Որքա՞ն կթանկանա էլեկտրաէներգիան

03/06/2015 schedule15:00

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ խորհրդարանում «ավետեց»՝ էլեկտրաէներգիան կթանկանա:

ՀԾԿՀ նախագահը խիստ խառն էր՝ մեկ բյուջեի քննարկմանն էր վազում, մեկ՝ հոսանքի թանկացման հարցով ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի, էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի եւ իր մասնակցությամբ ՀՀԿ խմբակցության կազմակերպած փակ քննարկմանը, հետո՝ ԲՀԿ խմբակցության հետ փակ քննարկմանը: Արանքում էլ հասցրեց լրագրողներին բացատրել, թե ինչով է պայմանավորված էլէներգիայի թանկացումը: «Մի քանի բաղադրիչներ կան սակագնում, որոնք ակնառու են դարձնում, որ սակագնի վերանայման արդյունքում որոշակի թանկացում կլինի։ Ի՞նչ չափով, ինչ մեծությամբ՝ այդ մասին ես այսօր պատրաստ չեմ ասելու։ Թանկացման առաջին բաղադրիչը ակնհայտ դոլար-դրամ փոխարժեքն է»,- հայտարարեց Նազարյանը։ Նա նշեց, որ թանկացման վերաբերյալ ՀԷՑ-ի հայտն ուսումնասիրելու համար թեեւ հանձնաժողովը 88 օր ունի, բայց իրենք հունիսի 9-10-ին նիստ կանեն եւ իրենց դիրքորոշումը կհայտնեն՝ արդյո՞ք սույն հայտը հիմնավորված է եւ ինչ սակագին պետք է սահմանվի: Նազարյանը խոստանում էր ընդամենը, որ այն շքեղությունները, որ ՀԷՑ-ն առաջարկում է ներառել սակագնում՝ թանկարժեք մեքենաների, տների վարձակալություն եւ այլն, սակագնում չեն արտացոլվի: Ավելին՝ ինչպես մեզ հայտնի դարձավ, ԲՀԿ խմբակցության հետ հանդիպման ընթացքում ՀԾԿՀ նախագահը խաչակնքվել է եւ հայտարարել, որ սուրբ խաչը վկա՝ այդ շքեղությունները հանձնաժողովն իսկապես չի ներառի սակագնում:

Միեւնույն ժամանակ՝ նշել է, թե թանկացմանն այլընտրանք չկա եւ պետք է համակերպվել այդ մտքի հետ, պարզապես՝ փորձելու են հնարավորինս քիչ բարձրացնել սակագինը: Ի դեպ, լրագրողների մոտ էլ հայտարարում էր. «Իհարկե, ծանր բեռ է, ծանր խաչ է, որ պետք է տանենք։ Բայց ես ամեն ինչ կանեմ, որ ե՛ւ այսօր, ե՛ւ վաղը, ե՛ւ տարիներ հետո մեր սերունդների առաջ ես չամաչեմ իմ արածից»: Իսկ ժողովրդի անվճարունակությունը, ըստ նրա, կառավարության խնդիրն է: «Այն չափով, որով սակագինը կբարձրանա, մեր կառավարությունը կգտնի հնարավոր միջոցներ, որպեսզի փոխհատուցի սոցիալապես անապահով խավերի համար։ Ես պետք է հավասարակշռեմ բոլորի շահերը: Ես իրականությունը եւ ճշմարտությունը ներկայացնելու ցանկություն ունեմ»,- ասում էր նա։ Ռոբերտ Նազարյանը կարծես թե գիտակցում է, թե ինչ է սպասվում իրեն՝ էլէներգիայի թանկացման վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո ու երեկ անձամբ էր անցել գրոհի: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀԿ խմբակցության հետ հանդիպման ժամանակ նա գրոհել է Բիբինի վրա եւ խիստ քննադատության ենթարկել ՀԷՑ-ի վարած անտաղանդ մենեջմենթը: Բիբինը, մեր տեղեկություններով, հակագրոհի է պատրաստվում հունիսի 12-ի խորհրդարանական լսումների ժամանակ, որոնք, հնարավոր է, փակ անցկացվեն՝ սկանդալային բացահայտումներից խուսափելու համար: Տեսնելով, որ Բիբինը նեղսրտում է, Արտաշես Գեղամյանը որոշել է մեղմել իրավիճակը: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀԿ խմբակցության փակ քննարկման ժամանակ նա հայտարարել է, թե ստեղծված իրավիճակի համար ոչ թե ՀԷՑ-ն է մեղավոր, այլ այն, որ ՀԷԿ-երը քիչ էլէներգիա են արտադրել ու ինչ-որ թվեր է ներկայացրել: Նազարյանը հայտարարել է, թե Գեղամյանի թվերն իրականությանը չեն համապատասխանում: Վերջինս էլ արագ քայլերով դուրս է եկել դահլիճից եւ շտապել իր աշխատասենյակ՝ թղթեր բերելու եւ ռուս գործընկերոջը փրկելու: Հանրապետականները, որ շարունակ ներսուդուրս էին անում, հայտարարում էին, թե ՀԷՑ տնօրենի ներկայացրած հիմնավորումները իրենց չեն բավարարում: Երբ չորս ժամ անց բոլորը դուրս եկան, էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, թե հարցերի չի պատասխանի, եւ հեռացավ, Նազարյանն էլ շտապեց ԲՀԿ-ի հետ հանդիպմանը: Բիբինին լրագրողների շրջափակումից ազատելուց եւ ճանապարհ դնելուց հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե ՀԷՑ նախագահը առայժմ հիմնավորումներ չի ներկայացրել պատգամավորներին, միայն իրենք են մի շարք մտահոգիչ հարցեր բարձրացրել: «Ինքը առայժմ հիմնավորումներ չտվեց, ինձ թվում է՝ հետեւություններ կանեն իրենք, պետք է գնան եւ նորից մտորեն այդ ուղղությամբ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզապես իրենց ներկայացրած թվի հետ ունի տարաձայնություն, նրանք ուսումնասիրում են փաստարկները։ Օբյեկտիվ փաստարկների շրջանակներում հանձնաժողովը կկայացնի իր որոշումը»,- ասաց Բաղդասարյանը: Ըստ նրա, եթե էլէներգիան 17 դրամով թանկացնելու վերաբերյալ ՀԷՑ-ի հայտը չհիմնավորվի, նշանակում է, ընկերությունը վատ մենեջմենթ է իրականացրել: Լրագրողների հարցին՝ չթանկացնելու հնարավորություն չկա՞, Բաղդասարյանը պատասխանեց. «Ես նախօրոք նման տիպի հայտարարություններ չեմ կարող անել, որովհետեւ դեռ ուսումնասիրման փուլում է, եւ այսօր խուսափում ենք ընդհանրապես թվային արտահայտություններով խոսել: Լսումների ժամանակ ինչ-որ բաներ պարզ կլինի»: Հնարավո՞ր է իշխանությունը ՀԷՑ-ն ազգայնացնելու ճանապարհով գնա՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Չեմ ուզում դատողություններ անել, բայց աշխարհում բացառված չէ, լինում են նաեւ նման երեւույթներ»: Իսկ երբ հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս էր բացատրում Բիբինը իր շքեղ Լեքսուսի վարձակալության արժեքը եւ ՀԷՑ-ի վարձակալած առանձնատների ծախսը էլէներգիայի սակագնի մեջ մտցնելը, Բաղդասարյանը պատասխանեց. «Շքեղությունները չեն կարող մտնել սակագնի մեջ, դա բացառվում է: Այդ հարցը բարձրացվել է: Լսումների ժամանակ կպարզաբանենք»: Բաղդասարյանն առաջարկում էր շտապողականություն չցուցաբերել եւ սպասել ՀԾԿՀ որոշմանը:

Մեր տեղեկություններով, խնդիրը լուծելու շրջանակներում քննարկվել է անգամ այն տարբերակը, որ ՀՀ-ն ինչ-որ մի բաժնեմաս գնի ՀԷՑ-ից: Քննարկվել են նաեւ մի քանի այլ տարբերակներ: Ի վերջո, կանգ են առել հոսանքը 17 դրամով թանկացնելու փոխարեն 7-7.5 դրամով թանկացնելու տարբերակի վրա: Նազարյանը պատգամավորներին բացատրել է, թե թանկացումը պայմանավորված է նաեւ դոլար-դրամ տատանումով, սակավաջրությամբ եւ այլն: Միեւնույն ժամանակ՝ նշել է, որ ՀԷՑ-ը բազմաթիվ չհիմնավորված ծախսեր է ներկայացրել հայտում: Ամեն դեպքում, երեկվա քննարկումներից ակնհայտ էր, որ ՀՀԿ-ն էլէներգիայի թանկացման մեջ հանրային ընդվզման լրջագույն պոտենցիալ է տեսնում եւ ուզում է, որ նման բան տեղի չունենա:

Տպել
2559 դիտում

Հպարտ եմ, որ իր նման աղջիկ եմ ունեցել. Աննա Հակոբյանը շնորհավորել է դստեր տարեդարձը

Սպայկայի 20 տոննա բորբոսով պանիրը կրկին ուղարկվել է ՌԴ

Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք գոյություն չունի. պաշտպան

Անահիտ Սաֆյանը նշանակվել է վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ 6 տարի ժամկետով

«ԲՄՎ» մակնիշի մեքենայից կրակոցներ են արձակել և սատկեցրել փողոցային երկու շուն. ոստիկանություն

Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել» այդ ինստիտուտը. Արմեն Գրիգորյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստ է ստանձնել «Թռչունյան տան» երեխաների խնամքը

Կարեւոր մրցաշար Գերմանիայում. հայ մարմնամարզիկներին օլիմպիական ուղեգրերի շատ փոքր հույս է մնացել

Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրումը սպառնալիք է երեխաների անվտանգության համար. ԱԽ քարտուղար

Այսօր 12,8 մլրդ դրամի ներդրումների վերաբերյալ որոշումներ կայացվեցին. վարչապետ

Ես ասֆալտին պառկեցվելուց եւ պատերին խփվելուց չեմ վախենում․մի բանից եմ վախենում՝ ահեղ դատաստանից․ Վարդան Ղուկասյան

Երկարաձգվել է Դիաբետոն 60 մգ դեղի գնման գործընթացը. ԱՆ

Հնարավորություն ենք տալիս, որ մարդիկ աջակցեն իրենց իսկ երազած Սահմանադրական դատարանի հաստատմանը․ վարչապետ

Ինչպիսին են լինելու ամանորյա միջոցառումները մայրաքաղաքում. իրադարձություններն ու ծախսերը՝ ամբողջությամբ

Ես ինձ համարում եմ պատանդ քաղաքական իշխանությունների համար. Արսեն Բաբայան

Ակնարկել են, թե՝ «երեխա ունես, քեզ ի՞նչ պետք է. Նազելի Բաղդասարյանը հաստատում է սպառնալիքների մասին տեղեկությունը

ԱԱԾ-ին հանձնարարական եմ տվել՝ պարզելու որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները. Փաշինյան

9 հոգով «Երևանի ՋԷԿ»-ից 1 տոննա պղնձյա փաթույթ են տարել, արդյունքում մոտ 21,5 միլիարդ դրամի վնաս է հասցվել. ՔԿ

«Ryanair»-ն արդեն հաստատել է չորս ուղղություններ, բայց նախատեսում է ավելացնել եւս երեքը. Ռեւազյան

Սենատոր Գրահամը մեկնաբանել է՝ ինչու է վետո դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա