Ես ոչ հեղափոխական եմ, ոչ հակահեղափոխական. ընտրվեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ այսօր բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ակադեմիկոս, նախկին պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը, իսկ մինչ այդ էլ հաստատվեց Արամ Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմումը։ Սիմոնյանը Գեւորգյանին պաշտոնից ազատել էր այս տարվա մարտին:

Հոգաբարձուների խորհրդի նիստին նախորդած ժամանակահատվածում հավանական թեկնածուների ինչ անուններ ասես, որ չշրջանառվեցին, բայց այսօր առաջադրվածները երկուսն էին: Գեղամ Գեւորգյանից բացի, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակին հավակնում էր ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը: Նա նաեւ ղեկավարում է ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողովը։

Հոգաբարձուների խորհրդի անդամները երկար քննարկեցին՝ պե՞տք է, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուները համապատասխանեն կանոնադրական այն չափանիշներին, որոնք ներկայացվում են ռեկտորի թեկնածուներին (որովհետեւ պաշտոնակատարի վերաբերյալ իրավական կարգավորումներ չկան), քվեարկությունը հարկավոր է անցկացնել բա՞ց, թե փակ, թեկնածուներից ո՞ր մեկի քվեարկությունը պետք է առաջինը անցկացվի եւ այլն։

Հովհաննիսյանի կողմնակիցները, որոնք ավելի վաղ պաշտպանում էին Արամ Սիմոնյանին, պնդում էին, որ ճիշտը փակ քվեարկությունն է, իսկ հակառակը՝ մարդու իրավունքների խախտում։ Գեւորգյանի թեկնածությունը պաշտպանողները խոսում էին բաց քվեարկության օգտին։ Ի վերջո, ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուներին ներկայացվեցին ռեկտորի թեկնածուին համապատասխանող պահանջներ եւ անցկացվեց բաց քվեարկություն։

Մինչ այդ, ելույթ ունեցողների մի մասը, եթե կողմ էր Գեղամ Գեւորգյանի թեկնածությանը, վկայակոչում էր նրա գիտական մեծ վաստակն ու հեղինակությունը, երկարամյա ղեկավարման արդյունավետ փորձը։ Վահե Հովհաննիսյանի կողմնակիցները հայտարարում էին, որ պետք է հնարավորություն տալ երիտասարդին, որ Գեւորգյանի ընտրությունը կլինի քաղաքական որոշման հետեւանք, հիշեցնում էին կրթության եւ գիտության նախարարի պնդումը, թե նախորդ ավելի քան մեկ տասնամյակում բուհը հետընթաց է գրանցել ու ընդգծում էին, թե եթե այդպես է, ուրեմն դրանում պատասխանատվության իր բաժինն ունի այդ ընթացքում պրոռեկտոր աշխատած Գեղամ Գեւորգյանը:

Նկատենք, որ Վահե Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրեց ԵՊՀ պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը: Նա Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու էր, եւ այդ թեկնածությունն Ազգային ժողովը քննարկեց ու դեմ քվեարկեց նախօրեին: Վաղարշյանը կարեւոր համարեց, որ ռեկտորի պարտականությունները կատարողը լինի իրավաբան՝ ապահովելու համար անցնցում անցում ու օրինականություն: Խորհրդի նիստի ընթացքում նաեւ քանիցս հնչեց ու չհերքվեց, որ երկու թեկնածուներն էլ առաջիկայում մասնակցելու են ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին:

Ուշագրավ է, սակայն, որ ինչպես տեղեկանում ենք ԵՊՀ պաշտոնական կայքէջից, Վահե Հովհաննիսյանը վերոնշյալ ամբիոնը ղեկավարում է 2018 թվականից: Մինչդեռ, ինչպես նիստի սկզբում ասաց հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մանուկյանը, ռեկտորի պաշտոնում կարող է առաջադրվել այն անձը, որը գիտական բարձրագույն կոչումից ու աստիճանից բացի ունի կառավարման առնվազն երեք տարվա փորձ: Ասել է թե՝ Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը չպետք է քննարկվեր թե՛ ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության ժամանակ ու թե՛ նա չպետք է հնարավորություն ունենա առաջադրվել ռեկտորի պաշտոնում:

Վախից դողացողների անուններ չեմ տա

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվելուց հետո Գեղամ Գեւորգյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

- Պարոն Գեւորգյան, իշխանության հետ աշխատանքի առումով դժվարություն չի՞ ստեղծի այն հանգամանքը, որ դուք նախորդ տարի դռներ էիք փակում (հեղափոխության ժամանակ) եւ այսօր էլ ասացիք, որ չեք ամաչում այդ գործողությունների համար:

- Այդ միջադեպ ասենք, պատմություն ասենք, թե մեկ այլ բան, ունեցել է մասնակիցներ: Մեկը ես եմ եղել, մյուսները այսօրվա վարչապետը, Ազգային ժողովի նախագահն ու կրթության եւ գիտության նախարարը: Ու կարծեք որեւէ մեկը թե այն ժամանակ, թե հիմա չունի նեղացածություն: Բայց մարդիկ, որոնք ոչ միայն չեն մասնակցել դրան, այլ նաեւ խուսափել են մասնակցելուց, այսօր ինձ հայտարարում են հեղափոխական, հակահեղափոխական (Գեւորգյանը նիստի ժամանակ իր ելույթում կոշտ ձեւակերպում արեց եւ ասաց, որ նա երկու դռների ետեւում նստած դողացնում էր՝ ակնհայտորեն նկատի ունենալով Արամ Սիմոնյանին-խմբ.): Ես կրկնում եմ, ոչ հեղափոխական եմ, ոչ էլ հակահեղափոխական: Իմ աշխատանքը միշտ եղել է գիտության եւ կրթության կազմակերպման մեջ: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, այժմ էլ ցանկություն չունեմ զբաղվելու:

- Ամեն դեպքում ինչպես կբնութագրեք ձեր քայլերը Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի դեմ:

- Կարգապահական: Ամեն մեկս արել ենք մեր գործը:

- Ո՞վ էր այն մարդը, որ երկու դեռների ետեւում դողում էր:

- Մարդ չէր, մարդիկ էին: Ես դողացողների անուններ չեմ տա:

- Տեղեկություններ կան, որ Արամ Սիմոնյանի հետ դատական գործընթացներ կան: Դրանք շարունակվելո՞ւ են: Այսինքն հայցը ետ վերցնելու նպատակ կա՞ թե ոչ (Գեւորգյանը դիմել է դատարան՝ վիճարկելու պրոռեկտորի պաշտոնից իրեն ազատելու Սիմոնյանի հրամանը-խմբ.)

- Ես չգիտեմ՝ մեր դատարանները ինչ տեմպով են աշխատում: Նրանք պարտավոր էին մեկ ամսում գործը ընդունել վարույթ եւ նշանակել դատավոր ու դատական նիստի օր: Անցել է մոտ 2.5 ամիս, որեւէ քայլ արված չէ: Երբ որ քայլ կանեն, ես կխորհրդակցեմ իմ փաստաբանի հետ, կորոշենք ինչ անել:

- Պարոն Գեւորգյան, դուք Էվոկա բանկում բաժնեմաս ունե՞ք եւ դա չի՞ խանգարի վարչական աշխատանքով զբաղվել:

- Այո, բաժնեմաս ունեմ եւ չի խանգարի:

- Ինչքանով եք պատրաստակամ աշխատելու ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողովի հետ:

- Այդ հանձնաժողովի ծնունդը ես եւ էլի որոշ պրոռեկտորներ համարել ենք արհեստածին, այն առումով, որ չեն կարող բարեփոխմամբ զբաղվել մարդիկ, որոնք չունեն կառավարման լծակներ: Այդ հանձնաժողովում չկա որեւէ դեկան, որեւէ պրոռեկտոր, ռեկտորը ընդհանրապես հեռու էր հանձնաժողովից: Ես դեռ պետք է հանդիպեմ հանձնաժողովի հետ, հասկանամ՝ ինչով են զբաղվել: Գուցե շարունակեն աշխատել, գուցե լուծարվի այդ հանձնաժողովը:

- Իսկ ինչպես եք համագործակցելու Արամ Սիմոնյանի հետ, որը փաստորեն ձեր ենթակայությամբ է աշխատելու:

- Պաշտոնատար անձի պարտականությունների մեջ է մտնում՝ աշխատել բոլորի հետ նորմալ: Եթե մարդը չի կարող նորմալ շփվել իր ենթակաների հետ, ուրեմն նա որպես ղեկավար անելիք չունի:

- Համաձա՞յն եք ԿԳ նախարարի այն պնդումներին, որ 15 տարի համալսարանն առաջ չի գնացել:

- Համաձայն չեմ: Գուցե այնքան չի առաջ գնացել, ինչքան պետք էր: Հաստատ ինչ-որ բաներում թերացել ենք, բայց դա քննարկման բան չէ: Մեր անելիքը պետք է միտված լինի ապագային:

Հ.Գ. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը այդ կարգավիճակում կարող է աշխատել առավելագույնը վեց ամիս ժամկետով: Ենթադրվում է, որ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ կհայտարարվի այդ ժամկետը սպառվելու ժամանակ: 

Տպել
1425 դիտում

Երբ «Արարատը» կրկին հաղթող է. շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

Ամերիկաբնակ 2 հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

Շատ եմ ափսոսում մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր, ափսոսում եմ սեպտեմբերից սպասվող ամեն մի ծրագիր. Հայրապետյան

Կես տոննա անասնակեր, 4 հա խոտածածկույթ ու մասամբ այրված վագոն-տնակ. հրդեհ Վերին Գետաշենում

Լոզան-2020․ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա «Մալի» սառցադաշտում

«Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ»՝ 2:1. ԵԼ խմբային փուլն ավելի մոտ է

ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ

20 վերելակների փոխարինման մրցույթի արդյունքները կասեցվել են. քաղաքապետարանը, միեւնույն է, հույս ունի այս տարի հասցնել

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. կրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա

Ոստիկանությունը ներկայացնում է «Օրենքով գող» մասիվցի Անդիկի սպանության բոլոր մանրամասները (տեսանյութ)

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական. պաշտոնական

Մի քանի ամիս առաջ Արտաշատում կատարված պայուսակի գողությունը բացահայտվել է

Բողոքի ակցիաներ Գյումրու լուծարվող գիշերօթիկներում. ու՞ր են գնալու երեխաներն ու գործազուրկ մանկավարժները

Մեկի համար Ամուլսարը սար է, մյուսի համար՝ հանք, 3-րդի համար՝ առիթ

Գառնու ձորում վթարից տուժած երկրորդ ուղեւորը հիվանդանոցում մահացել է. զոհերը ՌԴ քաղաքացիներ են

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ է տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների

Նախագահը հանդես է գալիս պետականության ամրապնդմանը միտված որոշումների օգտին. Ամուլսարի հանքի մասին