Հասունանում է Սեյրան Օհանյանի հրաժարականը. 4 ձերբակալված եւ 3 պաշտոնանկ վարչության պետ

01/06/2016 schedule09:35

Երեկ հայտնի դարձավ պաշտպանության համակարգում աղմկոտ ձերբակալությունների մասին: Միանգամից 3 բարձրաստիճան  զինվորականներ` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը ձերբակալվել են մայիսի 30-ին:

Առաջին երկուսը բոլորովին վերջերս էին ազատվել զբաղեցրած պաշտոններից:  ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը եւ ԶՈՒ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության  կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական եւ հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Մի քանի շաբաթ առաջ ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանն էր ձերբակալվել, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ:

Հիշեցնենք, ապրիլի 26-ին էլ պաշտպանության համակարգում աղմկոտ պաշտոնանկություններ եղան: Սերժ Սարգսյանի հրամանագրով, աշխատանքից ազատվեցին ՊՆ երեք պաշտոնյաներ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Ինչպես այդ օրերին գրեց ռուսական «Կոմերսանտը», վերջիններիս պաշտոնանկությունն ուղղակիորեն կապված էր ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի ունեցած խնդիրների հետ: Մեկը՝ որովհետեւ հետախուզությունը լավ չէր դրսեւորել իրեն, մյուսը՝ որովհետեւ վիրավորների համար անհրաժեշտ բժշկական միջոցներ չկային, երրորդը` որովհետեւ զինվորները կապի խնդիր ունեին եւ այլն: Ավելի հավանական է, որ վերոը նշված ձերբակալությունները նույնպես պատերազմական օրերի հետ են կապված: Համենայնդեպս երեքի դեպքում էլ այն արարքները, որոնց մեջ նրանք մեղադրվում են, ըստ ՔՕ մեկնաբանության, «առաջացրել են ծանր հետեւանքներ»:

Այս օրերին պաշտպանության համակարգում ավելի ծանր հետեւանքներ, քան չորսօրյա պատերազմի հետեւանքներն են, չես գտնի: Ավելին, այս բոլոր ձերբակալությունները տեղի են ունեցել զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործերի շրջանակներում: Չի բացառվում, որ խոսքը հենց չորսօրյա պատերազմի հետեւանքով հարուցված քրեական գործի մասին է: 

Չորսօրյա պատերազմն ընդհանրապես ջախջախեց Հայաստանի իշխանությունների ձեռքի մշտական «հաղթաթուղթը», որով նրանք արդարացնում էին Հայաստանի ներքին կյանքում գոյություն ունեցող բոլոր բացասական երեւույթները: «Պատերազմի մեջ ենք, թշնամին չոքել է մեր դռանը, բանակ ենք պահում». այս նախադասությամբ տարիներ շարունակ« բացատրվել են» Հայաստանում ընտրությունները կեղծելը, տնտեսական մենաշնորհները, սոցիալական ծանր իրավիճակը, աճող աղքատությունը: Յուրաքանչյուր կեղծված ընտրություն ժողովուրդը մեծ հաշվով ներել է`գիտակցելով, որ ներքաղաքական սուր ցնցումները Հայաստանի համար անթույլատրելի շքեղություն են: Մենաշնորհները, օլիգարխիան ու նման բացասական երեւույթները ԱԱԾ-ական մեթոդներով հիմնավորվել  են նրանով, թե այդ նույն մարդիկ «տակից» ֆինանսավորում են բանակը, իրենց չմուծած հարկերը մուտք են անում ստվերային բյուջե, որը ծախսվում է սպառազինությունների գնման նպատակով եւ այլն: Ընդամենը ռազմական գործողությունների չորս օր եւ այլեւս հնարավոր չէ այս հեքիաթները որեւէ մեկին հրամցնել: Իսկ որտեղ ավարտվում է հեքիաթը, այնտեղ սկսվում է իրականությունը: Մեր իրականությունն այն է, որ տասնամյակներ շարունակ իշխանությունները Հայաստանում բանակն ու պատերազմը որպես շիրմա են ծառայեցրել իրենց համար, Հայաստանի բյուջեն մսխելու, ժողովրդին հարստահարելու եւ իշխանությունն ամեն գնով պահպանելու համար:

Չորս ձերբակալված եւ երեք պաշտոնանկ արված վարչության պետ պաշտպանության նախարարությունում. սա խայտառակ իրավիճակ է, որտեղ պաշտպանության նախարարին այլ բան չի մնում, քան հրաժարական տալ: Կարծում ենք, զարգացումներն ի վերջո հենց դրան էլ կհանգեցնեն: Եթե Սեյրան Օհանյանը այնուամենայնիվ աներեր մնա, պետք է արձանագրել, որ նա նախանձելի վերաբերմունք ունի իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ:

Երեկ հետաքրքիր զուգադիպությամբ ՊՆ գեներալի եւ գնդապետների ձերբակալության լուրին զուգահեռ էլեկտրոնային ԶԼՄ-ներում լայն տարածում գտավ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի` «Սիվիլնեթին» տված հարցազրույցը, որտեղ Բաբայանը, որը, հիշեցնենք, երկարատեւ բացակայությունից հետո օրերս է վերադարձել Մոսկվայից, վերլուծում է թե՛ ապրիլի սկզբին կատարվածը, եւ թե՛ Հայաստանի պաշտպանության համակարգում տիրող վիճակը:

Բաբայանն այս հարցազրույցում բազմաթիվ ռազմական նշանակության կարեւոր հայտարարություններ արեց: Օրինակ, նա ասաց, որ ադրբեջանական կողմը ապրիլի լույս 2-ի գիշերը ոչ թե լայնածավալ պատերազմական գործողություն է նախաձեռնել, այլ ընդամենը դիվերսիոն գործողություն, որտեղ անսպասելիորեն հաջողության է հասել: «Փաստը նա է, որ կես ժամ, մի ժամվա մեջ այդ ամբողջ դիրքերը հանձնվել են, որից հետո փորձել ենք վերականգնել հարձակումներով, ինչն էլ բերել է կորուստներին»,- ասում է Բաբայանը: Մինչեւ հիմա դեպքերի նման զարգացում որեւէ մեկը չէր նկարագրել: Ըստ Բաբայանի, գիշերվա գործողության ընթացքում ադրբեջանական կողմը գրավել է այն բոլոր դիրքերը, որոնց մի մասը մինչ այժմ գտնվում է նրա վերահսկողության տակ, եւ ապրիլի 2-ի օրվա երկրորդ կեսից հայկական զորքը հարձակումներ է նախաձեռնել՝ դրանք հետ բերելու համար: Այս հայտարարությունը նշանակում է, որ ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 5-ի կեսօր մարտերը մղվել են կորցրած դիրքերը հետ ստանալու համար:

Սա նորություն է, որին, կարծում ենք, ՊՆ-ն պետք է արձագանքի: Բաբայանն այլ ռազմական-դիվանագիտական նշանակության հայտարարություններ էլ է անում, որոնց վերաբերյալ կոմպետենտ պաշտոնյայի բացատրությունները հետաքրքիր կլինեին:

Սակայն պակաս ուշագրավ չէ այդ հարցազրույցի 3 դրվագ: Նախ նա ասում է, որ պատերազմից հետո ղարաբաղցիք իրեն «անընդհատ զանգել են եւ խնդրել` բա գաս, մի հատ խոսենք»: Երկրորդ. անուղղակիորեն հայտարարում է, որ եկել է իշխանություններին օգնելու համար` «Ես եկել եմ՝ լինեմ ժողովրդի կողքին, իրանց օգնեմ, կասե՞ն` պետք է պահենք էս ամեն ինչը, կանեմ ինձանից կախվածը, որպեսզի պահենք, ուզում են հանձնե՞ն` դա ժողովուրդն է որոշում»: Եվ երրորդ, խոսելով բանակի վիճակի մասին, ասում է. «Ոգով չի կարելի բանակ պահել (...) Ես չեմ մտածում նման ձեւի բանակ ղեկավարել, պատրաստ չեմ»: Ինչո՞ւ պետք է ինքը բանակ ղեկավարի, ո՞ր բանակը, ո՞վ է իրեն նման բան առաջարկել. այս հարցերի պատասխանը, համենայնդեպս, այս հարցազրույցում չկա:

Տպել
23787 դիտում

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում