Առողջապահության նախարարությունը նպատակ ունի դիակային դոնորությունը մեկնարկել հաջորդ տարի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հերթական հայտարարություններից մեկը հերթական անգամ թեժ քննարկումների պատճառ դարձավ: Շատերը մտահոգություն հայտնեցին, որ ընտրված ճանապարհը խնդիրները լուծելու փոխարեն նորերն է ստեղծելու, որ առեղծվածային մահերի թիվն աճելու է, զարգանալու է օրգանների սեւ շուկան եւ այլն:  

Նախարարն օրեր առաջ ասել էր, որ Հայաստանում զարգացվելու է դիակային փոխտպատվաստումային բժշկությունը, որպեսզի մարդկանց կյանքեր փրկվեն նաեւ մահացածների օրգանների շնորհիվ: Հանրության շրջանում այդ հեռանկարը քննադատությունների տեղիք տվեց, որովհետեւ խոսքը վերաբերում էր ոչ թե մահից հետո դոնոր դառնալու համար նախապես համաձայնություն տալուն, այլ՝ դոնոր դառնալուց հրաժարվելուն: Այսինքն՝ եթե մարդը կյանքի ընթացքում դիմում չի գրել, որ դեմ է իր օրգանները մահից հետո մեկ ուրիշին փոխպատվաստելուն, մեխանիկորեն դա նշանակելու է, որ կողմ է:

«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2002 թվականին, բայց դիակային փոխպատվաստումների հատվածն, ըստ էության չի գործել: Այդ ուղղությունը զարգացնել մտադրվել են ոլորտի նոր պատասխանատուները:    

Օրենքի 7-րդ հոդվածում մասնավորապես ասվում է. «Փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ եւ հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հրաժարվել է մահից հետո հանդես գալ որպես օրգանների եւ հյուսվածքների դոնոր»: Նույն հոդվածը, սակայն, միեւնույն ժամանակ կարեւորում է հարազատների համաձայնությունը. «Օրգանների եւ հյուսվածքների դոնորների եւ ռեցիպիենտների (օրգանը ստացողների-Ա.Զ.) ռեեստրում նրա` որպես դիակային դոնոր հանդես գալու որոշման բացակայության դեպքում փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ եւ հյուսվածքներ կարող են վերցվել նրա հարազատների (ազգականների) համաձայնությամբ հետեւյալ առաջնահերթությամբ. ա) ամուսինը, բ) չափահաս երեխան, գ) ծնողներից մեկը, դ) հարազատ եղբայրը կամ քույրը, ե) հայրական կամ մայրական կողմի պապը կամ տատը»:

Բայց մեջբերված խմբագրումն արվել է 2009 թվականին: Իսկ մինչ այդ նախատեսվում էր հակառակ սկզբունքը: Այսինքն՝ փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ ու հյուսվածքներ կարելի էր վերցնել միայն այն դեպքում, եթե տվյալ անձը կենդանության օրոք տվել էր գրավոր համաձայնություն:

ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ աշխարհում երկու մոդելն էլ ընդունված է: Օրինակ Գերմանիայում, Անգլիայում, Իսրայելում, Բրազիլիայում հարկավոր է դոնոր դառնալու համաձայնություն տալ մինչեւ մահը: Ավստրիայում, Արգենտինայում, Բելգիայում առաջնորդվում են անհամաձայնության մասին դիմումով:

«Հայաստանում առ այսօր որեւէ դիակային դոնորից օրգանի փոխպատվաստում չի իրականացվել եւ առաջիկա ամիսներին էլ չի պլանավորվում, որովհետեւ մինչեւ այդ ծառայությունը հնարավոր լինի գործարկել, մի շարք նախապատրաստական աշխատանքներ են պետք: Ամենակարեւոր աշխատանքներից է դոնորների եւ ռեցիպիենտների ռեեստրի ստեղծումը, որի վրա մենք ներկայում աշխատում ենք: Այսինքն՝ սա լինելու է (պայմանական կարող ենք անվանել) վայր, որտեղ մարդը պետք է գա եւ հրաժարվի, որ իր մահից հետո օրգանները օգտագործվեն այլ մարդկանց կյանքը փրկելու համար»,- ասաց նախարարության բուժվարչության պետը:

Օրգանների պահանջարկն, ըստ նրա, մեծ է եւ ամեն մի օրգան մեկ մարդու կյանք է նշանակում, իսկ նախաձեռնությունն ունի հումանիստական նշանակություն:

«Հայաստանում ունենք մոտավորապես 1000 հիվանդ, որոնք դիալիզ են ստանում, եւ նրանց առնվազն 70 տոկոսին փոխպատվաստումը ցուցված է: Այսինքն՝ շուրջ 700 մարդ պոտենցիալ կարող է ստանալ երիկամի փոխպատվաստում եւ ըստ էության գրեթե հարյուր տոկոսով վերականգնվի ու շարունակի ապրել լիարժեք կյանքով: Հայաստանում տարեկան իրականացվում է երիկամի տասը փոխպատվաստում, այն էլ կենդանի դոնորներից: Ցավով պետք է նշեմ, որ սա բավականին վատ ցուցանիշ է: Թեեւ այս տարի մեր նախարարի կողմից ամբողջ նախաձեռնությունների տրամաբանությունը այն է, որ խթանենք նաեւ կենդանի դոնորներից օրգանների փոխպատվաստումը: Եվ եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, այս տարվա առաջին եռամսյակում արդեն իսկ վեց փոխպատվաստում արվել է: Դինամիկան պահպանվելու դեպքում, մենք հույս ունենք՝ տարեվերջին կհասնենք մինչեւ 20-ի: Այսինքն՝ այստեղ էլ կունենանք առաջընթաց, որովհետեւ աշխարհում համամասնությունը հետեւյալն է՝ երիկամի փոխպատվաստումների շուրջ 20 տոկոսը արվում է կենդանի դոնորներից, մնացած 80-ը դիակային դոնորներից: Այսինքն՝ զուգահեռ պետք է երկու ճյուղն էլ զարգացնենք եւ անում ենք դա»,- նկատեց նախարարության պաշտոնյան:

Ինչ վերաբերում է գոյություն ունեցող մտավախություններին, Դավիթ Մելիք-Նուբարյանն արձագանքեց. «Մենք էլ ենք լսում, կարդում: Ուրախ ենք, որ նման քննարկում հասարակությունում տեղի է ունենում: Մենք ուրախ ենք, որ նաեւ հնչում են մտավախություններ, որովհետեւ ցանկացած բարձրաձայնված մտավախություն մեզ համար մտածելու եւ վերլուծելու թեմա է, որ միգուցե եւ, այո, պետք է այս հարցը որոշակի փոփոխությունների ենթարկել թե՛ ենթաօրենսդրական, թե օրենսդրական մակարդակով: Բայց կարող եմ հավաստիացնել, որ այս պահի դրությամբ բավականին լավ կարգավորված է դաշտը եւ եթե ռեեստրն էլ կարողանանք ստեղծել, արդեն ըստ էության շատ լավ նախադրյալներ կստեղծվեն, որ հաջորդ տարվանից սկսած կարողանանք դիակային դոնորությունը մեկնարկել»,- արձանագրեց մեր զրուցակիցը:

Հավելեց նաեւ, որ հնարավոր իրավախախտումների կանխումը դուրս է նախարարության գործառույթներից եւ գտնվում է իրավապահ մարմինների դաշտում: «Ինչ խոսք, մենք մեր կարգավորիչ ֆունկցիաները այնպես ենք գրել, որ հնարավորինս զերծ պահենք քաղաքացուն նման խնդիրներից, բայց մենք չենք կարող գնալ հանցագործություններ բացահայտել: Մեր գործող իրավակարգավորումները համապատասխանում են միջազգային չափանիշներին»:

Տպել
1871 դիտում

Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված․ ՄԻՊ-ի առաջարկներն ընդունվել են

Մեզ բավարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանը, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Անդրանիկ Քոչարյան

Ժողովուրդ ջան մինչև ամսվա վերջը ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք. Գագիկ Սուրենյան

ՀԲ-ի կուտակած փորձն ու գիտելիքները բարձր են գնահատվում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների տեսանկյունից. փոխվարչապետ

«Վիճակը բավարար էր». Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից եւ տեղափոխվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ

Հայաստանում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

Վիրավորում ստացած ոստիկանին «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան է հանձնվել

Լևոնն արդեն ինքնուրույն քայլում է. նա բուժումից հետո գնալու է Էջմիածին՝ Մայր աթոռում աղոթելու. Աննա Հակոբյան (տեսանյութ)

Բուհերում անհրաժե՞շտ են հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաները. խոսում են մասնագետները

Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է (լուսանկարներ, տեսանյութ)

Ավելի քան 2 մլրդ դրամի փոշիացում Սեւանա լճում՝ «Իշխան» ձկնատեսակի պաշարների վերականգնման ոլորտում. հարուցվել է քրգործ

Ավտովթար Գորիս-Կապան ավտոճանապարհին. BMW-ն բախվել է արգելապատնեշին. կա վիրավոր

Միացյալ Նահանգներում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան

Գարեգին Բ-ն նոր նշանակում է կատարել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում

Հակոբ Արշակյանը խոսել է Զինեդին Զիդանի հետ (լուսանկար)

Միհրան Հարությունյանն առաջին պարտությունն է կրել MMA-ում

Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Armеnie հայկական պարբերականի խմբագրության վրա

Դե, հրավիրեք, էլի. ինչո՞ւ է իրար Խառնվել ԵԱՀԿ-ն

Ոհմակը կկշտանա՞. «Ռոյալ-Արմենիան» ազատում է շուկան

Շիրակի մարզում Suzuki-ն, 200 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. կա 3 զոհ, 1 վիրավոր