«ԱԺ-ն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու ՍԴ». հրապարակվել են Հրայր Թովմասյանի հարցով դիմումի մերժման հիմքերը

ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր հրապարակել է ԱԺ դիմումի հիման վրա ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի լիրազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը մերժելու մասին աշխատակարգային որոշումը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար՝ ներկայացնելով չորս հիմք։ ՍԴ-ն սակայն երեք օր առաջ որոշում կայացրեց մերժել այն: Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին եւ Ազգային ժողովն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

«...Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման համար հիմք է ոչ թե ցանկացած կարգապահական խախտում կատարելը, այլ բացառապես նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ժամանակահատվածում կատարած այնպիսի կարգապահական խախտում, որը որակվում է որպես էական»,- նշված է որոշման մեջ: Մանրամասները ստորեւ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ (ԱՆԴԱՄ) ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Ազգային ժողովը 2019 թվականի հոկտեմբերի 4-ի «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺՈ-032-Ա որոշմամբ դիմել է Սահմանադրական դատարան: Դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի հոկտեմբերի 7-ին:

2. Դիմողը նշում է՝ օգտվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասով ընձեռված իրավունքից՝ ներկայացնում է Սահմանադրական դատարանի ՍԴԱՈ-59 աշխատակարգային որոշման հիման վրա վարույթ ընդունված գործի քննության ընթացքում թույլ տրված էական կարգապահական խախտում կատարելու հիմքով Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը։

Ըստ դիմողի՝ «…. դիմումում նկարագրված հնարավոր խախտումները բովանդակային առումով խաթարում են արդար դատաքննության իրավունքի բուն էությունը, այսինքն՝ խոսքը, ոչ թե առանձին դատավորի օրենքի սխալ կիրառման մասին է, այլ ի սկզբանե բովանդակային առումով անաչառ դատարանի բացակայության մասին է» (դիմումի 6.6-րդ կետ)։

3. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ այն չի համապատասխանում սահմանադրաիրավական կարգավորումների, մասնավորապես՝ Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, 167-րդ հոդվածի 3-րդ մասի, 168-րդ հոդվածի 10-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-ին մասի պահանջներին, և ըստ այդմ՝ առկա են գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքեր:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ գլխով սահմանվում են Սահմանադրական դատարան դիմելու ընդհանուր իրավակարգավորումները, որոնք պարտադիր են Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտների, այդ թվում` Ազգային ժողովի համար: Օրենքի հիշյալ գլխով կանոնակարգվում են նաև դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջների (24-րդ հոդված), դիմումին կցվող նյութերի (25-րդ հոդված), գործը քննության ընդունելու (28-րդ հոդված) և գործի քննությունը մերժելու (29-րդ հոդված) հետ կապված հարցերը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործն ընդունվում է վարույթ Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով, եթե առկա չեն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքերը: Օրենսդիրը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանել է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում՝

- եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին,

- եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

 Սահմանադրական դատարանի լիազորությունների արդյունավետ իրականացման նպատակով, գործունեության կարգի և ձևավորված պրակտիկայի ընդհանուր տրամաբանությամբ պայմանավորված Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումների ընդունելիության հարցի լուծման համար կարևոր է ոչ միայն հարցի ըստ ձևի բարձրացումը, այլև՝ իրավական հիմնավորումները: Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին, և Ազգային ժողովն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

4. Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ: Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ: Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ մասից և 167-րդ հոդվածի 3-րդ մասից ուղղակիորեն բխում է, որ Ազգային ժողովը և Սահմանադրական դատարանն ունեն միայն Սահմանադրությամբ սահմանված լիազորություններ:

Սահմանադրության 168-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ լուծում է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Ազգային ժողովը Սահմանադրական դատարան, ի թիվս այլ դեպքերի, կարող է դիմել՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 10-րդ կետով սահմանված դեպքում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ:

Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի առաջին նախադասությամբ ամրագրված իրավակարգավորումների ընդհանուր բովանդակությունից բխում է, որ Սահմանադրական դատարանում պաշտոնավարում են դատավորներ: Ըստ այդմ, Սահմանադրության 168-րդ հոդվածի 10-րդ կետով և 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանադիրը Սահմանադրական դատարանին և Ազգային ժողովին վերապահել է լիազորություններ՝ Սահմանադրությամբ սահմանված կարգավիճակով օժտված և կոնկրետ անվանմամբ պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի` Սահմանադրական դատարանի դատավորի մասով: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Ազգային ժողովն իր՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ի ԱԺՈ-032-Ա որոշման թե՛ վերնագրում, և թե՛ տեքստում ուղղակիորեն կիրառել է «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ)» եզրույթը, իսկ տվյալ որոշման անբաժանելի մաս կազմող դիմումում նաև կիրառել է «սահմանադրական դատարանի անդամ» և «սահմանադրական դատարանի դատավոր» եզրույթները:

Դիմողը նշում է, որ «….սույն դիմումը ներկայացնելու պահին տարբեր մասնագետների կողմից տարբեր կարծիքներ են արտահայտվում «սահմանադրական դատարանի դատավոր» և «սահմանադրական դատարանի անդամ» եզրույթների և դրանց փոխհարաբերության վերաբերյալ, ՀՀ Ազգային ժողովը չի ցանկանում այդ հարցով կարծիք արտահայտել սույն փաստաթղթով, ուստի սույն դիմումի շրջանակներում տարաբնույթ մեկնաբանություններից և շահարկումներից խուսափելու նպատակով «սահմանադրական դատարանի անդամ» և «սահմանադրական դատարանի դատավոր» եզրույթները կօգտագործվեն որպես հոմանիշներ»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Ազգային ժողովը միայն դիմումի եզրափակիչ մասում է նշել, որ Սահմանադրական դատարան է դիմում Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, այն դեպքում, երբ նման ամրագրումը սահմանադրական կարգավորումների ուժով պետք է, նախևառաջ, լիներ Սահմանադրական դատարան դիմելու հիմք հանդիսացող՝ Ազգային ժողովի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի ԱԺՈ-032-Ա որոշման վերնագրում և տեքստում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերի քննությունը» վերտառությամբ 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող՝ սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին,.…»: Իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի, մասնավորապես՝ 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջ է նաև այն, որ դիմումում նշվում է Սահմանադրության այն հոդվածը, որը Սահմանադրական դատարան դիմելու հիմք է հանդիսանում (3-րդ կետ):

Հիշյալ պահանջի նպատակը Սահմանադրությամբ ամրագրված կարգավորումներին, այդ կարգավորումների սահմանումներին համապատասխան սահմանադրական լիազորությունն իրացնելը, իրավասու լինելը փաստելն է: «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ)» եզրույթի կիրառումը չի համապատասխանում Ազգային ժողովի՝ Սահմանադրական դատարան դիմելուն վերաբերող սահմանադրական կարգավորումներին: Այդ եզրույթի կիրառումը չի համապատասխանում նաև օրենսդրական կարգավորումներին, այդ թվում` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի, Ազգային ժողովի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի ԱԺՈ-032-Ա որոշմամբ որպես հիմք նշված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի և 109-րդ հոդվածի կարգավորումներին:

5. Սույն գործով Ազգային ժողովը Սահմանադրական դատարան է դիմել Սահմանադրական դատարանի դատավորի առերևույթ էական կարգապահական խախտում կատարելու հիմքով: Դիմողը գտնում է, որ «....Հրայր Թովմասյանն առերևույթ թույլ է տվել այնպիսի արարքներ, որոնք վարկաբեկում են Սահմանադրական դատարանի հեղինակությունը և (կամ) անհամատեղելի են դատավորի պաշտոնի հետ՝ էական կարգապահական խախտում» (դիմումի 6.5-րդ կետ): Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նախ` նշել, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցումը սահմանադրական մակարդակով կանոնակարգված է Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասով, 168-րդ հոդվածի 10-րդ կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 170-րդ հոդվածի 5-րդ մասով։

Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները Սահմանադրական դատարանի որոշմամբ 5 դադարեցվում են, ի թիվս այլնի, էական կարգապահական խախտում կատարելու դեպքում: Նշված սահմանադրական կարգավորումից հետևում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման համար հիմք է ոչ թե ցանկացած կարգապահական խախտում կատարելը, այլ բացառապես նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ժամանակահատվածում կատարած այնպիսի կարգապահական խախտում, որը որակվում է որպես էական: Սահմանադրությունն այլ մանրամասներ չի նախատեսում կարգապահական խախտումների բովանդակության մասով՝ հետագա կարգավորումը վերապահելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքին (Սահմանադրության 164-րդ հոդվածի 5-րդ մաս)։

Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը՝ մատնանշելով Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասում և հիշյալ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված հիմքերը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով որպես Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները հիշյալ օրենքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով դադարեցնելու հիմք է էական կարգապահական խախտում կատարելը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածով սահմանվում է նաև էական կարգապահական խախտման հասկացությունը։ Հիշյալ հոդվածի 3-րդ մասի համաձայն` էական կարգապահական խախտում է`

1) Սահմանադրական դատարանի դատավորի` Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը.

2) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող Սահմանադրական դատարանի դատավորի կրկին կարգապահական խախտում կատարելը. 

3) Սահմանադրական դատարանի դատավորի այնպիսի արարք կատարելը, որը վարկաբեկում է Սահմանադրական դատարանի հեղինակությունը, կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ: Դիմումը ներկայացնելով այն հիմքով, որ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը կատարել է առերևույթ էական կարգապահական խախտում, դիմողը նշում է, որ «Հրայր Թովմասյանը մասնավորապես խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 7-րդ կետերով և նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով պահանջները» (դիմումի 6.7-րդ կետ)։

Նախ՝ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը համապատասխանաբար ամրագրում են «էական կարգապահական խախտում կատարելու» և «կատարել է էական կարգապահական խախտում» ձևակերպումները, որոնցով ընդգծվում են էական կարգապահական խախտում կատարելու ոչ թե առերևույթ, ինչպես նշված է դիմումում, այլ դիմողի համար որպես փաստ լինելու հանգամանքը: Ինչ վերաբերում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածով սահմանված Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնների խախտմանը, ապա այն նույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է: Սահմանադրական կարգավորումների ուժով՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածով սահմանված կարգով («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մաս):

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ դիմողի վերը նշված պնդումը (դիմումի 6.7-րդ կետ) պետք է հաստատված լիներ, նախևառաջ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածով սահմանված կարգով, Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով ընդունված՝ կարգապահական տույժ կիրառելու մասին Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ, ինչը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի պարագայում առկա չէ: Միայն նման որոշման դեպքում դիմողն իրավասու կլիներ գնահատել Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնների խախտումը որպես էական կարգապահական խախտում և այդ հիմքով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Սահմանադրության 168-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը Սահմանադրական դատարանի բացառիկ լիազորությունն է։ Սահմանադրական դատարանի դատավորի անկախության ապահովման նպատակով սահմանադիրը Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը վերապահել է միայն Սահմանադրական դատարանի դատավորներին (Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետ)։

Սահմանադրական նման կարգավորման տրամաբանությունը բխում է սահմանադրական մարմինների համակարգում Սահմանադրական դատարանի կարգավիճակից և դրանով պայմանավորված՝ Սահմանադրական դատարանի դատավորների անկախության երաշխիքներին ներկայացվող առանձնահատուկ պահանջներից։

Սահմանադրությունն առավելագույնս սահմանափակել է Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ իշխանության մյուս թևերի ազդեցությունը՝ դրանով իսկ բացառելով ճնշումների հնարավորությունը և երաշխավորելով Սահմանադրական դատարանի սահմանադրական առաքելության արդյունավետ իրականացումը։

6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ: Հիշյալ եզրահանգման սահմանադրական հիմքերն են, մասնավորապես, Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասը և 167-րդ հոդվածի 3-րդ մասը: 8 Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:

Հիշյալ սահմանադրական կարգավորումից բխում է, որ Սահմանադրական դատարան դիմելու, ներառյալ` այդ հարցով իրավասու լինելու հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը, նախևառաջ, Սահմանադրությունն է: Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան»:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Եթե Սահմանադրական դատարանի դատավորը կատարել է էական կարգապահական խախտում կամ ձեռք է բերել Կառավարության որոշմամբ սահմանված այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, ապա Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել համապատասխան հիմքերի մասին հայտնի դառնալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում»:

Ազգային ժողովը, ղեկավարվելով Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասով, իր գործունեությունը պետք է իրականացնի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կանոնակարգումների, ներառյալ` ժամկետների շրջանակներում, որպեսզի նրա գործունեությունը գնահատվի որպես իրավասու սուբյեկտի գործունեություն, տվյալ դեպքում, նաև՝ Սահմանադրական դատարան դիմելու առումով: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը չպահպանելը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջի խախտում է, որը, ըստ էության, հանգեցնում է նաև Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի խախտման:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու Ազգային ժողովի 9 խմբակցության իրավունքը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված երկշաբաթյա ժամկետով սահմանափակելն ինքնանպատակ չէ, հանդիսանում է Սահմանադրական դատարանի դատավորի անկախության երաշխիքների ապահովման միջոց, միտված է բացառելու նրա՝ որպես դատավորի գործունեության համար որևէ սպառնալիքի տևական առկայությունն ու դրա հետ կապված որևէ շահարկման հնարավորությունը:

Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության և լիազորությունների պատշաճ իրականացման երաշխավորումը բխում է իրավական պետության հիմնարար սկզբունքներից, մասնավորապես՝ իրավունքի գերակայության, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքներից, և կոչված է պաշտպանելու ողջ սահմանադրական կարգը:

Դիմողը ներկայացնում է, որ «…. առկա էր չորս ինքնուրույն հիմք, որից յուրաքանչյուրն անգամ առանձին, իսկ համակցության մեջ առավել հավանականորեն կարող էր առերևույթ հիմք հանդիսանալ, որ անկողմնակալ դիտորդի մոտ առաջանար օբյեկտիվ կասկած Գործով պարոն Հրայր Թովմասյանի անաչառության վերաբերյալ։ Մասնավորապես․

1. Հրայր Թովմասյանի՝ երկար տարիներ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ լինելու, Սերժ Սարգսյանի վստահությունը վայելելու և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Հայաստանի հանրապետական կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի միջև անձնական բնույթի, ընդհանուր շահագրգռվածության վրա հիմնված հարաբերությունների փաստը,

2. Հրայր Թովմասյանի և Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի միջև առկա անձնական բնույթի հարաբերությունների և վերջինիս թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան հանդիսանալու փաստերը,

3. Հրայր Թովմասյանի կողմից 2008թ. մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում ք․ Երևանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների և դրանց հաջորդած դատավարությունների վերաբերյալ նախկինում կարծիք արտահայտած լինելու փաստը, 10 4. Հրայր Թովմասյանի կողմից վերոնշյալ երեք կետերում նշված փաստերի առկայության պարագայում սեփական անձի՝ Գործին մասնակցության անհնարինության հարցը շարունակաբար և անգամ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կողմից 28.08.2019թ․ գրությունն ուղարկելուց հետո չբարձրացնելու փաստը, հիմք են տալիս Ազգային ժողովին կարծելու, որ առերևույթ առկա են օբյեկտիվ կասկածներ առ այն, որ պարոն Հրայր Թովմասյանը չի եղել անաչառ Ռոբերտ Քոչարյանի դիմումը թիվ ՍԴԱՈ-59 աշխատակարգային որոշման հիման վրա քննության ընդունելու արդյունքում հարուցված վարույթով» (դիմումի 6.4-րդ կետ)։

Դիմումում որպես եզրահանգում նշվում է, որ «…. սույն դիմումի ներկայացման հիմքերի ի հայտ գալուց հետո, մասնավորապես՝

1. պարոն Հրայր Թովմասյանի կողմից թիվ ՍԴԱՈ-59 աշխատակարգային որոշմամբ քննության ընդունված գործով մինչև ըստ էության որոշման կայացումը սեփական անձի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը չբարձրացնելը,

2. Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կողմից, ի թիվս այլոց, պարոն Հրայր Թովմասյանի՝ Գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցի վերաբերյալ 28․08․2019թ․ գրության ներկայացումից հետո մինչև ըստ էության որոշման կայացումը պարոն Հրայր Թովմասյանի կողմից սեփական անձի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը կրկին չբարձրացնելը, և վերոնշյալ երկու կետերում նկարագրված պայմաններում

3. Հրայր Թովմասյանի թիվ ՍԴԱՈ-59 աշխատակարգային որոշմամբ քննության ընդունված գործով 06.09.2019թ․ ուժի մեջ մտած թիվ ՍԴՈ-1476 ըստ էության որոշման կայացմանը մասնակցությունը՝ Ազգային ժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում դիմում է Սահմանադրական դատարան Սահմանադրական դատարանի դատավոր պարոն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով» (դիմումի 6.9-րդ կետ)։

Ինչպես վերը նշվեց, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնակարգմամբ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դա տարան դիմելու իրավունք ունի խմբակցությունը, և, եթե Սահմանադրական դատարանի դատավորը կատարել է էական կարգապահական խախտում, ապա Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել համապատասխան հիմքերի մասին հայտնի դառնալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացրել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին:

Ազգային ժողովի նախագահին ուղղված համապատասխան գրությունը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում: Դիմումից հետևում է, որ դիմողն իր ներկայացրած փաստերի ի հայտ գալու վերջին ժամկետ է դիտարկել 2019 թվականի սեպտեմբերի 6-ը, երբ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակվել է Սահմանադրական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշումը: Սահմանադրական դատարանը նշում է, որ դիմողի կողմից և նրա գնահատմամբ դիմումով ներկայացված բոլոր փաստերը (որոնց Սահմանադրական դատարանը գործի քննության ներկա փուլում չի կարող ըստ էության անդրադառնալ, գնահատել դրանց արժանահավատությունը և Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանին վերագրելիությունը) հայտնի են եղել, այդ թվում` Ազգային ժողովի խմբակցություններին, շատ ավելի վաղ, քան դիմողի կողմից փաստերի ի հայտ գալու վերջին դիտարկված ժամկետը վրա հասնելը՝ 2019 թվականի սեպտեմբերի 6-ը: Դրա մասին են վկայում նաև հենց դիմումում ներկայացված նյութերի հրապարկման ժամկետները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելը պայմանավորում է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի կողմից «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց չբարձրացնելու հանգամանքով, Սահմանադրական դատարանը նշում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝

«Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը Սահմանադրական դատարանը լուծում է գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշման շրջանակներում»:

Հիշյալ իրավակարգավորմամբ օրենսդիրը հստակ սահմանում է Սահմանադրական դատարանի դատավորի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը որոշող իրավական ակտի տեսակը, այն է՝ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը: «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը քննության է ընդունվել Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 21-ի ՍԴԱՈ-59 որոշմամբ: Այդ որոշման ընդունման հետ միաժամանակ, Սահմանադրական դատարանի նույն աշխատակարգային նիստում, հիշյալ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում կայացվել է միայն Սահմանադրական դատարանի մեկ դատավորի՝ Վահե Գրիգորյանի մասով (Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 21-ի ՍԴԱՈ-58 աշխատակարգային որոշում):

Սահմանադրական դատարանի որոշումները, եզրակացությունները, աշխատակարգային որոշումները հրապարակվում են Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում, ինչը Սահմանադրական դատարանի վերը նշված աշխատակարգային որոշումների դեպքում ևս իրականացվել է, և դիմողը հնարավորություն ուներ տեղյակ լիներ դրանց մասին:

Ավելին, Ազգային ժողովը «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որպես պատասխանող կողմ՝ Սահմանադրական դատարանի նախագահի 2019 թվականի հունիսի 25-ի ՍԴՆ-97 գրությամբ 13 տեղեկացվել է Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 21-ի ՍԴԱՈ-59 որոշման մասին:

Դիմողի այն պնդումը, որ «…. Հրայր Թովմասյանը վարույթին մասնակցելու անհնարինության բազմաթիվ հիմքերի առերևույթ առկայության պարագայում շարունակաբար՝ գործը քննության ընդունելու փուլից սկսած, խուսափել է դրանց մասին բարձրաձայնել, դրանց անդրադառնալ և չի դարձրել դրանք քննարկման առարկա անգամ այն ժամանակ, երբ իր՝ վարույթին մասնակցելու անհնարինության հարցը բարձրացվել է դատավոր Վահե Գրիգորյանի կողմից» (դիմումի 5.25-րդ կետ), հիմք չի կարող հանդիսանալ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին Ազգային ժողովի նախագիծ ներկայացնելու ժամկետի սկիզբը Սահմանադրական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշումը հրապարակելու պահից դիտարկելու համար: Սահմանադրական դատարանը գործի քննության ներկա փուլում չի կարող ըստ էության անդրադառնալ Սահմանադրական դատարանի դատավորի կողմից իր` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց բարձրացնելու խնդրին: Սակայն, Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ 2019 թվականի սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որի մասին Սահմանադրական դատարանի դատավորները սահմանված կարգով ծանուցվել են, այդ թվում այն մասին, որ օրակարգային հարց է նաև Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի 2019 թվականի օգոստոսի 28-ի գրությունը:

Սահմանադրական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 2-ի աշխատակարգային նիստի N 35 արձանագրությամբ ամրագրված է, որ hիշյալ աշխատակարգային նիստը հրավիրել և վարել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

Նիստին ներկա են եղել Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները, բացառությամբ Վահե Գրիգորյանի:

Արձանագրվել է նաև, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2019 թվականի օգոստոսի 28-ի գրությունը ներկայացրել է` չպահպանելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և Սահմանադրական դատարանի աշխատակարգի պահանջները: Մասնավորապես, չի պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինությունը» վերտառությամբ 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը Սահմանադրական դատարանը լուծում է գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշման շրջանակներում: Այսինքն՝ գործի քննության այդ փուլում Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը նման հարց բարձրացնել չէր կարող:

«Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը քննության ընդունելու մասին Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 21-ի ՍԴԱՈ-59 աշխատակարգային որոշման ամսաթվի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից 2019 թվականի սեպտեմբերի 18-ին «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու ամսաթվի համադրումն ակնհայտ է դարձնում, որ չի պահպանվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված երկշաբաթյա ժամկետը և, հետևաբար, դիմողն իրավասու չէ դիմել Սահմանադրական դատարան: Ելնելով վերոշարադրյալից, ղեկավարվելով Սահմանադրությամբ և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը՝ Սահմանադրական դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց. «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

Տպել
2381 դիտում

Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ)

Գնալ խանութ եւ հանդիպել... Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին. վարչապետը լուսանկար է հրապարակել

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն (լուսանկարներ, տեսանյութ)

Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից և վերցնում կտորե տոպրակներ. վարչապետն ու տիկինը գնումներ են կատարում

Նոր-Հաճնում՝ իրենց բնակարանում շմոլ գազից մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում. փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացվել

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղում. 2 տների բակերում այրվել է 800 հակ անասնակեր

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ