Երրորդ երկրներից ապրանքներ ներմուծելը շարունակելու է մնալ անխուսափելի. Մեսրոպ Առաքելյան

Ինչպես գիտենք 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստան ներկրվող շուրջ 780 անուն ապրանքի մաքսատուրքերը աճելու են՝ պայմանավորված Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցությամբ: Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը: Քանի որ ԵԱՏՄ-ում ապրանքների մաքսային դրույքաչափերն էապես ավել էին Հայաստանում գործող դրույքաչափերից, Հայաստանն իր անդամակցության առաջին տարիների համար շուրջ 780 ապրանքատեսակների մասով ստացավ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման տարաժամկետում: Այս գործընթացի վերջնական նպատակը միասնական շուկա ստեղծելն է։ Երրորդ երկրներից՝ ոչ ԵԱՏՄ երկրներից, Հայաստան ապրանք ներկրելու վերաբերյալ փոփոխություններն ուժի մեջ մտնելուն պես ինչպես նշեցինք՝ մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքերը կավելանան: Այսպիսով, ԵԱՏՄ ապրանքը մրցակցային առավելություն կունենա:

ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ լայն սպառման ապրանքների դեպքում մաքսատուրքերի փոքրիկ բարձրացումը գնի կտրուկ բարձրացման չի բերի:

- Պարոն Առաքելյան, ինչպես գիտենք 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստան ներկրվող շուրջ 780 անուն ապրանքի մաքսատուրքերը աճելու են: Ինչի՞ կհանգեցնի դա:

- Ինչպես գիտենք 2015 թվականին անդամակցելով ԵԱՏՄ-ին, մենք՝ որպես միության լիիրավ անդամ նաեւ կրում ենք մաքսային կարգավորումներ՝ Հայաստանի տարածքում: Սակայն 2015 թվականի պայմանագրով, որով մենք անդամակցեցինք, 5 տարվա արտոնյալ ժամանակահատված ունեցանք երրորդ երկրներից որոշ ապրանքների ներմուծման դեպքում շարունակել կիրառել ներքին՝ մինչ այդ գործող կարգավորումներով մաքսատուրքերը: Խոսքը առաջին հերթին վերաբերվում էր առաջին անհրաժեշտության ապրանքներին եւ նաեւ ավտոմեքենաներին: Դրա նպատակը կայանում է նրանում, որ Մաքսային միության մաքսատուրքերը հիմնականում երրորդ երկրներից ներմուծման դեպքում բարձր էին, քան մենք ունեինք մեր ներքին կարգավորումներում: Իհարկե, որոշ ապրանքների դեպքում նույնն էր կամ նույնիսկ ցածր էր, սակայն ի վերջո դա ընդհանուր կարգավորումներ էր, որը արդեն 2020 թվականի ամբողջովին կիրառվելու է նաեւ Հայաստանի համար: Ապրանքների զգալի մասը բավականին զգայուն ապրանքներ էին, օրինակ՝ մսամթերք:

Այն ժամանակ արտոնություն տվեցին՝ նպատակ ունենալով նաեւ գնաճից խուսափել: Այս պարագայում իհարկե, մաքսատուրքերն այդ ապրանքների համար լինելու են ավելի բարձր, քան մինչեւ այժմ: Դրա վառ օրինակը, որը հասարակությունը ամբողջովին քննարկման է դարձրել դա ավտոմեքենաների հարցն է: Այդ մասով զուտ, եթե այլ հավասար պայմաններում ամեն ինչ մնա նույնը՝ միայն մաքսատուրքի ավելացումը բնական է, պետք է բերի ապրանքների թանկացման: Այս պահին անկեղծ ասած կդժվարանամ ասել, թե այդ ապրանքների գծով ինչի՞ համար տրվեց այդ ժամանակը, արդյո՞ք մենք կարողացել ենք այդ ապրանքների գծով ունենալ համարժեք փոխարինողներ՝ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծման դեպքում: Բնականաբար խոսքը առաջին հերթին Ռուսաստանին է վերաբերվում: Սակայն մյուս կողմից էլ ակնհայտ է, որ կան ապրանքներ՝ սկսած որակից եւ այլ բաներից, որ միեւնույն է մենք պետք է շարունակենք ներմուծել երրորդ երկրներից, քանի որ բացառված է, որ ԵԱՏՄ շուկան հնարավորություն տա ամբողջովին իր պահանջարկը ապահովել ներքին արտադրությամբ: Հետեւաբար երրորդ երկրներից ապրանքներ ներմուծելը շարունակելու է մնալ անխուսափելի:

- Ո՞ր ապրանքների մաքսատուրքերը էականորեն կբարձրանան:

- Էականորեն բարձրացումը հիմնականում մեքենաներին է վերաբերվում, որոշ բաներ կար մսամթերքի վերաբերյալ: Լայն սպառման տարբեր ապրանքատեսակներ կան, որոնց մասով մաքսատուրքերի բարձրացում է նախատեսվում, սակայն ես կարծում եմ, որ հաշվի առնելով՝ գնագոյացման մեջ մաքսատուրքի բավականին փոքր մաս կազմելը, օրինակ՝ 10 տոկոս մաքսատուրքը, եթե դառնում է 15 տոկոս, այդ 5 տոկոս բարձրացումը ի վերջո ապրանքի գնի մեջ չի բերի կտրուկ բարձրացման: Այստեղ ես նաեւ կարեւորում եմ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի դերը, որպեսզի ունենանք պատշաճ վերահսկողություն՝ հենց հաջորդ տարվա հունվարի 1-ից այդ ապրանքների գծով: Չեմ բացառում, որ արտաքին գործոնները շատ հաճախ դառնում են պատրվակ ավելի մեծ գների բարձրացման, քան իրականում ֆինանսական մասով կարգավորվում է: Նաեւ գնորդները, հասարակությունը հնարավոր է մաքսատուրքերի չափին լիարժեքորեն չտիրապետեն կամ թե ինչպես է գնագոյացումը կատարվում: Միեւնույն ժամանակ դեռեւս պահպանվել են որոշ ապրանքատեսակներ, որոնց մասով կարող է շուկայում որոշ մասնակիցներ դեռեւս գերիշխող դիրք ունենան: Այդտեղ ես կարեւորում եմ հանձնաժողովի դերը, որպեսզի հնարավոր չարաշահումներից խուսափեն եւ արդեն այս պահից սկսած այդ ապրանքատեսակների մասով պատշաճ վերահսկողություն սկսեն, որն առաջին հերթին կարող է լինել հենց առաջին անհրաժեշտության ապրանքների գծով:

- Հայաստանի իշխանությունները վերջին մեկ տարում ԵԱՏՄ անդամ երկրների հետ բանակցե՞լ են մաքսատուրքերի չափերը նվազեցնելու կամ գոնե առաջնային ապրանքների մաքսատուրքերը նույնը թողնելու հարցով:

- Շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, առավել եւս ավտոմեքենաների մասով: Շատերը փորձում են իշխանություններին մեղադրել, թե ինչու չեն բանակցում եւ պահպանում այն մաքսատուրքերը, որ կան: Իհարկե, ցանկալի է, որ ինչքան մաքսատուրքերը ցածր լինեն՝ այնքան լավ, այնքան ապրանքի գները ցածր կլինեն, սակայն չպետք է մոռանանք Մաքսային միության գաղափարախոսությունը: Մաքսային միության առաջին սկզբունքը ընդհանուր մաքսային քաղաքականությունն է: Ասել, որ մենք ուզում ենք ունենալ ավելի ցածր մաքսատուրքեր՝ քան մնացած անդամ երկրները... կներեք, էլ մենք ի՞նչ գործ ունենք Մաքսային միությունում: Դա ամբողջովին հակասում է Մաքսային միության գլխավոր սկզբունքին: Եթե նույն հաջողությամբ նման կարգավորումներ պահանջեր Մաքսային միության անդամ ցանկացած այլ երկիր, առավել եւս, որ միությունը նոր է ձեւավորվել, այդ միությունը, որպես այդպիսին գոյություն չի ունենա: Հետեւաբար՝ ե՛ւ իրավական ե՛ւ տնտեսական բովանդակությունից զուրկ է քննարկել, որ մենք մի խումբ ապրանքատեսակների գծով ունենանք այլ մաքսատուրքեր եւ եւս 5 տարի երկարաձգել, քանի որ դա ընդհանուր միության քաղաքականությանն է հակասում: Այստեղ նման խնդիրներից խուսափելու միակ տարբերակը սա է՝ գտնել ներքին արտադրության փոխարինողներ: Առաջին հերթին փորձել դա կազմակերպել Հայաստանում, չստացվելու դեպքում՝ Մաքսային միության այլ երկրներում: Այս տեսանկյունից կառավարությունը գնում է ոչ թե երրորդ անդամ երկրներից ներմուծվող ապրանքների այսպես ասած «խրախուսմանը», որ մաքսատուրքերը ցածր լինեն, այլ փորձում է իր գործիքներով ստեղծել ազատ տնտեսական մրցակցություն, հարկային բարեփոխումներ է իրականացնում, տնտեսվարողների համար օրենսդրական խոչընդոտներն է վերացնում: Այսինքն այսօր կառավարությունն այդ քաղաքականությամբ անում է առավելագույնը եւ բնական է շարունակում է այդ ծրագրերը, որպեսզի մենք ակտիվացնենք մեր ներքին արտադրությունը, դրանով հանդերձ փորձենք հնարավորինս նվազեցնել նաեւ այդ խոցելի ապրանքատեսակների ներմուծումը:

- ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքները որքանո՞վ են որակի եւ գնի առումով մրցունակ երրորդ երկրների ապրանքների հետ, որտեղից Հայաստանը ներկրում է իրականացնում:

- Անկեղծ լինենք՝ իհարկե, ԵԱՏՄ երկրները՝ մասնավորապես դոմինանտ երկիր Ռուսաստանն իր ապրանքներով, էականորեն զիջում է եվրոպական արտադրության երկրներից: Սակայն մյուս կողմից էլ ասել, որ այն ինչ մենք ներմուծում ենք՝ չկան դրան փոխարինողներ՝ այդքան էլ այդպես չէ: Նույն Ռուսաստանը ապրանք է ներմուծում: Եվրոպական ամենահզոր երկրներն էլ, ինչպես նաեւ ԱՄՆ-ն տարբեր երկրներից ապրանք են ներմուծում, որովհետեւ յուրաքանչյուր երկիր իր հնարավորությունների շնորհիվ կարողանում է ունենալ որոշակի ապրանքատեսակների գծով՝ համեմատության մեջ ավելի որակյալ եւ ավելի էժան ապրանք: Հետեւաբար՝ երազել, որ մենք կարող ենք բոլոր ապրանքները փոխարինել՝ բացառված է: Սակայն որոշ ապրանքատեսակների գծով հնարավոր է իրականացնել փոխարինում: Հաշվի առնելով ԵԱՏՄ շուկայի բավականին մեծ լինելը, այստեղ կա այսպես ասած մեկ այլ մոդել. երրորդ երկրները իրենց արտադրությունը իրականացնում են ԵԱՏՄ տարածքում եւ փաստացի դա դառնում է ռուսական կամ հայկական արտադրանք՝ ծագող երկրի իմաստով, բայց դա իր որակական հատկանիշներով եվրոպական երկրի է: Այսօր եվրոպական ու ճապոնական մեքենաշինական ընկերություններ կան, օրինակ՝ «Տոյոտա»-ն, որն իր արտադրանքն իրականացնում է նաեւ Ռուսաստանում: Կան նաեւ եվրոպական հեղինակավոր ընկերություններ, որոնք իրենց արտադրանքն արտադրում են Ռուսաստանում: Հետեւաբար այս մասով նույնպես հնարավորություններ կան որակյալ ապրանքների արտադրությունը կազմակերպել նաեւ Հայաստանում, ինչը նաեւ հնարավորություն կտա արդեն առանց մաքսատուրքերի այդ ապրանքներն արտահանել Ռուսաստան, որը Ռուսաստանի տեսանկյունից կդառնա այդ ապրանքների ներմուծում՝ առանց մաքսատուրքի:

- Մաքսատուրքերի բարձրացումը սոցիալական առումով ի՞նչ ազդեցություն կունենա քաղաքացիների վրա:

- Այս պահին գնաճի մասով մենք ունենք նույնիսկ բավականին ցածր գնաճ: Այդ տեսանկյունից ես կարծում եմ, որ որոշ ապրանքատեսակների փոքր չափով թանկացումը ընդհանուր գնաճային խնդիր չեն առաջացնի հաջորդ տարի: Միեւնույն ժամանակ այստեղ կարեւոր է գնաճից ավելի առաջանցիկ տեմպերով եկամուտների ավելացումը, քանի որ մարդիկ ոչ թե վախենում կամ դժգոհում են ապրանքների թանկացումից, այլ դժգոհում են եկամուտների չբարձրացումից: Հետեւաբար՝ կառավարությունը նաեւ քայլեր է ձեռնարկում մարդկանց եկամուտների ավելացման համար՝ կենսաթոշակների բարձրացում եղավ որոշ թոշակառուների համար, ուսուցիչների, զինվորականների աշխատավարձը բարձրացավ: Այսինքն՝ կառավարությունը ավելի շատ գնում է այդ քաղաքականությամբ, որպեսզի մարդիկ ավելի շատ եկամուտ ունենան, քան թե փորձենք ինչ-որ ձեւով գնաճը զսպել:

Տպել
959 դիտում

Քաղաքապետարանն օգոստոսին աշխատավարձ բաժանելու համար բավարար գումար է փոխանցել Սանիթեքին. պաշտոնական

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Քաղաքապետարանը շարունակաբար վատաբանում և զրպարտում է ընկերության ղեկավարությանը. «Սանիթեք»-ի հայտարարությունը

Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի ղեկավար

Ոստիկանության պետի պարտականությունները ժամանակավոր կկատարի Արման Սարգսյանը

Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Օսիպյանի հայտարարությունը

Կարծում եմ՝ երազելը շատ լավ է. Տոնոյանի պատասխանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին

2019-ի առաջին կիսամյակում ԵՄ երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 27%-ով

Օսիպյանն արդեն ոստիկանության վետերանների շարքում է. նա հրաժեշտ տվեց աշխատողներին

Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում եւ հրաժարվել է ցուցմունք տալուց. փաստաբան

ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման նպատակով բյուջեից ծախսվել է 220 մլն դրամ. Աղաջանյան

Մենք մեր խոսքը Նիկոլ Փաշինյանին կասենք ռազմի դաշտում. Զաքիր Հասանով

Վալերի Օսիպյանն ազատվեց ոստիկանության պետի պաշտոնից. նախագահի հրամանագիրը

Աշխատանքի նկատմամբ սերը բնութագրիչ է հայ և իրանցի ժողովուրդների համար. Զարուհի Բաթոյանը՝ Իրանի դեսպանին

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար

Եղանակի կանխատեսում. ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան. Պապիկյանը նրա հետ կարճատև զրույց է ունեցել

Վերցնենք Թումանյանի հեքիաթների ժողովածուն, մեր անունից տպագրենք ու ասենք՝ հղումը մոռացա. Գոգյանը՝ Հայրապետյանի մասին

Հայաստան կայցելի ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակություն

Մեր նպատակն է կառուցել բռնությունից ազատ հասարակություն. Արդարադատության փոխնախարար