«Հնարավոր է ունի կոմպրոմատներ». Վաղարշակ Հարությունյանը չի բացառում, որ Նաիրի Հունանյանը ցանկանա փոխել ցուցմունքը  

Մի քանի օրից լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20 տարին:

1999 թվականի հենց այդ օրը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի կողմից ղեկավարվող զինված խումբը, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ահաբեկչություն՝ գնդակահարելով 8 պետական գործիչների: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Մինչ օրս հանրությանը հայտնի չէ՝ ովքեր էին այդ ոճրագործության կազմակերպիչները: Սպանդը կատարողներից խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը, որը Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման է դատապարտվել, օրերս դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար:

1999-2000 թվականներին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ Նաիրի Հունանյանը ցանկանում է ազատության մեջ լինել եւ չի բացառվում, որ օգտվելով Հայաստանում հիմա ստեղծված իրավիճակից՝ ցանկանա ներկայացնել Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածը: Հարությունյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Հարությունյան,  ոճրագործությունից հետո անցած տարիների ընթացքում գրեթե միշտ պնդումներ են եղել, որ իշխանությանը ձեռնտու չէ Հոկտեմբերի 27-ի բացահայտումը: Հիմա իշխանությունը փոխվել է եւ այդ առումով, կարծեք թե, որեւէ տաբու չունի այս իշխանությունը: Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի այս գործը վերաբացվի, որեւէ ընթացք ստանա, որը կարող է տանել դեպի այդ ոճրագործության լիարժեք բացահայտում:

- Վերաբացվելու ամենահիմնական պայմանը հասարակության շրջանում պահանջարկն է, որը կա: Ակնհայտ է, որ հասարակությունը ուզում է ստանալ այդ պատասխանը, որովհետեւ պատասխանը չի տրվել: Եվ այն վարկածը, որ այդ 5 հոգին են կազմակերպել այսպիսի ոճրագործություն՝ ուղղակի ծիծաղելի է: Եղել են այլ մարդիկ, որոնք աջակցել են, որովհետեւ իրենք մտել են Ազգային ժողով, ո՞նց են մտել... Տասնյակ հարցեր կան, որոնց պատասխանը չկա: Գործը վերաբացելու երկրորդ պատճառը իրավական կողմն է: Կարող է օգտագործվել նոր ի հայտ եկած հանգամանք, կարող է որպես հիմք օգտագործվել նաեւ այն, որ գործը կազմակերպիչների մասով կարճվել է դատախազության կոլեգիայի որոշումով, ինչը կոպիտ խախտում է:

- Հասարակության մեջ պահանջարկ կարծեք թե միշտ է եղել:

- Հիմա երեւի ավելի շատ է այդ պահանջարկը՝ այն իմաստով, որ մարդիկ հույս են կապում նոր իշխանությունների հետ, որոնք ոչ մի բանով կաշկանդված չեն եւ տարբեր հարցերով իրականացնում են գործողություններ, որպեսզի արդարությունը վերականգնվի: Բոլոր քրեական գործերը, որ վերջերս հարուցվել են՝ հասարակությանը թույլ են տալիս այդ առումով մեծ սպասելիքներ ունենալ:

- 1999 թ.՝ ոճրագործությունից հետո կազմավորված կառավարությունում դուք ղեկավարել եք ուժային կառույցներից մեկը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը: Այսքան տարիների հեռվից հիշելով այդ օրերին տեղի ունեցածը՝ ի՞նչ եք կարծում. ինչո՞ւ կարող էր նման բան տեղի ունենալ, ի՞նչը կարող էր պատճառ դառնալ նման ոճրագործություն իրականացնելու համար, ո՞վ կարող էր դրդել նման հանցագործության:

- Ակնհայտ է մի բան՝ իրականացնողները պարզ են, բայց եղել են նաեւ կազմակերպիչներ: Ո՞ւմ շահերից էր դա բխում: Ես ասել եմ բազմիցս, որ այդ ժամանակ Քոչարյանը ադրբեջանցիների հետ քննարկել է Մեղրիի տարբերակը (Մեղրին Լաչինի հետ փոխանակելու.-խմբ.) եւ Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը դեմ են եղել դրան: Դա եղել է որպես մի վարկած, թե ինչու կարող էր նման բան տեղի ունենալ: Բացի դրանից եղել է տնտեսական եւ իշխանություն կորցնելու մտավախություն: Մենք գիտենք, որ Վազգեն Սարգսյանը, Դեմիրճյանը «Միասնություն» դաշինքի հաղթանակից հետո քայլեր էին անում, եւ Քոչարյանը մնում էր օդում, ինքը կորցնում էր իր լիազորությունները: Այս բոլոր վարկածները պետք է ստուգել, բայց «դրսի» գործոնը եւս չի կարելի բացառել. դա էլ է եղել:

- Եթե Քոչարյանի դեպքում շահագրգռվածությունը պարզ էր, դրսի դեպքո՞ւմ ինչը կարող էր լինել:

- Ես չեմ ուզում մտնել այդ դաշտ, բայց եղել է շահագրգռվածություն: Նաիրի Հունանյանը իր խմբով եղել է Թուրքիայում: Պարզվե՞լ է ինչ են արել այնտեղ՝ սա վարկած է, պետք է ստուգվի: Թուրքալեզու պետությունների խորհուրդ է ձեւավորված, որի հավաքներից մեկի ընթացքում վերջերս Իլհամ Ալիեւը ելույթ էր ունենում՝ ասելով, որ Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին տարանջատեց թուրք պետությունները: Հասկանալի է, չէ՞, դա ինչ է նշանակում: Նեոօսմանիզմի գաղափարը, որ հռչակել են էրդողանը եւ նրա գաղափարախոս Դավութօղլուն... Առաջին էտապը լուծվել է, հիմա մնում է Մեղրին միացնել Ադրբեջանին: Եթե էդ ժամանակ իրենք Թուրքիայում են եղել եւ այդ ժամանակ քննարկվել է Մեղրիի տարբերակ եւ Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը դեմ են, սա վարկած չի՞, ակնհայտ վարկած է, բայց ստուգվե՞լ է: Ոչ: Բայց ամենակարեւորը՝ եթե մենք ուզում ենք բացահայտել դրսի վարկածը, մենք պետք է բացահայտենք՝ ներսում ով է եղել կազմակերպիչը: Սա է առաջին քայլը: Դրանից հետո կտեսնենք մնացածը: Առանց ներսի աջակցության դրսում որեւէ բան կազմակերպել հնարավոր չէր: Դրա համար առաջին քայլով պետք է պարզենք՝ ներսում ով է եղել կազմակերպիչը, դրանից հետո արդեն կպարզենք, թե դրսի գործոնը ինչ չափով է եղել, որտեղից, ինչ նպատակներով:

- Դատարանում այս ամենը քննարկվե՞լ է:

- Դատարանը ամեն ինչ անում էր, որ գործը չբացվի, միջնորդությունները մերժվում էին, բազմաթիվ վկաներ չեն հարցաքննվել...Եղել են փորձաքննություններ, որոնց պատասխանները չեն կցվել գործին: Օրինակ, փորձաքննություն են անում տեսաերիզի մասով, որը նկարահանված է եղել այդ պահին: Եզրակացությունը գալիս է, որ մոնտաժված է: Իսկ այդ մոնտաժի նպատակը ակնհայտ էր, որ շեղեն, թե նպատակը եղել է միայն Վազգեն Սարգսյանը: Իսկ վկաները ակնհայտ խոսում են, որ իրենք մտել են դահլիճ, ու ամեն մեկը գնացել է լուծելու իր խնդիրը: Մեկը գնացել է Վազգեն Սարգսյանին սպանելու, մյուսները գնացել են Դեմիրճյանին եւ տեղակալներին...Եվ դա կոծկելու համար տեսաերիզը մոնտաժվել է: Ո՞վ է մոնտաժել: Դա նկարահանում էր Հ1-ը: Ո՞ւր է Հ1-ի այն ժամանակվա տնօրենը՝ Նաղդալյանը:  Ո՞ւր են բազմաթիվ վկաներ. զոհվել են, գնացել են Հայաստանից: Այս ամենից հետո ակնհայտ է, չէ՞, որ բացի նրանից, որ եղել է կազմակերպիչ, նաեւ գործել են ուժեր, որոնք փորձել են ամեն ինչ կոծկել:

- Եթե հիմա հնարավորություն  ստեղծվի այս գործը վերաբացել, ըստ ձեզ, առաջին հերթին ովքե՞ր պետք է կանչվեն հարցաքննության:

- Ես չեմ կարծում, որ հիմա իմ խնդիրն է անուններ ասել: Շրջանակը պարզ է, պետք է այդ գործը ուսումնասիրել խորքային՝ ովքե՞ր են եղել վկաներ, ով ինչ ցուցմունք է տվել, ո՞վ է եղել մեղադրյալ: Այս ամենը պետք է վերանայվի: Գործն ունի 2 մաս. առաջին, երբ որ Նաիրի Հունանյանը ցուցմունք է տվել՝ ասելով, որ եղել են կազմակերպիչներ, մյուսը՝ երբ որ մայիսից հետո կառավարությունը փոխվեց, ինքը սկսեց ուրիշ ցուցմունքներ տալ: Այն առաջին մասում ամեն ինչն էլ նշված է՝ ինչ է եղել:

- Անընդհատ խոսվում է, որ Ռոբերտ Քոչարյանն է խոչընդոտել Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը: Օրերս այդ մասին նաեւ Անդրանիկ Քոչարյանն է խոսել: Եթե ընդհանրացնելու լինենք՝ ի՞նչ է արել նա այդ առումով:

- Խոչընդոտեց առաջին օրվանից: Առաջինը՝ ուղղորդեց: Ինքը ասում է այդ 5-ն են (ոճրագործության կազմակերպիչները.-խմբ.), ռոմանտիկներ են: Իր գրքի մեջ գրում է, որ երբ  եկավ Ազգային ժողով՝ քաոսային վիճակ էր: Կանչել է Ազգային անվտանգության եւ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներին, իրենք ոչ մի բանի չէին տիրապետում: Եթե այդ օրգանները, որոնք պատասխանատու են այդ ամենի համար, ինչպես ինքն է ասում՝ ոչ մի բանի չէին տիրապետում, ապա ինչի՞ հիման վրա է արել եզրակացություն, որ այդ 5-ն են, ո՞վ է իրեն նման բան զեկուցել, թե՞ ինքը գիտեր, որ այդ 5-ն են: Հիմա հարց է առաջանում, չէ՞, Ազգային անվտանգությունը, ՆԳ նախարարությունը իրեն ի՞նչ են զեկուցել: Եվ այդ պահին ասել, որ էդ 5-ն են... Ավելին ասեմ՝ ռազմական ոստիկանությունը նույն օրը իրականացնելով օպերատիվ գործողություններ՝ ձերբակալում է եւս չորս հոգի՝ զենքով, ամեն ինչով, որոնք կանգնած են եղել ԱԺ կողքին: Դա եղել է այն խումբը, որը պետք է ապահովեր նրանց նահանջը կամ... տարբեր վարկածներ կարող են լինել: Էդ ո՞նց է լինում, հասկանալի է չէ՞ այդ ամենը: Երկրորդ. ԱԺ-ում արգելվում է ելույթ ունենալ դատախազ Ջհանգիրյանին, որ հետեւում էր ամեն ինչին: Հետո ամենակարեւորը՝ ով ասում էր, որ կան կազմակերպիչներ, նրանց հանդեպ եղել են տարբեր քայլեր, որ հրաժարվեն այդ մտքից:

-  Ի դեպ, բազմաթիվ վկաներ արդեն չկան, դատապարտվածներից ոմանք առեղծվածային պայմաններում մահացան: Ինչո՞ւ Նաիրի Հունանյանին նույնպես ճանապարհից հեռացնելու փորձ չարվեց:

- Տասնյակ հարցեր կարող են լինել, թե ինչու. կարող էին լինել ակնհայտ կասկածներ, մանավանդ ինքը գտնվում էր Ազգային անվտանգության ծառայության կալանավայրում: Բայց խնդիրը դա չէ՝ կասկած կառաջացներ    (Հունանյանին վերացնելը.-խմբ.) եւ երկրորդը՝ այստեղ ուրիշ վարկած էլ կարող է լինել. հնարավոր է Հունանյանն ունի կոմպրոմատներ: Այդպիսի փորձ կա, որ եթե մարդ ուզում է, որ իրեն չվերացնեն, ինքը համապատասխան գործողություններ է անում, փաստաթղթեր կամ փաստեր, որ իմ մահվան դեպքում սա կհրապարակեք: Վարկածները շատ են, այնպես որ պատասխան ունի ձեր այս հարցը:

- Նաիրի Հունանյանը օրերս դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար: Իհարկե, պատասխանը կարծեք թե բացասական է լինելու (այդպես հասկացվեց ԱԺ-ում Արդարադատության նախարարի խոսքից), բայց ըստ ձեզ ինչո՞ւ է նա այդ քայլին դիմել: Հո՞ւյս ունի, որ կարող է ազատ արձակվել:

- Ցմահ դատապարտյալը 20 տարի անց իրավունք ունի դիմել՝ ազատ արձակման հարցը քննարկելու համար: Բայց գիտե՞ք ինչ, մարդ, որը գնացել է այդ քայլին (պետական ոճրագործության.-խմբ.)՝ պետք է հասկանալ, որ նա ադեկվատ չի: Որովհետեւ մարդ, որը հավատում է, որ իրեն այդ գործողությունից հետո կնշանակեն վարչապետ... ինքը այդպիսի սպասելիքներ ուներ: Իրեն ուղղորդել էին՝ ասելով, որ ինքը գալիս է, իրականացնում է այդ ոճրագործությունը, դրանից հետո ինքը դառնում է հերոս: Մենք գործ ունենք այդպիսի նյութի հետ. ես չեմ ասում մարդ, նյութ է ինքը, որ գնում է այդ քայլին: Հիմա այդ մարդուն գնահատել, թե ինչու է դիմել ազատ արձակվելու համար...Պիտի հասկանանք, որ էդ մարդը ադեկվատ չի: Ինքը չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել եւ հասարակության վերաբերմունքը չգիտի: Եթե մարդը ադեկվատ լիներ՝ բնական է, որ այդպիսի դիմում չէր գրի: Բայց քանի որ ինքը այդ հույսով է եւ մտածում է, որ վատ բան չի արել, ինքը պետությունը հետ չի գցել, ակնհայտ է, որ այդ մարդուն գնահատել չի կարելի որպես նորմալ մարդու:

- Իսկ որեւէ հանգամանք նա կարո՞ղ է բացահայտել, որը կփոխի գործի ընթացքը:

- Հա, ես համոզված եմ, որ ինքը կարող է ասել եւ ասել է դրա մասին: Ինքը իր ցուցմունքները նախկինում էլ փոխել է: Հիմա, ստեղծված իրավիճակում, հեղափոխությունից հետո, երբ որ շահագրգռված է այսօրվա իշխանությունը բացահայտել իրականությունը, ապա այստեղ նա ունի հնարավորություն՝ ներկայացնել ինչ է եղել:

- Բայց հարցն այն է, նա ուզո՞ւմ է ներկայացնել: Կցանկանա՞:

- Իհարկե կցանկանա, նա ուզում է ազատության մեջ լինել:

- Այսինքն՝ նա կօգտագործի այս պահը՝ իր ազատության համա՞ր:

- Չի կարելի բացառել, այո, իհարկե: Բնական է, որ ուզում է դուրս գալ:

Տպել
6124 դիտում

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտացված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել