Փաշինյանն ու Լուկաշենկոն չմեկնեցին Լեհաստան. խնդիրը Պուտի՞նն է

Մեկ օր տարբերությամբ Հայաստանի ու Բելառուսի առաջնորդները հրաժարվեցին մասնակցել Լեհաստանի Կռինիցա քաղաքում կայանալիք 29-րդ միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին եւ Վարշավայում սպասվող Համաշխարհային երկրորդ պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումներին:

Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարագայում դա հայտարարվեց պաշտոնապես՝ ԱԳՆ-ի ու մամլո խոսնակի մակարդակով, Լուկաշենկոյի դեպքում՝ տեղեկատվական արտահոսքի տեսքով:

Երկու դեպքում էլ հետաքրքիր է ոչ թե մասնակցությունից հրաժարվելու փաստը (ի վերջո երկրի ղեկավարները կարող են ընդունել հրավերը կամ հրաժարվել այս կամ այն միջոցառմանը մասնակցելուց), այլ այն, թե ինչպես դա արվեց: Լեհաստանում կայանալիք 29-րդ միջազգային տնտեսական ֆորումի կայքն ի սկզբանե հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին: Ավելին՝ ֆորումի կազմակերպիչներն իրենց պաշտոնական կայքում տեղեկացրել էին Փաշինյանի մասնակցության մասին՝ գրելով, որ Հայաստանի վարչապետը միջոցառման ամենասպասված հյուրերից է լինելու, որ «կարողացավ լուրջ քաղաքական փոփոխություններ բերել Հարավային Կովկասում»:

Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը հերքեց Փաշինյանի մասնակցության լուրը տնտեսական համաժողովին, որին ներկալ է լինելու 4500 մասնակից տարբեր երկրներից: «Մի շարք երկրների թվում համաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել ՀՀ վարչապետին: Հայաստանը չի հաստատել վարչապետի մասնակցությունը, եւ լեհական կողմն այդ մասին տեղեկացվել է»,- ասել էր նա «Արմենպրես»-ին:

Այնուհետեւ խնդրին անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքով, վարչապետը բազմաթիվ հրավերներ է ստանում, սակայն ոչ միշտ եւ ոչ բոլոր հրավերներն է ընդունում։ Նա նաեւ հայտնեց, որ Փաշինյանը չի հրավիրվել մասնակցելու Վաշրավայում սպասվող Համաշխարհային երկրորդ պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումներին:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Փաշինյանի չմեկնելը Լեհաստան բացատրեց «ինքնիշխանության» տեսանկյունից: Այսինքն՝ մենք ենք մեր գլխի տերը: Հրավիրել են՝ լավ է, բայց մենք ենք որոշում՝ մասնակցել, թե ոչ: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Լեհաստան չայցելելն ու համաժողովին չմասնակցելն ինքնիշխանության արտահայտությունն է», - ասաց Մնացականյանը լրագրողներին, ապա հավելեց. «Վարչապետն ունի տարբեր երկրներ այցերի իր ծրագիրը, ինչպես նաեւ ներքին քաղաքականության գերակայությունները։ Երբ համադրել են այս երկուսն իրար հետ, որոշել են, որ Լեհաստանի համաժողովին պետք չէ մասնակցել։ Սա սկզբունքային խնդիր է»։

Այս իրողությունը միանգամից հիշեցնում է այն, որ «Թավշյա հեղափոխությունից» հետո արտաքին հարաբերություններում Փաշինյանը դրեց Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման խնդիրը: Իսկ առաջին անգամ այդ մասին բարձրաձայնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության ժամանակ:

Վերադառնանք թեմային: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Փաշինյանից հետո Լեհաստան մեկնելուց հրաժարվել է նաեւ Բելառուսնի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ըստ լեհական Rzeczpospolita պարբերականի, Լուկաշենկոն չի մեկնի Վարշավա` ի նշան համերաշխության Վլադիմիր Պուտինի հետ: Համաձայն աղբյուրի, Լուկաշենկոն հրաժարվել է այցից, քանի որ Լեհաստանը Պուտինին հրավեր չի ուղարկել: RT հաղորդմամբ, Բելառուսի ԱԳՆ-ն չի մեկնաբանում այս տեղեկությունը:

ԵԱՏՄ անդամ եւ Ռուսաստանի ամենամոտ դաշնակից երկրների ղեկավարների՝ Լեհաստան չմեկնելու որոշման պատճառը Մոսկվայի հետ կապերում որոնելու ձգտումներում, իհարկե, տրամաբանություն կա: Նախ, Լեհաստանն ինքնին Ռուսաստանի հանդեպ տրամադրված է, կարելի է ասել, թշնամանքի աստիճանի նեգատիվ: Բայցի այդ, Արեւմուտքի ու Ռուսաստանի հարաբերություններն աշխարհաքաղաքական խնդիրներով պայմանավորված շարունակում են լարված մնալ: Մթագնում է այդ հարաբերությունների պատմական ֆոնը: Այն է՝ Ռուսաստանն ու Արեւմուտքը հեռանում են միմյանցից նաեւ երկրորդ աշխարհամարտերի պատմական ընկալումներում ու ներկայիս քաղաքականացված մեկնաբանություններում:

Մեկը փառաբանում է հաղթանակը, մյուսը փորձում դիտարկել դրա հումանիտար կողմն ու արդարացնել անգամ առանձին ֆաշիստական ու նացիստական խմբերի գործողությունները: Ու այս ամենին նվիրված միջոցառում պետք է տեղի ունենար Լեհաստանում, ուր չէր հրավիրված ՌԴ նախագահ Պուտինը: Հավանաբար այս միջոցառումը եւս մեկ անգամ կփաստի պատմական ողբերգական իրադարձությունների մեկնաբանություններում խորացող երկկողմ անջրպետը:

ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար, դիվանագետ Արման Նավասարդյանի կարծիքով, Հայաստանն ու Բելառուսը որոշում կայացնելիս այնուամենայնիվ փորձել են ինչ-որ առումով ուղղորդվել դաշնակից պետության, այն է՝ ՌԴ-ի տրամադրությունների շոշափման մտայնությամբ:

«Չեմ կարծում, որ Ռուսաստանը շատ մեծ ցավ կապրեր, եթե Փաշինյանը մեկներ Լեհաստան: Չեմ կարծում, որ մեր հարաբերությունների վրա շատ ուժեղ ազդեցություն ունենար դա: Բայց արտաքին քաղաքական կոմպոնենտ այս որոշման մեջ կա: Բայց դրա հետ մեկտեղ՝ ճիշտ չէ թմբկահարել, որ սա ինքնիշխանության հարցն է եւ ինքնիշխան որոշումն է: Նման հայտարարությունները մարդկանց որոշակի կարծիք են ձեւավորում: Ինքնիշխանության պաշտպանության հարցը ապրիորի պետք է լինի դիվանագիտության կարեւորագույն խնդիրներից մեկը, դրա մասին ասելն անգամ ավելորդ է: Խոսքը ԱԳ նախարար Մնացականյանի հայտարարության մասին է: Կարծում եմ՝ այդ հայտարարությունը նախարարի՝ երկու օր առաջ դեսպանաժողովի ժամանակ ներկայացրած երեք սկզբունքներից մեկի՝ ինքնիշխանության մասին հիշատակելու մղումով է արվել: Բայց երբ դու հասարակ հարցին պատասխանում ես, որ որոշում է կայացվել է ինքնիշխանության սկզբունքով, արդեն իսկ մտածելու տեղիք ես տալիս», - մեր զրույցում նշում է Նավասարդյանը:

Բելառուսցի փորձագետը, որը չցանկացավ իր անունը հիշատակել նյութում, մեր զրույցում նշեց, որ Լուկաշենկոն այս քայլը, ամենայն հավանականությամբ, արել է Պուտինի հետ հարաբերություններով պայմանավորված: «Սակայն սա չի նշանակում, որ Լուկաշենկոն ամբողջությամբ սոլիդար է այս հարցում Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ: Սա ուղղակի քաղաքական քայլ է, որը կարող է ապագայում Մոսկվայի հետ հարաբերություններում խնդիրներ ծագելիս առեւտրի առարկա դառնալ: Նման քայլեր Լուկաշենկոն, վերջին երկու տասնամյակի պատմությունը ցույց է տվել, որ հենց այնպես, էմոցիաներով կամ Պուտինի հետ լավ հարաբերություններով պայմանավորված չի անում», - նկատեց նա:

Տպել
3380 դիտում

Ով ինչ ուղերձներ հղեց մյունխենյան «հայացքների մենամարտում»

Արման Թաթոյանն այցելել է զորամասեր, հանդիպել զինվորների հետ

Սպիտակում «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել. կա տուժած

Հրդեհ՝ Վանաձորում. վնասը նյութական է

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին մեքենան ձորն է գլորվել. 5 տուժած տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի

Նոր Նորքում գտնվող 4000 տարեկան ժայռապատկերները վտանգված են. քաղաքագետը ահազանգում է, քաղաքապետի խոսնակը՝ արձագանքում

Շուտով կբեմադրվի փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին. նախագիծն իրականացվում է Մոնթեի կնոջ հետ

«Հայի բախտ ասվածն այլևս չար բախտը չէ»

Ակունք համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց Ձմեռ -2020» մարզամշակութային միջոցառումը

Արմավիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Արմավիրի մարզպետը շնորհավորել է եզդիական համայնքին Սուրբ Խըդըր Նաբիի տոնի առթիվ

Իրանի խորհրդարանական ընտրությունները նշմարում են Ռոհանիի իշխանության ավարտը. իշխող ուժի շանսերը փոքր են

Վթար Կապանում. «Հունդայի Սանտաֆե»-ի 46-ամյա ուղևորը մահացել է

Արարատի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հունվար ամսին ծնվել է 53 տղա եւ 71 աղջիկ

Քաղաքապետարանում տեղյակ չեն, թե Երեւանին նվիրաբերված սեքվոյա հսկա ծառի սերմերը որտեղ են պահվում

Նախագահական նստավայրում կայացել է ռուսական ռոմանսի երեկո՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին

Նախ ասել են՝ երեխաս աղիքային խնդիր ունի, հետո՝ իբր մահացել է. տարիներ առաջ ծննդաբերած կինը փնտրում է իր աղջկան

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին. 37-ամյա վարորդը մահացել է

Դիլիջանի «Շլորկուտ» հանդամասում 5000 քմ խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ