Ամեն ինչ շատ լա՞վ է լինելու. Ստամբուլը դուրս եկավ Էրդողանի վերահսկողության տակից

Թուրքիայի տնտեսական մայրաքաղաքի՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում կրկին հաղթանակ է տանում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Մամօղլուն:

Ձայների 98 տոկոսի հաշվարկի արդյունքում, նա հաղթում է գրեթե 10 տոկոս առավելությամբ։ Նախնական արդյունքների համաձայն՝ Իմամօղլուի օգտին քվեարկել է ընտրողների 54.03 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակցի՝ իշխանության թեկնածու Բինալի Յըլդըրըմի օգտին՝ 45.09 տոկոսը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, քաղաքացիների ակտիվությունը շատ բարձր է եղել, 10 մլն 570 հազար 222 ընտրողների 84.42 տոկոսը մասնակցել է քվեարկությանը:

Արդյունքների հրապարակումից հետո կայացած ասուլիսի ժամանակ Իմամօղլուն հայտարարել է, որ այս ընտրությունները մեծապես կնպաստեն Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացին:

«Սա հաղթանակ չէ, սա նոր սկիզբ է: Ուզում եմ այստեղ հայտարարել, որ վաղվանից սկսած, որպես քաղաքապետ հավասարապես եմ վերաբերվելու 16 մլն քաղաքացիներին», - նշել է Իմամօղլուն, գրում է Ազատությունը: Նա հայտարարել է, որ տրամադրված է աշխատել կենտրոնական իշխանությունների հետ, քանի որ քաղաքի ու քաղաքացիների խնդիրները վեր են ամեն տեսակի քաղաքական մոտեցումներից:

Նորընտիր քաղաքապետին շնորհավորել են Բինալի Յըլդըրըմը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինը իր թվիթերյան էջում գրել է, թե այսուհետ էլ շարունակելու են աշխատել մինչև 2023 թվականը նախանշված նպատակների իրականացման համար:

Մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում 13 հազար ձայների տարբերությամբ Ստամբուլում հաղթել էր ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Իշխող կուսակցության բողոքարկումից հետո, սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մայիսի 6-ի որոշմամբ, չեղյալ էր համարել քվեարկության արդյունքները՝ հայտարարելով, որ ընտրությունը պետք է կրկնել:

Այս անգամ Իմամօղլուի հաղթանակը կասկած չի հարուցում: Ուշագրավ է, որ ընդդիմադիր գործիչը վերջին 35 տարվա ընթացքում Ստամբուլի ՏԻՄ ընտրություններում ամենից շատ ձայներ հավաքած թեկնածուն է, իսկ 1984 թվականից ի վեր միայն Իմամօղլուին է հաջողվել 50 տոկոսից ավել քվե ստանալ:

Շուրջ 17 մլն բնակչությամբ ու 8,8 մլրդ բյուջեով Ստամբուլի կառավարումը ստանձնելը շատ կարեւոր է յուրաքանչյուր քաղաքական ուժի ու գործիչի համար: Աշխարհագրորեն այն քաղաք է, սակայն ֆինանսական առումով գործում է որպես պետություն՝ պետության մեջ: Ստամբուլ է հոսում միջազգային ներդրումների մեծ մասը, այստեղ են գալիս խոշոր գործարարները, որոնք կարող են մեծ աջակցություն ցույց տալ՝ դառնալով այս կամ այն քաղաքական ուժի հենարանը:

«Բի-բի-սի»-ն գրում է, որ քաղաքական իմաստով՝ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը լավ սկիզբ է հետագա կարիերային աճի համար: Բավական է հիշել հենց նույն Էրդողանին, որը 1994-1998 թթ. զբաղեցրել է այդ պաշտոնը եւ մի քանի անգամ հայտարարել. «Եթե դու հաղթել ես Ստամբուլում, ուրեմն հաղթել ես Թուրքիայում»:

Ստամբուլում ապրում են Թուրքիայի բնակչության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչները: Այստեղ են հարուստներն ու աղքատները, միջին խավը եւ միգրանտները: Սա, ըստ էության, Թուրքիայի դեմոգրաֆիական ընտրանքն է:

Երեկ երեկոյան նախնական արդյունքների հրապարակումից հետո ընդդիմության համակիրները սկսեցին տոնել իրենց թեկնածուի հաղթանակը: Ստամբուլի մի շարք վարչական շրջաններում փողոց դուրս եկած մարդիկ իրար շնորհավորում էին, երգում, պարում, ուրախանում՝ հավատալով Իմամօղլուի նախընտրական կարգախոսին, որ ամեն ինչ շատ լավ է լինելու:

Միեւնույն ժամանակ Թուքիայում շատերը, հաշվի առնելով Ստամբուլի կարեւորությոնը, որն այժմ անցնում է ընդդիմության վերահսկողության տակ, նշում են երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման կարեւորության մասին: Փորձագետները, սակայն, կասկածում են:

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի հաղթանակը Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում չի թուլացնի նախագահ Էրդողանի դիրքերը: Այդ մասին հայտարարել է թուրք քաղաքագետ Թողրուլ Իսմայիլը: Նա նշել է, որ ընդդիմությունը կարող է պահանջել արտահերթ նախագահական ընտրություններ, սակայն Էրդողանի փորձը թույլ կտա նրան մնալ իշխանության և շարունակել իր ուղենիշը:

Ըստ նրա, ՏԻՄ ընտրությունները պետք է մոտիվացնեն Էրդողանին՝ բարեփոխել Արդարություն և զարգացում կուսակցությունը:

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում պարտությունը ծանր հարված է Էրդողանի համար:

«Իսկապես սա կարևոր էր, չմոռանանք, որ Ստամբուլում արտադրվում է Թուրքիայի ՀՆԱ-ի 30 տոկոսից ավելին, և ինչպես որ Էրդողանն էր ասում՝ ով պարտվի Ստամբուլի ընտրություններում, կպարտվի նաև համաթուրքական ընտրություններում։ Սա ծանր հարված էր թե՛ կուսակցությանը, թե՛ Էրդողանին, քանի որ ինքն այստեղ էր սկսել իր քաղաքական կարիերան 1994 թվականից և առաջին անգամ կորցրեցին Ստամբուլում իրենց հսկողությունը», - նշում է նա։

Տպել
2337 դիտում

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը

Հրդեհ՝ Երևանի Բատիկյան փողոցում. տանը հայտնաբերվել է բնակչի դին

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին