Արցախյան խնդրի շուրջ հայ-ադրբեջանական շփումները շարունակվում են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած առաջին պաշտոնական հանդիպումից հետո հայ-ադրբեջանական շփումները շարունակվեցին ապրիլի 15-ին Մոսկվայում՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ: Հանդիպմանը ներկա էր նաեւ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: Հանդիպումը սկսվեց եռակողմ ձեւաչափով, ապա նախարարներին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերը, Ստեֆան Վիսկոնտին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումից հետո դրա մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն հանդիպման ընթացքում քննարկվել է իրադրությունը սահմանին եւ շփման գծում, ինչպես նաեւ հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Հայտարարության մեջ նշվել է նաեւ, որ տեղի է ունեցել «մտքերի հանգամանալի փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ»:

Հատկանշական է, որ նախարարները վերահաստատել են երկրների շահագրգռվածությունը իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել միջոցներ ձեռնարկել թույլատրելու կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նրանք նաեւ պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջեւ շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

Սակայն, ընդհանուր առմամբ, ինչպես եւ սպասվում էր՝ սկզբունքորեն նոր տեղաշարժեր տեղի չեն ունեցել, ինչը պայմանավորված է ինչպես կողմերի, այնպես էլ միջնորդների դիրքորոշումներով: Որեւէ փոփոխություն հակամարտող կողմերի դիրքորոշումներում սպասելն, առնվազն այս պահի դրությամբ, միամտություն է. չնայած ձեռքբերված պայամանավորվածություններին` չկա ո՛չ փոխադարձ վստահություն, ո՛չ խաղաղության մթնոլորտ, ո՛չ էլ փոխզիջումների գնալու պատրաստակամություն կամ հնարավորություն: Ցայտնոտային այս իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների մոտեցումները եւ վերաբերմունքը կողմերին եւս չափազանց հավասարակշռված են. ԱՄՆ-ի համար Արցախի հարցն օրակարգային չէ, ինչով էլ պայմանավորված է պասիվ դիրքորոշումը: Ֆրանսիան ընդհանուր առմամբ դրական դիրքորոշում ունի հայկական կողմի նկատմամբ՝ առավել եւս ժողովրդավարական զարգացումների ֆոնին, սակայն չի կարող հաշվի չնստել ԵՄ-ի եւ Ադրբեջանի համատեղ էներգետիկ ծրագրերի հետ՝ միաժամանակ որպես հաղթաթուղթ օգտագործելով մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված խնդիրներն այդ երկրում: Ադրբեջանի նկատմամբ Եվրոպայի զսպվածության գլխավոր դրդապատճառը արժեհամակարգային առումով հակադարձ բեւեռում գտնվող երկրի հետ շահավետ էներգետիկ համագործակցությունն է:

Այս համատեքստում հետաքրքրական է ապրիլի 4-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ներկայացված զեկույցը խիստ քննադատության էր ենթարկել Ադրբեջանի «ավտորիտար ռեժիմը», որը «խոչնդոտում է իր քաղաքացիական հասարակության ու ազատ մամուլի գործունեությունը»: Հատկանշական է, որ նույն օրը տեղի է ունեցել ԵՄ–Ադրբեջան խորհրդի 16-րդ նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվելիք ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի տեքստը: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի՝ այդ տեքստի 95%-ն արդեն համաձայնեցված է: Դրանից հետո Իսլամական համագործակցության կազմակերպությունում  Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը մտավախություն էր հայտնել, որ համաձայնագրի բովանդակությունը գաղտնի է պահվում, քանի որ դրանում Լեռնային Ղարաբաղը չի նշվում որպես «Ադրբեջանի անբաժան մաս»: Իսկ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների հիմքում ընկած «Գործընկերության առաջնահերթություններում» էլ ԵՄ-ն սահմանափակվել էր «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» հարգելով: Այս երկու ձեւակերպումները խոսում են հայկական կողմի նկատմամբ ԵՄ ունեցած զգույշ վերաբերմունքի մասին, իսկ հնարավոր է նաեւ այն փաստի գիտակցման, որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապ չունի:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա այն փորձում է ամենաակտիվ միջնորդի դերը ստանձնել, ինչը պահանջում է ծայրահեղ չեզոք լինել, կամ առնվազն թվալ այդպիսին: Այն, որ արտգործնախարարների հանդիպմանը ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովից զատ ներկա էր նաեւ Լավրովը խոսում է հենց դրա մասին: Միաժամանակ հարկ է նշել, որ հանդիպմանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությունը նշանակում է, որ ձեւաչափի փոփոխման խնդիր չկա, իսկ ՌԴ-ն սեփական՝ առանձին մոտեցում կամ սցենար չունի խնդրի կարգավորման վերաբերյալ:

Զարգացնելով նախորդ միտքը, չի կարելի բացառել, որ Լավրովի մասնակցությունը հանդիպմանը պայմանավորված էր առաջիկայում Փաշինյան-Պուտին-Ալիեւ հնարավոր հանդիպման նախապատրաստման աշխատանքներով: Այդ ձեւաչափով հանդիպման օգտին է խոսում նաեւ այն, որ մարտի 29-ի հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ՝ ողջունելով շփումների ակտիվացումը: Սակայն, երկրների ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպման համար անհրաժեշտ է, որպեսզի բանակցությունների սեղանին դրված լինի որեւէ փաստաթուղթ, կամ առնվազն լինեն ընդհանուր ընկալումներ խնդրի կարգավորման նպատակի վերաբերյալ, մինչդեռ այս պահին ոչ միայն վաղ է խոսել դրանց մասին՝ բանակցություններ չեն էլ ընթանում: Տեղի ունեցող շփումներն ուղղված են միջանկյալ կամ կարճաժամկետ նպատակների իրականացմանը, որոնք հետագայում հավանաբար կնպաստեն փոխվստահության ու խաղաղության մթնոլորտի ձեւավորմանը, սակայն այս պահին դրա մասին խոսելը դեռ վաղ է: Այս փուլում հանդիպումների եւ շփումների նպատակը փխրուն խաղաղության պահպանումն է՝ զուգորդված փոխվստահության մթնոլորտի ստեղծման համար անհրաժեշտ մեխանիզմներ փնտրելու փորձերով, ուստի միայն ձեռք բերված փոքրիկ պայմանավորվածությունների կատարումից հետո կարելի է խոսել հաջորդ քայլի մասին:

Տպել
3411 դիտում

Մի քանի ժամ տեւած բողոքի ակցիայից հետո ցուցարարները բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Սյունիքի մարզի Ծավ համայնքին կից անտառում հրդեհ է բռնկվել. սահմանել են հերթապահություն

Վենետիկի հանձնաժողովը բեղմնավոր է գնահատում ՀՀ իշխանությունների հետ գործակցությունը. հայտարարություն

ԵԽ փորձագիտական խումբը կաջակցի ազգային երիտասարդական ռազմավարության վերանայմանը

Երևանում հեռուստաաշտարակի հարևանությամբ կողաշրջվել է ցեմենտ տեղափոխող բեռնատարը

Գյումրու շուկայում ՍԱՏՄ-ն առանց փորձաքննության մսեղիք է հայտնաբերել (լուսանկարներ)

ԱԱԾ տնօրենի հանձնարարականով աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին դատի են տվել

«Բանանցի» երկրպագուները նայելու ոչինչ չունեին. խայտառակ պարտություն կրեց, դուրս մնաց ԵԼ-ից

Հուլիսի 4-ից ուռուցքաբանական հիվանդությունների ճառագայթային թերապիայի մասով կատարվել են փոփոխություններ

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, պայքար է հին ու նոր համակարգերի, ապագան կերտելու հին ու նոր մեթոդների միջեւ

2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում

Շորթում կատարելու համար մեղադրվող լրագրողը 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Հուլիսի 18-ին կառավարությունը կքննարկի Մարտի 1-ի ժամանակ տուժածներին որպես աջակցություն տրամադրվող գումարի չափը

Խաբեությամբ տիրացել են Օրբելյանի 600 000 ԱՄՆ դոլարին. ոստիկանությունը քննություն է սկսել

111 երթուղու փոխարեն կլինի 42-ը. ներկայացվել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը

Տիգրան Ավինյանը մասնակցեց էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղանին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության կառավարության փորձագետներին

Համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն դրամով

Մայր ու դուստր որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ)