Պոլիկլինիկաները, իսկ այնուհետեւ ստացիոնար հաստատությունները ամոքիչ բուժօգնություն կտրամադրեն անվճար

Հայաստանում սկիզբ է դրվել պալիատիվ՝ ամոքիչ բուժօգնության ծրագրին, որը փորձնական տարբերակով սկսել է իրագործվել նախ Երեւանի թիվ 13 պոլիկլինիկայում, իսկ այնուհետեւ կընդլայնվի՝ առավելություններն ու թերությունները գնահատելուց հետո:

Այս ծառայության անհրաժեշտությունն առաջ է գալիս այն դեպքերում, երբ պացիենտը գտնվում է հիվանդության վերջին փուլում, նրան բուժել այլեւս հնարավոր չէ ու մնում է ինչ-որ կերպ մեղմել տառապանքները՝ տրամադրելով խնամք ու հոգեբանական աջակցություն: Պետությունը պարտավորություն է ստանձնել ամոքիչ բուժօգնությունը հասանելի դարձնել պետական պատվերով, այսինքն՝ քաղաքացիների համար անվճար:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել էր Ներքին Շենգավիթում գտնվող թիվ 13 պոլիկլինիկա, որը նրա գնահատմամբ աչքի է ընկնում աշխատանքների օրինակելի կազմակերպմամբ ու հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարմամբ, հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով ու մասնագիտական բարձր որակավորում ունեցող կադրերով: Այս պոլիկլինիկան էլ առաջինն է դիմել եւ ստացել պալիատիվ բուժօգնություն տրամադրելու լիցենզիա:

«Մեր քաղաքացիները, որոնք կարիք ունեն ամոքիչ բուժօգնության, այսինքն՝ իրենց հիմնական հիվանդությունը արդեն անբուժելի է եւ նրանց անհրաժեշտ է հսկողություն ու խնամք, նույնպես պետության հոգածության ներքո են եւ տնային պայմաններում ստանում են այդ բուժօգնությունը՝ բժշկի, բուժքրոջ, սոցիալական աշխատողի եւ հոգեբանի միջոցով»,- ասաց նախարար Թորոսյանը:

Մյուս պոլիկլինիկաները նույնպես ներգրավվելու են ծրագրի մեջ, իսկ հետագայում անցում կկատարվի ստացիոնար հաստատություններին, եւ ծառայությունները դարձյալ կտրամադրվեն պետական միջոցների հաշվին: «Եթե արդեն տան պայմաններում հնարավոր չէ կազմակերպել այդ պացիենտների խնամքը, քանի որ վիճակը ավելի ծանրացել է եւ այլն, ապա այդպիսի պացիենտները կտեղափոխվեն հատուկ հաստատություններ: Նման մեկ-երկու հաստատություն հիմա կա Հայաստանում, բայց վճարովի եւ բավական թանկ: Մենք որոշում ենք կայացրել, որ պետք է մտնենք նաեւ այդ դաշտ եւ զարգացնենք այդ ուղղությունը նույնպես»,- ապագա անելիքների մասին խոսեց Արսեն Թորոսյանը:

Ըստ նրա, եթե ծրագրի ընդլայնման ժամանակ մասնակցության հայտերը բավարար չլինեն եւ ակնհայտ դառնա, որ աշխարհագրորեն հասանելիության խնդիր է առաջանում, ապա այդ դեպքում պետությունը կպարտադրի համապատասխան տարածքում գործող բուժհաստատությանը՝ միանալ ծրագրին. «Բայց կարծում եմ, որ բոլոր բուժհաստատությունները պետք է շահագրգռված լինեն, որովհետեւ դա նրանց բուժօգնության որակը եւ վստահությունն է նաեւ բարձրացնում, որ մենք չենք թողնում անօգնական որեւէ մեկին»:

Երեւանի թիվ 13 պոլիկլինիկան սպասարկում է մոտ 32 հազար բնակչի, որոնցից մոտավորապես 25 հազարը 18 տարեկանից բարձր ազգաբնակչությունն է, իսկ 7 հազարը մինչեւ 18 տարեկան: Նրանցից շուրջ 20-ն, ըստ տնօրեն Ռուզան Դուրգարյանի, ունի պալիատիվ բուժօգնության կարիք: Առայժմ, սակայն, ծրագրում ընգրկվել են 16-ը: Տնօրենը նշեց, որ ներառումը կատարվում է աստիճանաբար: Պետությունը ֆինանսական հատկացումներ է արել 18 բնակչի հաշվարկով եւ պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում լրացնել դա:

Ի դեպ, պալիատիվ բուժօգնության ծրագիրը նախաձեռնել էր դեռ նախորդ կառավարությունը: 2017 թվականին նույնիսկ որոշում էր ընդունվել դրա վերաբերյալ: «Ես ինքս եղել եմ պալիատիվ բուժօգնության չափորոշիչների մշակման աշխատանքային խմբում, եւ պետպատվերի մասին այդ ժամանակ ընդհանրապես խոսք էլ չէր գնում: Բայց մենք բոլորս հասկանում էինք, որ առանց պետպատվերի, առանց պետության հովանավորության այդ ծրագիրը ուղղակի կարող է տապալվել: Եվ փառք Աստծո, որ այս տարի նախարարի որոշմամբ գումար տրամադրվեց պալիատիվ բուժօգնության համար»,- ասաց Ռուզան Դուրգարյանը:  

Պալիատիվ բուժօգնության կարիք ունեցող յուրաքանչյուր հիվանդի համար պետբյուջեից ամեն ամսվա համար հատկացվում է 41 հազար դրամ: Աշխատակիցներն, ըստ տնօրենի, բնականաբար կստանան աշխատավարձի հավելում՝ որոշակի տոկոս: Թե որքան է դա կազմելու, դեռ հայտնի չէ: «Հստակ չէ, որովհետեւ ծրագիրը նոր ենք սկսել»,- ասաց պոլիկլինիկայի տնօրենը:

Ինչ վերաբերում է պալիատիվ բուժօգնության տրամադրման կարգին, պացիենտի նկատմամբ պետք է լինի անհատական մոտեցում: Ռուզան Դուրգարյանի տեղեկացմամբ, պալիատիվ բժիշկը նախ առաջնակի այց է կազմակերպում, զննում է հիվանդին, որից հետո կազմում է վարման պլան, որով էլ սահմանվում է, թե տվյալ պացիենտին շաբաթակամ կամ ամսական քանի անգամ պետք են այցելեն բժիշկը, բուժքույրը, հոգեբանն ու սոցիալական աշխատողը:  

«Հոգեբանը աշխատում է ոչ միայն հիվանդի, այլ նաեւ հիվանդի ընտանիքի անդամների հետ, որովհետեւ գիտենք, որ պալիատիվ բուժօգնության կարիք ունեցող հիվանդների ընտանիքի անդամնեը երեւի թե ավելի շատ կարիք ունեն այդ հոգեբանական աջակցության, քան հիվանդը ինքը»,- փաստեց տնօրենը:

Պալիատիվ բուժօգնության ծրագիրը թիվ 13 պոլիկլինիկայում ներդրվել է ոչ միայն տարածքի բնակիչներին հասանելի լինելու համար: Առայժմ, սակայն, շահառուները Շենգավիթ վարչական շրջանում ապրողներն են: Ծրագիրը հղկվելուց հետո, ըստ հաստատության ղեկավարի, կարող են ընդգրկվել նաեւ մյուս վարչական շրջանների բնակիչները:

Տպել
744 դիտում

Քաղաքապետարանը շարունակաբար վատաբանում և զրպարտում է ընկերության ղեկավարությանը. «Սանիթեք»-ի հայտարարությունը

Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի ղեկավար

Ոստիկանության պետի պարտականությունները ժամանակավոր կկատարի Արման Սարգսյանը

Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Օսիպյանի հայտարարությունը

Կարծում եմ՝ երազելը շատ լավ է. Տոնոյանի պատասխանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին

2019-ի առաջին կիսամյակում ԵՄ երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 27%-ով

Օսիպյանն արդեն ոստիկանության վետերանների շարքում է. նա հրաժեշտ տվեց աշխատողներին

Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում եւ հրաժարվել է ցուցմունք տալուց. փաստաբան

ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման նպատակով բյուջեից ծախսվել է 220 մլն դրամ. Աղաջանյան

Մենք մեր խոսքը Նիկոլ Փաշինյանին կասենք ռազմի դաշտում. Զաքիր Հասանով

Վալերի Օսիպյանն ազատվեց ոստիկանության պետի պաշտոնից. նախագահի հրամանագիրը

Աշխատանքի նկատմամբ սերը բնութագրիչ է հայ և իրանցի ժողովուրդների համար. Զարուհի Բաթոյանը՝ Իրանի դեսպանին

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար

Եղանակի կանխատեսում. ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան. Պապիկյանը նրա հետ կարճատև զրույց է ունեցել

Վերցնենք Թումանյանի հեքիաթների ժողովածուն, մեր անունից տպագրենք ու ասենք՝ հղումը մոռացա. Գոգյանը՝ Հայրապետյանի մասին

Հայաստան կայցելի ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակություն

Մեր նպատակն է կառուցել բռնությունից ազատ հասարակություն. Արդարադատության փոխնախարար

Ինչպե՞ս բարձրացնել Ռուսաստանում Հայաստանի ճանաչելիությունը. համաժողով

Վարչապետը Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահին