ԱՄՆ փորձագետը այս գիշեր Հայաստան է ուղեւորվում՝ օգնելու մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը

22/05/2019 schedule10:54

Ո՞րն է «դատական համակարգում վիրահատական միջամտությունը», ի՞նչ է վեթթինգը եւ արդյո՞ք «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց Հայաստանում ուշ չէ անցումային արդարադատություն իրականացնել: Պարզենք միասին՝ մասնագետների օգնությամբ:

Միացյալ Նահանգներում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն հիշեցնում է՝ անցումային արդարադատությունն օգնում է հասարակությանը երկրում օրինական իշխանություն հաստատելուց կամ պատերազմի ավարտից հետո անդրադառնալ անցյալում տեղի ունեցած հանցագործություններին, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:

«Հայաստանի համատեքստում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ երկիրը ցանկանում է ամրապնդել ժողովրդավարության հիմունքները եւ բարեփոխել պետական համակարգը»:

Սակայն, ուշ չէ՞ արդյոք Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց խոսել «անցումային արդարադատության» մասին: Մասնագետների կարծիքով, ոչ միայն ուշ չէ, այլեւ՝ ճիշտ ժամանակն է:

«Անցումային արդարադատությունը» երկարատեւ գործընթաց է, որը տարիների աշխատանք է պահանջում, նշում է Ռոքաթելլոն: Խոսքը գնում է ոչ միայն պետական հաստատության բարեփոխման, այլեւ ամբողջ երկրի հեռանկարի փոփոխման մասին, որի նպատակն է արտացոլել հասարակության ապրելու պահանջը մի մթնոլորտում, որտեղ մարդու իրավունքները հարգված են:

«Չեմ կարծում, որ Հայաստանն այս առումով ուշացել է: Ընդհակառակը, կարծում եմ վաղաժամ կլիներ ակնկալել դա Հայաստանի վարչապետից իշխանափոխությունից անմիջապես հետո: Նրան անհրաժեշտ էր նախ համախմբել կառավարությունը, աջակցություն ապահովել խորհրդարանում: Նույնիսկ այսօր այս խնդրի իրականացումը լուրջ աշխատանք է պահանջում, տարիների աշխատանք»:

«Անցումային արդարադատության» իրականացումն իր մեջ նաեւ մեկ կարեւոր խնդիր է պարունակում, այն որ նախկին իշխանությունները կփորձեն արդարադատության հաստատումն ամեն կերպ ներկայացնել որպես հաշվեհարդար իրենց նկատմամբ:

Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կառռանզան, ով այս գիշեր Հայաստան է ուղեւորվում՝ օգնելու մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը, հիշեցնում է, որ որպեսզի նախկին իշխանությունների նկատմամբ իրականացվող արդարադատությունը չընկալվի որպես քաղաքական վենդետտա, Հայաստանին անհրաժեշտ է մշակել չափանիշներ, որոնք կիրառվելու են բոլորի նկատմամբ:

«Ես հասկանում եմ վարչապետ Փաշինյանի երկընտրանքը՝ անհնար է «անցումային արդարադատություն» իրականացնել առանց դիմադրության նրանց կողմից, ովքեր նախկին հանցանքների համար պատասխանատու կճանաչվեն: Նրանք դիմադրելու են, նրանք օգտագործելու են հափշտակված փողերը դիմադրելու համար, նրանք օգտագործելու են իրենց ազդեցության տակ մնացած հաստատությունները՝ մեղադրողների եւ քննիչների դեմ պայքարելու համար: Հայաստանի դեպքում կարող է բարձրանալ «պետությունը զավթելու» մասին խնդիրը, այսինքն, այն, որ նախկին իշխանավորները զավթել էին պետությունը: Սա եզակի դեպք չէ եւ տեղի է ունեցել նաեւ այլ երկրներում, որոնց նոր իշխանությունների հետ մենք նույնպես աշխատում ենք»:

Խնդիրներից խուսափելու համար լավագույն ելքը խնդրի համակարգված լուծումն է, որը կիրառելի է բոլորի, այլ ոչ միայն թիրախավորված անձանց համար:

Լավագույն լուծումը կլինի խորհրդարանի կողմից «անցումային արդարադատության» իրականացման ծրագրի մշակումն ու ընդունումը, քանի որ Հայաստանի խորհրդարանը ներկայացնում է հասարակության առավել լայն շերտը, համոզված է Աննա Միրիամ Ռոքաթելլոն:

«Անշուշտ, վարչապետն իր վրա է ընդունում այս նախագիծն առաջ տանելու քաղաքական պատասխանատվությունը, սակայն, արդյունավետ լինելու համար այն պետք է աջակցություն ստանա հասարակության ամենալայն շերտերի կողմից: Այնպես որ, կարծում եմ, Հայաստանը ճիշտ ուղու վրա է»:

Սակայն, ինչպես իրականացնել «անցումային արդարադատություն», երբ արդարադատություն իրականացնող մարմինը՝ դատարանները, իրենք են կասկածվում անարդար լինելու մեջ: Պատասխանը մեկն է՝ վեթթինգը:

Ռուբեն Կառռանզայի խոսքով, կան վեթթինգի, կամ ստուգման տարբեր միջոցներ, որոնք թույլ են տալիս պարզել պաշտոնյայի եկամուտները, կապերը, մարդու իրավունքների խախտումների եւ կոռուպցիոն գործընթացների մեջ ներգրավվածությունը:

«Առաջին ճանապարհը՝ այն դատավորներին ու դատախազներին պաշտոններից ազատելն է, ովքեր կոռուպցիայի մեջ են ներքաշվել: Դա անելու համար անհրաժեշտ է ստեղծել մի գործընթաց, որի արդարությունն ու թափանցիկությունը կասկած չեն հարուցում: Կա մեկ այլ եղանակ՝ դրա փոխարեն ստեղծել հատուկ մարմին, որն աշխատանքները կկենտրոնացնի կոռուպցիայի եւ մարդու իրավունքների նախկինում տեղի ունեցած խախտումների վրա»:

Հայաստանում Կառռանզան նախատեսում է հանդիպել ոչ միայն խորհրդարանականների, ում փորձելու է օգնել մշակել հենց Հայաստանի իրավիճակին եւ կարիքներին համապատասխանող «անցումային արդարադատության» ծրագիր, այլեւ՝ երիտասարդների հետ:

«Մեր կարծիքով, շատ կարեւոր է, որ անցումային արդարադատության գործընթացում մասնակցեն երիտասարդները: Անհրաժեշտ է նաեւ հատուկ ուշադրություն դարձնել անցումային արդարադատության շրջանակներում Մարտի 1 սպանությունների գործերին, խաղաղ պայմաններում անցած տարիներին հայկական բանակում սպանված զինվորների եւ մարդու իրավունքների մյուս խախտումներին»:

Տպել
10757 դիտում

ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված մի քանի ընկերությունների համար

«Արդշինբանկը» աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով. վարչապետ

Ժամը 22:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. 5 մարզում ձյուն է տեղում. ԱԻՆ

Ելիզավետա 2-րդը ստորագրել է Brexit-ի մասին օրենքը. հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն

Հայկ Մարությանը գնացել է Մկրտիչ Արզումանյանի ներկայացմանը (լուսանկարներ)

Lexus RX 350-ի վարորդը Երեւանում վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը տեղում մահացել է

Գողություն Ախթալայում. բերման է ենթարկվել նույն գյուղի 57-ամյա մի բնակիչ (տեսանյութ)

Ինձ համար հայտնաբերեցի մեծաքանակ վախեցած երաժիշտների, զգուշավոր արվեստագետների եւ անհաղորդ հայրենակիցների. Հասմիկ Պապյան

Գողացել են Սպանդարյան կայարանի գնացքի ռելսերի ամրակները

«Աստղիկ» ԲԿ-ն նախապատրաստվում է 3-րդ լյարդի փոխպատվաստմանը, պացինետների վիճակը լավ է

Արփինե Հովհաննիսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու հայտ է ներկայացրել

Վերանորոգվում է Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը, որը 100 տարի եղել է կիսակառույց վիճակում

«Կանաչ ֆինանսավորման գործիքների ընդլայնումը ՀՀ-ում» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը հաստատվել է

Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» կթարգմանվի մակեդոներեն. թարգմանության ցանկում է եւս 15 հեղինակ

2020 թվականին Շիրակի մարզը 2 նոր փրկարարական ջոկատ կունենա

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները բողոքի ցույց են արել. պահանջում են 3 ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկ

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Ակունքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկին. ԱԳՆ

Զինհաշմանդամ մարզիկները Գերմանիայում մասնակցում են անցկացվող ուսումնամարզական հավաքին. ՊՆ