Պատգամավորը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով յուրաքանչյուր քաղաքացի կարող է լինել երթեւեկությունը վերահսկող մարմին

19/08/2019 schedule13:05

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը շրջանառության մեջ է դրել երթեւեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծ, որը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտա բջջային հեռախոսի հավելվածի միջոցով ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն՝ լուսանկար կամ տեսանյութ: Այդ հաղորդագրության հիման վրա կհարուցվի վարչական վարույթ եւ տրանսպորտային միջոցի կարգազանց վարորդները կենթարկվեն վարչական տույժի:

Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում եւ դրա 1-ին հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետեւյալ խմբագրությամբ.

«1.1. Սույն Օրենքով են կարգավորվում նաեւ ֆիզիկական անձանց կողմից բջջային հեռախոսներով տեսանկարահանված կամ լուսանկարահանված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական վարույթների առանձնահատկությունները»:

Ֆիզիկական անձանց բջջային հեռախոսներով ամրագրված իրավախախտումներով վարչական մարմինը վարչական վարույթ է իրականացնելու, եթե ֆիզիկական անձի կողմից իրավախախտումն ամրագրվել է պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված բջջային հավելվածի միջոցով, որը հնարավորություն է տալիս նույնականացնել իրավախախտումն ամրագրած ֆիզիկական անձին, իրավախախտման գործիք հանդիսացող մեխանիկական տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, ինչպես նաեւ պարզել իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը, եւ եթե իրավախախտում ամրագրած տեսանյութը կամ լուսանկարը վարչական մարմնին ուղարկվել է համացանցային ուղիղ «օնլայն» ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին՝ որպես իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում:

Բջջային հավելվածի տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը) եւ դրանից օգտվելու կարգը սահմանելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ վարչական մարմինը պարտավոր է բջջային հավելվածը հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող (բնակչության պետական ռեգիստրում հաշվառված) ֆիզիկական անձանց համար:

Վարչական մարմինը պարտավոր է լինելու վարչական վարույթի արդյունքների մասին տեղեկացնել իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում ներկայացրած ֆիզիկական անձին վարչական ակտ ընդունելու համար սույն Օրենքով նախատեսված ժամկետները լրանալուց հետո մեկօրյա ժամկետում՝ ֆիզիկական անձի բջջային հեռախոսին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով: Էլեկտրոնային հաղորդագրության բովանդակությունը սահմանվելու է վարչական մարմնի ղեկավարի հրամանով:

Իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում ներկայացրած անձի տվյալները չեն կարող փոխանցվել իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթարկված անձին, նրա ներկայացուցչին եւ երրորդ այլ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը գրավոր տվել է իր համաձայնությունը կամ իրավախախտման մասին հաղորդում ներկայացնելու կապակցությամբ վարչական մարմնին հայտնի դարձած ֆիզիկական անձի անձնական տվյալների փոխանցումը նախատեսված է օրենքով։

Նախագծի հիմնավորման մեջ պատգամավորը նշել է, որ տարբեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո քաղաքացիների մոտ էապես բարձրացել է վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ եւ վստահության մակարդակի բարձրացմանը զուգահեռ քաղաքացիներն այսօր ավելի պատրաստակամ են համագործակցել ոստիկանության հետ:

Մինչ այս էլ սոցիալական ցանցերում ստեղծված մի քանի խմբեր, որոնց անդամների թիվը գերազանցում է տասնյակ հազարները, օրական հարյուրավոր լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում ճանապարհային երթեւեկության խախտումների վերաբերյալ: Այս խմբերում ներգրավված մարդիկ ցանկանում են մասնակից լինել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման գործընթացներում: Նրանք նկարահանում են իրենց տեսադաշտում հայտնված երթեւեկության խախտումները, այլ իրավախախտումներ ու հրապարակում՝ այսպիսով փորձելով ինչ-որ բան փոխել սեփական երկրի կյանքում: Սակայն այդ նպատակի իրագործման համար չկան համապատասխան օրենսդրական մեխանիզմներ: Միաժամանակ այսօր չկան նաեւ այնպիսի օրենդրական կարգավորումներ, որոնք թույլ կտան գոնե պաշտպանել այդ մարդկանց, որոնք ամեն տեսանյութ հրապարակելուց հետո ենթարկվում են բազմատեսակ սպառնալիքների: Իրավախախտներից ոմանք նույնիսկ դատարանով են սպառնում տեսանյութեր նկարող եւ տարածող քաղաքացիներին՝ մատնանշելով օրենդրական մեխանիզմների բացակայությունը․

«Հասկանալով, որ միայն իրավագիտակից քաղաքացին է ունակ ստեղծելու հզոր երկիր, կարեւոր է, որպեսզի մենք ունենանք այդ քաղաքացու համար ստեղծված օրենդրական գործիքներ, անվտանգության երաշխիքներ: Ուստի անհրաժեշտ է ներդնել օրենսդրական գործիքակազմ, որը թույլ կտա օրենքով սահմանված կարգով ընթացք տալ քաղաքացու հեռախոսի կամ վիդեոռեգիստրատորի տեսադաշտում հայտնված իրավախախտմանը: Հատկանշական է, որ սոցիալական ցանցերում ստեղծված այս խմբերում ծավալվող քննարկումներին շարքային քաղաքացիների հետ միասին ակտիվորեն մասնակցում են նաեւ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները, Ազգային ժողովի պատգամավորները, կառավարության անդամները, ինչը նույնպես փաստում է համագործակցության բարձր մակարդակի մասին»,- գրել է պատգամավորը:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2008թ.-ից սկսած Հայաստանի Հանրապետությունում զոհերով եւ վիրավորներով ՃՏՊ-ների թվաքանակը ամեն տարի պակասել է եւ հասել իր ամենացածր շեմին՝ 2016թ.՝ 267 զոհ: Սակայն դրան հաջորդող տարիներին կրկին աճողական տեմպ է գրանցվել՝ 2017թ.՝ 279 զոհ, 2018թ.՝ 343 զոհ, իսկ 2019թ. առաջին հինգ ամիսների տվյալներով նախորդ 2018թ. նույն ժամանակահատվածի համար 8-ով ավելացել են մահվան դեպքերը: Ավելացել է նաեւ ընդհանուր ՃՏՊ-ների ու վիրավորների թիվը:

Սիսակ Գաբրիլեյանը նախագծում նշել է, որ մեր երկրում վերջին 1 տարվա ընթացքում ստատիկ դիրքերում նոր տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքավորումներ չեն ավելացել, ինչի հետեւանքով որոշ կարգազանց վարորդներ հետզհետե ավելի են շատացնում իրենց կարգազանցությունները, ինչի հետեւանքով մահացությունների դեպքերը ՃՏՊ-ների հետեւանքով ավելի արագ տեմպերով են շատանում․

«Այս նախագիծը կյանքի կոչելու դեպքում նախատեսվում է ամբողջական գործընթացը ավտոմատացնել, զերծ պահել մարդկային գործոններից եւ ազդեցություններից, բայց միեւնույն ժամանակ այս մեխանիզմը կօգնի երթեւեկության մեջ հայտարարել հավասարություն բոլոր վայրերում՝ անկախ նրանից՝ այդտեղ կա ստատիկ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքավորումներ, թե՝ ոչ:

Դեռեւս 2018թ. հունիսի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ պետությունը պետք է համագործակցի քաղաքացու հետ, ինչի արդյունքում քաղաքացիները սկսեցին համագործակցել ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ: Նույն հանձնարարությունը վարչապետի կողմից արվեց նաեւ սույն թվականի ապրիլի 19-ին:

Ե՛վ խախտումն արձանագրած անձանց, եւ՛ ենթադրյալ իրավախախտում կատարած անձանց անձնական տվյալների պաշտպանությունը երաշխավորելու, համակարգչային միջամտությամբ մոնտաժը բացառելու, վարչական իրավախախտման վայրը եւ ժամը հստակ արձանագրելու համար իրավախախտումը էլեկտրոնային հավելվածի միջոցով պետք է կատարվի միայն օնլայն ռեժիմով: Այսինքն՝ խախտումն արձանագրող անձինք ոչ թե կհավաքագրեն տրանսպորտային միջոցների ու նրանց օգտագործողների վերաբերյալ տվյալները, այլ օնլայն ռեժիմով լուսանկարներն ու տեսանյութերը կփոխանցեն վարչական մարմնին:

Հավելվածում գրանցվելու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց նույնականացման տվյալները, որոնք ենթակա չեն հրապարակման:

Քաղաքացիներին իրավախախտումները արձանագրելու համար որեւէ աջակցություն չի տրամադրվելու:

Շահերի բախումը եւ միտումնավոր գործունեությունը բացառելու նպատակով ամրագվելու են որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, քաղաքացին միեւնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ իրավախախտման հայտ կարող է փոխանցել ոչ ավել, քան ամիսը մեկ անգամ:

«Երթեւեկության հանրային վերահսկման այս մեխանիզմի միջոցով ցանկացած քաղաքացի կարող է դառնալ վերահսկող, որի արդյունքում վարորդները ավելի զգոն եւ սթափ կլինեն մեքենան վարելիս»,- նշել է նախագծի հեղինակը։

Վերջինս նշել է, որ միջազգային փորձից տեսնում ենք, որ նմանատիպ իրավակարգավորումներ գործում են աշխարի մի շարք երկրներում: Ավելին, որոշ երկրներում ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցում անգամ քաղաքացիների հեռախոսազանգերով՝ իրավախախտման մասին բանավոր ծանուցվելուց հետո․

«Մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում արդեն մի քանի տարի է՝ գործում է հեռախոսային հավելված, որը կոչվում է «Մոսկվայի օգնական»: Իսկ ԱՄՆ-ում առանց էլեկտրոնային հավելվածի ցանկացած անձ կարող է զանգահարել 911 եւ պարզապես հայտնել որեւէ տրասպորտային միջոցի կողմից կատարված իրավախախտման մասին, որից անմիջապես հետո ոստիկանությունը սկսում է համապատասխան գործողություններ իրականացնել»։

Սա վկայում է պետություն-քաղաքացի-օրենք փոխադարձ վստահելիության մասին, որտեղ քաղաքացու տեսածը հիմնավոր է համարվում, իսկ ոստիկանի գործողությունները կասկածի տեղիք չեն տալիս:

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը նախագիծը դրական է գնահատում։ Նրա կարծիքով՝ երթեւեկության վերահսկումն այս պահին շատ բարդ վիճակում է, որովհետեւ ստացիոնար տեսա-լուսանկարահանող սարքավորումների թիվը չի ավելանում, որը, ըստ մեր զրուցակցի, ներկա կառավարության մոտեցումն է․

«Բայց վարչապետի մոտեցումն է նաեւ այն, որ ամեն քաղաքացի հենց ինքը կարող է լինել երթեւեկությունը վերահսկող մարմին»։

Ինչ վերաբերում է քաղաքացիների ներգրավվածությանն ու արձագանքին՝ Ղահրամանյանը կարծում է՝ երբ հարցը վերաբերում է մարդու սեփական անվտանգությանը, նա ամեն ինչի պատրաստ է եւ կաջակցի նաեւ այս նախաձեռնությանը, կներգրավվի ու կվերահսկի երթեւեկությունը․

«Շատ են դեպքեր եղել, երբ մարդիկ դեմ են եղել, բայց երբ իրենց մերձավոր ազգականը, ընկերները վտանգի են ենթարկվել, վնասվածքներ են ստացել, իրենք հասկացել են, որ պետք է պատասխանատվություն վերցնեն այս իրավիճակի համար եւ վերասկեն երթեւեկությունը»։

Ղահրամանյանը նկատեց, որ նախագիծը նաեւ հանրության կողմից էր պահանջված, սոցիալական տարբեր հարթակներում նման պահանջներ եղել են․

«Խախտում կատարող վարորդները սովոր են, որ իրենց գլխին մի քանի տեսախցիկ պիտի լինի, որ խախտում չանեն։ Իսկ նախագծի ընդունման դեպքում կիմանան, որ ցանկացած պահի կարող են արձանագրել իրենց խախտումը»։

Պատասխանելով կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ մեր հարցին՝ Սերգեյ Ղահրամանյանն ասաց, որ տուգանքներն ամեն դեպքում հաստատվելու են Ճանապարհային ոստիկանության կողմից, նույն գործընթացն է լինելու, ինչ խաչմերուկներում դրված տեսախցիկների դեպքում, ուղղակի այս պարագայում՝ որեւէ քաղաքացու հեռախոսով արձանագրված։

«Եթե մտածենք, որ կլինի կոռուպցիա, ապա կոռուպցիան հիմա էլ կա, նախկիոնւմ էլ կար, ցանկության դեպքում հնարվոր են գործողություններ, բայց լրացումը լինում է հենց այն օրենքում, որը վերաբերում է տեսախցիկներին ու արագաչափերին»։

Տպել
2642 դիտում

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Սուրեն Պապիկյանը Դաժու Յանգի հետ քննարկել է տեխնիկական համագործակցության հեռանկարները

Սամվել Թոփալյանն առաջադրվել է կանադական կինոփառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում

Գեղամ Գևորգյանը հանդիպել է Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի հետ

Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց Մարտի 1-ի գործով․ Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Սինոփսիս Արմենիան» աջակցում են Եվրոպական համալսարանին

Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական. որոշում

Ալիևն ու Զասը հանդիպել են. ի՞նչ քննարկելու հարցեր կարող են լինել ՀԱՊԿ-ի ապագա գլխավոր քարտուղարի ու Բաքվի միջեւ