Առաջարկում են հարկերի ավելացում

16/06/2015 schedule12:20

Կառավարության հեղինակած պայթյունավտանգ օրինագծերը, որոնք վերաբերում են հարկային օրենսդրությանը եւ որոնց մասին գրել էինք անցյալ շաբաթ, հասան Ազգային ժողով, եւ կառավարության նախաձեռնությամբ երեկ մեկնարկած ԱԺ արտահերթ նիստը խոստանում է թեժ լինել:

Արտահերթ ռեժիմով խորհրդարան ուղարկված «Ակցիզային հարկի» մասին օրենքով կառավարությունն առաջարկում է նոր տեսակի հարկ սահմանել ավտոգազալցակայանների վրա: Ըստ այդմ՝ գազալցակայանները պարտավոր են հազար խորանարդ մետրի համար շուրջ 8 հազար 400 դրամ ակցիզային հարկ վճարել: Սա նշանակում է, որ կլինի միանգամից 8.4 տոկոս գնաճ: Սա կարող է նաեւ առիթ դառնալ տրանսպորտի սակագնի թանկացման համար: «Ակնհայտ է, որ սա բացասական ազդեցություն է թողնելու թե՛ ազգաբնակչության վրա, որովհետեւ հավելյալ բեռ է, թե՛ բերելու է նոր գնաճի: Այլ կերպ ասած՝ սրա ազդեցությունը կտրուկ եւ բավական լուրջ վատթարացնող վիճակ է ստեղծելու եւ ակնհայտ բացասական ազդեցություն է ունենալու մեր երկրի տնտեսության վրա: Գնի այս աճը, բնականաբար, բերելու է նաեւ գնողունակության անկման»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Բացի այս՝ կառավարությունն առաջարկում է բարձրացնել ծխախոտի եւ խմիչքի ակցիզային հարկը՝ 10 տոկոսով: Դա, ըստ պատգամավորի, բերելու է այս ապրանքատեսակների արտադրությամբ զբաղվող հայկական ձեռնարկություններում իրացման ծավալների նվազեցմանը, ինչն էլ, իր հերթին, բերելու է արտադրության ծավալների, հետեւաբար՝ նաեւ աշխատողների կրճատմանը: Այսինքն՝ տեղական արտադրողները վնաս են կրելու:

Թեւերս, պատահական չէր, որ երեկ, երբ նիստի մեկնարկին Արծվիկ Մինասյանն առաջարկեց «Ակցիզային հարկի» եւ «Պետական պարտքի մասին» օրինագծերը հանել օրակարգից, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ այդ օրինագծերը տնտեսական հանձնաժողովում չեն քննարկվել: Մինչ այդ, ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը դժգոհեց, որ պատգամավորները չեն հասցրել ծանոթանալ նախագծերին եւ հետեւաբար՝ դրանց 24-ժամյա ռեժիմով քննարկումն անթույլատրելի է: Այս կարծիքը կիսեցին նաեւ մյուս խմբակցությունները, թեեւ՝ ոչինչ չփոխվեց: 

Բայց սա ամբողջը չէ: Կառավարությունը խորհրդարան է ուղարկել նաեւ «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ներկայումս պետական պարտքը ՀՀ կենտրոնական բանկի եւ կառավարության պարտավորությունների հանրագումարն է, եւ գործող օրենքով սահմանված է պահանջ, որ եթե պետական պարտքը համախառն ներքին արդյունքի 50 տոկոսի չափով է, ապա բյուջեի դեֆիցիտը չի կարող 3 տոկոսից ավելին լինել: Եթե պետական պարտքը 60 տոկոսից ավել է, այդ դեպքում արգելվում է որեւէ լրացուցիչ պետական պարտքի ներգրավումը, եւ ցանկացած նման գործարքը առ ոչինչ է: Հիմա կառավարությունն առաջարկել է, որպեսզի այդ սահմանափակումները կիրառվեն ոչ թե պետական պարտքի նկատմամբ, այլ բացառապես կառավարության պարտքի նկատմամբ, այսինքն՝ Կենտրոնական բանկի ձեւավորած պարտքը թողնել ավելի ազատ վիճակում եւ անվերահսկելի: «Սա նշանակում է, որ կառավարությունը մի կողմից բացասական սպասում է ձեւավորում տնտեսության մեջ, ըստ էության՝ տնտեսվարող սուբյեկտներին եւ քաղաքացիներին ասելով, որ մենք ունենք լուրջ պրոբլեմ եւ հետեւաբար՝ ազատ պիտի թողնենք Կենտրոնական բանկին, մյուս բացասական դրսեւորումն էլ այն է, որ ԿԲ-ի կողմից ձեւավորվող արտաքին պարտքերը կամ նույնիսկ ներքին պարտքերը գտնվելու են անվերահսկելի տիրույթում: Սա անընդունելի մոտեցում է»,- մեզ հետ զրույցում ասում էր Արծվիկ Մինասյանը, ով, ինչպես վերը նշեցինք, նաեւ այս օրինագիծն էր առաջարկում քննարկումից հանել:

Սա էլ ամբողջը չէ: Կառավարությունը խորհրդարան է ուղարկել նաեւ մի փաթեթ, որը վերաբերում է ոսկու մշակմամբ զբաղվող անձանց շրջանառության հարկից արտոնագրային վճարով հարկման դաշտ տեղափոխելու խնդրին: Այստեղ էլ բարձր դրույքաչափերով հարկման առաջարկ է արվում, ինչը, բնականաբար, մեծ դժգոհությունների առիթ է դառնալու սույն բիզնեսով զբաղվողների համար: Ի դեպ, այդ նախագիծը նրանց հետ չի քննարկվել, եւ ինչպես ասում էր Արծվիկ Մինասյանը, ըստ էության, անտեսելով այդ մարդկանց տեսակետը՝ նորից փորձ է արվում Ազգային ժողովում քննարկման առարկա դարձնել մի նախագիծ, որի շահառուները միայն խորհրդարանում քննարկման ժամանակ են տեղեկանալու, թե ինչ փորձանք է գալու իրենց գլխին:

Դեռ անցյալ շաբաթ, երբ տեղեկություններ ստացանք, որ կառավարությունը հարկային օրենսդրությանը վերաբերող խիստ վտանգավոր օրինագծեր է ուղարկելու ԱԺ, հանրապետական պատգամավորները մեր մասնավոր զրույցներում նշում էին, թե բյուջեն լցնելու խնդիր կա եւ պայթյունավտանգ օրինագծերի առաջարկը դրանով է պայմանավորված: «Բայց դա մոտեցում չէ: Եթե դու բյուջեն ամեն գնով ուզում ես լցնել, նշանակում է՝ տնտեսության հերն անիծում ես: Հիմա մեր տնտեսության մի կարեւոր հատվածի ուղղակի ասում ենք՝ փակվեք կամ առնվազն հայտնվեք այնպիսի վիճակում, որ վնասներ կրեք: Կարճաժամկետ առումով գուցե բյուջեին որոշակի գումար գա, բայց միջինժամկետ առումով դա կրկնակի եւ եռակի վնաս է տալու մեր պետությանը, տնտեսությանը, պետական բյուջեին: Այս կարճաժամկետ մտածողությունը, իրավիճակային մտածողությունը չի արդարացնում»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա, ավտոգազալցակայաններում գազի գնի թանկացումը կարող է ընդվզումների պատճառ դառնալ:

Երեկ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, թե հարկերի մեղմ բարձրացում է տեղի ունենալու, իսկ ինչ վերաբերում է համապատասխան հանձնաժողովում սույն օրինագծերը մանրակրկիտ չքննարկվելուն, ասաց. «Դրա նորմալ քննարկվելը ո՞րն է, պարզապես ասվում է, որ այսքան տոկոս բարձրանում է: ԱԺ լիագումար նիստն էլ քննարկման ավելի թեժ վայրն է»: Երբ նկատեցինք, որ դրանք բունտերի պատճառ կարող են դառնալ, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Բունտերից հետ կանգնեք: Հայը կշռադատված է: Ուզում եք դոտացիաներ տանք հոսանքի համար, ուզում եք աշխատավարձ բարձրացնենք, ուզում եք, որ հանքարդյունաբերություն չունենանք, ամբողջ աշխարհը ընդերքով է ապրում, մեր մոտ բունտ են անում, որ հանքերը չշահագործեք, որեւէ բան չանենք: Սա պատերազմող պետություն է, դա լավ օրից չէ, որ արվում է»: Նկատառմանը, որ բյուջե լցնելու խնդիր կա, ԱԺ նախագահը պատասխանեց. «Բյուջեն լցնելը մի քիչ քաղաքավարի մեկնություն չէ, այդ բյուջեն ծառայում է մեր բանակին, մեր առողջությանը, մեր դպրոցին, մեր թոշակներին»:

Տպել
2483 դիտում

Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ինֆարկտ տարած գյուղապետը հետ է վերցրել փաստաթղթերը. նախընտրական կրքեր գյուղերում

ԱԻՆ-ը կոչ է անում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով. սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Արշակունյաց պողոտայում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպմանը

Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, բռնկված հրդեհն ինքնամարվել է (տեսանյութ)

Քաղաքապետը դեռեւս չի ստորագրել կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը

Երևանի կենտրոնում կրակել են շան վրա. փամփուշտը դիպել է անմիջապես ողնաշարին

Ներկայացվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել վերանայել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության քաղաքականությունը

Հայաստան Մ-19 - Չեռնոգորիա Մ-19 հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով. ՀՖՖ

Արթուր Դանիելյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին. ՀՖՖ

Գյումրու դեպոյի մեքենավարները դիմել են ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն (լուսանկարներ, տեսանյութ)

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակությանը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օրենքով գողերին» քրեական պատասխանատվության ենթարկելու նախագիծը

Մաթեմատիկա, հայոց լեզու եւ պատմություն առարկաների ուսուցիչները աշխատանքի ընդունվելուց առաջ քննություն կհանձնեն

Շվեդ ուսանողները շրջել են խորհրդարանի շենքում. ԱԺ

Դպրոցում 6 քննություն հանձնելով՝ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են. նախարարը՝ նոր նախագծի մասին

Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ