ՊՆ-ին պատկանող հողատարծքը առանց աճուրդի վաճառելու վերաբերյալ հարուցված քրգործն ուզում են ծածկադմփոց անել․ գործարար

Պաշտպանության նախարարությանը պատկանող հողատարծքը առանց աճուրդի վաճառելու վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունն առաջ չի գնում․ ուզում են ծածկադմփոց անել։ Նման մտահոգություն հայտնեց «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն այցելած գործարար Գագիկ Ավետիսյանը, որը մանրամասներ ներկայացրեց ՊՆ-ի կատարած այս գործարքի եւ հողատարածքը գնած անձի վերաբերյալ։

2018 թվականի օգոստոսի 23-ին «Հետք» օնլայն պարբերականը հրապարակել էր մի նյութ, ըստ որի՝ 2015 թ. պաշտպանության նախարարությունն ուղղակի վաճառքի եղանակով քաղաքացի Սայադ Սահակյանին է օտարել մոտ կես հեկտար հողամաս, որը նախկինում եղել է զորամասի տարածք: Ինչպես նշված է տվյալ հրապարակման մեջ՝ Հողային օրենսգիրքը սահմանում է, թե պետական սեփականություն հանդիսացող հողամասը ում կարելի է վաճառել ուղղակի ձեւով, սակայն նշված գործարքը չի համապատասխանում օրենսգրքի որեւէ կետի: «Հետք»-ի այս հոդվածի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՔՕ 375-րդ հոդվածի («Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը») 1-ին մասով:

ՀԺ այցելած գործարարը այս հողատարածքը գնած Սայադ Սահակյանի երբեմնի բիզնես գործընկերն է։ Վերջինս մեր զրույցում պատմեց, որ ինքն ու Սայադ Սահակյանը 14 տարի շարունակ եղել են գործընկերներ՝ 2001-ից 2015 թվականը։ Միասին ստեղծել են «Աստի թրեյդինգ» ՍՊ ընկերությունը, որը, ինչպես նշեց Ավետիսյանը, մեծ հաջողություններ է ունեցել։ Ընկերությունը զբաղվել է արտերկրից ապրանքների ներկրմամբ եւ վաճառքով։ ՍՊԸ-ի օտարերկրյա գործընկերոջ ներկայացուցիչները տարվա ընթացքում շուկայի մոնիտորինգի նպատակով մի քանի անգամ այցելել են ընկերություն, հարաբերությունը եղել է կայուն եւ զարգացող։

Սակայն Գագիկ Ավետիսյանը պնդում է, որ Սայադ Սահակյանը, հանցավոր համագործակցության մեջ մտնելով արտերկրի կազմակերպության ներկայացուցիչների եւ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի փեսա Ռշտունի Սիմոնյանի հետ, ընկերությունում ունեցած իր լիազորություններն ու ընկերության դրական համբավն օգտագործելով՝ կազմալուծել է ՍՊԸ-ն եւ նույն գործունեությունը սկսել է իրականացնել Ռշտունի Սիմոնյանի հետ՝ առանձին ստեղծած «ԷՍԴԻԷՄ» ՍՊ ընկերությունով։ Դրա արդյունքում, ինչպես նշեց մեր զրուցակիցը, «Աստի թրեյդինգ»-ի համար առաջացել են ծանր հետեւանքներ, իսկ ինքը մեծ վնասներ է կրել։

Գագիկ Ավետիսյանը պատմեց, որ Սայադ Սահակյանն ու Ռշտունի Սիմոնյանն ապրել են նույն թաղամասում՝ իրար հարեւանությամբ, այդ ընթացքում մտերմացել են։ Երբ 2012 թվականին հարկային մարմնի աշխատողները անակնալ այցելել են ընկերություն եւ կանխակալ, առանց ստուգում իրականացնելու հայտնել են, թե մեծ հարկային պարտավորություն են առաջադրելու, խնդիրներ են առաջացնելու, այն դեպքում, երբ ընկերությունը միշտ օրինական է աշխատել, Սայադ Սահակյանն առաջարկել է իր մտերիմ Ռշտունու միջոցով լուծել այդ հարցը՝ օգտագործելով ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կապերը։ Ըստ Ավետիսյանի՝ Սայադ Սահակյանը որոշ հանդիպումներ է ունեցել, ու ստուգումները դադարել են։

Այնուհետ, ինչպես մեր զրուցակիցը ներկայացրեց, Սայադ Սահակյանը սկսել է գրասենյակից դուրս, իրենից գաղտնի հանդիպումներ ունենալ օտարերկյա գործընկերների հետ։ Ապա պարզվել է, որ 2014 թվականին Սահակյանն ու Ռշտունի Սիմոնյանը արտերկրի նույն գործընեկորջ հետ համագործակցությամբ, գաղտնի ստեղծել են «ԷՍԴԻԷՄ» ՍՊԸ-ն՝ ծավալելով նույն բիզնես գործունեությունը՝ զուգահեռաբար արտերկրի գործընկերներին տեղեկացնելով, թե իբրեւ «Աստի թրեյդինգ» ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը։

Այս ամենի արդյունքում վեճ է առաջացել, ընդհանուր բիզնեսը տապալվել է։ Ըստ Գագիկ Ավետիսյանի՝ Սայադ Սահակյանն առաջարկել է բիզնեսը բաժանել սեփականտերերի միջեւ՝ առանց տեղական եւ օտար գործընկերների շահերը վնասելու։ Ավետիսյանն ասաց, որ, չունենալով այլ տարբերակ, համաձայնել է, որի արդյունքում Սայադը վերցրել է բիզնեսի նաեւ Գագիկ Ավետիսյանի մասը եւ խոստացել 600․000 դոլար վճարել փոխարենը, բայց մինչ օրս չի տվել այդ գումարը։

Այդ ընթացքում Ավետիսյանը տեղեկացել է, որ ընդհանուր բիզնեսը տապալելուց հետո Սայադ Սահակյանը Ռշտունի Սիմոնյանի հովանավորությամբ ՊՆ-ից ուղղակի վաճառքով ձեռք է բերել նախկին զորամասի ավտոպարկը, որի դիմաց վճարել է շուկայականից ցածր գին, այդտեղ ծավալել է բիզնես-գործունեություն, կառուցել է գրասենյակ, այն չի գրանցել կադաստրում եւ հետեւաբար պետությունից թաքցրել է մեծ գույքահարկ։

Գագիկ Ավետիսյանը դիմել է Հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ զինդատախազությանը՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի ՀՔԾ-ի կողմից իրականացվի լայնածավալ քննություն, եւ ինքն էլ ճանաչվի տուժող՝ 600․000 ԱՄՆ դոլարի համարժեք դրամ վնասի համար։

Մենք կապ հաստատեցինք ՊՆ-ից վերոնշյալ հողատարածքը ձեռք բերած Սայադ Սահակյանի հետ։ Վերջինս ներկայացրեց պատմության հակառակ կողմը՝ ասելով, որ իր երբեմնի բիզնես գործընկեր Գագիկ Ավետիսյանի ներկայացրածը նրա երեւակայության արդյունքն է։

Նախ, Սայադ Սահակյանն ասաց, որ ինքն ու Գագիկ Ավետիսյանը ոչ թե տարիներ շարունակ եղել են գործընկերներ, այլ Ավետիսյանը, որը իր հանգուցյալ ընկերոջ եղբայրն է, միայն 2010 թվականին է միացել բիզնես-գործունեությանը։ Ըստ Սահակյանի՝ Ավետիսյանին չի հետաքրքրել գործունեությունը, այլ միայն շահույթը։ Ի դեպ՝ «Աստի թրեյդինգ» ընկերության գործադիր տնօրենը եղել է Գագիկ Ավետիսյանի եղբայրը՝ Վարդգեսը, ապա դարձել է նաեւ բաժնետեր։

Սայադ Սահակյանն ասաց, որ երբ երկու եղբայրները դարձել են ընկերության բաժնետերեր, անառողջ մթնոլորտ է ստեղծվել գրասենյակում։ Օրինակ՝ հարկայինի աշխատակիցների ամենանգամյա ստուգումների ժամանակ Վարդգես Ավետիսյանն ամեն անգամ կոնֆլիկտներ է ստեղծել, եւ Գագիկ Ավետիսյանի՝ վերը նշած կոնֆլիկտը հերթականներից մեկն է եղել։ Սայադ Սահակյանը ընկերության բարի համբավը պահելու համար ամեն անգամ անձամբ է հարթել նման միջադեպերը՝ ներողություն խնդրելով հարկային մարմնի աշխատակիցներից։

Սահակյանն ասաց, որ Վարդգես Ավետիսյանը ողջ ընթացքում շատ վատ է խոսել աշխատակիցները հետ․ «Գործադիր տնօրեն, ապա բաժնետեր դառնալուց հետո Վարդգեսը միանգամից ասաց, թե խաղի կանոնները պետք է փոխվեն, բոլորին ասում էր, ներողություն իհարկե, պիտի «կզեք» իմ առաջ»։

Սայադ Սահակյանը պատմեց, որ «Աստի թրեյդինգ» ընկերությունը աշխատում էր երկու ուղղությամբ՝ հիգիենիկ պարագաների եւ թռչունների կերերի, վակցինաների վաճառքով։ Ինչ-որ պահի ընկերության՝ թռչունների կերահավելումների վաճառքի մասով շրջանառությունը սկսել է նվազել (այդ մասով աշխատանքները համակարգել է Վարդգես Ավետիսյանը)։ Ապա Սահակյանը պատահականորեն իմացել է, որ Ավետիսյան եղբայրները 2010 թվականին հիմնել են մի կազմակերպություն, որը եւս զբաղվել է թռչունների կերահավելումների վաճառքով․

«Երբ հարցնում էի, թե ինչո՞ւ «Աստի թրեյդինգում» լավ չէ շրջանառույթունը, ինձ մեկնաբանում էին՝ երկրում տնտեսությունը վատ ա, վաճառքները թուլանում են։ Հասկացա, որ առանձին ներմուծում են»։

Կատարվածից հետո Սահակյանը Ավետիսյան եղբայրներին առաջարկել է երեք մասի բաժանել բիզնեսը, քանի որ այլեւս հնարավոր չէ այդ մթնոլորտում աշխատել։

«Երեքով որոշեցինք, որ ես հիգիենիկ պարագաների բիզնեսը շարունակելու եմ՝ առանձին կազմակերպություն բացելով, իրենք շարունակելու են թռչունների կերահավելումների իրենց բիզնեսը։ Որոշեցինք «Աստի»-ի գույքի մի մասը թողնել Գագիկ Ավետիսյանին, մյուս մասը՝ եղբորը։ Ես առանց գույքի դուրս եկա, մոտ երկու տարի գրասենյակ վարձակալեցի, շարունակեցի առանձին անել իմ բիզնեսը»,-ասաց Սահակյանը՝ նշելով, որ ինքը, Գագիկը եւ արտասահմանցի գործընկերները հանդիպել են եւ վերջիններս որոշել են համագործակցությունը շարունակել հենց Սայադի հետ, քանի որ իրեն համարել են արժանահավատ գործընկեր։

2015-ին արդեն, ինչպես պատմեց Սայադ Սահակյանը, ինքը որոշել է տարածք գնել, շարունակել իր բիզեսը, հետաքրքրվել է, տեսել ՊՆ-ին պատկանող հողատարածքը, դիմել է նախարարություն, այնտեղից պատասխանել են, որ հողը վաճառվում է, ինքն էլ գնել է։ Իսկ թե ինչպես են հողի կարգը փոխել՝ ինքը տեղյակ չէ։ Սահակյանը հերքեց Ավետիսյանի այն պնդումը, թե ինքը բիզնես է սկսել Սեյրան Օհանյանի փեսայի հետ եւ նրա միջոցով է գնել հողը։ Ավելին՝ Սահակյանը նշեց, որ կատարվածից հետո ինքն այլեւս երբեք չի ուզի բիզնես գործունեություն ծավալել որեւէ մեկի հետ։

Ինչ վերաբերում է Գագիկ Ավետիսյանի հիշատակած 600․000 ԱՄՆ դոլարին, Սայադ Սահակյանն ասաց, որ իրեն զանգել է Ավետիսյանի իրավաբանը, ասել, որ պետք է Սայադյանը հանդիպի Ավետիսյանի հետ, քննարկեն այդ գումարի հարցը։ Սայադյանը հրաժարվել է վճարել գումարը, Գագիկն էլ դիմել է դատարան․

«Եթե ես պարտավորվում էի գումար տալ Գագիկին, ապա ինչպե՞ս է ստացվել, որ ինձ գոնե մի պարտավորագիր գրել չի տվել։ 600․000-ի գործը առաջին երկու ատյաններով անցել է, հիմա դիմել են Վճռաբեկ դատարան։ Սրանով ամեն ինչ ասված է»,-մեր զրույցում ասաց Սայադ Սահակյանը։

Նա նաեւ նշեց, որ երբ հրաժարվել է ողջ գույքը թողնելուց հետո տալ նաեւ ինչ-որ 600․000 դոլար, Գագիկ Ավետիսյանն ասել է, որ անուններ կտա․

«Թող տա, ի՞նչ անուններ տա։ Հարմար ժամանակահատված է ընտրել, Սեյրան Օհանյանի անունն է տալիս, թե ես կապ ունեմ փեսայի հետ եւ այլն, այն դեպքում, երբ ես ընդամենը ծանոթ եմ Ռշտունի Սիմոնյանի հետ, եւ ուրիշ որեւէ հարաբերություն չունեմ»,-ասաց Սայադյանը։

«Հայկական ժամանակ»-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ընթանում է նախաքննություն, եւ գործով մեղադրյալներ դեռեւս չկան։

Տպել
3107 դիտում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային