Կյանքը «կադրում» և «կադրից» դուրս

19/07/2019 schedule15:55

Երջանկությունն ինձ համար առաջին հերթին ներկա լինելու, պահն զգալու և ապրելու զգացումն է: Հաճախ շատ էական չեն զգացողությունների որակն ու բնույթը. դրանք երբեմն կարող են ունենալ տխրության, բարկության, պայքարի էլեմենտներ: Բայց շատ կարևոր է, որ այդ բոլոր զգացողությունները ներկա լինելու, լիարժեք ապրելու, տվյալ պահին սեփական գործողությունների, քայլերի, մտքերի, ֆիզիկական ներկայության ներդաշնակություն պարունակեն: Այսինքն, երբ ապրում ես մի կյանք` ինչպես ուզում ես, որտեղ ուզում ես և ում հետ ուզում ես, հաշտ ես ինքդ քեզ հետ քո բոլոր գործողություններում և ընտրություններում: Երջանկությունը հենց դա է` դու ապրում ես, դու ստեղծում ես, քո բոլոր կարողությունները, հնարավորություններն ու հմտությունները շատ ակտիվ, կենսական պրեցեսի մեջ են:

Հոգեբան, խորհրդատու-հոգեթերապևտ Անուշ Ալեքսանյան.

Անձնական երջանկություն.

Ավելի հեշտությամբ կարող եմ հիշել շրջաններ, երբ չեմ հասկացել, թե ինչ է երջանկությունը, չեմ զգացել այդ ներդաշնակությունը և չեմ ունեցել ներկա լինելու զգացումը: Այդ ժամանակները շատ հստակ են հիշողությանս մեջ պահպանվել: Չէի ուզենա առանձնացնել այն պահերը, որոնք բացասական երանգներ ունեն, ասենք` լքվածության կամ միայնության զգացումները: Սրանք ինձ համար կենսական կարևորություն ունեցող զգացումներ են, որոնք և' շատ ուժեղացնում են, և' լիարժեքության զգացում են ապահովում: Կթվա, թե ավելի շատ շեշտադրում եմ անում բացասական հույզերը, որովհետև երջանկության մասին կարծրատիպ կա, թե այն անընդհատ բերկրանքի էյֆորիկ զգացում է, բայց ինձ համար դրանք չեն հակասում երջանկությանը, որովհետև ես այդ զգացողություններից չեմ փախչում, դրանք կարևոր են, ես կարող եմ այդ հույզերի մեջ ինձ բացահայտել, երբեմն` ինձ շատ սիրել, թե ինչպես եմ կարողանում ապրել վիշտը, բաժանումը, կորուստը, սերը, հոգատարությունը:

Միջանձնային հարաբերություններում` ընկերների, հարազատ մարդկանց հետ, երջանիկ եմ զգում, երբ լիարժեք նույնականացման պրոցես է լինում, երբ երկու մարդկանց սահմանները լղոզվում են` հասնելով ինտիմության ամենաբարձր մակարդակի: 

Վերջին տարիներին շատ անսովոր երջանկության զգացում ունեցա, երբ Նյու Յորքի «Մետրոպոլիտենում» էի. իսկապես, չէի հասկանում, թե ինչ է ինձ հետ կատարվում: Ասես, մանկությունս, արվեստը և հասունությունս խառնվել էին իրար: Ասես, ես հայտնվել էի այն ալբոմների էջերում, որ փոքր ժամանակ թերթում էի մամայիս հետ: Այն ժամանակ այդ ալբոմներում պատկերված ավեստի գործերն ինձ համար հեռու, անմատչելի, անհասանելի ու ահավոր մեծ բաներ էին, որոնց ես երբեք չեմ առնչվի, երբեք չեմ կարողանա դրանց մոտենալ: Մամաս ցույց էր տալիս ինձ այդ պատկերները և խոսում էր ինձ հետ դրանց մասին: Եվ հանկարծ, երբ հայտնվեցի իմպրեսիոնիստների սրահում, չեմ կարող բացատրել, թե ինչ կատարվեց ինձ հետ. Կարծես երազանքի մեջ հայտնված լինեի, որտեղ խառնվել էին պատկերներ իմ մանկությունից և այդ նկարները դիտելու ժամանակ ապրած նուրբ էմոցիաները, որ, հավանաբար, մամաս էր ինձ փոխանցել: Ես մամայիս փոխանցած երազանքի և անհնարինի իրագործման մեջ էի: Հիմա էլ, երբ հիշում եմ այդ պահի ապրումներս, փշաքաղվում եմ: Դրանից հետո աշխարհի շատ պատվավոր թանգարաններում ու պատկերասրահներում եմ եղել, բայց այդպիսի զգացում այլևս չեմ ապրել, որովհետև, երևի, արդեն հավատում էի, որ ինձ հետ կարող է նման բան պատահել:

Մասնագիտական երջանկություն.

Այնպես է ստացվել, որ ես գործի բերումով, կարելի է ասել, վաճառում եմ երջանկություն: Եվ ես դրանից վատ չեմ զգում, որովհետև շատ լավ է, որ մարդիկ կարողանում են ինչ-որ ձևով փոխհատուցել այն ամենի դիմաց, ինչ ստանում են: Հոգեբանական աշխատանքը շատ մեծ առնչություն ունի երջանկության զգացման հետ և մենք, կարելի է ասել, օգնում ենք մարդկանց գտնել այդ երջանկությունը, սովորել երջանիկ լինել, բացահայտել իրենց համար երջանիկ լինելու տարբեր ձևեր, մարզել ինչ-որ հմտություններ լինելու երջանիկ կյանքի տարբեր իրավիճակներում: Հոգեբանությունը շատ հաճախ ընկալվում է իբրև ռոմանտիկ մասնագիտություն, մինչդեռ իրականում շատ դժվար, ծանր, ողբերգական իրավիճակներից ենք փորձում դուրս բերել մարդկանց և օգնում լինել երջանիկ: Հեշտ չէ դա անել, բայց մեծ երջանկություն է դա կարողանալ անել: Եվ կարող եմ ասել, որ իմ մասնագիտության մեջ ես երջանիկ եմ: Հաճախ հարցնում են, թե դժվար չէ՞ անընդհատ առնչվել մարդկանց դժվարությունների, խնդիրների հետ: Զարմանալի բան պիտի ասեմ` ես իմ աշխատանքում ավելի շատ բերկրանքի պահեր եմ ապրում, քան կարեկցանքի կամ ցավալի զգացումների: Իհարկե, երբեմն լինում են ծանր զգացողություններ, որ աշխատանքից հետո մնում է նստած իմ դրական ապրումների վրա, նույնիսկ դժվարությամբ եմ քայլում, դժվար եմ ապրում այդ դեպքը լսելուց հետո: Բաներ կան, որ քանդում են մեր աշխարհը, որ հետո նորից պիտի հավաքես` արդեն հաշվի առնելով, որ այսպիսի բան էլ կա կյանքում: Երբեմն դու ուղղակի պատրաստ չես լինում այդպիսի բանի մասին իմանալ: Առավոտյան արթնանում ես, արևոտ եղանակ է, ուրախ գալիս ես աշխատանքի, ուրախ ես սպասում այցելուներին, որովհետև նրանք բոլորն անչափ հաճելի, աննկարագրելի հետաքրքիր, բարի և դուրեկան մարդիկ են: Նրանց հետ աշխատելն անչափ հաճելի է, իսկ նրանց օգնելը` իրոք, երջանկություն է, մանավանդ, երբ տեսնում ես, թե ինչպես են հաջորդ այցին գալիս ավելի զվարթ, ավելի խնամված, լավ տեսքով: Բայց, իհարկե, լինում են այնպիսի դեպքեր, երբ առավոտյան ուրախ գալիս ես աշխատանքի, և այցելուն սարսափելի ծանր մի բան է պատմում, որից հետո մի ծանր բան սկսում է սեղմել կրծքավանդակիդ շրջանում, ոչ կարողանում ես շնչել, ոչ շարժվել. մի տեսակ, պարալիզվում ես այյդ պատմության սարսափի տակ, բայց դու այդ պահին պիտի մի բան անես, որ այդ մարդը մի ելք, մի անցք գտնի, որ դուրս գա: Այդ ժամանակ շատ դժվար է լինում: Բայց փոխհատուցումն ավելի մեծ է լինում, երբ տեսնում ես, որ նրան հաջողվեց դուրս գալ, դու կարողացար նրան օգնել այդ գործում: Կամ` դու ծանրացած նստած ես այդ պատմության բեռի տակ, և այցելուն դուրս գալիս ասում է` «Անչափ շնորհակալ եմ Ձեզ»: Մտածում ես` «Ես այնքան փոքր եմ Ձեր վշտի, ցավի առաջ»... Իհարկե, այդպես չեմ ասում, բայց ունենում եմ այդ զգացողությունը: Նաև չեմ կարող չընդունել այդ մարդու շնորհակալությունը, որովհետև եթե ասում է, ուրեմն այդպես զգում է: Այնպիսի մեծ պատասխանատվություն է, երբ սոսկալի մեծ վիշտ ունեցող մարդը քե'զ է ընտրել, որպեսզի նրան օգնես: Հոգեբանական թերապիայի սենյակը, ժամանակը, մենք` այդ սենյակում և աշխատանքը այցելուի հետ` այդ ամբողջությունը մասնագիտական լեզվով կոչվում է «կադր», որ շատ լավ բառ է և շատ ճիշտ բնորոշում է իրավիճակը: «Կադրն» ասես մի պահ լինի սենյակից դուրս գտնվող աշխարհի, անցյալի, ապագայի արանքում, որ դուրս է եկել ժամանակային ու տարածական չափումներից: Եվ եթե այդ ընթացքում չզգամ ներկան, եթե ես այդտեղ չլինեմ` մարմնով, մտքով ու հոգով, եթե իմ կյանքն էլ կանգ չառնի «կադրում»` ինչպես այցելուինն է կանգ առել, ինձ թվում է` ես ոչինչ չեմ կարող անել: Մենք այդ ժամանակ քրտնում ենք, ջանք ենք դնում, պտտում ենք մեր մտքերն ահավոր արագ ու ինտենսիվ, դա շատ ծանր վերլուծական աշխատանք է, բայց այդ ամենը մենք երկուսով ենք անում, որպեսզի առաջխաղացում տեղի ունենա այդ մարդու կյանքում: Եվ ես այդ ժամանակ էլ եմ ինձ երջանիկ զգում: Մեր կյանքում շատ պահեր իներցիայով են անցնում, շատ ստերեոտիպային գործողություններ ենք անում` ուրբաթ երեկո է` պիտի գնանք խմելու, հարսանիք է` պիտի գնանք պարելու: Եվ իներցիայով ապրելու ընթացքում միշտ չէ, որ զգում ենք պահի սպոնտանությունն ու ոչ ստանդարտ լինելը: Ինչու եմ սա ասում` եղել է ժամանակ, երբ ես հոգեբան չեմ եղել, կամ կան ժամեր, երբ հոգեբան չեմ, մարդ եմ, որ շփվում է ընկերների հետ, տեսնում է, թե ինչպես են մարդիկ ապրում: Իսկ այցելուի հետ աշխատելիս, ա'յ այդ պահերին ասես հետախույզ եմ` քչփորում եմ կատարվածի խորքային շերտերը, և սա ապրելու լիարժեք պրոցես է, որտեղ ոչինչ չի կրկնվում, ոչինչ չի հոգնեցնում, ոչ մի ստանդարտ վիճակ չկա և ոչ մի ստանդարտ գործիք չես կարող կիրառել կոնկրետ իրավիճակում: Չենք կարող ասել` «Ախ, դե հոգնեցինք, էլի, ցածր ինքնագնահատականի խնդրից»: Որքան էլ այդ երևույթը կոչվում է ցածր ինքնագնահատական, դա այնքան ինքնատիպ է արտահայտվում կոնկրետ մարդու դեպքում, որ չես կարող նախկինում կիրառած գործիքներով օգնել: Եվ ամեն անգամ ամեն մարդու համար նոր ալգորիթմ գտնելն ինձ համար սարսափելի հետաքրքիր է, երջանկություն է:

Հանրային երջանկություն.

Այդ զգացումն ավելի վառ զգացել եմ Թավշյա հեղափոխության ժամանակ, երբ կար  համախմբվածություն` մի նպատակի ուղղությամբ քայլելը, կոնկրետ հարցի շուրջ նույն կերպ մտածելը, իրար նման լինելը, նույն չափով համարձակ լինելը, ինչ-ինչ զոհաբերությունների նույն չափով պատրաստ լինելը, ուժերի կենտրոնացումը.սրանք, իսկապես, երջանկություն պարգևող զգացումներ էին:

Հանրային երջանկությունապրում եմ, երբ ինքս ինչ-որ բան եմ անում հանրության համար: Ընդհանրապես, ակտիվ եմ հանրային կյանքում, չեմ սահմանափակվում իմ գրասենյակային աշխատանքով, փորձում եմ արձագանքել հանրային երևույթներին և իմ խոսքով օգտակար լինել, թեկուզ` մեկ մարդու: Ասենք, երեկոյան հոգնած գալիս եմ տուն, մի թեմայի մասին փոքրիկ նյութ եմ գրում ու տեղադրում ֆեյսբուքում` մտածելով, որ գուցե մեկին պետք կգա:Մեկ էլ գրածս բուռն արձագանք է ստանում: Այդ ժամանակ պետքական, օգտակար լինելու զգացողություն եմ ապրում: Ես բավական պատասխանատու մարդ եմ և միշտ մտածում եմ, թե ինքս ի՞նչ կարող եմ անել, որպեսզի համակարգվի այս կամ այն խնդիրը: Երբեմն այնքան նամակներ եմ ստանում, և օգտատերն այնքան շատ հարցեր կարող է տալ, որ ստիպված ինքս ասեմ` «Ներեցեք, բայց այսքանով սահմանափակվենք»: Մի օր միտքս եկավ ֆեյսբուք սոցիալական ցանցով «լայվ» հարցուպատասխան անել, որը հնարավորություն կտա խոսելու շատուշատ խնդիրներից, նաև` կոնկրետ մարդու հետ չի ծավալվի այդ անվերջ երկխոսությունը, զրույցը: Շատերն այդ ուղիղ եթերները համարում են մարքեթինգային քայլ: Ես ասում եմ` «Եթե այդպես է, ուրեմն նայեք ու կրկնեք»: Իհարկե, իրականում այդ մտահղացումս բոլորովին մարքեթինգային չէր, այն իմ արդեն չբավականացնող ժամանակի ու հոգնածության համար ընտրված լուծումն էր: Բացի այդ այն բավական ռիսկային բան է, որովհետև բաց է բոլորի առաջ, թույլ է տալիս, որ քո սխալները տեսնեն, քննարկեն և այլն: Եթե պրոֆեսիոնալ չես, վնասները կարող են ավելի շատ լինել, քան` օգուտը: Իհարկե, վնասվելու մտավախությունն ավելի թույլ է, քան հանրային կյանքում օգտակար լինելու ցանկությունը, դրա համար էլ ինչն ինձ օգտակար է թվում, անում եմ արագ, առանց երկար մտածելու:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Մարդն առաջին հերթին ստեղծագործ էակ է, նա կարիք ունի ինչ-որ բան ստեղծելու: Եվ մարդը կարող է երջանիկ լինել այն երկրում, որտեղ իրեն առավելագույն հնարավորություններ են տրվում ստեղծելու, արարելու, աշխատելու համար: Հայտնի փաստ է, որ այն երկրներում, որտեղ մեծանում են գործազրկության ծավալները, կտրուկ աճում է ինքնասպանությունների, թմրամոլության և այլ կործանարար սոցիալական երևույթների թիվը: Տեսեք` ես որքան երկար խոսեցի իմ աշխատանքի մասին: Սա, իհարկե, չի նշանակում, որ մասնագիտությունը երջանիկ լինելու իմ միակ ճանապարհն է: Շատ հաճախ մտածում եմ այս գործը թողնելու և ուրիշ բանով զբաղվելու մասին: Բայց աշխատանքը մեր կյանքի շատ կարևոր մասն է` մի բան, որ ե'ս եմ անում: Տնային տնտեսուհիներն ավելի քիչ դեպրեսիվ են, քան գործազուրկ տղամարդիկ: Տարբերությունն այն է, որ կոնկրետ մեր կենցաղային մշակույթում տղամարդը ավելի քիչ է զբաղված տան գործերով: Իսկ տնային տնտեսուհին առավոտյան արթնանում է և տունը մաքրում, հավաքում, ճաշ է պատրաստում. նա պրոդուկտ է ստեղծում, նրա աշխատանքը օգտակար է ընտանիքի անդամների համար: Երբ մարդն ստեղծում է որևէ պրոդուկտ, ապա դեպրեսիվ լինելու, կյանքի իմաստը կորցնելու հավանականությունը շատ քիչ է: Մի խոսքով, երջանիկ երկրի բոլոր քաղաքացիներն աշխատելու, ստեղծագործելու, բարիք ստեղծելու հնարավորություն պիտի ունենան: Պետությունը պիտի հոգ տանի, որպեսզի պարապ մարդ չլինի իր երկրում:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
9154 դիտում

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին

Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Օհանավանի բնակիչը հրացանով կրակել է շան ուղղությամբ, դիպել է գյուղի 32-ամյա մի բնակչուհու

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

Սա իրավաբանություն չի. «Իմ քայլ»-ի պատգամավորը անհիմն է համարում ՍԴ-ի որոշումը

Դիլիջան քաղաքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ

Երեւանում, «Գրանդ Սպորտ»-ի մոտ բախվել են 3 ավտոմեքենաներ. կա տուժած

Գյումրու «Թռչունյան տան» խնդրից տեղյակ եմ. Ռուբեն Վարդանյանը չի բացառում, որ աջակցություն կտրվի երեխաների կենտրոնին

Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտից անգամ առգրավվել են թուղթն ու գրիչը, տեսակցության իրավունք չի եղել. Կարապետյան

ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը

Տեղի ունեցավ Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

Գյումրու ծերանոցը լուծարվեց. աշխատակազմը կառավարության որոշումը բոյկոտում է

Էմանուել Մակրոնը մտադիր է Անգելա Մերկելի և Բորիս Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին

ՀՀ զինված ուժերում ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում

Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կ. Վրթանեսյան

Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքը գնալով վատթարանում է. փոխվարչապետի մոտ քննարկում է եղել նոր ցանցի վերաբերյալ

Թուրքիան խախտում է հրադադարի պայմանավորվածությունը. Սիրիան հայտարարել է 13 զոհի, 70 տուժածի մասին