Որեւէ մեկին թույլ չենք տալու սահմանադրական կարգի տապալման փորձ անել. Արայիկ Հարությունյան

Արցախում նախագահական ընտրություններից 1 տարի առաջ արդեն թեժ ընտրապայքար է սկսել: Սա պայմանավորված է նրանով, որ առաջին անգամ Արցախի ընտրություններում ՀՀ-ն չի միջամտելու եւ չի փորձելու իր թեկնածուին առաջ տանել: Փոխարենը Արցախի ընդդիմադիր ուժերը կարծում են, որ Երեւանը պետք է միջամտի, որպեսզի ազատ եւ արդար ընտրություններ տեղի ունենան:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արայիկ Հարությունյանի հետ: Հիշեցնենք, նա եւս հայտարարել է, որ մասնակցելու է Արցախի նախագահի ընտրություններին:

- Պարոն Հարությունյան, ինչպես նկատում ենք՝ Արցախում 2020-ին նշանակված նախագահական ընտրություններից առաջ բավականին վաղ ակտիվ ընտրարշավ է սկսվել: Ինչո՞վ է սա պայմանավորված:

- Սկզբունքորեն չեմ կիսում Ձեր այդ միտքը, քանի որ Արցախում քաղաքական ուժերի կողմից ցուցաբերվող ակտիվությունը ես ընտրարշավ չեմ որակում: Գուցե որոշ դեպքերում, իսկապես, կարմիր գիծը հատողներ կան, բայց հակված եմ կարծելու, որ ընթացող բոլոր զարգացումները տեղավորվում են առկա քաղաքական կոնյուկտուրայի մեջ: Իհարկե, գործ ունենք որոշ առումով անսովոր իրավիճակի հետ, քանի որ գալիք տարի սպասվում են խորհրդարանական եւ նախագահական միաժամանակյա ընտրություններ, եւ գործող նախագահ Բակո Սահակյանը այլեւս չի առաջադրվելու: Հետեւաբար, քաղաքական նոր վերադասավորումներ են սպասվում, եւ հենց դրանով է պայմանավորված, որ քաղաքական ուժերը փորձում են վերադիրքավորվել՝ առաջացնելով որոշակի աշխուժություն, ինչը բնական է:

- Մի քանի անգամ ձեր ղեկավարած կուսակցությունը եւ Սամվել Բաբայանի գրասենյակը փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին: Պատճառն անձնական վատ հարաբերություննե՞րն են, թե պարզապես քաղաքական պայքար է:

- Ես Սամվել Բաբայանի հետ ընդհանրապես որեւէ հարաբերություն չունեմ եւ չեմ էլ ունեցել: Ուստի, չեմ կարծում, թե անձնական տիրույթում են նրա եւ իր գրասենյակի կողմից իմ կամ իմ գլխավորած կուսակցության հասցեին պարբերաբար հնչող հայտարարությունները, որոնք հիմնականում իրականության հետ աղերս չունեն: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ քաղաքական նպատակներով բոլոր նախաձեռնությունները պետք է լինեն օրինականության սահմաններում, եւ, որպես առաջատար քաղաքական ուժ, այդ հարցում անզիջում պայքար ենք մղելու: Այս հարցում ունենք նաեւ հանրության լայն աջակցությունը, եւ թող ոչ ոք դրանում չկասկածի: Ատելության, կեղծիքի եւ հակաօրինական քայլերի բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որեւէ մեկին թույլ չենք տալու սահմանադրական կարգի տապալման փորձ անել:

- Ձեր հասցեին ժամանակ առ ժամանակ քննադատություններ են հնչում: Նշում են, որ դուք Արցախում տնտեսական մենաշնորհներ եք ստեղծել: Սա որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:

- Երկար տարիներ լինելով Արցախի Հանրապետության վարչապետ՝ իմ գործունեության հիմնական սկզբունքներից է եղել մրցակցային եւ դիվերսիֆիկացված տնտեսության ստեղծումը: Արդյունքներն, իհարկե, ակնառու են, դրանց մասին բազմիցս խոսել ենք ու առաջիկայում անպայման կրկին կանդրադառնամ: Բայց կցանկանայի մեկ անգամ եւս ընդգծել, որ անցած տասնամյակում տնտեսության տարբեր ոլորտներում ստեղծվել են հարյուրավոր մասնավոր կազմակերպություններ, որոնց շնորհիվ իրական հատվածում կարողացել ենք ապահովել տնտեսական աճի բարձր տեմպեր: Սա է իրականությունը: Եթե այդ քննադատություններն ուղղված լինեին տնտեսության զարգացման գործում այս կամ այն սխալին, չհաջողված ծրագրերին, ես դրանք ըմբռնումով կընդունեի, քանի որ այդպիսիք եղել են ու դրանց մասին բարձրաձայնելուց երբեք չեմ խուսափել: Բայց երբ ինձ մեղադրում են այսպես կոչված մենաշնորհների ստեղծման կամ իմ կողմից դրանց խրախուսման մեջ, վստահ կարող եմ հայտարարել, որ դրանք հիմնազուրկ են: Ի վերջո, տնտեսության մեջ մենաշնորհների գոյությունը իրականության մեջ փաստելու համար օրինակներ են անհրաժեշտ, որոնց մասին այդ քննադատները, չգիտես ինչու, չեն խոսում:

- Ի՞նչ է առաջարկում «Ազատ հայրենիք» կուսակցությունը եւ նրա նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ընտրողին: Ինչո՞ւ ընտրել հենց ձեզ:

- Բոլոր առաջարկները փաստարկված կերպով նախընտրական ծրագրի միջոցով կներկայացնենք օրենքով սահմանված ժամկետներում: Ներկայումս համայնքներում պարբերաբար հանդիպումներ ենք ունենում բնակիչների հետ եւ ներկայացնում Արցախի ապագա զարգացման վերաբերյալ մեր կուսակցության տեսլականը: Այդ շրջանակում կազմակերպում ենք նաեւ տարբեր հանրային քննարկումներ, որոնց նպատակն է ունենալ նոր առաջարկներ՝ հետագա գործունեության ընթացքում տարբեր խնդիրների լուծման գործում դրանք կյանքի կոչելու համար:

- Կարծիքներ են հնչում, որ Հայաստանը պետք է ամեն գնով աջակցի, որպեսզի Արցախում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ տեղի ունենան: Ունե՞ք նման կանխազգացում, որ առանց ՀՀ-ի աջակցության հնարավոր է կեղծիքներ կամ խախտումներ լինեն:

- Բարեբախտաբար, վերջին տարիներին Արցախում անցկացված բոլոր ընտրությունները եղել են ազատ եւ առանց կեղծիքների: Երկրում օրինական իշխանությունների ձեւավորման այս ճանապարհը Արցախի իշխանությունների համար եղել է սկզբունքային հարց, եւ ընտրությունից ընտրություն միայն առաջընթաց է արձանագրվել թե՛ տեղական եւ թե՛ միջազգային դիտորդների կողմից: Բնականաբար, ընտրական գործընթացն անընդհատ կատարելագործվելու խնդիր ունի, եւ կազմակերպչական, խորհրդատվական եւ այլ հարցերում ՀՀ մեր գործընկերների աջակցությունը մշտական բնույթ է կրում:

- Գալիք ընտրություններում ո՞ւմ եք համարում ձեզ հիմնական մրցակից:

- Անկեղծ ասած, դեռեւս շատ վաղ է այդ մասին մեկնաբանություններ անելը: Ճիշտ է՝ տարին նախընտրական է, բայց նախընտրական փուլին դեռ շատ կա: Ուստի, մենք այս օրերին զբաղված ենք միայն կուսակցական շինարարությամբ։

Տպել
11571 դիտում

Արսեն Թորոսյանին նորից դատի են տվել. պահանջում են հերքում, ներողություն եւ մինչեւ 3 մլն դրամ փոխհատուցում

Հայ-վրացական սահմանով ՀՀ մտնող մեքենաները մաքսազերծվելու են Հյուսիսային ավտոմաքսատանը՝ անկախ բերվող երկրից. ՊԵԿ

Ջրօգտագործման ոլորտում կոռուպցիոն չարաշահումների քրգործերով պետությանը պատճառվել է 5,7 միլիարդ դրամի վնաս

ՊՆ փոխգնդապետին ծեծի ենթարկելու կասկածանքով կալանավորված Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականն ազատվել է աշխատանքից

«Փոխանցիր հեշտ, ստացիր արագ». ակցիա ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ

Ի՞նչ կարող է տալ Հայաստանին Երեւանի՝ Booking.com-ի ամենաթրենդային քաղաքների 10-նյակում հայտնվելը

Հարուցվել է քրգործ՝ Ավանում տեղի ունեցած կրակոցների դեպքի առթիվ. հայտնաբերվել է 3 կրակված պարկուճ, 1 գնդակ

Պետք է փոխվեն հաստատված «խաղի կանոնները», երբ հաղթողը ստանում է ամեն ինչ․ մեկնարկել են խորհրդարանական լսումները

Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել. պաշտոնական

Տեղի է ունեցել խորհրդակցություն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ

ԿԲ նախագահը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի և ՀԲ աշնանային նստաշրջանին

Արագածոտնի մարզում ավտովթարից մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

«Արմավիր» ՔԿՀ-ում գիշերը 54-ամյա կալանավոր է մահացել. նախապատրաստվում են նյութեր

GIF19-ը միավորել է աշխարհի գիտնականներին ու գործարարներին ապագայի մարտահրավերների շուրջ. օր 2-րդ

Մեղրաձոր գյուղում այրվել է մոտ 6 տոննա կուտակած անասնակեր

Սուպերկլասիկոն անժամկետ հետաձգվել է քաղաքական պատճառներով

Մարդիկ ճանաչել են հերոսի, իսկ հիմա տեսնում են մի մարդու, որը պառակտում է մտցնում Հայաստանի ու Արցախի միջեւ․ Փամբուխչյան

Վարչական դատարանը հօգուտ Լիդիանի որոշում է կայացրել՝ անվավեր ճանաչելով տեսչական մարմնի որոշումը