ՀԺ

ՀԺի Հոդվածները

Սերժը` ԵԿՄ-ում

Սերժ Սարգսյան
Փետրվարին 18-ին ՄՀՀ-ում տեղի ունենալիք ԵԿՄ 9-րդ համագումարին, մեր տեղեկություններով, կմասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը: Համագումարն ընտրելու է մոտ 60 հոգանոց վարչություն, որն էլ իր հերթին ընտրելու է ԵԿՄ նախագահ:

Բնականաբար, գեներալ Մանվել Գրիգորյանը կրկին կվերընտրվի այդ պաշտոնում: Մեր տեղեկություններով, համագումարին որեւէ կուսակցություն հրավիրված չի լինելու, հրավիրվելու են մտավորականներ: Հնարավոր է ԵԿՄ-ն նաեւ անի այն հայտարարությունը, որ 2003 թվականից հետաձգվում է:

Օրակարգ

Սերոբին մերժեցին

Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ անփոփոխ է թողել Լոռու մարզի դատարանի վճիռը, որով Սերոբ Տեր-Պողոսյանը մանկապղծության համար դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

Վերաքննիչ վարույթն իրականացվում էր Տեր-Պողոսյանի բողոքի հիման վրա, եւ վերջինս քննությանը մասնակցելու համար դատարան էր բերվել: Տեր-Պողոսյանը «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից վերջերս տեղափոխվել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ եւ, բժիշկների խոսքով, բուժվում է աղիքային քաղցկեղի դեմ: Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ իրենք առաջիկայում կդիմեն Վճռաբեկ դատարան, սակայն նկատեց, որ դեռ պետք է խորհրդակցի իր պաշտպանյալի հետ:

Օրակարգ

Վովային կըզցնողը

Հայկ Գեւորգյան
ՀՀ ոստիկանության Երեւանի քննչական վարչության քննիչ Ա. Ասատուրյանը երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեղադրանք է առաջադրել «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանին:

Վերջինս մեղադրվում է վրաերթ կատարելու եւ դեպքի վայրը լքելու համար. արարքներ, որոնք նախատեսում են մինչեւ երեք տարվա ազատազրկում: Հայկ Գեւորգյանը չի ընդունել մեղադրանքը, իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց եւ քննիչի ու փաստաբանի ներկայությամբ բանավոր հայտարարել է, որ սույն քրեական հետապնդումը համարում է ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից պատվիրված հետապնդում իր լրագրողական գործունեության համար: «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը երեկ խմբագրությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչու պետք է Վովա Գասպարյանը հետապնդում իրականացներ Հայկ Գեւորգյանի նկատմամբ, ասել է. «Հայկ Գեւորգյանն այն մարդն է, որ Վովա Գասպարյանին պարտադրեց ԱՊՊԱ կտրոն փակցնել սեփական մեքենայի դիմապակուն: Իսկ թե սա ինչպիսի վիրավորանք է սերժանտական չինովնիկի համար, հասկանում եք ինքներդ»:

տես էջ 3

Ընդդեմ խոսքի ազատության

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմի հայտարարությունը

2012թ. փետրվարի 3-ին, ժամը 11-ի մերձակայքում, ոստիկանական «հատուկ ուժային» գործողությամբ ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, հայտնի լրագրող Հայկ Գեւորգյանը եւ տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս ընթացքում Հայկ Գեւորգյանին զանգ կատարելու հնարավորություն չի տրվել, որեւէ պաշտոնական մարմին հարազատներին տեղյակ չի պահել նրա գտնվելու վայրի մասին:

ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները լրագրողին կալանավայր տեղափոխելու որոշումը բացատրել են նրանով, որ դեռեւս հունվարի 23-ից Հայկ Գեւորգյանը գտնվում է հետախուզման մեջ` իր կողմից վարվող մեքենայի հետ կապված ճանապարհատրանսպորտային ինչ-որ պատահարի առնչությամբ: 

Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով` մարդու նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել, եթե նրա գտնվելու վայրը հայտնի չէ, եւ նա թաքնվում է քննությունից:

Այսպիսի բաներ

Սկսել ա (2012-2-4)

Երեկ` օրվա երկրորդ կեսին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ էին հավաքվել մի խումբ կանայք: Խումբն, ի դեպ, բավական մեծ էր: Բոլորը ձեռքներին մեծ-մեծ տոպրակներ կամ պայուսակներ ունեին: Մեր թղթակիցը փորձել է պարզել, թե ինչ հաշիվ է, կանանցից մեկն էլ պարզաբանել է, որ ՀՀԿ կանանց խորհուրդը իրենց երկու օրով տանում է Ծաղկաձոր` հանգստանալու: Թե մինչեւ առաջիկա ընտրությունները էլ ինչ հնարքների կդիմի Հանրապետական կուսակցությունը` հանրության որոշ շերտերի համակրանքը շահելու համար, հայտնի չէ:

Այսպիսի բաներ

Ինչպիսի՜ ընտրություն

Երեկ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ է նշանակել «Արմենպրես» գործակալության նախկին տնօրեն Հրայր Զորյանին, որը «Արմենպրեսի» տնօրենի պաշտոնից ազատվելու դիմում էր գրել 2011-ի հոկտեմբերին, երբ մի խումբ աշխատակիցներ նամակ տարածեցին ԶԼՄ-ներում, որտեղ բողոքում էին, որ Զորյանն անմարդկային վերաբերմունք է դրսեւորում գործակալության աշխատակիցների հանդեպ, խիստ ցածր աշխատավարձ է վճարում, մշտապես լրագրողների փոխարեն ինքն է մեկնում գործուղումների եւ այլն: Նամակում, որը տպագրվեց նաեւ մի քանի թերթերում, խոսվում էր նաեւ այլ չարաշահումների մասին: Այնինչ, Սամվել Նիկոյանը ԱԺ-ում հավատարմագրված մի խումբ լրագրողների վստահեցնում էր, թե նույն վարչության այլեւս նախկին պետ Գոհար Պողոսյանի փոխարեն ավելի լավ նշանակում կանի: Ի դեպ, ըստ մեզ հետ զրուցած իրավաբանների, Նիկոյանը Զորյանին նշանակել է օրենքի կոպիտ խախտումով: Ըստ «ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի, տվյալ դեպքում Նիկոյանը պարտավոր էր կամ արտամրցութային նշանակում անել նույն վարչության պետական ծառայողներից, կամ` մրցույթ հայտարարեր:

Օրվա լրահոսից

Ժրաջան մեղվի պես

ՀՀԿ նախընտրական շտաբը գրեթե ամեն օր նիստ է անում: Երեկ էլ ՀՀԿ էին հրավիրվել ՀՀ բոլոր մարզպետներն ու քաղաքապետերը: Առաջիկա ընտրություններից առաջ նրանք պարբերաբար հրահանգներ են ստանում կենտրոնական շտաբից: Թե երեկ ինչ է քննարկվել ՀՀԿ շտաբի նիստում, դեռ հայտնի չէ:

Օրվա լրահոսից

ՀՀԿ վերջնական որոշումները

Հանրապետական կուսակցությունը վերջնական որոշում է կայացրել, որ թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան համայնքը, կրկին առաջադրելու է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թեկնածությունը: Թիվ 2 ընտրատարածքում (Նոր Նորք) ՀՀԿ թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանը, որն այժմ զբաղեցնում է Հանրային հեռուստառադիոընկերության լրատվավերլուծական ծրագրերի ղեկավարի պաշտոնը: Թիվ 3 ընտրատարածքում (Քանաքեռ-Զեյթուն) ՀՀԿ թեկնածուն կլինի «Քեթրին գրուպ» ընկերության տնօրենը: Հիշեցնենք, սույն ընկերությունը պատկանում է ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանին: Այստեղից գործող պատգամավորը ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանն է, որ այս անգամ չի առաջադրվելու մեծամասնականով: Թիվ 4 ընտրատարածքում (Արաբկիր) ՀՀԿ թեկնածուն Արտակ Սարգսյանն է` ՍԱՍ-ի Արտակը: Թիվ 5-ում (Դավիթաշեն) որոշումը դեռ վերջնական չէ. քննարկվում է Ազատամարտի վետերանների միության նախագահ Համլետ Հովսեփյանի եւ Դավիթաշենի գործող թաղապետ Արթուր Գեւորգյանի թեկնածությունները: Վերջինս ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի եղբորորդին է: Ռուբեն Գեւորգյանը պատրաստվում է նույն ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվել: Թիվ 6 ընտրատարածքում (Աջափնյակ) ՀՀԿ-ի թեկնածուն այս անգամ նույն համայնքի ղեկավար Ռուբեն Հովսեփյանն է` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը: Թիվ 7 ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա) կրկին առաջադրվելու է Սամվել Ալեքսանյանը, թիվ 8-ում էլ (Մալաթիա-Սեբաստիա) ՀՀԿ-ն կրկին սատարելու է Կորյուն Նահապետյանին, որը Սամվել Ալեքսանյանի բարեկամն է: Թիվ 9-ում ՀՀԿ թեկնածուն կրկին Ռուբեն Սադոյանն է:

Ազատություն Հայկ Գեւորգյանին

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

Նիկոլ Փաշինյան
Երեկ «ՀԺ»-ի խմբագրությունում տեղի ունեցած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հրապարակել է թերթի առաջին էջում տպագրված հայտարարությունը եւ պատասխանել լրագրողների հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք մի քանի հարցուպատասխան:

- Պարոն Փաշինյան, ասացիք, որ հունվարի 13-ի հրապարակման օրը փորձ է արվել միջադեպ սադրել: Հայկը պատմե՞լ է այդ մասին, թե՞ դուք ենթադրում եք:
- Հայկն է պատմել. 2012 թվականի հունվարի 13-ի  «Հայկական ժամանակ» օրաթերթում լույս է տեսնում հրապարակում՝ «Յաշիկս վկա» վերնագրով: Երկրորդ էջում լույս է տեսնում Հայկ Գեւորգյանի ստորագրած՝ «Եւ Աստված ասաց՝ Վովա» վերնագրով հրապարակումը: Նյութի հրապարակման օրը, հունվարի 13-ին, հենց առավոտյան,  պետավտոտեսուչները կանգնեցնում են Հայկ Գեւորգյանի ավտոմեքենան: Հայկը հարցնում է՝ խախտում արե՞լ եմ: Պատասխանում են` ոչ, խախտում չեք արել, ուղղակի ԱՊՊԱ կտրոն չկա ձեր մեքենայի դիմապակու վրա: Հայկ Գեւորգյանը ավտոտեսուչին պատասխանում է, որ ԱՊՊԱ կլինի այն ժամանակ, երբ նման կտրոն կլինի ոստիկանության պետ Վովա Գասպարյանի ավտոմեքենայի դիմապակուն: Պետավտոտեսուչը փորձում է տուգանել Հայկին, բայց վերջինս բացատրում է, որ ինքը ԱՊՊԱ կտրոն փակցնելու հետ խնդիր չունի, տուգանվելու հետ էլ խնդիր չունի, բայց ոստիկանը իրեն կարող է տուգանել միայն այն բանից հետո, երբ նախ կտուգանվի Վովա Գասպարյանը` իր ավտոմեքենային ԱՊՊԱ կտրոն չունենալու համար: Այդ մասին, ի դեպ, հրապարակում կա արդեն մեր թերթի հունվարի 14-ի համարում: Հունվարի 13-ի երեկոյան Հայկ Գեւորգյանը գնում է էկոնոմիկայի նախարարություն: Երբ նախարարությունից դուրս է գալիս, մեքենան կայանված է լինում, ու երբ պատրաստվում է հետընթացով դուրս գալ կայանատեղիից, տեսնում է հետեւը մի մարդ է կանգնած: Ազդանշան է տալիս, բայց մարդը չի հեռանում:  Հայկը հետո պատմել է ինձ, ասում էր` տեսա` չի հեռանում, ապակին իջեցրի` ասացի՝ դուրս եմ գալիս, ճանապարհ տուր, որ դուրս գամ: Երբ  այսպես բանավոր խնդրում է, հորդորում է ճանապարհ տալ, որ դուրս գա, էդ մարդը մի փոքր էն կողմ է անցնում: Հայկը հետընթացով դուրս է գալիս: Պատկերացրեք` ինչ արագություն կարող է լինել կայանատեղիից հետընթացով դուրս գալու ժամանակ: Գրեթե զրո: Ինքը ասում է, որ իր տեսադաշտում էր էդ մարդը, եւ երբ մի փոքր հետ է գնում, մարդը, որը գտնվել է մեքենայի մերձակայքում, ոտքը բռնում է, ասում՝ վախ, վախ, վախ, վախ: Հայկը, հասկանալով՝ ինչ է կատարվում, դուրս է գալիս, ասում է՝ հիմա ոստիկանություն կկանչեմ, էս ինչ ես անում, ուզում էիր բա՞ն սարքել:

Հեղինակի մասին

ՀԺ
Այլ հեղինակ