Հորքուր, ինձ ամենաէժան շորերից տուր, հանդում գործը բրախել, եկել եմ. Ստեփանավանի «վարչապետը», քաղաքի խնդիրներն ու մարդիկ

Ստեփանավանցի տաքսու վարորդ Գագիկ Վահրամյանին շատերը «վարչապետ» են կոչում: Ասում է՝ տարիներ առաջ են սկսել իրեն այդպես դիմել. «Այն ժամանակ, երբ Հանրապետությունում կադրերի դասավորվածություն էին անում, մեզ մոտ շատերը բանավիճում էին, որ Գագիկ Հարությունյանն է լինելու երկրի վարչապետ, ես էլ ասում էի՝ վարչապետ լինելու է Անդրանիկ Մարգարյանը: Ճիշտ էի ասել, այդպես էլ եղավ: Անունս դրեցին վարչապետ ու մինչեւ այսօր ինձ այդպես են դիմում»:

Վարչապետ անվամբ Գագիկ Վահրամյանը Ստեփանավանից 10կմ հեռու Սվերդլով գյուղում է ապրում: Այստեղ գալիս է աշխատելու: Անհատ տաքսու վարորդ է եւ չնայած հարկերից ազատված լինելուն՝ օրվա հացի գումարը մեծ դժվարությամբ է վաստակում: Ստեփանավանում, ըստ մեր զրուցակցի, մարդկանց մեծ մասն իրար ճանաչում են եւ տաքսի ծառայություններից օգտվում՝ կա՛մ վարորդին ճանաչելով, կա՛մ նախկինում նրա արած լավության դիմաց, կա՛մ էլ այն դեպքում, եթե կանխիկ գումար չունեն. «Մարդը նիսիա տաքսի է նստում ու սպասում թոշակին կամ նպաստին, որ այդ 500 դրամը տա»: Ստեփանավանում «1կմ-ը՝ 600 դրամ» մինիմալի չափանիշը չի գործում: Բոլորովին կապ չունի, թե ուղեւորը քաղաքի, որ մասն է գնում՝ վճարում է ստանդարտ 500 դրամ:

«Լավ է, որ հարկ չենք տալիս, բայց ավելի լավ կլիներ աշխատատեղ լիներ, գումար աշխատեինք, պետությանն էլ հարկ վճարեինք: Լինում է, որ օրերով անգամ 500 դրամ չենք կարողանում աշխատել: Երբ այստեղ շահագործվում էր Արմանիսի հանքը, զբաղվածություն կար, 200-ից ավելի մարդ էր աշխատում, ժողովրդի ձեռքը փող կար, շարժ կար: Հիմա փող չունեն, գնալու տեղ էլ չունեն: Մարդիկ վարկ էին վերցրել, վարկով մեքենա առել, որ գնան գործի, գան: Հանքը փակվեց, վարկը մնաց: Հիմա Ամուլսարի հանքի դեպքում էլ ժողովուրդն ինչ գիտի՝ վնաս է, վնաս չէ, միայն գիտեն, որ աշխատատեղեր են պետք: Իհարկե, ես կողմ եմ էկոլոգիային, բայց որ այս պետությունը հանք չունենա, արտադրություն չունենա, ինչո՞վ ենք ապրելու, ո՞վ է մեզ պահելու: Եթե վնաս է, թող փակվի, բայց աշխատատեղ չունենք, չէ՞»,- ասում է նա:

Այնուամենայնիվ Գագիկ Վահրամյանը Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի բարեփոխման մեծ հույսերով է լցված: Վստահ է, որ կարճ ժամանակ անց Հայաստանում ամեն ինչ «դբա լավն է» գնալու: «Վարչապետի աշխատանքը շատ եմ հավանում, նրա ամեն ինչը՝ ժողովրդի հետ շփվելու ձեւը, ամեն ինչ օրենքի սահմաններում անելն ու էլի շատ բաներ: Եթե իրավական դաշտում որեւէ հարցի լուծման անհրաժեշտություն կա, դրանով դատարանն ու դատախազությունն են զբաղվում. վերջապես մեզ մոտ էլ է սկսել օրենքը գործել: Նիկոլը Հայաստանի համար լավ ղեկավար է, ես այդպես եմ կարծում, ես որ իր նման երկրորդին չգիտեմ: Պետք է լիներ, որ իմանայինք, չէ՞: Ճիշտ է, բաներ կան, որ հնարավոր չէ շատ արագ հարթել: Դա բացառվում է: Մեծ հաշվով՝ պրիմիտիվ բաներ են, որոնք վարչապետի անելիքները չեն, դրանցով պետք է նախարարները զբաղվեն: Ցավոք, շատ բաներ նախարարները պատշաճ չեն անում: Ստեփանավանում հաստատ չեն անում»,- ընդգծում է Գագիկ Վահրամյանն ու սկսում թվարկել քաղաքի հիմնական խնդիրները, որոնք տարիներով չեն լուծվում:

Ստեփանավանը ավտոկայան չունի: Նախկինը քաղաքի վերջում էր, բայց երկար տարիներ է՝ չի գործում: Քաղաքից կողքի գյուղեր հասնելու համար էլ նորմալ ճանապարհներ չկան: Շատ բաներ է այստեղ բնակիչներին դժվարությամբ տրվում, հատկապես նրանց, որոնք ստիպված են ամեն անգամ անհրաժեշտ ապրանքներ ձեռքբերելու համար հեռավոր գյուղերից հասնել Ստեփանավան: Այդ մասին է վստահեցնում նաեւ «Վարչապետ» անվամբ տաքսու վարորդը:

Ի տարբերություն հիսուն տարին բոլորած տաքսու վարորդի՝ մեր մյուս զրուցակիցը Ստեփանավանի բնիկներից է: Քաղաքի կենտրոնում առաջին հայացքից անշուք ու ներս ընկած խանութներից մեկի տիրուհին երկար տարիներ է, ինչ ամուսնու հետ զբաղվում է առեւտրով, կարելի է ասել՝ իրենց փոքրիկ ընտանեկան բիզնեսով: «Երեւանի աղմուկը տանել չեմ կարողանում, որ գնում ենք ապրանք առնելու, ժամերն եմ հաշվում, թե երբ ենք դուրս գալու: Շուկաների հարակից տարածքներից հնչող այդ բարձր երաժշտությունը պարզապես նյարդեր է սպանում: Ստեփանավանում այդ առումով արտասովոր հանգստություն է: Մի շաբաթ Մոսկվայում տղայիս տանն էի, էլ չէի դիմանում, անտանելի էր»,- ասում է նա՝ նկատելով, որ իրեն այստեղ շատ բան է պահում. երեխաներ ունի, թոռներ:

Իր խանութի անմիջապես հարեւանությամբ ավագ որդու նորաբաց խանութն է: Ամեն րոպե տիկնոջ աչքի առաջ են որդին եւ թոռները: Մեր զրույցի ընթացքում եկավ նաեւ դուստրը: «Աշխարհագրության ուսուցչուհի է»,- հպարտությամբ ասաց տիկինը: Այս տիկնոջն էլ, ինչպես մեզ այդ օրը պատահած բազմաթիվ ստեփանավանցիների, ամենաշատը վրդովեցնում էր արտագաղթի թեման:

«Միշտ հպարտանում էի, որ տարիներ շարունակ մեր ազգուտակից ոչ ոք չի գնացել, բայց վերջը կրտսեր որդիս գնաց: Սպիտակում բանկի կառավարիչ էր: Էլ չէր դիմանում այդ միջավայրի ճնշմանը, ասում էր` մա՜մ, ամբողջ ժողովուրդը վարկերի տակ է, բոլորի տները գրավադրված: Ամեն անգամ մեկի ձեռքից տուն վերցնելիս ձեռքերս արյունոտված եմ զգում»,- սրտի կսկիծով պատմում է տիկինն ու ավելացնում` հարսին ու թոռնիկներին ինքն է ուղարկել տղայի մոտ: Այդպես ճիշտ էր:

Ստեփանավանը միշտ հանդարտ է: Նույնը կարելի է ասել խանութների առեւտրի մասին: Բայց խանութպան տիկինը չէր բողոքում սակավամարդությունից, այլ ժպիտով ասում ՝ «ուր էլ չմտնեն, մեզ մոտ սուրճի համար էլ ա գալիս են»: Տիկնոջ  խոսքը դեռ չավարտված՝ 1000 դրամանոցը ձեռքին՝ խանութի դռների մեջտեղում հայտնվեց կենսուրախ մի կին: Սպիտակ մազերով, նիհար եւ ոսկրացած դեմքով կինն այս խանութի սուրճի հիմնական գնորդներից է: Սովորական դարձած մի շարժումով նա գումարն անձայն մեկնեց վաճառողուհուն, որն էլ առաջացավ դեպի սուրճի տոպրակները, ընտրեց դրանցից ամենասեւ ու խոշոր հատիկավորը եւ մինչ կլցներ աղացի մեջ՝ խանութ մտավ այդ ընթացքում ներս ու դուրս անող ամուսինը. սուրճն աղալու տեխնիկապես փոքր-ինչ դժվարին գործը նրան էր վստահված: Սուրճի գնորդը հեռացավ, իսկ մենք շարունակեցինք մեր զրույցը:

Խանութպան տիկինը պատմեց, որ Ստեփանավանի հանգստությունը, մարդկանց հանդուրժող վերաբերմունքն ու հատկապես յուրահատուկ մտերմությունը սկսվել է դեռեւս երեք տասնամյակ առաջ, երբ տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը. «Մարդիկ այն ժամանակ միմյանց տանն էին քնում, մեկը մյուսի մասին հոգ տանում եւ կարծես թե այդ չարաբաստիկ օրերից մնացած միակ լավ բանն ինչ-որ չափով պահպանվել է նաեւ այսօր»:

Վաճառողուհուց տեղեկացանք, որ վերջին շրջանում Ստեփանավանում սարսափելի ծանր է նպաստառուների վիճակը: Մեր զրուցակցի վստահեցմամբ՝ հարյուրավոր մարդիկ են վերջին մի քանի ամիսներին նպաստից զրկվել: Սոցիալապես անապահով խավը հուսահատության մեջ է հայտնվել:

«Մարդիկ ամիսներով չեն կարողանում իրենց գոյատեւման միակ միջոցից օգտվել, քանի որ բացարձակ անտեղյակություն է տիրում: Նախորդ իշխանության ժամանակ սոցաշխատողները բռնել, ինչքան խնամի-ծանոթ ունեին նպաստառու էին ներկայացրել, բայց դրանք էլ երկար տարիների աշխատողներ էին, իրենց գործին գիտակ: Հիմա բոլորը նորեկներ են՝ բանից անտեղյակ: Մի անձի նպաստի տրամադրումը կամ փաստաթղթերի կազմումը ամիսներով ձգձգում են: Խեղճ գյուղացուն էնքան են չարչարում մի թղթի համար, մինչեւ ինքնակամ հրաժարվում է էդ փողից»,- պատմում է նա՝ նայելով պարտքերի հաստ տետրին:

Դուրս եմ գալիս տիկնոջ խանութից, մայթն անցնելուն պես դիմացս է հայտնվում միջին տարիքի ցածրահասակ ու հյուծված մի կին: Կինը, լսելով մասնագիտությանս մասին, մի ձեռքով ամուր սեղմած պահում է թափանցիկ տոպրակով հացերը, մյուսի օգնությամբ փորձում հնարավորինս արագ ներկայացնել վերջին երեք ամսում իր գլխին եկածն ու այն, թե ինչպես են անպատասխանատու մարդիկ իրեն անուշադրության մատնել` արդյունքում զրկելով նպաստից: Մինչեւ կհասցնեի ավելի մանրամասն ծանոթանալ խնդրին, նա մոտեցավ հավանաբար իր հետ խանութ եկած տղամարդուն եւ ընդամենը մի քանի վայրկյան անց վախվորած ինձ ասաց՝  ավելին ասել չեմ կարող, շտապում եմ:

Ստեփանավանում մարդկանց մեծ մասը հսկայական վարկեր ունի, վարկով են աշխատեցնում նաեւ տեղի խանութների մեծ մասը: Համենայն դեպս մեզ այդպես ներկայացրին: Խանութներից մեկում, որտեղ հիմնականում հագուստ ու կտորեղեն էին վաճառում, վաճառողուհին փաստեց այդ մասին․«Թոռնիկս եկել, դպրոցի համար հինգ հարյուր դրամ գումար է ուզում, անգամ դա եմ դժվարանում տալ. վաղը վարկի մարման օրն է»:

Վաճառողուհու խոսքով՝ Ստեփանավանում մարդկանց մեծ մասը հագուստ ու կոշիկ միշտ պարտքերով է գնում: Մարդիկ գումար չունեն անգամ՝ ամենաէժան հագուստը գնելու համար: «Մարդ է մահանում, գալիս են թաղման հագուստը առնելու, ասում են՝ մեզ մի էժան պիջակ տուր, շալվարն իր ունեցածներից կհագցնենք, մի քանի անգամ է հագել, բան չի լինի: Ինչ էլ առնում են, ամբողջը նիսիա է, գալիս են՝ մեկին ծանոթով ես տալիս, մեկին խիղճդ է տանջում, երբ իմանում ես երեխաները դպրոցի հագուստ չունեն: Այդպես հավաքվում են հսկայական պարտքեր, ու գալիս է վարկի մարման օրը, գումար չկա»,-ասում է նա՝ դարձյալ ցույց տալով պարտքերի հաստ ցուցակները։

Ասում է՝ սեպտեմբերի մեկին ընդառաջ ծնողները երեխայի համար նախընտրում են ամենաէժան, ընդհուպ հազար դրամի հասնող շորն ու կոշիկն առնել, միայն թե երեխային «խաբելով» կարողանան դպրոց ուղարկել:

«Հորքուր, ինձ ամենաէժան շորերից տուր՝ մի մայկա, մի հատ էլ ջինսից շալվար: Զինկոմից են կանչել, հանդում գործը բրախել, եկել եմ, մի բան հագս գցեմ, գնամ, ինչ-որ թուղթ կա ստորագրելու»,- խոսելով արագ խանութ մտավ երիտասրդ մի տղա: Մի քանի րոպե հետո նոր շորերը հագած դուրս եկավ հանդերձարանից եւ առանց վճարելու հեռացավ։ «Ապրիլյան պատերազմի մասնակից է, տասնհինգ օր խաբարություն չունեին տնեցիք, սահմանին էր, երկար ժամանակ կապի չէր կարողանում դուրս գալ»,- պատմեց խանութի տիրուհին:

Տպել
4664 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր