Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում Հայրապետական Սուրբ Պատարագ է մատուցվել (լուսանկարներ)

Փետրվարի 3-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սուրբ Պատարագ է մատուցվել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի Սիդնեյ քաղաքի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ  պատարագի արարողությանը ներկա էին Նյու Սաութ Վելսի նահանգապետուհի Գլադիս Բերեջիկլյանը, Խորհրդարանի անդամ և նախարար Փոլ Ֆլեչըրը, Քրիստոնյա Դեմոկրատ կուսակցության հիմնադիր և նախագահ Ֆրեդ Նայլը, Հայր Թովմաս Վարկիզը, Նյու Սաութ Վեյլզ էկումենիկ խորհրդի նախագահ Րեյ Վիլիըմսը, Ավստրալիայի էկումենիկ խորհրդի ընդհանուր քարտուղար Էլիզաբեթ Սթոնը, Ղպտի Եկեղեցու առաջնորդ Դանիել եպիսկոպոսը, Էմմանուել սինագոգի խորհրդի նախագահ Կուեն Հարիսը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բարերարներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը թափորով ամպհովանիի ներքո առաջնորդվել է դեպի տաճար, ուր մասնակցությամբ բարեպաշտ հայորդիների և բազում հյուրերի մատուցել է Սուրբ և Անմահ Պատարագ:Սուրբ Պատարագին որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի պատասխանատու Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը։

Արարողության ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն ու պատգամն է բերել հավաքված ժողովրդին: «Հովվապետական Մեր այցերի ընթացքին հավատավոր մեր ժողովրդի և զավակների հետ մեր հանդիպումներն են առավել ամրացնում մեր այն համոզումը, որ Քրիստոսի Սուրբ Եկեղեցուն ամուր կապված հայ ժողովուրդը, աշխարհի ամենահեռավոր անկյուններում անգամ, պահելու է իր ազգային, քրիստոնեական ինքնությունը:

  Փառք ենք մատուցում Տիրոջը, որ արժանացնում է Մեզ շնորհին ձեզ հետ միասին գոհության աղոթք բարձրացնելու երկինք` Սուրբ Պողոս առաքյալի խոսքերը կրկնելով.  «Ողջույն տվեք միմյանց սուրբ համբույրով» (Ա Կորնթ. ԺԶ 20): Պողոս առաքյալն ինքը, իբրև ընտրյալ անոթ և Տիրոջ խոսքի անվեհեր քարոզիչ, շրջում էր քրիստոնեական նորաստեղծ համայնքներում` այդպիսով սուրբ ողջույնի միջոցով իրար կապելով միմյանցից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող քրիստոնյա եղբայրներին ու քույրերին: Այսօր Մենք էլ՝ իբրև Ս. Գրիգոր Լուսավորչի Աթոռի գահակալ, եկել ենք ձեզ բերելու սուրբ ողջույնները համայն հայության նվիրական կենտրոն Սուրբ Էջմիածնից և Հայրապետական մեր պատգամը փոխանցելու այստեղ հավաքված մեր սիրելի զավակներին», - ասել է Հայոց Հայրապետը: 

Նորին Սրբությունն ընդգծել է, որ պատմության բերած դժվարին հանգամանքների ու տառապանքների պատճառով աշխարհասփյուռ դարձած հայ ժողովուրդը խաչելության իր երկար ճանապարհներն ավարտել է hարության արևածագերով` իբրև լույսի ու զորության աղբյուր մշտապես ճանաչելով մեր Տիրոջը՝ Քրիստոսին, ում Հարության զորությամբ կրկին ուժ է առել ինքնակազմակերպվելու և պահպանելու  ազգային քրիստոնեական իր դիմագիծը: Ըստ Վեհափառի՝ որտեղ էլ ապրել է քրիստոնյա հայորդին, աշխարհի ամենահեռավոր ու մոռացված ծագերում անգամ, նրա հոգին ծաղկել է Արարատի զավակը լինելու հայրենասիրական ոգով և հաղթանակած Փրկչի հարության զորությամբ, նա ուխտել է`մնալ մյուռոնադրոշմ, հավատարիմ զավակը Սուրբ Էջմիածնի, որով անշեղորեն կրել է կնիքը հարության և շնորհը Քրիստոսի որդեգրության:Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատել է. «Մենք անչափ ուրախ ենք և մխիթարված, որ Ավստրալիո հայ համայնքը նոր զարթոնք է ապրում, զորացնում հավատի իր կյանքը` համախմբված Հայ Եկեղեցու շուրջ, վերարժևորելով մեր պատմության փառավոր հիշատակները և նախնյաց ժառանգությունը: Դուք եք այսօր հայ ժողովրդի դեսպանները հեռավոր Ավստրալիայում, ձեզանով նաև այստեղ գիտեն հայոց քրիստոնյա, հավատավոր հոգին, Հայ Եկեղեցին, մեր ժողովրդի հնամյա ու հարուստ ժառանգությունն ու մշակույթը, խաղաղության, ազատության, արարելու սերը:

Սիրելիներ, պատասխանատու ենք մեր ժամանակի համար, և մեր գործերով է, որ այն պիտի արձանագրվի իբրև վերականգնումի ժամանակաշրջան`լցված Քրիստոսով ազատ հոգու և մտածողության, քրիստոնեական մեր նկարագրի ամրագրման ու վերարժևորման ոգով: Մեր նոր ձեռքբերումներով ու հաղթանակներով է, որ պիտի առաջ ընթանա ժամանակը Հայրենիքի և Սփյուռքի վերաշինության, ժամանակը` մեր գաղթօջախներում ազգային կյանքի վերազարթոնքի, մշակույթի, գիտության ու կրթության զարգացման  և ծաղկունքի: Քրիստոս է մեր ճանապարհը, որին ճանաչել են մեր հայրերը, և որին ճանաչում ենք մենք` անվարան հավատալով ու հաղորդակից դառնալով Նրա հարության կենսագործող ու վերանորոգող զորությանը»:Հայոց Հայրապետն իր հորդորն ուղղել է ավստրալահայությանը՝   շարունակել ապրել նույն ջերմեռանդ հավատով և ազգային նախանձախնդրությամբ` հավատի ու աստվածահաճո գործերի համադրմամբ շենացնելով Հայ Եկեղեցու շուրջ համախմբված իրենց համայնքը: Նորին Սրբությունը հորդորել է հիշել ու իրենց հայրենասեր հոգիներում պահել Տերունահիմն Սուրբ Էջմիածինը, որի Իջման Սուրբ Սեղանի առջև երկրպագել և Աստծուն են փառաբանել մեր պատմության բերրի անդաստանի անխոնջ մշակներն ու սպասավորները:

«Մայր Տաճարիս վեհափառ գմբեթները, որոնք դիմակայել են պատմության աշխարհավեր փորձություններին ու զանազան վայրագ քանդումներին, ժամանակների արժեքաբանական մարտահրավերներին, այսօր հպարտորեն կանգուն են` իբրև մարմնացումը հայ քրիստոնեական ոգու և ինքնության:

Հանապազ մտաբերե՛ք  Հայաստանի սրբազան լեռները, զուլալ գետերը, մեր կապուտակ ու ջինջ Սևանը, Արարատի վեհապանծ բարձունքները, մեր ազգային պայքարի ու հերոսացումի վկա Սարդարապատը և Արցախը, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող երկնամուխ Ծիծեռնակաբերդը։ Ձեր ազգային կյանքի մեջ միշտ վա՛ռ պահեք հին մարմնի մեջ նոր ոգով վեր հառնող, հայ քրիստոնեական քաղաքակրթությունը մարմնավորող մեր փառապանծ վանքերն ու եկեղեցիները, որտեղ ամեն մի քար, հողի ամեն մի պատառիկ սրբագործված են մեր փառավոր նախնյաց մշտամրմունջ աղոթքով ու հայրենանվեր սիրով, նահատակության արյամբ ու պայքարի քրտինքով:Հաղորդակի՛ց  դարձեք, ձեր գործերով ու ձեր նվիրական զգացումներով,  նորակերտ Հայաստանին, հայրենիքում իրենց հանապազ տքնությամբ արարող, հայրենյաց սահմաններն անսասան պահող ձեր եղբայրներին ու քույրերին, որոնք վերստին մեր ազգային, քրիստոնեական արժեքներին իրենց նվիրվածությունն ու հավատարմությունը ամբողջ աշխարհին ի ցույց դրեցին՝ հաստատելով, որ ամենաճգնաժամային պահերին իսկ հայ ժողովուրդը գիտի Քրիստոսի սուրբ պատվիրանների համաձայն առաջնորդվել և իր հայրենիքն անշեղորեն տանել դեպի նոր ու լուսավոր ապագա:  Հայրենիքն է իր անքակտելի կապերով միացնում աշխարհասփյուռ հայերիս, «որի մեջ և կանք և պարծենում ենք Աստծո փառքի լույսով» (Հռոմ. 5.2):

Նոր արշալույս է բացվում ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս` նոր հույսերով, ապահով, բարօր ու երջանիկ կյանք կերտելու վճռական տրամադրությամբ  և կամքով: Հայրենիքից ձեզ եկող լուրերն այսօր զգեստավորված են ոգեշնչումի ու քաջալերության թևերով, և մենք ամենքս պետք է մեր կարելին անենք` միավորելու մեր ուժերը և զորացնելու մեր ազգային-քրիստոնեական հասարակությունը, կերտելու առաջընթացի ու հանդուրժողականության, սիրո և եղբայրության տիպար և այդ ոգով ու նկարագրով կերտելու ամեն հայի հուսալի ու շեն բնօրրան հայրենիքը: Արդարև, հազարամյակների մեր պատմության օրինակն ու  հարուստ ժառանգությունը, երկիր շենացնելու և մշակույթ զարգացնելու փորձը,  ազատության հանդեպ հոգու և մտքի աննահանջ ձգտումը - այս ամենն  ունենք ավելիով, որովհետև կանգնած ենք մեր նախնյաց հզոր ու անպարտելի ուսերի վրա, և դրանով մեր աչքերի առաջ բացվում են լուսավոր հորիզոնները մեր հայրենիքի:

Թող Աստված զորացնի մեր ողջ ժողովրդին՝ միասնականությամբ հասնելու իրագործմանը մեր արդար իղձերի, մեր պետության առավել հզորության և համայն հայության բարօրության ու պայծառության», - նշել է Հայոց Հովվապետը:

Նորին Սրբությունը նաև ողջունել է ներկայությունն Ավստրալիայի պետական այրերի, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին, քույր Եկեղեցիների ներկայացուցիչների՝ այն նկատելով վկայություն հայ համայնքի, մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ բարեկամության ու եղբայրական ջերմ զգացումների:

Իր աղոթքը բարձրացնելով Ավստրալիայի և նրա ժողովրդի շեն ու բարօր կյանքի համար՝ Վեհափառ Հայրապետը Տիրոջ օրհնությունն ու զորակցությունն է հայցել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդին, հոգևոր դասին, թեմական և ծխական խորհուրդների պատվարժան անդամներին և իր ավստրալահայ զավակներին՝ իրենց հավատը,  հայրենապաշտ ու եկեղեցանվեր ոգին ամուր պահելու մաղթանքով:Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը որպես գնահատանք նվիրյալ ծառայության և արտահայտություն հայրական սիրո Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանին շնորհել է եպիսկոպոսական պանակե: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ավետիս քահանա Համբարձումյանին շնորհվել է քահանայական լանջախաչ:

Սուրբ Պատարագի ընթացքում Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Հայկազուն Սրբազանի կողմից ընթերցվել է Հայրապետական Սրբատառ կոնդակը, որով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհվեց տիկին Գլադիս Բերեջիկլյանին ազգօգուտ և եկեղեցանվեր իր ծառայության համար:

Հայրապետական այցելության առիթով եկեղեցուն ընծայվել է Տիրոջ Սուրբ Ծննդյան պատկեր՝ մաղթանքով, որ նրա առջև վերառաքվող աղոթքներով համայնքը շարունակի հավատի մեջ զորանալ, լավատեսության հույսով ու աննվազ կամքով կառուցել իր երազների երկիրը:

Տպել
1873 դիտում

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել