Պողոս Պողոսյանի սպանության գործով հարցաքննվել է նաեւ նրա եղբորորդին

Լուսանկարում՝ Աղամալ Հարությունյանը եւ Սթիվեն Ջոն Նյուտոնը

Պողոս Պողոսյանի սպանության գործով հարցաքննվել է նաեւ նրա եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ինքը՝ Պողոսյանը՝ նշելով, որ հարցաքննվել է երկու ամիս առաջ եւ այժմ ակնկալում է արդար դատաքննություն. «Կուզեմ, որ նոր դատաքննությունը չվերաբերի միայն Աղամալ Հարությունյանին, այլ բացահայտվեն ե՛ւ մյուս մասնակիցները, ե՛ւ հրաման տվողները. իմ անձնական կարծիքով՝ դա չէր կարող լինել առանց Ռոբերտ Քոչարյանի հրամանի, դժվար թե անվտանգության աշխատակիցները կարողանային ինքնագլուխ թողնել իրենց տիրոջը ու գնալ, մարդ սպանել»,- նկատեց նա: Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ այժմ կբացահայտվի Քոչարյանի առնչությունը դեպքին, Սամվել Պողոսյանը նշեց, որ ինքը, ամեն դեպքում, նման հույս ունի:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Դատախազության վերաքննիչ բողոքի հիմք են հանդիսացել նաեւ մասնակից այլ անձանց մասին առերեւույթ վկայող փաստերը՝ Պողոս Պողոսյանի եղբորորդին ասաց. «Ես տեղյակ չեմ, թե ովքեր են այդ անձինք, ճիշտ կլինի՝ իրենք գտնեն՝ ովքեր են այդ օրը եղել ծառայության մեջ, ովքեր են մասնակցել, կարեւոր է նաեւ, թե ովքեր են կոծկել, որովհետեւ այդտեղ տեսախցիկներ են եղել, որոնք նկարահանել են, եւ այդ ամենն իմանալը շատ հեշտ էր»։

Դիտարկմանը, որ նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության արդյունքներն էականորեն տարբերվում են նախկինում քրեական գործով ստացված եզրակացության տվյալներից, Պողոս Պողոսյանի եղբորորդին ասաց. «Բնական է, որ պիտի տարբերվեն։ Այն ժամանակ բացահայտ ծածկադմփոց է կատարվել, եւ հստակ էր, որ մարդուն ծեծելով սպանել են, այդ մասին կային վկայություններ, այդ մասին հուշում էին մարմնի վրա եղած բազմաթիվ կապտուկները, վիրավորումները, հետեւաբար` նախկինում դրանք պարզապես չտեսնելու են տրվել»։

Սամվել Պողոսյանի խոսքով` այս հանցագործությունը ամենածանր հարվածներից մեկն է ՀՀ դատական համակարգին, երբ տասնյակ մարդկանց աչքի առաջ, բացահայտ սպանվել է անմեղ մարդ, եւ դատարանը որեւէ մեկին չի պատժել. «Այսինքն՝ մեկ հոգու ձեւական երկու տարով դատել են, բայց դա ՀՀ դատական համակարգին լուրջ ապտակ էր, եւ սա ինձ համար միայն անձնական խնդիր չէ, ես, նաեւ որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ, որ մեր երկրում նման բաներ այլեւս չկատարվեն, եւ դատարաններ մտնելիս մարդ իմանա, որ այնտեղ արդարությունն է իշխում»,- մեր զրույցում ասաց Սամվել Պողոսյանը։

Պողոս Պողոսյանի սպանության գործով ականատես վկա Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանն էլ մեր զրույցում Դատախազության այս քայլը ողջամիտ որակեց՝ նշելով, որ դատարանից եւս ակնկալում են պատշաճ քննություն։ Թե ինչ դիրքորոշում ունի իր վստահորդը, փաստաբանը դեռեւս չի կարող ասել. նա այժմ Հայաստանում չէ, եւ դեռեւս չի հասցրել կապ հաստատել։ Հարցին՝ անհրաժեշտության դեպքում պարոն Նյուտոնը պատրաստակա՞մ է Հայաստան վերադառնալ, Լուսինե Հակոբյանը դրական պատասխան տվեց. «Իհարկե, ինքն էլ բազմիցս նշել է, որ պատրաստ է գալ եւ ցուցմունք տալ, եթե դատարանում դրա անհրաժեշտությունը լինի»։

Ինչ վերաբերում է դեպքին առնչություն ունեցած այլ անձանց, նրանց ինքնությունը Սթիվեն Նյուտոնին հայտնի չէ. «Ինքն անուններ չգիտեր, ինչ գիտեր, հրապարակային արդեն ասել է»։

Հիշեցնենք՝ 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից «պրիվետ Ռոբ» արտահայտության համար «Առագաստ» սրճարանում դաժանաբար սպանված Պողոս Պողոսյանի սպանության գործով 2019 թվականի սեպտեմբերի 30-ին նոր երեւան եկած հանգամանքի հիմքով վարույթ էր հարուցվել։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր զրույցում նշել էր, որ դրա համար հիմք էր հանդիսացել նշված դեպքի վերաբերյալ ականատես վկա Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը եւ դրան կից՝ վերոնշյալ դեպքի առնչությամբ Ս. Ջ. Նյուտոնի հայտարարությունը:

Պողոս Պողոսյանի սպանության գործով մեկ անձի՝ Աղամալ Հարությունյանին, մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 25.09.2001 թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երեւանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս եւ ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պ. Պողոսյանի միջեւ տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետեւի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետեւանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է:

Այսինքն՝ ըստ մեղադրանքի՝ Աղամալ Հարությունյանը դրսեւորել է հանցավոր անփութություն, որով կատարել է անզգույշ սպանություն: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2002 թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել նշված հոդվածով եւ դատապարտվել 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

Տպել
1399 դիտում

«Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և ստացել է վնասվածք. օգնել է ԱԻՆ-ը

Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տեղումներ. կցրտի 6-8 աստիճանով

Գավառ քաղաքում փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված մեքենան

Թուրքիան «Patriot» համակարգերի գնման առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին

Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ շքերթ-տոնախմբություն

Ատելության քարոզի հեռահար նպատակները

Լոռու մարզի Սարալանջ գյուղի տնակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Ի՞նչ է կորոնավիրուսը, ինչպե՞ս տարբերակել եւ ինչ է պետք իմանալ վիրուսի մասին. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

«Այո»-ի մասին Հայկ Ստվերի երգի պրեմիերան տեղի կունենա այսօր

Հրդեհ Խաշթառակ գյուղում. այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ

Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը

Հայաստանի եւ Արցախի ՄԻՊ-երն այցելել են Արցախի Ռազմական ոստիկանություն, ՔԿՀ եւ զինհոսպիտալ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարաների համար, 656 բեռնատար կա կուտակված

Որեւէ ուժ Հայաստանում բռնապետություն հաստատելու ռեսուրս չունի

Կեղծ ահազանգ. «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

ԱԳ նախարարությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Իրան այցելելուց

8 բալանոց երկրաշարժ՝ Իրանում. ցնցումները զգացվել են Հայաստանի տարածքում