Քաղաքական վերադասավորումներ. Սերժ Սարգսյանը կդառնա ՀՀԿ համանախագահ

27/06/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 27-ի համարում

2007 թվականի խորհրդարանական եւ 2008 թվականի նախագահական ընտրությունների համատեքստում ներիշխանական պայքարի լուրջ սրացում, այնուամենայնիվ, տեղի կունենա, եւ դրա մեկնարկը կտրվի հուլիսի 22-ին կայանալիք ՀՀԿ համագումարում: Հենց այստեղ էլ կպարզվի, որ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը իր համար ընտրել է գործողությունների ամենասուր սցենարը, քանի որ սպասվում է, որ այդ համագումարի արդյունքում նա կդառնա ՀՀԿ  համանախագահ: Սա հենց այն անակնկալն է, որ հանրապետականները խոստանում էին իրենց համագումարից առաջ, եւ եթե սա անակնկալ է ՀՀԿ-ի, այս կուսակցության անդամների համար, իշխանական մյուս ուժերի համար այդ անակնկալը պետք է համարել տհաճ:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ  գործող նախագահ Անդրանիկ Մարգարյանին, որը, փաստորեն, պետք է զիջի իր պաշտոնի մի մասը, իրադարձությունների այսօրինակ զարգացումը նրանց համար միակ տարբերակի նշանակություն ունի: Անդրանիկ Մարգարյանի պարագայում սա ակնհայտ է. եթե Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի հետ չէր ինտեգրվում, այսօր խորհրդարանական մեծամասնություն ունեցող կուսակցությունը, ըստ էության, վերածվելու էր լուսանցքային ուժի, որովհետեւ որքան մոտենային խորհրդարանական ընտրությունները, այնքան մեծանալու էր առնետավազքը ՀՀԿ-ից «Բարգավաճ Հայաստան»: Պրոցես, որ, ըստ էության, սկսվել էր վաղուց եւ թերեւս շուտով կընդգրկեր նաեւ ՀՀԿ-ի ամենավերին շերտերը:

ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, օրինակ, աշխատանքային ժամերին ՀՀԿ-ի նվիրյալ է, աշխատանքից հետո վերածվում է «Բարգավաճ Հայաստանի» ակտիվիստի, իսկ գիշերն էլ, թերեւս` ՀՅ դաշնակցության ծրագրի համատեքստում, երազում է Ծովից ծով Հայաստանի մասին: Սա` իմիջիայլոց: Իսկ ավելի գլոբալ առումով միայն Սերժ Սարգսյանը կարող էր կանգնեցնել վարչական ռեսուրսի փախուստը ՀՀԿ-ից: Եւ սա գիտակցելով է թերեւս վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խեղդել իր անձնական ամբիցիան եւ կուսակցության ղեկավարի պաշտոնը իր կառավարության պաշտպանության նախարարի հետ կիսելու պատրաստակամություն հայտնել:

Ի դեպ, ՀՀԿ-ի համար սա ամենեւին էլ նորություն չէ. 1999 թվականին միայն համանման քաղաքական կոմբինացիայի իրագործումից հետո ՀՀԿ-ի դերը ներքաղաքական կյանքում կտրուկ մեծացավ. եթե հիշում եք, ՊՆախարար Վազգեն Սարգսյանը դարձավ այս կուսակցության առաջնորդ: Այդ ժամանակ ՀՀԿ խորհրդի նորաթուխ նախագահ Անդրանիկ Մարգարյանը, ըստ էության, կուսակցության ներսում հայտնվեց երրորդական, չորրորդական դերում, բայց հենց այսպիսի «զիջողականությունը» ի վերջո նրան հասցրեց հանրապետության վարչապետի պաշտոնին: Ու հիմա Անդրանիկ Մարգարյանը, սեփական քաղաքական կարիերայի վերլուծություն անելով, թերեւս հանգել է այն եզրակացության, որ իրեն կարող է փրկել միայն նույնի կրկնությունը:

Եւ հասկացել է, որ պիտի այնպիսի առաջարկություն անի Սերժ Սարգսյանին, որից վերջինս չի կարող հրաժարվել: Իրավիճակի լրջությունը, սակայն, այն է, որ Սերժ Սարգսյանին էլ իր հերթին հետաքրքրում է ոչ ամենեւին Անդրանիկ Մարգարյանի, այլ իր սեփական քաղաքական կարիերայի փրկությունը, որովհետեւ ՊՆախարարը հասկացել է, որ իրեն հանում են խաղից: Եւ այն, որ ՀՀԿ համագումարը պետք է տեղի ունենա ամառվա շոգին, երբ քաղաքական բոլոր շարժերը մարած են, հենց վերը նշվածի վառ ապացույցն է. Պաշտպանության նախարարը հասկացել է, որ իշխանության ներսում տեղի ունեցող պրոցեսը պետք է նախ կանգնեցնել, ապա եւ առնել վերահսկողության տակ:

Ի՞նչ պատահեց

2007 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակով մասնակցելու իր որոշման մասին Սերժ Սարգսյանը պետք է հայտարարեր դեռեւս տարեսկզբին: Բայց գործող ՊՆախարարը այն ժամանակ ձեռնպահ մնաց նման հայտարարություն անելուց: Այս թայմ աութը նրան հարկավոր էր մի քանի իրադարձությունների, քաղաքական խմորումների իրական նշանակությունը հասկանալու համար: Դրանցից առաջինը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ուժեղացնելու մասին Ռոբերտ Քոչարյանի մերձավոր Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն էր: Նույնքան կարեւոր էր հասկանալ նաեւ, թե ինչ են մտածում ՀՅ դաշնակցության լիդերները, երբ իրեն, այսինքն, Սերժ Սարգսյանին հավաստիացնում են, թե 2008 թվականի նախագահական ընտրություններին Դաշնակցությունը կպաշտպանի նրա թեկնածությունը, եթե նա հանդես գա որպես անկուսակցական թեկնածու:

Բնականաբար, «Բարգավաճ Հայաստանի» նախաձեռնողներն էլ հավաստիացնում էին, որ իրենց միակ նպատակը նրան, այսինքն՝ Սերժ Սարգսյանին, ՀՀ նախագահ դարձնելն է: Գործող ՊՆախարարը փորձեց հավատալ թե՛ Դաշնակցությանը եւ թե՛ «Բարգավաճ Հայաստանին»: Բայց շատ չանցած՝ դավադրության պես մի բան զգաց: Դա ակնհայտորեն տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը մի կողմ է դրել հարցի զգացական կողմը, պաչպռոշտիներն ու քաղցր կենացները եւ փորձել է հասկանալ ընթացիկ քաղաքական իրադարձությունների զուտ քաղաքական նշանակությունը՝ դա փորձելով անել բացառապես փաստերի համադրմամբ: ՀՅԴ պայմանը իրեն ետ է պահում դեպի ՀՀԿ քայլ անելուց, որքան ինքը հապաղում է ՀՀԿ-ի հետ կապված հայտարարությունն անելիս, «Բարգավաճ Հայաստանը» ավելի հեշտությամբ է իր տակ հավաքում երկրապահահհկական զանգվածին:

Եթե այսպես շարունակվի, մինչեւ տարեվերջ ՀՀԿ-ից միայն ֆուտլյարը կմնա, այսինքն, այս կուսակցությունը իրականում ոչ մի նշանակություն եւ կշիռ չի ունենա: Իհարկե, ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին կարող է եւ առանձնապես չհուզել, բայց արդյո՞ք ՀՀԿ-ի բացակայության պայմաններում ինքը ՀՅ դաշնակցությանը կամ «Բարգավաճ Հայաստանին» պետք է: Իհարկե՝ ոչ, որովհետեւ նման կարգավիճակում հայտնված Սերժ Սարգսյանը ավելորդ «ուտող բերան» է դառնում, որը կարող է լինել միայն խնդրողի դերում: Եւ անգամ այս պարագայում, ինչո՞ւ պետք է նշված ուժերը իրեն նախագահ դարձնեն. տվյալ իրավիճակում նրանց ավելի շատ ձեռ կտա Վարդան Օսկանյանը, որը կլինի խելոք կատարողի դերում, եւ որը շատ ավելի ընդունելի կլինի Արեւմուտքի, գուցե նաեւ հանրության համար:

Կարճ ասած, Սերժ Սարգսյանին բավական երկար ժամանակ պահանջվեց հասկանալու համար, որ Քոչարյան-«Բարգավաճ Հայաստան»-ՀՅԴ եռյակը իր գլխի տակ փափուկ բարձ է դնում, որ հետագայում գլխի տակից հանի եւ դրանով փակի շնչառությունը: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, այս կուսակցության հետ ՊՆախարարի հարաբերությունները ունեն մի շատ կարեւոր առանձնահատկություն. այդ հարաբերությունները փոխշահավետ են, եւ փոխադարձ այս շահը չի կարող փոխարինել որեւէ պաչպռոշտիի եւ ապառիկ խոստումների:

Ետ բերել կորցրածը

ՀՀԿ համանախագահի կարգավիճակ ձեռք բերելու մղումը, սակայն, Սերժ Սարգսյանի համար ամենեւին էլ պաշտպանողական նշանակություն չունի: Այն ավելի շատ հարձակում է, հարձակում առաջին հերթին «Բարգավաճ Հայաստանի» ուղղությամբ: Սերժ Սարգսյանով ուժեղացված ՀՀԿ-ն լուրջ պրոբլեմներ է ստեղծելու «Բարգավաճ Հայաստանի» համար. նախ ճամպրուկները հավաքած հանրապետականները չեն կատարելու Գագիկ Ծառուկյանի կուսակցության անդամ դառնալու իրենց խոստումը, արդեն իսկ ՀՀԿ-ից թռածները աննկատ հետ են գալու: Հեշտ չի լինելու նաեւ այն մարդկանց վիճակը, որոնք «Բարգավաճ Հայաստան» են մտել այն հույսով, որ նա դառնալու է իշխանական կուսակցություն: Սերժ Սարգսյան-ՀՀԿ միաձուլումը կտրուկ փոխելու է նրանց պատկերացումը իշխանական ապագայի, ասել կուզի՝ նաեւ իրենց «կուսակցական աշխարհայացքի» մասին:

Ու եթե հաշվի առնենք, որ «Բարգավաճ Հայաստանը» 95 տոկոսով բաղկացած է հենց այսպիսի մարդկանցից, պետք է արձանագրել, որ ՀՀԿ առաջիկա համագումարը սպառնում է «Բարգավաճ Հայաստանի» գոյությանն ընդհանրապես: Պետք է ընդգծել, որ սրա առանցքային պատճառներից մեկը «գաղափարական» է: ՀՀԿ-ն եւ «Բարգավաճ Հայաստանը», ըստ էության, քաղաքական դաշտում կրկնում են միմյանց, քանի որ նրանց հիմնական կոնտինգենտը քաղաքական պատեհապաշտներն են. տառաճանաչ պատեհապաշտները կփորձեն «մտածել ազգի համար», իսկ երեք տառից պակաս իմացողները կնվիրվեն կեղծումների եւ ահաբեկումների գործին: Ասել կուզի, որ թե՛ ՀՀԿ-ն, թե՛ «Բարգավաճ Հայաստանը» պայքարելու են հենց այս կոնտինգենտը իրենց մեջ լցնելու համար:

Բնականաբար, հատկապես երկրորդ շերտի համար պայքարը սուր է լինելու, եւ այս շերտի մեջ պետք է դիտարկել նաեւ, այսպես կոչված, վարչական ռեսուրսը: Եւ ահա, Սերժ Սարգսյան համանախագահով ՀՀԿ-ն այս պայքարում մեծ առավելություն է ունենալու, մանավանդ որ այս կոմբինացիան ՀՀԿ-ին հնարավորություն է տալիս իրական վերահսկողության տակ առնել ողջ պետական համակարգը եւ անհրաժեշտության դեպքում լուրջ հարվածներ հասցնել «Բարգավաճ Հայաստանին»: Իհարկե, վերջինս վայելում է Ռոբերտ Քոչարյանի հովանավորությունը, բայց Հանրապետականում տեղի ունեցող պրոցեսի վրա Քոչարյանը մեծ հաշվով կարող է ազդել միայն կտրուկ քայլերով:

Վատն այն է, սակայն, որ տվյալ դեպքում կարող է լինել միայն մեկ քայլ` կառավարության պաշտոնանկությունը: Սա, իհարկե, հնարավոր քայլ է, բայց զուտ տեսականորեն: Ընտրություններից առաջ իշխանական գործող համակարգը ցաքուցրիվ անելը Քոչարյանի համար մեծ ռիսկեր է պարունակում. ակնհայտ է, որ դա առնվազն ներքաղաքական անկայունություն կհարուցի, մի բան, որից ամենաշատն է վախենում Ռոբերտ Քոչարյանը: Կարճ ասած, եթե Քոչարյանը վթարային տարբերակ չունի, Սերժ Սարգսյանի վերջնական անցումը ՀՀԿ կապելու է նրա ձեռքերը, եւ նա հուլիսի 22-ից հետո դե ֆակտո դադարելու է լինել համանախագահ:

Խաղաղ գոյակցություն

Այս հանգամանքներում շատ ավելի կարեւոր է ու հրատապ է դառնում մի հարց. հնարավո՞ր է ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» խաղաղ գոյակցությունը: Մեծ հաշվով՝ ոչ, որովհետեւ այդ իրավիճակը զուրկ է որեւէ քաղաքական իմաստից: Կարող ենք ասել, որ երկու կուսակցությունների միաժամանակյա գոյությունն ընդհանրապես անիմաստ է, որովհետեւ իշխանական կոնսոլիդացիան պետք է տեղի ունենա կա՛մ այս, կա՛մ այն կուսակցության շրջանակներում: Ռոբերտ Քոչարյանը ուզում էր իշխանական դեմքերին համոզել, որ «Բարգավաճ Հայաստանը» ավելի լավ տարբերակ է, քանի որ այն ավելի թարմ տեսք ունի եւ կարող է նոր կորով հաղորդել իշխանական թիմին:

Բայց հիմա Սերժ Սարգսյանի եւ Անդրանիկ Մարգարյանի մտածած կոմբինացիան նորացնում է նաեւ ՀՀԿ-ն, եւ եթե Սերժ Սարգսյանը շատ ցինիկանա, թերեւս կարողանա նաեւ մեկ-երկու ընդդիմադիր համարվող պատգամավոր մտցնել իր կուսակցության շարքերը: Այս ամենը, իհարկե, էական չէ եւ չի եղել երբեւէ: Էականն այն է, թե ո՞վ է լինելու իշխանական կոնսոլիդացիայի առաջնորդը. եթե դա տեղի ունենա «Բարգավաճ Հայաստանում», դրա լիդերը դառնալու էր Գագիկ Ծառուկյանը, այսպիսով` Ռոբերտ Քոչարյանը: Իսկ ՀՀԿ-ի պարագայում` Անդրանիկ Մարգարյանը, այսպիսով՝ Սերժ Սարգսյանը:

Եւ ՀՀԿ համանախագահ դառնալու քայլով Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին մղում է «Բարգավաճ Հայաստանի» անդամ դառնալու քայլին: Ու եթե այս քայլը իրականություն չդառնա, «Բարգավաճ Հայաստանը» կարող է արժանանալ Արտաշես Թումանյանի կուսակցության ճակատագրին: Այն տարբերությամբ, որ եթե Թումանյանը վերջնականապես դուրս մղվեց իշխանական բուրգից, Գագիկ Ծառուկյանը առնվազն տեղ կունենա ՀՀԿ համամասնական ցուցակում: Անշուշտ, սա գուցե չափազանցված նկարագրություն է. բայց ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀԿ-«Բարգավաճ Հայաստան» հարաբերությունները վերը նշված պատճառներով չեն կարող լինել հավասար հարաբերություններ, եւ վերը նշված ուժերից մեկը պետք է բավարարվի երկրորդի կարգավիճակով:

Եւ ի դեպ, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանը «Բարգավաճ Հայաստանի» նկատմամբ առանձնապես լավ տրամադրված չէ (չի բացառվում, որ սրանում դեր են խաղում նաեւ անձնական հարցերը. Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի հարաբերությունները չափազանց բարդ են): Իսկ Սերժ Սարգսյանի տրամադրվածությունը երեւում է հենց թեկուզ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի եւ Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի ՀՀԿ-ի անդամ դառնալով: Ակնհայտ է, որ վերը նշված մարզպետները դա արել են Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի պնդմամբ: Բայց այստեղ կարեւոր են ոչ թե այս անձինք, այլ՝ նրանց քայլի բուն ենթատեքստը: Կարծիք կա, որ Կոտայքի մարզում Գագիկ Ծառուկյանի ունեցած ազդեցությունը շատ մեծ է, գրեթե անսահմանափակ:

Եւ այս պայմաններում, երբ Գագիկ Ծառուկյանը ունի սեփական կուսակցություն եւ վայելում է Ռոբերտ Քոչարյանի հովանավորությունը, Կոտայքի մարզպետի անդամագրումը ՀՀԿ-ին առնվազն վիրավորական է վերը նշված երկու անձանց հասցեին: Նույնը վերաբերում է նաեւ Արարատի մարզին, որտեղ գործող ամենախոշոր ձեռնարկությունը` «Արարատցեմենտը», նույնպես պատկանում է Ծառուկյանին: Բայց այստեղի մարզպետը նույնպես ՀՀԿ անդամ է դառնում: Տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի նպատակը մեկն է եղել` ասել սեփական ասելիքը: Արարատի մարզի դեպքում, ի դեպ, այդ ասելիքը վերաբերում է նաեւ Հովիկ Աբրահամյանին, որը որոշակի հակասություններ ուներ Ալիկ Սարգսյանի հետ, քանի որ վերջինս հրաժարվում էր Աբրահամյանին «պապա» ճանաչել: Սերժ Սարգսյանը, փաստորեն, տեր կանգնեց նաեւ Սարգսյանին՝ ցույց տալու համար, թե ով է հայոց մարզպետների իրական «պապան»:

Արման Կարապետյան

Տպել
1243 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի