Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը հրապարակել է օրերս Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում անցկացված հարցումների արդյունքները, որոնց նպատակն է պարզել, թե այդ երկու քաղաքների բնակիչները որ ազգի ներկայացուցիչներին են ավելի շատ համակրում կամ հակակրում: Եվ այսպես, Մոսկվայում հարցվածների 3 տոկոսը նշել է, որ ամենամեծ համակրանքը տածում է հայերի հանդեպ: Սանկտ Պետերբուրգում հայերի հանդեպ համակրանք է տածում հարցվածների 2 տոկոսը: Մոսկվայում վրացիներին համակրում է հարցվածների 3, իսկ Սանկտ Պետերբուրգում` 2 տոկոսը: Ինչ վերաբերում ադրբեջանցիներին, երկու քաղաքներում էլ նրանց համակրողների թիվը 1 տոկոսից ցածր է, եւ կոնկրետ թիվ չի հիշատակվում: Մոսկվացիները ամենաշատը համակրում են հենց ռուսներին` 44 տոկոս, հետո բելոռուսներին` 17 տոկոս, ուկրաինացիներին` 15 տոկոս: Դրանից հետո մյուս ազգերի նկատմամբ համակրանքի ամենաբարձր ցուցանիշը 3 տոկոսն է:
Միաժամանակ, այն հարցին, թե որ ազգի հանդեպ են ամենամեծ հակակրանքը տածում, մոսկվացիների 6 տոկոսը նշել է հայերին: Սանկտ Պետերբուրգում հայերին հակակրում է հարցվածների 3 տոկոսը: Պետք է ընդգծել, սակայն, որ երկու քաղաքներում էլ «ամենահակակրելի ազգ» են նշվել կովկասցիները, համապատասխանաբար` 31 եւ 28 տոկոս: Մոսկվայում վրացիներին հակակրում է հարցվածների 9, Սանկտ Պետերբուրգում` 6 տոկոսը: Ադրբեջանցիներին Մոսկվայում հակակրում է 17, իսկ Սանկտ Պետերբուրգում` 11 տոկոսը: