Հայրենիք վերադառնալու միտք կա ու հաստատ իրականություն կդառնա. Սարգիս Մանուկյան

26/09/2019 schedule19:40

 

«Էմփիռեյ» ռոք խմբի նախկին մեներգիչ Սարգիս Մանուկյանը, որը 2013-ին հեռացավ Հայաստանից, չի բացառում, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից ոգեշնչված՝ շուտով վերադառնա Հայրենիք:

Նախօրեին մասնակցում էր ՀՀ վարչապետ Փաշինյանի լոսանջելեսյան հանդիպմանը նախորդած համերգին: Երգչի հետ զրուցել ենք Փաշինյանի այցի, Հայաստանից իր հեռանալու պատճառների եւ վերադարձի հնարավորության մասին: Մեզ հետ զրույցում նա նաեւ կարծիք է հայտնել երգիչների եկամուտների հարկման մասին:

- Սարգիս, ԱՄՆ-ում շատ լավ են դիմավորում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա բոլոր հանդիպումները բազմամարդ են: Նախօրեին դուք եւս Լոս Անջելեսում մասնակցում էիք նրա հրավիրած հավաքին: Ինչպիսի՞ տպավորություններ եւ զգացողություն ունեք:

- Ես շատ ուրախ եմ, որ անցած տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում եղած օրերից մեկի կրկնօրինակը ապրեցինք. միշտ ափսոսում էինք, որ հեղափոխության օրերին Հայաստանում չենք, չենք կարող մասնակցել այդ իրադարձություններին: Համոզված եմ, որ էն մթնոլորտը, որ ես Լոս Անջելեսում տեսա՝ դրա հազարապատիկը 20 օրից ավել անցած տարի Հայաստանում էր, եւ վստահ եմ,  որ մինչեւ հիմա էլ շարունակվում է: Խոսքս ոգեւորության, վստահության, ապագայի հանդեպ հավատի մասին է:

- Ինչո՞ վ եք բացատրում ամերիկահայերի ոգեւորությունը. նույնիսկ ամերիկյան լրատվամիջոցներն են խոսում Փաշինյանի ջերմ ընդունելության մասին:

- Ընդհանրապես այստեղ բոլորն են ասում, որ նման բան չի եղել երբեւէ, որովհետեւ գոնե վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանում իշխած ուժի ներկայացուցիչները, որ եկել են այստեղ՝ փախած են եղել ժողովրդից: Նրանք համոզված են եղել, որ ուղիղ հանդիպման դեպքում իրենց համար հետեւանքները վատ են լինելու: Իրենք եղել են նեղ շրջանակներով, «սխոդկի» մակարդակով հանդիպումներ են ունեցել, հետո փախել, գնացել են: Այսինքն ոնց  որ Հայաստանից էին թռած, այնպես էլ այստեղ են թռած: Երկու օր է՝ հետեւում եմ այստեղ «FoxNews»-ին, «CBS»-ին եւ այլն, էն նյութերը վերլուծական, այն անդրադարձը, որ կա Փաշինյանի այցին, կարծում եմ՝ ոչ մի անգամ որեւէ ղեկավար այս լույսի ներքո չի ներկայացվել: Այն գնահատականը, որ այդ լրատվամիջոցների կողմից կա Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններին՝ այդպիսի բան չի եղել: Նշում են, որ 20 տարի իշխանությունը զավթած խմբին (էդ բնորոշումը հենց ամերիկյան լրատվամիջոցներինն  է), անցած տարի ժողովուրդը քշեց իշխանությունից ու դեկտեմբերին առաջին անգամ 20 տարվա ընթացքում արդար ճանապարհով իշխանություն ձեւավորեց: Սա  իրականություն է, եւ էս իրականությունը ոչ մի հայելի եւ այդ հայելու առաջ նստած ծուռ ու բարոյազրկված տարբեր տեսակի քաղաքական թափթփուկներ չեն կարող ծռել:

- Փաշինյանը բազմաթիվ ուղերձներ հղեց ամերիկահայերին: Ըստ ձեզ՝ ո՞ր ուղերձը ամենից շատ դուր եկավ նրանց: 

- Շատ կարեւոր էր այն ուղերձը, որ լավ կլինի՝ Սփյուռքը Հայաստանին վերաբերի ոչ թե որպես օգնություն տալու կետի, այլ բարիք ստեղծելու, արարելու, ապրելու միջավայրի: Մենք պետք է դադարենք մտածել, որ Հայաստանը բացօթյա մանկատուն է կամ ծերանոց: Իսկ հասարակության այն հատվածը, որ մտածում է, թե փոփոխությունները նրա համար էին, որ իրենց որպես մանկատան կամ ծերանոցի կոնտինգենտ պահեն՝ կարծում եմ պիտի հուսախաբ լինի: Պիտի մարդիկ սովորեն աշխատել: Մարդիկ սկսել են շատ խոսել խնդիրներից: Այդ խնդիրները ոչ թե նոր են առաջացել, այլ 15-20 տարի հնարավորություն չեն ունեցել դրանց մասին խոսելու, հիմա խոսում են:

- Սարգիս, 2013-ին, երբ հեռացաք Հայաստանից եւ բնակություն հաստատեցիք ԱՄՆ-ում, «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում ասել էիք, որ որպես երաժիշտ եւ մարդ՝ ձեզ համար հոգեբանորեն շատ ծանր էր ապրել մեր երկրում, որ ստեղծագործելու համար այստեղ մթնոլորտ չկար: Նաեւ նշել էիք, որ մտավախություն ունեք, թե մնալով Հայաստանում՝ կարող եք կորցնել ձեր տեսակը: Ձեր հեռանալուց 6 տարի է անցել: Փոփոխություններ տեսնո՞ւմ եք Հայաստանում, հիմա՞ էլ չկա ստեղծագործելու մթնոլորտ:

- Ես չեմ մտածում, որ միայն ստեղծագործելու համար է բան փոխվել: Ամեն ինչ է փոխվել հեղափոխությունից հետո, իրավիճակ է փոխվել, ինչպես ասում են: Ես չեմ կարող համեմատել 2013 թվականի Հայաստանը 2019 թվականի Հայաստանի հետ: Ինչ վերաբերում է ստեղծված դժվարություններին՝ դա 1994-ին էլ կար, 2004-ին էլ, բայց դժվարությունները լինում են օբյեկտիվ եւ արհեստական ստեղծված՝ կոնկրետ մարդկանց համար: Այսինքն կարեւոր չի տնտեսության մեջ է մարդը գործում, թե մշակույթի մեջ՝ շատ մարդիկ չէին տեղավորվում այն համակարգի մեջ, որ 20 տարի ստեղծված էր ու գործում էր Հայաստանում: Դա ուղղակի մի հանցագործ խմբավորում էր, որը զավթել էր իշխանությունը ու պետական բոլոր կառույցները որպես վարագույր օգտագործում էր իր մյուս գործերը իրականացնելու համար: Եթե դու աշխատում էիր պետական համակարգում՝ ուղղակի կամ անուղղակի մասնակից էիր դառնում էդ հանցագործ սխեմային, որովհետեւ ուրիշ տարբերակ ուղղակի չկար: Նրանք իրենց իշխանությունը պահելու համար նույնիսկ չէին խորշում օգտագործել «քուչա» բառով բնորոշվող զանգվածին: Երկրի ընդերքից սկսած՝ ամեն քաղաքացու գրպանից ժուլիկություն անելով 20 տարի իշխանություն էին պահում: Հիմա էլ դրանց մնացորդները իրենց դրել են քաղաքական գործոնի տեղ, ընդդիմադիր են խաղում, հարցազրույցներ տալիս, ժողովրդին ասում են ամբոխ, բայց այդպես էլ էս 20 տարում չհասկացանք՝ իրենք ով են: Մի քանի հեռուստաընկերություն ունեն, որոնց լոգոյի տեղ կարելի է մի հատ թարախի բշտիկ դնել: Դրանց հյուրերը, եթե նկատել եք, միշտ նույնն են: Մի քանի հոգի կան, որ հեռուստաընկերությունից հեռուստաընկերություն են գնում, նույնիսկ տնեցիք չգիտեն իրենք ով են: Փորձում են խոսել ժողովրդի անունից, թե ժողովուրդը ուրիշ սպասելիքներ ուներ հեղափոխությունից եւ այլն: Թե դուք ի՞նչ գիտեք, ժողովուրդն ինչ սպասելիքներ ուներ: Կարծում եմ ինչ-որ հիվանդագին պրոցեսներ Հայաստանում դեռ կան, բայց դրանք ազդեցություն չունեն հասարակության առողջ հատվածի վրա:

- ԱՄՆ-ում կարողացա՞ք գտնել այն, ինչ այստեղ չէիք գտնում:

- Գտնելը մի քիչ հարաբերական է, որովհետեւ ահագին բաներ դու ընթացքում կորցնում ես, որովհետեւ կտրվում ես այն արմատից, որով դու ձեւավորվել, մարդ ես դարձել: Բայց գոնե պահպանում ես այն նյարդերը, որի հաշվին կարող ես դեպի դրականը գնալ:

- Այստեղից գնալուց հետո ինչո՞վ եք զբաղվում, մթնոլորտը տրամադրո՞ւմ է ստեղծագործելու:

- Ես կխաբեմ, որ հիմա ասեմ, թե իմ արած աշխատանքը ինչ-որ նմանություն ունի այն ամենի հետ, ինչ անում էի Հայաստանում 20 տարի:  Բայց փորձում եմ գոնե որպես երաժիշտ մնալ իմ տեղում: Պարզ է, որ «Էմփիռեյ» ռոք խմբի հետ ֆիզիկապես համագործակցությունը հնարավոր չէ շարունակել, բայց որպես անհատ կատարող՝ իմ նախագծերն եմ անում լավ երաժիշտների հետ, այդ թվում Կարո Սարաֆյանի, Գագիկ Թորոյանի, Ռոման Կանյանի... Այստեղ էլ երաժիշտներ կան, որ ինձ միացել են:

- Հայաստանում վերջերս մեծ աղմուկ էր բարձրացրել այն, որ երգիչները եւս, ինչպես այլ ոլորտներում աշխատող մարդիկ, պետք է հայտարարագրեն իրենց ունեցվածքը եւ հարկեր վճարեն: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ երեւույթի մասին:

- Ես չեմ ուզում առանձնացնել երաժիշտներին մյուս արդյունք ստեղծող մարդկանցից, որովհետեւ ԱՄՆ-ում ապրելով՝ ես հասկացա, որ կարեւոր չի դու ինչ ես աշխատում, պարտավոր ես հայտարարագրել քո բոլոր եկամուտները: Եթե դու պահանջներ ունես, ուրեմն պարտականություններ կարող ես ունենալ: Այսինքն, մեր ժողովուրդը սովոր էր, որ պետությունը բարեգործական կազմակերպություն է, իրենք պիտի տանը նստեն, պետությունը փող տպի, իրենց բաժանի: Դրա համար հիմա շատերը ասում են՝ բայց էս ինչի հեղափոխությունից հետո բան չի փոխվել: Այստեղ մարդը աշխատում է, տարեկան իր հայտարարագիրը ներկայացնում է, հարկ է մուծում ու կարող է պահանջել, որ իր տան դիմացը ասֆալտապատ լինի, երեխայի դպրոցն ու մանկապարտեզը լավը լինի: Դա, կարծում եմ, գիտակցության հարց է: Հետսովետական շրջանում մարդկանց մեջ դիտմամբ սպանում էին գիտակցությունը, որ մարդը պիտի աշխատի, հարկ մուծի, պահանջի: Մարդկանց մեջ մտցնում էին, որ դու պիտի կարողանաս շուստրի լինել, աֆերիստ լինես, մի բան կպցնես: Մեզ կտաս՝ մենք քեզ թուլափայ հետ կտանք. կարեւոր չի՝ դու պետական համակարգի աշխատող ես, թե մասնավոր: ԱՄՆ-ում բոլորը աշխատում, խելոք տանում, տալիս են հարկերը, կապ չունի՝ դու երաժիշտ ես, թե ոսկերիչ: Մի քիչ ժամանակ է պետք, որ մարդկանց գիտակցության մեջ դա մտնի: Բայց, ցավոք սրտի նկատել եմ, որ այն մարդիկ, որ Հայաստանում շատ են խոսում, փորձում են խուսափել ինչ-որ բաներից, հենց գալիս են ԱՄՆ-ում ապրելու, խելոք , (մի քիչ կոպիտ եմ ասում) գլուխները կախ, իրենց հայտարարագրերը գրում ու ներկայացնում են: Կսովորեն ժամանակի ընթացքում, կարծում եմ: Բայց պետք է ասեմ, որ կան նրբություններ, որոնք չգիտեմ, Հայաստանում հաշվի առնելո՞ւ են: Երգիչները, որոնք պրոդուկտ են ստեղծում, էդ պրոդուկտի վրա գումար են ծախսում՝ սկսած գործիքավորումից, երաժշտությունից, ձայնագրություններից, բեմական հագուստից, եթե իհարկե համերգ տալիս են: Այդ ամենը պետք է հանել շահույթից եւ հետո նոր հարկել:

- Եվ վերջում ուզում եմ հարցնել՝ այն դրական փոփոխությունները, որ Հայաստանում տեսնում եք, դեռ բավարար չե՞ն, որ վերադառնաք:

- 6-7 տարի մի տեղ ապրելուց հետո հեշտ չի ամեն ինչ փակել, վերջացնել, վերադառնալ: Բայց պրոցեսը սկսված է եւ հուսով եմ, որ երկար չի տեւի: Ու խոսքս միայն իմ մասին չէ, այլ այն մարդկանց մասին, ովքեր երկրից հեռացել են ոչ թե հացի խնդիր լուծելու համար, այլ հոգեկան առողջություն պահպանելու համար: Վերադառնալու միտք վաղուց կա ու հաստատ իրականություն կդառնա: Շուտով որոշ ժամանակով կգամ Հայաստան, իսկ հետո արդեն այդ ամենը կլինի նախապատրաստությունը՝ վերադառնալու:

Տպել
6215 դիտում

Մեծ պատիվ է. Համբարձումյանը՝ Մխիթարյանի բացակայության պայմաններում ավագի թեւկապը կրելու մասին

Թիմը դժվարությամբ էր ըմբռնում նոր մարզչի ասածները. ՀՀ ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստը՝ պարտության մասին

Նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Տղաները մաքսիմում նվիրվեցին, բայց որակական առումով զիջեցինք. ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչը՝ Հունաստանին պարտվելու մասին

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վաճառում են իրենց առանձնատունը․ այն գնահատել են 3,5 միլիոն դոլար

Վերջ. ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց դժգույն խաղով ու պաշտոնապես հրաժեշտ տվեց Եվրո 2020-ին

Երեւանում 37-ամյա կինը լույս աշխարհ է բերել 11-րդ երեխային

Քեզ հետ ենք, Վենետիկ․ Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնում հեղեղվող քաղաքի բնակչությանը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով հետմահու Արիության մեդալով է պարգեւատրվել հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը. ԱԻՆ

Վյաչեսլավ Հարությունովի պաշտպանը դատարանին միջնորդեց դատակոչել Գագիկ Ծառուկյանին, Էդուարդ Բաբայանին, Իվետա Տոնոյանին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին

Բազմամարդ բողոքի ակցիա Թբիլիսիում՝ արտահերթ ընտրությունների պահանջով. 2 օր է՝ երթեւեկելի պողոտան փակ է

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային

Գործկո՛մ, դո՛ւրս. ՀՀ ֆուտբոլի հավաքականի երկրպագուները պահանջում են ՀՖՖ գործկոմի հրաժարականը

Բացառվում է, որ ցանկապատի մեջ ապրենք. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտները կենդանի պատ են կազմել

Իսրայելը և Միացյալ Նահանգները ոչ մի բարեկամ չունեն. Հասան Ռոհանի

Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին

Բացահայտվել է Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակած ամերիկացի սենատորի կապը թուրք լոբբիստների հետ

«Իմ Սարյանը» ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում Ֆրանսիայի հրապարակում