Աշակերտը գերեզման է փորում, ուսուցիչն աշխատանքի գնում հացի մեքենայով. պատկերներ գյուղի դպրոցներից

Հեռավոր գյուղական համայնքներում երեխաների կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը բախվում է բազմաթիվ խնդիրների՝ բովանդակայինից մինչեւ դպրոցների ֆիզիկական վիճակ՝ սեյսմավտանգություն, լուսամուտների ու ջեռուցման բացակայություն, ճանապարհների անմխիթար վիճակ եւ այլն: Այս պայմաններում, բնականաբար, տուժում է որակը եւ կրթությունը հաճախ դառնում է ձեւական մի բան:

«Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնի «Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում» նախագիծն առիթ էր դարձել, որ «Հոդված 3» ակումբում կրթության ու համայնքների զարգացման պատասխանատուների մասնակցությամբ այսօր քննարկվեին հեռավոր բնակավայրերում ուսուցման պայմանները, խոսվեր անելիքների ու ծրագրերի մասին:

«Պետությունը կարող է կրթության բովանդակության ամբողջ պարտականությունը վերցնել իր վրա, բայց, այո՛, մենք դպրոցների ֆիզիկական վիճակի հետ կապված ունենք լրջագույն խնդիրներ, որոնց հիմա բախվում ենք, եւ դա չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ կրթության բովանդակության ու որակի վրա»,- ասաց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Այսօր առկա ամենալուրջ խնդիրներից մեկը նա համարեց դպրոցների սեյսմիկ վիճակը, երբ հանրակրթական հաստատություններից 400-ը այս կամ այն չափով սեյսմավտանգ են: Շեշտադրեց նաեւ մարզերում բազմակոմպլեկտ դասարանների առկայությունը, երբ տարբեր տարիքի ու դասարանների աշակերտներ սովորում են միեւնույն դասարանում, իսկ ուսուցիչը մեկ դասաժամը բաշխում է նրանց միջեւ: Նախարարը նշեց, որ դպրոցների ֆիզիկական վիճակը բարելավելու համար պետք է լրացուցիչ միջոցներ գտնեն:

Ինչ վերաբերում է կրթության բովանդակային մասին՝ տեղեկացրեց. «Ծրագրեր ենք մշակում հեռավար կրթության, բազմահամակազմ դասարաններում մեթոդաբանության ներդրման համար, որպեսզի կրթական ծառայության մատուցումը ավելի արդյունավետ լինի: Իրականում մենք արձանագրել ենք, որ մեր ուսուցիչները այդ հմտությունն ու գիտելիքները չունեն կամ բավարար չափով չունեն»: Արայիկ Հարությունյանը նաեւ խոսեց փոքրաթիվ դասարանների բազմակոմպլեկտ դասարաններում սովորող երեխաներին մոտակա գյուղերի դպրոցներում տարեկիցների հետ միավորելու նպատակի մասին:

Դպրոցների վերանորոգման կամ վերակառուցման մասին մանրամասն թվեր ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Ասիական զարգացման բանկի օգնությամբ մենք փորձում ենք իրականացնել Հայաստանում սեյսմիկ վտանգավորության հատվածում գտնվող դպրոցների վերակառուցումը: Նախնական նպատակը եղել է դրանց հիմնանորոգումը կամ նորոգումը, բայց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մի մասը ամբողջապես պետք է քանդել եւ նորը կառուցել, սա է պատճառը, որ նախնական թվաքանակը կարող է մի փոքր փոփոխվել: Այս պահին կառավարության կողմից հաստատված է 46 դպրոցի հիմնանորոգման ծրագիր: Այս տարի նախատեսում ենք 31 դպրոցի վերակառուցման աշխատանքների մեկնարկ: Ընթանում է 7 դպրոցների շինարարութուն, որոնց մի մասը արդեն տարվա երկրորդ կեսից շահագործման կհանձնվի»,- ասաց Պապիկյանը: Հավելեց, որ առաջիկա տարիների համար ֆինանսավարում հատկացվել է միայն դպրոցների մեկ հինգերորդ մասի հաշվով: Մյուսների համար անհրաժեշտ գումարները պետք է փորձեն ներգրավել այլ ճանապարհներով:

Գյուղական համայնքներում մեկ կամ մի քանի աշակերտով դպրոց պահելու նպատակահարմարության վերաբերյալ հնչած կարծիքները տարբեր էին: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը հետեւյալ համոզմանն է. «Դպրոցը գյուղի բաբախող սիրտն է: Եթե դպրոց չի լինում գյուղում, այդ գյուղը մահանում է»: Նա կարծում է, որ յուրաքանչյուր գյուղ պետք է ունենա իր դպրոցը, որն ի դեպ, պետք է կրթի ոչ միայն աշակերտներին, այլ նաեւ նրանց ծնողներին:  

Հովհաննիսյանը նաեւ առաջ քաշեց «Մեկ գործարար-մեկ դպրոց» գաղափարը՝ նկատելով, որ հանրակրթական հաստատություններում առկա խնդիրների բեռը միայն կառավարության վրա թողնելով՝ լուծումներին ստիպված ենք լինելու երկար սպասել:  

«Մենք տարիներ շարունակ տեսել ենք, որ տարբեր գործարարներ իրենց պարտքն են համարել եկեղեցի կառուցել: Վատ բան չեն արել, մարդիկ իրենց ինքնամաքրումը միգուցե տեսել են եկեղեցի կառուցելու միջոցով, բայց շատ լավ կլիներ իրագործվեր, օրինակ, «մեկ գործարար-մեկ դպրոց» ծրագիր, որովհետեւ բոլորս հասկանում ենք, որ պետությունը չունի այդ հսկայական ռեսուրսները»,- ասաց նա՝ օրինակ բերելով Տավուշի մարզում տեքստիլ արտադրամասի հիմնադրին, որը վերանորոգել է իր գյուղի դպրոցը՝ այնտեղ ստեղծելով հոյակապ պայմաններ: Հովհաննես Հովհաննիսյանը նկատեց, որ պատգամավորները նույնպես կարող են իրենց աշխատավարձից մասհանում անելով՝ հոգալ մեկ-երկու դպրոցի վերանորոգման խնդիրը: «Իհարկե, սա համակարգային լուծում չէ, բայց կարծում եմ՝ շատ հարցեր կլուծվեն»,- փաստեց նա:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, ի տարբերություն պատգամավորի միանշանակ դիրքորոշման, կարծում է, որ որոշ դեպքերում արժե գնալ դպրոցների օպտիմալացման ճանապարհով, որովհետեւ մի քանի աշակերտ ունեցող հաստատությունում այսպես թե այնպես հնարավոր չէ խոսել կրթության որակի մասին: «Մեզ համար ո՞րն է կարեւոր, որ 60-70 տարեկան մարդիկ մի քանի տարի՞ էլ ասեն՝ մեր գյուղում դպրոց կա, թե փորձենք այդ երեխաների ապագան փրկել: Հավատացեք՝ այդ դպրոցներում չի կարող լինել կրթություն, որովհետեւ կրթությունը նաեւ սոցիալիզացիա է: Մեզ պետք է որ գյուղում դպրո՞ց լինի, թե կրթութուն»,- այսպիսի երկընտրանք առաջարկեց նա:

Նաեւ մատնացույց արեց, թե որտեղից կարելի է ֆինանսական միջոցներ խնայել՝ դպրոցի կարիքներին ուղղելու համար: Հայտնի է, որ մի քանի տարի առաջ 12-ամյա կրթությունը դարձավ պարտադիր բոլորի համար: Սերոբ Խաչատրյանը դա չարդարացված է համարում: Մինչ այդ պարտադրանքը, ըստ նրա ներկայացրած թվերի, տարեկան 5 հազար աշակերտ դպրոցը չէր շարունակում 9-րդ դասարանից հետո: Բայց հիմա նրանցից յուրաքանչյուրի հաշվով պետությունը գումար է հատկացնում եւս երեք տարի: Կրթության փորձագետը հաշվել է, որ այդ գումարը երեք տարվա կտրվածքով կազմում է 3.5 միլիոն դոլարին համարժեք դրամ:  

«Եթե ես վստահ լինեմ, որ այդ երեխաները սովորում են, կասեմ՝ մի ափսոսացեք, տվեք գումարը, բայց գիտեմ, որ նրանք աշխատում են՝ սկսած գերեզմանափորից (բառիս ուղիղ իմաստով), վերջացրած բենզալցակայաններում, գյուղատնտեսության ոլորտում աշխատելուց: Ինչի համար ենք մենք այս երեխաների կրթությունը ֆինանսավորում, եթե դա իրենց պետք չէ: Մյուս դեպքում, օրինակ, նույն այդ գյուղում կա երեխա, որը շատ տաղադավոր է, բայց չկան լրացուցիչ կրթական ծառայություններ, նկարչական դպրոց եւ այլն: Երեխան ապրում է, տաղանդը մեռնում է, չենք կարողանում այդ տաղանդի զարգացման համար ներդրում անել»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:

Նաեւ ընդգծեց գյուղական դպրոցներում մասնագետների սակավության սուր խնդիրը: «Ունենք գյուղեր, որտեղ ուսուցիչների 90 տոկոսը դրսից են եկել՝ հարեւան գյուղերից, հարեւան քաղաքներից: Ընդ որում, գալիս են ամենաֆանտաստիկ սխեմաներով: Oրինակ` գյուղ գիտեմ, որ հացի մեքենայի վարորդի հետ խոսել են, որ այդ ուսուցչին ամեն օր տանի, ճանապարհին իջեցնի, որպեսզի ոտքով հասնի գյուղ: Ուսուցիչ հարս են բերում, որպեսզի իրենց գյուղի երեխաները ուսուցիչ ունենան: Դպրոցի տնօրենը գնում է մանկավարժական համալսարանում նստում է դեկանի ընդունարանում, որպեսզի մարդ բռնի, տանի իր դպրոցում ուսուցիչ: Նա գնում է, մի տարի աշխատում է, քաղաքում գործ է գտնում, դուրս է գալիս: Նաեւ ուսուցիչների հոսունություն կա, որը բավական բարդացնում է իրավիճակը: Ուսուցիչ կա, 50 հազար դրամ աշխատավարձ է ստանում, որից 15 հազարը ծախսում է ճանապարհի վրա»,- խնդիրների շարքը թվարկեց կրթության փորձագետը:

Բանախոսներն արձանագրեցին, որ առկա տխուր պատկերը ժառանգություն են ստացել: Պատրաստվում են առաջարկել լուծումներ:

Տպել
3304 դիտում

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Լոս Անջելեսի գործարար համաժողովին. ուղիղ

Կեցցե՚ս Հակոբ ջան. վարչապետը շնորհավորել է հայ ծանրորդին՝ հաղթանակի կապակցությամբ

Թբիլիսիի օդանավակայանում Հայաստանի քաղաքացու մոտ 1 կգ չհայտարարագրված ոսկի են հայտնաբերել

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

ՀՅԴ-ն պետք է որոշակի վերագնահատումներ անի. վարչապետը՝ ՀՅԴ՝ ԱՄՆ Արևմտյան ափի ԿԿ ներկայացուցիչներին

Ճապկուտ գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք

Դանակահարություն Լոռիում. 16-ամյա պատանին ներկայացել է ու խոստովանել

Արարատ Միրզոյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Աշխարհի չեմպիոն հռչակվեց գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը

ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

Միջոցառումներ 100-ամյա ԵՊՀ-ում. ներկայացվել են դասախոսների եւ ուսանողների ձեռագործ աշխատանքները, գեղանկարները

«Գյումրի» ԲԿ-ն ճանաչվել է «Լավագույն մարզային բազմապրոֆիլ բժշկական կենտրոն»

Նման բան տեղի չի ունեցել առհասարակ. ՊՆ խոսնակը՝ վարչապետի որդու «կոնֆլիկտի» մասին

Վանաձորի բժշկական կենտրոնը՝ լավագույնս զարգացող մարզային բժշկական կենտրոն

Վերին Լարսի անցակետում հերթերը գոյացել են ՌԴ-ից եկող մեքենաներից. նախարարությունը կապի մեջ է

Զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից. հարուցվել է քրեական գործ. ՔԿ

6 անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդի համար տրվող գումարը, 2 անգամ՝ երկրորդի համար

Մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը

«Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ի խոհանոցը վերանորոգել են, թերությունները՝ վերացրել (լուսանկարներ)

Անգրավ վարկեր Յունիբանկից՝ աջակցություն բիզնեսին ճիշտ ժամանակին