Խմորումներ շատ են լինելու, համբերեք, կտեսնեք. Սամվել Բաբայանը՝ սպասվող ընտրությունների, Սերժ Սարգսյանի ծրագրերի մասին

14/11/2019 schedule12:07

Արցախի Ազգային ժողովը վերջերս մերժեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից նախաձեռնված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ Բաբայանին զրկելով 2020-ին սպասվող նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունից: Բաբայանը շուրջ 25 հազար ստորագրություն էր հավաքել եւ առաջարկում էր փոխել Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը: 

Եվ քանի որ այս որոշումից հետո Բաբայանը դեռ որեւէ քայլ չի ձեռնարկել, ուստի տեղեկություններ էին շրջանառվում, որ նա պայմանավորվածությունների է գնացել, որոշել է խաղից դուրս գալ: Երեկ այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Սամվել Բաբայանի հետ:

- Պարոն Բաբայան, վերջերս Արցախի Ազգային ժողովը մերժեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի ընդունվելու դեպքում դուք հնարավորություն էիք ունենալու ձեր թեկնածությունն առաջադրել 2020-ին սպասվող նախագահական ընտրություններում: Ինչպե՞ս եք գնահատում Ազգային ժողովի որոշումը:

- Այս առաջարկը ոչ միայն ինձ էր վերաբերում, այլեւ այն երիտասարդներին, որոնք ապրում են Հայաստանում, բայց կցանկանային իրենց գրանցումը տեղափոխել Ղարաբաղ եւ այնտեղ ակտիվ գործունեություն ծավալել: Մենք փաստաթղթերով ներկայացրել էինք, որ 10 հոգուց ավելի մարդ, բարձրագույն կրթություն ստացած, պատրաստ են վերադառնալ Արցախ: Իրենք չընդունեցին դա: Ես մեկ ամիս առաջ ասել էի, որ 25 հազար մարդու անտեսել՝ նշանակում է, որ այդ մարդիկ, նրանց հարազատները ընտրություններին անտեսելու են էդ քաղաքական ուժերին, նրանց լիդերներին, բոլորին ջնջելու են: Իրենք չլսեցին, գնացին տապորային ճանապարհով: Այն բոլոր մեկնաբանությունները, որ եթե ընդունեինք էլ, չէինք հասցնի, սուտ են: Իրենք մոռացել են, որ 2017 թվականի փետրվարին փոխել են Սահմանադրությունը, նույն 2017 թվականի մայիսին պառլամենտական ընտրություն արել, եւ անօրեն՝ երրորդ անգամ նախագահ ընտրել, ավելի շուտ՝ նշանակել: Այսինքն, 4 ամսվա մեջ կարողացել են ե՛ւ Սահմանադրություն փոխել, ե՛ւ ընտրություն կազմակերպել:

Երկրորդ խնդիրն այն է, որ այդ Սահմանադրությունը փոխել են ժամանակին եւ նախագահին ու պառլամենտը հավասարացրել: Այսինքն, նախագահը չի կարող ցրել Ղարաբաղի պառլամենտը, ցրելու դեպքում մեկ տարի հետո ինքն էլ պետք է հեռանա: Իրենց ընդունած օրենքն է դա ասում: Էսօր պառլամենտի դերը ավելի բարձր է, քան նախագահինը: Հիմա եթե ես միտինգներով, հանրահավաքներով փորձեի այդ իշխանությունը փոխել՝ պիտի ասեին՝ պարոն Բաբայանը իր անձի համար կռվում է, որ ամեն գնով աթոռ վերցնի: Բայց քանի որ պարոն Բաբայանը ծրագրային է գնացել Ղարաբաղ, սոցիալ-տնտեսական հարցեր լուծելու, ռազմական հարցեր լուծելու, ժողովրդի կյանքը բարելավելու, պարոն Բաբայանը դրա կարիքը չունի, կարող է մտնել պառլամենտ, պառլամենտով էդքանը անի: Դրա համար ոչ մի կռիվ պետք չի տալ, պետք է հանգիստ, ժողովրդի հետ երկխոսությունով գնալ այդ ընտրություններին եւ լուծել այդ խնդիրը:

- Այսինքն, պատրաստվում եք խորհրդարանական ընտրությունների՞ն մասնակցել:

- Ղարաբաղում խորհրդարանական, նախագահական ընտրությունները նույն օրն են: Մենք մասնակցելու ենք նոր՝ «Միացյալ հայրենիք» կուսակցությունով, որ պառլամենտում ունենանք մեծամասնություն: Եթե ժողովուրդը մեր աջակիցը լինի՝ կխնդրենք մերժել այն բոլոր ուժերին, ովքեր դեմ են եղել Սահմանադրական փոփոխությանը:

- Խոսակցություններ կային, որ եթե Ազգային ժողովը մերժի ձեր կողմնակիցների ներկայացրած նախագիծը՝ ձեր աջակիցներին փողոց եք հանելու, ակցիաներ անեք: Չե՞ք նախատեսում որեւէ քայլ:

- Ես, որպես Բաբայան, որեւէ ակցիայի կողմնակից չեմ եղել որեւէ ժամանակ: Եթե որեւէ մեկը ցանկություն ունի ակցիաներ անելու, թող անի, դա իր խնդիրն է, բայց ես չեմ գնացել աթոռի կռիվ տալու: Ի՞նչ տարբերություն՝ նախագա՞հ ես նստած, թե՞ պառլամենտում մեծամասնություն: Եթե ժողովուրդը քեզ հավատում է, այնտեղ էլ է հավատալու: Ձայները վերցրու, քո ծրագրերը իրականացրու: Դրա համար տալ թեմա իշխանություններին, թե  Բաբայանը եկավ այստեղ արյուն թափելու... ես չեմ ուզում որեւէ մեկի քթից արյուն գա, որեւէ ցնցում լինի: Ես ասում եմ՝ ընտրական ծրագրերով ներկայացեք ժողովրդին, վերցրեք պատասխանատվություն եւ կատարեք: Ես գնում եմ այդ ճանապարհով, իմ աջակիցներին կոչ եմ արել, ձեր միջոցով էլ կոչ եմ անում, որ որեւէ մեկը չմտահոգվի, այն, ինչ ծրագրել ենք, իրականացնելու ենք, չմտահոգվեք: Այդ մասին գիտի նաեւ իշխանությունը, եթե չիմանային՝ չէին մերժի, կգրանցեին ու ցույց կտային, որ էդ մարդը արժեք չունի, զրո է:

- Իսկ ո՞րն է տրամաբանությունը, ինչո՞ւ մերժեցին եւ չթողեցին, որ մասնակցեք:

- Որովհետեւ իրենք գիտեն, որ մենք հաղթելու ենք, մրցունակ չեն իրենք: Չնայած դեռ ունենք հնարավորություն: Դեկտեմբերի 19-ին դատարանում նորից վիճարկվելու է ինձ անօրեն հաշվառումից հանելու հարցը: 2006-ին ինձ զինվորական հաշվառումից հանել են առանց իմ դիմումի: Ոչ ոք իրավունք չունի զինվորական հաշվառումից հանել, եթե մարդը 54 տարեկան է, դեռ թոշակի չի անցել: Բաբայանը Ղարաբաղից հեռացել է ոչ թե քաղաքական ամբիցիաներով, այլ քաղաքական իրավիճակից ելնելով եւ այլն, եւ այլն, Հայաստանում է մնացել: Ինչ կորոշի դատարանը, օրենքով կշարժվի, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը: Երկրորդ. լավ, Սահմանադրությունը չեք ուզում փոխել՝ մի փոխեք, դատարանով օրինականացրեք էդ մարդու մասնակցությունը, եթե ձեր նպատակը ամեն գնով վերարտադրվելը չէ:

- Ո՞ւմ նկատի ունեք: Բակո Սահակյանը չի կարող առաջադրվել, որեւէ թեկնածուի մասին էլ դեռ խոսք չկա: Իշխանությունը ինչպե՞ս է վերարտադրվելու:

- Դուք շտապում եք ձեր վերլուծություններում, որովհետեւ պետք է սպասեք թեկնածուները առաջադրվեն: Այն ժամանակ որ հարցնեք, կոնկրետ կասեմ՝ վերարտադրվողը ով է: Ղարաբաղի գործող իշխանությունը դեռ չի կողմնորոշվել իր թեկնածուի հարցում:

- Իսկ միգուցե չունի՞ թեկնածու:

- Կարող է՝ չունեն, կարող է՝ ունեն, դեռ փակ են պահում:

- Այս պահին իրենց առաջադրվելու մասին հայտարարել են միայն Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը, «Վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը... Ունե՞ք տեղեկություններ, որ իշխանությունները պատրաստվում են թեկնածու առաջադրել:

- Իհարկե, իհարկե: Էն, ինչ որ դուք էիք ասում՝ Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, եւ այլն, եւ այլն: Լուրեր են տարածվում լրատվական միջոցներով, որ նրանք արդեն Հայաստանի դաբրոն ստացել են: Ասենք, հիմա ո՞վ է դաբրոն ստացել՝ Մասիս Մայիլյա՞նը, թե՞ Արայիկ Հարությունյանը: Դա էլ է հարցականի տակ: Հայաստանն էլ դեռ կարծես թե չի որոշել:

- Բայց Հայաստանը չունի նման լիազորություն՝ «դաբրո» տալու:

- Լիազորություն ոչ մեկը չի ունեցել վերջին 20 տարիների ընթացքում, բայց արել է:

- Հիմա Հայաստանում իշխանություն է փոխվել:

- Ես դրա համար ասում եմ՝ եթե մենք «սմատրյաշչի» ենք նշանակում այնտեղ՝ դա ուրիշ հարց է, եթե գնում ենք ընտրության, որ ժողովուրդը որոշի, թե ում հետ աշխատի հայաստանյան ցանկացած կառավարություն, դա ուրիշ խնդիր է: Դրա համար եկեք ժամանակից շուտ կարծիք չհայտնենք:

- Սահմանադրական փոփոխություններից առաջ տեղեկություններ կային, որ դուք հանդիպել եք Արայիկ Հարությունյանի հետ: Ինչ-որ բան պայմանավորվե՞լ եք: Հնարավո՞ր է նրան սատարեք:

- Եթե պայմանավորվեի՝ Ազգային ժողովում չէր լինի այն, ինչ եղավ: Ես ասել եմ, որ այլ ուժերի հետ էլ եմ հանդիպել, որպեսզի ապահովեմ ժողովրդի տված ձայնը հանրաքվեի դնելը: Բայց քանի որ, իմ ունեցած տվյալներով, ճնշումներ եղել են ՀՀ առաջվա իշխանության առաջին դեմքի մակարդակով, Ղարաբաղի առաջվա իշխանության առաջին դեմքի մակարդակով, եւ էսօրվա գործող իշխանության կողմից, ամեն ինչ արել են, որ Սահմանադրական փոփոխությունները չանցնեն:

- Դուք նկատի ունեք Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյանին:

- Դուք ասացիք անուն:

- Ես անուններ ասացի:

- Դուք անուններ ասացիք, էն մեկը բանտում է, չեմ կարծում, որ այնտեղից կարողանա դա անել, բայց էն մեկը դրսում է եւ, եթե հիշում եք՝ մինչեւ ամսի 15-ը Ղարաբաղում էր:

- Սերժ Սարգսյանը ձեզ հետ հանդիպելու փորձ չի՞ արել:

- Ոչ, որեւիցե ցանկություն չեմ էլ ունեցել, որ հանդիպեմ, չհանդիպեմ: Հանդիպեմ՝ ինչի՞ց խոսեմ: 

- Իսկ ի՞նչ է փորձում անել նա Ղարաբաղում:

- Բա ասում եմ՝ վերարտադրության խնդիր ունի: Խմորումները շատ են լինելու, համբերեք՝ կտեսնենք: Որ ասում են՝ քաղաքականությամբ չեն զբաղվում, լավ էլ զբաղվում են, ուղղակի այնտեղ երեւում է, այստեղ չի երեւում իրենց զբաղվելը: Ես խորհուրդ եմ տվել, որ չզբաղվեն, սեղանի տակով խաղեր չտան, մեկ է՝ լավ չի լինելու իրենց վիճակը:

- Ձեր շանսերը ինչպիսի՞ն են, ըստ ձեզ:

- Ցանկացած քաղաքական ուժ իր շանսերը բարձր է գնահատում: Շփվել եմ ժողովրդի հետ, գիտեմ մոտավորապես՝ ինչ սպասելիք ունենք եւ ինչի ենք հասնելու: Ունենալու ենք բարձր տոկոսներ եւ մեծ ազդեցություն: Ղարաբաղում քաղաքականությունը փոխվելու է 180 աստիճան, կապ չունի՝ ով է նախագահ ընտրվելու: Մենք այն քաղաքական ուժն ենք, որ կարող ենք ժողովրդին ուղղորդել այս կամ այն անձի շուրջ եւ խնդիրը լուծել այդկերպ: Ճիշտ է՝ ոմանք ասում են՝ պարոն Բաբայանը խաղից դուրս է եկել, պարոն Բաբայանին շահագրգռել են, փող են առաջարկել, բայց դրանք վախի նշան են, քան ապատեղեկատվության: Ես այդ բոլորին ասում եմ՝ չի ստացվելու, երեխեք, դա ձեր ճաշը չի:

Տպել
3921 դիտում

Այսօր ընտրված 102 պատվիրակները դեկտեմբերի 11-ին Ստամբուլում կընտրեն Պոլսո հայոց 85-րդ պատրիարքին

5 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ. հաշմանդամ մարզիկների ​աշխարհի առաջնությունում ՀՀ ֆեդերացիայի հաջողությունները

Հինգերորդ շարասյան հակապետական քարոզչությունը

17:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 41.28 տոկոսը․ԿԸՀ տվյալները

Եվրանեսթ ԽՎ-ում տապալվեց ադրբեջանցիների՝ Մեծամորի ատոմակայանի փակման նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային խաղի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հրշեջ-փրկարարները մարել են Բամբակաշատ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհը

Պոլսում պատրիարքական ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի (լուսանկարներ)

Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով

Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան

Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք

Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում