ է անում, փորձում են հասկանալ, քննարկել առաջարկները:

Հանդես են գալու համապատասխան հայտարարությամբ

Հայոց եթերը մոնիտորինգի տակ

Հունվարի 19-ին Եվրոպական միության գրասենյակում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժամանակավոր հավատարմատար Կարել Հոֆստրան հայտարարեց, որ Հայաստանում առաջիկա ընտրությունների ազատ, արդար անցկացման համար ԵՄ-ի կողմից տրամադրվող 1,7 միլիոն եվրոյից գումար է հատկացվելու նաեւ հեռուստաեթերի մոնիտորինգ իրականացնելու համար:

«Թեկնածուների եւ կուսակցությունների լուսաբանումը ոչ միշտ է եղել անկողմնակալ, ուստի լրատվամիջոցների մոնիտորինգի կարիք կա: Այս գործընթացը կսկսենք փետրվարի 1-ից, որովհետեւ, ինչպես հայտնի է, քարոզչությունը չի սկսվելու միայն պաշտոնական քարոզչության ընթացքում»,- պարզաբանեց ԵԱՀԿ ներկայացուցիչը: Եվ քանի որ երեկ փետրվարի 1-ն էր, ԵԱՀԿ գրասենյակից հետաքրքրվեցինք` սկսվե՞լ է հեռուստաեթերի մոնիտորինգը: Պարզվեց` ոչ միայն դեռ չի սկսվել, այլեւ մոնիտորինգ անցկացնող ընկերություն դեռեւս չի գտնվել: «Դա մոտավոր ժամկետն էր, որ պարոն Հոֆստրան ասել էր, արդեն հայտարարվել է մրցույթ, մի քիչ հետաձգվում է մոնիտորինգը»,- ասաց ԵԱՀԿ գրասենյակի մամուլի եւ հանրային կապերի պատասխանատու Գոհար Ավագյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ մոնիտորինգն անցկացվելու է 18 ամսով, այսինքն` նաեւ նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում:

Ցանկալի է` հանրությանը հայտնի մարդիկ լինեն ցուցակում

Սպասում են Տեր-Պետրոսյանի խոսքին

Հայ ազգային կոնգրեսի նախօրեին տեղի ունեցած քաղխորհրդի նիստին «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը չէր մասնակցում, քանի որ կուսակցությունը իր գրասենյակում անցկացնում էր սեփական քաղխորհրդի նիստը` մարզերի ներկայացուցիչների, կուսակցության քաղխորհրդի անդամների մասնակցությամբ:

Իսկ Կոնգրեսի նիստում, ինչպես տեղեկացրել ենք, քննարկվում էր համամասնական ցուցակի կազմման հարցը: Երեկ զրուցել ենք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանի հետ.

- Պարոն Մկրտչյան, նախօրեին «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում ընդլայնված նիստ էիք անցկացնում: Ի՞նչ էիք քննարկում:
- Այդ քննարկումը հիմնականում նվիրված էր մեծամասնականով թեկնածուներ առաջադրելու խնդրին: Մենք ունենք 12-15 ակտիվ կուսակցականներ, հանրությանը հայտնի մարդիկ, որոնք հանրապետության տարբեր վայրերում` սկսած Շիրակից, վերջացրած Արարատով, Սիսիանով, կարող են «բոյ տալ» օլիգարխների դեմ: Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ դա կարող են անել Աշոտ Զաքարյանը, Սափեյանները, Սմբատ Այվազյանը, Սուրեն Աբրահամյանը, ես կամ մեկ ուրիշը: Միայն մեկ հարց կա, որի պատճառով քննարկումները չավարտվեցին: Պետք է լուծել ֆինանսական խնդիրը:

Նորամուծություն

Կկեղծե՞ն էլեկտրոնային եղանակով

ՀՀ այն քաղաքացիները (եւ նրանց ընտանիքի անդամները), որոնք աշխատում են արտերկրում ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում կամ հայաստանյան ընկերությունների արտերկրյա մասնաճյուղերում, այսուհետ կարող են ՀՀ համապետական ընտրություններին մասնակցել նաեւ էլեկտրոնային քվեարկությամբ: Քվեարկությունը, ինչպես երեկվա ԿՀԸ-ի նիստի ժամանակ տեղեկացրեց ԿԸՀ անդամ Տաթեւ Օհանյանը, տեղի է ունենալու ԿԸՀ պաշտոնական կայքում: Քվեարկությունը նշված անձանց համար սկսվելու է քվեարկության օրվանից 9 օր առաջ` Երեւանի ժամանակով ժամը 8:00-ին եւ ավարտվելու է քվեարկության օրվանից 5 օր առաջ` երեկոյան 20:00-ին: Քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ ԱԳՆ-ն եւ ՀՀ այն ընկերությունները, որոնք արտերկրում ունեն մասնաճյուղեր, ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչություն են ներկայացնում այն անձանց ցանկը, ովքեր կարող են քվեարկել էլեկտրոնային եղանակով:

Հեղինակի մասին

Սյուզաննա Պողոսյան
ՀԺ լրագրող