Նոր իշխանություններն այլեւս չեն փակվում սեփական կաբինետներում՝ հրավիրում մի երկու լյուբիմչիկների․ Սաֆարյան

ՀՀ Անվտանգության խորհուրդը Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության փոփոխության շուրջ աշխատանքներ է իրականացնում: Այս փաստաթուղթն ընդունվել է դեռ 2007 թվականի հունվարին, սակայն մինչեւ հիմա որեւէ փոփոխության չի ենթարկվել։ Անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 22-ին հանդիպել էր փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ: Փորձագետների թվում էր նաեւ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը, որը մեզ հետ զրույցում պատմեց, թե որքանով է կարեւոր անվտանգության նոր ռազմավարության մշակումը եւ թե ինչ է այդ փաստաթուղթն իրենից ներկայացնում։

- Պարոն Սաֆարյան, Անվտանգության խորհուրդը ազգային անվտանգության նոր ռազմավարություն է մշակում։ Ի՞նչ փոփոխություններ են իրականացվում։ Քննարկումներին մասնակցում են նաեւ քաղհասարակության ներկայացուցիչները։ Ի՞նչ աշխատանքներ են նրանք կատարում։

- Նախ եկեք սկսենք նրանից, որ ազգային անվտանգության ռազմավարությունը՝ Հայաստանի առաջին եւ միակ ռազմավարությունը, ընդունվել է 2007 թվականին, երբեւիցե անցած տարիներին փոփոխություններ չկրելով եւ չվերագնահատելով ՀՀ ներքին ու արտաքին ռիսկերը։ Ես չեմ ուզում ասել մեծ չափով, բայց իր չափով սա նաեւ բացատրությունն է նրան, թե ինչու մի շարք ֆորսմաժորներ ՀՀ հարեւանությամբ, ՀՀ ներսում եւ ՀՀ-ի հետ տեղի ունեցան անցած տարիներին՝ սկսած ներքաղաքական անկայունություններից՝ 2008, 2015, 2016 եւ Ապրիլյան պատերազմ։ Սա թերեւս ինքնին խոսում է, թե ինչպիսին է եղել 2007 թվականին գրված փաստաթուղթը։ Այսինքն, այն մոտավորապես այս տրամաբանությամբ է եղել՝ գրել դրել ենք դարակում, թող լինի։ Այժմ իսկապես խնդիր կա, հրամայական է՝ կառուցել անվտանգության մի ամբողջ համակարգ, որտեղ պետության բոլոր ինստիտուտները եւ սուբյեկտները ըստ էության կլինեն անվտանգության ե՛ւ սպառող ե՛ւ ապահովող ե՛ւ նաեւ այդ ամբողջ համակարգը աշխատեցնող։ Այսինքն, թղթի փոխարեն ունենալ մի համակարգ, որտեղ բոլոր պետական մարմինները զարգացման ու առաջընթացի ֆունկցիաներից մինչեւ անվտանգության ու սպառնալիքների ֆունկցիաներ իրենց պարտականությունները կտեսնեն։

Այնպես չէ, որ քննարկումները միայն քաղաքացիական հասարակության հետ են լինում։ Նույն խորհրդակցությունները Ազգային անվտանգության խորհուրդն ունենում է այլ գերատեսչությունների հետ։ Ինչ-որ ռիսկերի գնահատման ու վերագնահատման քայլեր են կատարում։ Այս պահի դրությամբ թերեւս աշխատանքների, կարելի է ասել, պլանավորման փուլն է, որտեղ պետք է հասկանալ, թե դա ինչ փաստաթուղթ է, որպեսզի խուսափենք նախկին փաստաթղթի ճակատագրից։ Այսինքն, չլինի ուղղակի դարակում դրված կամ սեղանի վրա դրված փաստաթուղթ, որը որեւէ մեկը չի էլ կիրառում՝ դրա կառուցվածքից, դրա հիմքում ընկած մեթոդաբանությունից մինչեւ կիրառման խնդիրները։ Մի քանի հանդիպում է տեղի ունեցել, սա կարելի է համարել ուղեղային գրոհ, որովհետեւ մասնակցող յուրաքանչյուր հրավիրված փորձագետ իր տեսակետներն է ներկայացնում, մեկը՝ ռիսկերի մասին, մեկը՝ անվտանգության օբյեկտների մասին, մյուսը՝ հայեցակարգերի մասին։ Այնպես որ նորմալ աշխատանքային մթնոլորտ է։ Ասել, որ այս պահի դրությամբ կա ինչ-որ փաստաթուղթ՝ դա այդպես չէ։ Այժմ ուղղակի այս բոլոր հարցադրումների պատասխաններն են փորձ արվում տալ։ Ունենալ ռազմավարությո՞ւն, թե հայեցակարգ, ունենալ փակ եւ բաց մասեր, թե դա ամբողջությամբ բաց է եւ այլն։ Այսինքն, լիքը խնդիրներ, որոնք այս վերջին տարիներին կան։

- Այլ երկրներում ազգային անվտանգության ռազմավարությունը հաճա՞խ են փոխում։

- Այլ երկրներում՝ այո, ռազմավարությունը մի քանի տարին մեկ՝ կախված անհրաժեշտությունից, փոխում են, որովհետեւ, եթե քո ներքին ու արտաքին անվտանգային միջավայրերը փոփոխության են ենթարկվում, եթե առաջ են գալիս նոր ռիսկեր, սրվում են հին սպառնալիքներ, բնականաբար, դու դա փոխում ես։ Հենց այդ փոփոխող երկրներից ես հասկանում, թե որքան լուրջ է այդ փաստաթղթի նշանակությունը։ ԱՄՆ-ի նախագահները առնվազն 1, եթե ոչ 2 անգամ վերանայում են այդ փաստաթուղթը, որովհետեւ կարիք կա վերախմբագրելու նաեւ վարվող քաղաքականությունը՝ թե՛ ներսում եւ թե՛ դրսում։ Այս կտրվածքով իհարկե բոլոր նորմալ երկրները, որոնք իրենց քաղաքականությունները վերլուծում են նաեւ անվտանգության դիտանկյունից՝ որքանով են այդ վարվող քաղաքականությունները ավելացնում կամ պակասեցնում ազգային անվտանգությունները, արդեն իսկ ցույց են տալիս, որ այդ երկրներում այդ համակարգը գործում է, այդ փաստաթղթի պահանջը կա։ Այն ըստ էության առաջադրանք է դառնում բոլոր պետական մարմինների, ՊՈԱԿ-ների եւ հանրության համար։ Այն նաեւ, ըստ էության, գործողության մեջ է ամեն վայրկյան, որովհետեւ հենց այդ փաստաթղթի մեջ նշված թիրախներով են գնահատում վարվող քաղաքականության արդյունավետությունը։

- Որպես փորձագետ, ի՞նչ եք կարծում, որոնք պետք է լինեն առաջնահերթ սկզբունքները նոր ռազմավարությունում։

- Խնդիրը հետեւյալի մեջ է․ տեսության մեջ հայտնի բոլոր 4 մակարդակներում՝ անհատ, ազգ, ռեգիոնալ եւ գլոբալ մակարդակներում ու կենսագործունեության բոլոր ոլորտներում՝ ռազմաքաղաքականից մինչեւ բնապահպանական իրավունքներ, սահմանել այն մարտահրավերները, որոնց կառավարումը առաջնահերթություն է եւ որը չանելը կարող է բերել այդ մարտահրավերների ու ռիսկերի ուժգնացմանը։ Այս կտրվածքով իհարկե բազում արժեքներ, որոնք պայմանավորված են անվտանգության քաղաքականությունով, շարադրված են մեր Սահմանադրության մեջ։ Դա ե՛ւ սահմանադրական կարգի պահպանությունն է ե՛ւ ժողովրդավարական արժեհամակարգն է ու քաղաքական ռեժիմը, ե՛ւ երկրի ինքնիշխանությունն է, ե՛ւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունն է, ե՛ւ պետական մարմինների բնականոն գործունեությունն է, ե՛ւ ազատ՝ մրցակային շուկայական տնտեսությունն է եւ այլն։ Այս բոլորը արժեքներ են։

Պետք է սահմանել այն մարտահրավերները, որոնք շատ իրական են՝ այդ 4 մակարդակներում եւ կարող են սպառնալ կամ անհատին, կամ ազգին կամ ռեգիոնալ եւ գլոբալ մակարդակներով։ Դրանք շատ հայտնի են, նախկին փաստաթղթում էլ այդպիսի շարադրանքներ կային՝ կազմակերպված հանցավորություն, ժողովրդավարություն, բայց խնդիրը տվյալ պարագայում այլ է։ Անվտանգության տեսության մեջ հարցադրումներ կան, որոնց պետք է պատասխանել։ Ի՞նչ է անվտանգությունը, անվտանգություն ո՞ւմ համար, անվտանգություն ո՞ր արժեքների համար, անվտանգություն ո՞ր վտանգներից, անվտանգություն ի՞նչ չափով, անվտանգություն ի՞նչ գնով։ Այս հարցերի պատասխանները պիտի տրվեն՝ ոլորտ առ ոլորտ, մակարդակ առ մակարդակ՝ այդպիսի թվարկված վտանգների տեսքով։ Ու, երբ որ մենք դա թվարկենք, անշուշտ պիտի նաեւ նշենք, թե ինչպես ենք դա հաղթահարում։ Այսինքն, ի վերջո յուրաքանչյուր պետական մարմին, լինի դա սոցիալական ապահովության նախարարություն, առողջապահության նախարարություն, թե պաշտպանության նախարարություն, իրենց ֆունկցիան տեսնեն այդտեղ, հասկանան, որ իրենք այդ ամբողջ փաստաթղթի իրականացման մի մեծ սիստեմի մասն են եւ յուրաքանչյուրն իր գործառույթները պատշաճ կատարի։ Հետեւաբար այդ կտրվածքով ամբողջ հարցը ոչ միայն այդ մարտահրավերները ճիշտ թվարկելն է կամ ներքին եւ արտաքին անվտանգային միջավայրերի ճիշտ գնահատումն է, որը շատ կարեւոր է, այլ այդ ամբողջը բերել այդ հարցադրումների շարք ու տալ նաեւ դրանց հաղթահարման ուղիները։ Որովհետեւ փաստաթղթի մեջ հիմա էլ է գրված՝ կոռուպցիան վտանգ է, բայց ներեցեք, այդ կոռուպցիայի հաղթահարումով զբաղվողը չի եղել։ Դա մտել է բանակ, մտել է պաշտպանության համակարգ, մտել է տնտեսություն, մտել է բիզնես։

Այդ վարակի դեմ պայքարի միջոցները եւ դրանց չափելիությունը տրված չի եղել, դրա համար նախկին իշխանությունները միշտ դեմագոգիայով էին զբաղված՝ պայքար ենք մղում կոռուպցիայի դեմ, այս ենք անում, այն ենք անում։ Բայց դրա չափողականության, դրա հաղթահարման պատասխանատվության եւ այլ հարցեր, թե որ պետական մարմինն ինչ ֆունկցիա պիտի կատարի, ընդհանրապես անտեսված են եղել այդ խնդիրները։ Որեւէ մեկը չգիտեր էլ այդ փաստաթղթի գոյության մասին, քարտուղարի մասին էլ լավագույն դեպքում տեղյակ էինք ինչ-որ այս կամ այն չափով հայտնի լինել չլինելու փաստով։ Բայց, թե կոնկրետ այդ մարմինն ինչպես է ահազանգում անվտանգության ներքին ու արտաքին մարտահրավերների ուժգնացմանը, ինչ քայլեր է առաջարկում եւ ինչ քայլեր է ձեռնարկում դրանք հաղթահարելու առումով, այս կարգի բաներով որեւէ մեկը չի զբաղվել։ Այժմ ես տեսնում եմ, որ կա ցանկություն՝ հասկանալու, թե ինչպես է կառուցված այդ համակարգը, ինչպես է գործում այդ համակարգը նորմալ երկրներում՝ որտեղ կայացած տրադիցիաներ եւ կայացած համակարգ կա, որ Հայաստանի դեպքում նույնպես ունենանք մեր սեփական անվտանգության համակարգն ու ճարտարապետությունը։

- Այսինքն, ի տարբերություն ներկայիս ռազմավարության, մենք այժմ հնարավորություն ունենք այնպիսի ռազմավարություն ունենալու, որ մարդիկ նայեն եւ ասեն, որ սա իրապես գործող ռազմավարությո՞ւն է։

- Այո, փաստաթուղթ, որտեղ յուրաքանչյուրը հստակ կարողանա տեսնել, թե ՀՀ-ն ինչն է համարում վտանգ՝ հասարակության, անհատի, պետության, պետական մարմինների, տարածաշրջանի համար, տարբեր համակարգերի համար։ Որտեղ յուրաքանչյուրը կտեսնի, որ այդ ֆունկցիայի համար, եթե ոչ փաստաթղթային, ապա հայեցակարգային մակարդակում կարող է պահանջել այս կամ այն պատասխանատու գերատեսչությունից կատարել իր ֆունկցիան, նվազեցնել վտանգները, գնահատել դրանք միասնական կերպով ու ըստ այդմ գնահատել պարբերաբար իրավիճակի փոփոխությունը՝ մեր վտանգվածությունն է ավելանում, թե ճիշտ հակառակը՝ մեր անվտանգությունն է ավելանում։ Այս առումով տեսանելի է, որ նոր իշխանություններն այլեւս չեն փակվում սեփական կաբինետներում՝ հրավիրում մի երկու լյուբիմչիկների, նրանց հետ ինչ-որ փաստաթուղթ գրում՝ ուղղակի թուղթ է, թող տանը լինի սկզբունքով եւ դա ցույց տալիս աշխարհի տարբեր պետություններին, որ տեսեք, մենք էլ դրանից ունենք, բայց իրականում 0 նշանակություն եւ 0 կիրառում այդ փաստաթղթի։

- Ժամկետներ կարո՞ղ եք նշել, թե մոտավորապես ինչքան ժամանակ հետո կարող է պատրաստ լինել Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը։

- Ես կարծում եմ, որ դա արագ չի լինի, որովհետեւ դա 1 օրում, 1 ժամում պատրաստվող փաստաթուղթ չէ։ Դա շատ մեծաքանակ քննարկումներ է պահանջելու։ Անվտանգության ոլորտի բոլոր խնդիրներով զբաղվող 1 փորձագետ չկա։ Բնապահպանության հարցերում այլ կոմպետենտություն է պահանջվում, առողջապահության հարցերում՝ այլ, աղքատության, սոցիալական ապահովության հարցերում՝ այլ, ռազմաքաղաքական ու պաշտպանական քաղաքականությունների ոլորտում՝ այլ։ Ըստ այդ ոլորտների, բնականաբար, կարծում եմ ու իմ առաջարկը կլինի, որ այդ քննարկումներն ընթանան։ Բայց նախ եւ առաջ պետք է պարզ լինի այն շաբլոն հարցաթերթը, որոնցով առաջ են շարժվելու բոլոր ոլորտներում։ Այս փուլում ես կարեւոր եմ համարում դրա պատրաստումը, որպեսզի մենք բոլոր գերատեսչություններից, բոլոր բնագավառի փորձագետներից ստանանք նույնատիպ եւ վստահելի գնահատումներ։ Որտեղ տվյալ ոլորտի փորձագետները՝ այդ թվում ոչ միայն պետական կառույցներում աշխատող մասնագետները, այլեւ հրավիրյալ փորձագետները քաղհասարակությունից ու միգուցե նաեւ արտերկրից կցուցանեն ռիսկերը, կտան դիպաշարեր՝ հնարավոր առաջիկա զարգացումների հետ կապված։ Կա մոտեցում, որ ընդհանուր առմամբ ժամկետ ֆիքսվի։ Որոշ ընկերներ համարում են, որ սա նաեւ ինչ-որ տեղ պարտադրանք կլինի՝ ենթադրենք 4 տարին մեկ կամ 5 տարին մեկ վերանայել ռազմավարությունը։ Այսինքն, ժամկետը ինքն ասի, որ հնացած է, եւ ոչ թե ունենանք 2007 թվականին ընդունված անժամկետ, բայց ոչ մեկին ոչ պիտանի՝ ցանկությունների ժողովածու կամ բաժակաճառ։

Անկախ նրանից՝ մենք ժամկետ կգրենք, թե չէ, երբ պետությունը, պետական կառավարման մարմինները, վարչապետը՝զգան դրա էֆեկտիվությունը, թե որքան է իրենց օգնում ամեն շաբաթ, միգուցե ամեն ամիս, ու այդ փաստաթղթով առաջարկված մեթոդաբանությամբ տարբեր ոլորտներում ինչ չափով են ձեռք բերվել անվտանգության թիրախները կամ ինչ չափով են դրանք վտանգվել, ես վստահեցնում եմ ձեզ՝ արդեն իրենք շահագրգռված կլինեն տեսնել այդ ռիսկերը։ Որովհետեւ չեմ կարծում, որ աշխարհի երեսին կան իշխանություններ, որոնք սիրում են բախվել խնդիրների եւ ֆորսմաժորների հետ։ Աշխարհի երեսին կան ծույլ, տգետ, ոչ բանիմաց եւ ոչ պրոֆեսիոնալ իշխանություններ, որոնք երկրի հետ միասին բախվում են ֆորսմաժորների։

Բայց, երբ որ իշխանությունը ինքն էլ համը զգա, թե որքան է օգնում այդ փաստաթուղթը՝ որպես ուղենիշ, այդ ժամանակ իշխանությունը եւ կառավարությունը ինքն էլ կզգա, թե որքան է հեշտանում երկրի կառավարումը։ Երբ օրինակ՝ արդեն կգործի այնպիսի համակարգ, ինչպիսին զարգացած երկրներում է՝ Անգլիա, ԱՄՆ, որտեղ ռիսկերի գնահատումը արդեն պետությունից բացի անում են նաեւ հետազոտական կենտրոնները ու իրենց աշխատանքը հեշտանում է մի քանի մակարդակով։ Տեսեք, օրինակ, ՀՀ իշխանությունները իրենց ապիկարության պատճառով ինչերի բախվեցին՝ էլ Սասնա ծռեր, էլ էլեկտրիկ Երեւան, էլ Ապրիլյան պատերազմ։ Սիրենք, թե չսիրենք հաստատապես կպնդենք, որ Սերժ Սարգսյանի խելքը չէր գնում, որ այսպիսի ֆորսմաժորների բախվի եւ զբաղվի դրա լուծումներով։ Բայց գոնե պիտի հասկանային, որ նման համակարգի օր առաջ ներդրումը Հայաստանում հենց ապահովագրում եւ օգնում է ղեկավարությանը՝ ռիսկերը պատշաճ կանխատեսել, ժամանակին տալ լուծումները, վարել կանխարգելիչ քաղաքականություն, չկանգնել խնդիրների առաջ, չունենալ հնացած ռիսկեր։ Ահա, թե ինչ նշանակություն ունի Ազգային անվտանգության ռազմավարությունը։ Այն փաստաթուղթ չէ, որ հետաքրքրությամբ կարդաս, դա պիտի լինի այն համակարգի նկարագրությունը, որը պրակտիկայում աշխատելու է։

Տպել
2719 դիտում

Առողջապահության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում