Զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին եւ վիրավորված զինծառայողներին աջակցելու համար Ազգային ժողովի պատգամավորների եւ աշխատակիցների կողմից ստեղծված հիմնադրամը նոյեմբերի 1-ից սկսել է գումարների հավաքագրումը: Այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել հիմնադրամի կայքի շնորհանդեսը: zinvor.org կայքից տեղեկանում ենք, որ այս պահի դրությամբ հավաքագրվել է 2 միլիոն 36 հազար 80 դրամ:
Հիմնադրամին գումարներ են փոխանցում ԱԺ-ի բոլոր աշխատակիցները՝ սկսած վարորդներից, թիթեղագործներից, այգեգործներից, բակապահներից ու բանվորներից, վերջացրած ավտոլցավողներով, հավաքարարներով, պատգամավորի օգնականներով, պատգամավորներով, ԱԺ նախագահով:
Նվազագույն փոխանցումը եղել է 160 դրամ, առավելագույնը՝ 466 հազար 390: Առավելագույն վճարը կատարել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիմնադրամին վճարել է 11 980 դրամ: ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ 6630 դրամ է փոխանցել, նույնքան է փոխանցել նաեւ գործարար պատգամավոր Գարեգին Նուշիկյանը: Սամվել Ալեքսանյանն այս հանձնաժողովին փոխանցել է 5670 դրամ, Արկադի Համբարձումյանը «Դերժավայի Արկադի»՝ 4720 դրամ, Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր)՝ 5040 դրամ, Սեյրան Սարոյանը 6610 դրամ:
Փոխանցված գումարների մասով առաջին տեղերում են Դաշնակցություն խմբակցության պատգամավորները. Կարեն Շախմուրադյանը փոխանցել է 26 770 դրամ, Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը՝ 33 հազար 70-ական:
Գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անունը փոխանցումներ կատարողների ցանկում չկա:
Նշենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Գալուստ Սահակյանը, քարտուղարը` Հրայր Թովմասյանը:
Ստորեւ ներկայացված է առաջին 50 մասնակիցների փոխանցման պատկերը. (ամբողջական ցանկը՝ այստեղ)