ՀՀ հավաքականների մարզիչները կվերապատրաստվեն «Ռեալում» կամ «Ատլետիկոյում». Մելիքբեկյան (թարմացված)

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականների մարզիչները վերապատրաստում կանցնեն իսպանական թոփ ակումբներում՝ հավանաբար «Ռեալում» կամ «Ատլետիկոյում»: Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը հայտարարեց, որ նրանք ամենայն հավանականությամբ Իսպանիա կմեկնեն հունվարին: Նա նշեց, որ մասնագետները նման հնարավորություն կստանան ՀՖՖ նորանշանակ տեխնիկական տնօրեն իսպանացի Խինես Մելենդեսի օգնությամբ: Մելիքբեկյանը խոսեց իսպանացի հայտնի մասնագետի հետ պայմանագիր կնքելու, ՀՖՖ նոր ղեկավարության վերջին 3 ամիսների աշխատանքի եւ առաջիկա ծրագրերի մասին:

-Մեր գլխավոր ձեռքբերումը իսպանացի մասնագետների ներգրավումն է, առաջին հերթին, իհարկե Խինես Մելենդեսի մասին է խոսքը: Նա հունվարին ժամանելու է ՀՀ, մշտական բնակություն է հաստատելու իր 2 մարզիչների հետ, որոնցից մեկը պատասխանատու է լինելու մարզչական կրթության դասընթացների, մյուսը՝ մանկապատանեկան թիմերի հետ աշխատանքների համար: Շատ մեծ հույսեր ենք կապում Մելենդեսի հետ: Նրա առաջարկած ծրագիրը բավական լայնածավալ է: Դա պահանջելու է նաեւ մեր կողմից մարդկային ռեսուրսներ, մեծ ծավալի աշխատանք: Զբաղվելու ենք ամեն ինչով, սկսելու ենք մանկապատանեկան ֆուտբոլի մրցաշարերի վերակազմակերպումը: Նաեւ մարզչական դասընթացների նոր մոտեցումներ ենք մշակելու, եւ Մելենդեսը նաեւ աշխատելու է ազգային բոլոր հավաքկանների հետ՝ 14-ից մինչեւ 21 տարեկանների եւ ընդհանուր մարզչական շտաբ է ձեւավորելու: Սովորաբար այդ մոդելը կիրառվում է Իսպանիայում, երբ յուրաքանչյուր թիմ ունի իր գլխավոր մարզիչը, բայց բոլոր մարզիչները համատեղ են աշխատում, միմյանց օգնում են, հավաքականներից մեկի մարզիչը մյուսի օգնականն է. օրինակ, 17-երի մարզիչը 19-երի օգնականն է... աշխատում են ընդհանուր ծրագրով, որը ղեկավարում է տեխնիկական տնօրենը:

Բացի դրանից՝ բավական մեծ ծավալի վերլուծություն ենք կատարել, թե ինչ կատարվում մեր ֆուտբոլային տնտեսությունում: Վերլուծությունը ել ավելի խորությամբ է ցույց տալիս խնդիրները. դա մարզերում ֆուտբոլի առկայությունն է կամ չառկայությունը, այսպես ասենք, որովհեեւ ՀՀ-ում ընդամենը 29 բնակավայր ունենք, որտեղ խաղում են կազմակերպված ֆուտբոլ: Դա շատ փոքր տոկոս է կազմում 1% կամ մի փոքր ավելի: Սա շատ վատ ցուցանիշ է: Հիմնականում ֆուտբոլը կենտրոնացած է Երեւանում: Այդ ուղղությամբ հիմա շատ ակտիվ քայլեր ենք ձեռնարկելու: Սկսելու ենք ենթակառուցվածքներ ստեղծել մասսայական ֆուտբոլի համար: Արդեն ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ասել է, որ մենք սկսում ենք Վայոց Ձորից: Իհարկե բնակչությամբ գիտենք, որ ամենափոքր մարզն է, բայց նաեւ միակ մարզն է, որտեղ ոչ մի բնակավայրում կազմակերպված ֆուտբոլ չեն խաղում: Այնտեղ 10-12 20x40-ի վրա արհեստական խաղադաշտ ենք կառուցում տարբեր համայնքերում: Հետագայում այդ ծրագիրն անցնելու է Գեղարքունիք, որտեղ կառուցելու ենք 20 մարզադաշտ: Հուսանք, որ 2019 թ. ընթացքում Վայոց Ձորում եւ Գեղարքունիքում մեր ծրագրերը կավարտենք:

Նոր մոտեցում ենք դրսեւորելու նաեւ ներդրողների հանդեպ, որոնք ուզում են ակումբ ունենալ: Մենք առաջարկելու ենք մասնակցել ենթակառուցվածքների շինարարությանը: Փորձելու ենք խրախուսել մարզերում ներդրումներ անել, ֆուտբոլային դպրոցներ կառուցելիս ֆեդերացիան նաեւ այնտեղ կառուցելու է դաշտեր անհատ ներդրողների ակումբների համար: Առաջին փորձը կա, արդեն բանակցություններ ենք վարում Գորիսի հետ: Այնտեղ ֆուտբոլի դպրոց կառուցելու ցանկություն կա, եթե կառուցվի, ՀՖՖ այնտեղ կկառուցի 1 արհետսկաա խաղադաշտ: Նմանատիպ այլ ծրագրեր էլ ունենք: Ընթացքում կտեղեկանաք:

-Ինչո՞ւ Արմեն Գյուլուդաղյանցի հետ չկնքվեց կարճաժամկետ պայմանագիր նրա աշխատանքին գնահատական տալու համար:

-Ես ընդհանարպես չգիտեմ մարզիչներ, որոնք պատրաստ են 2 ամսով պայմանագիր կնքել: Դա վատ ձեւ է, իմ կարծիքով, որովհետեւ նշանակում է, որ դու հենց սկզբից չես վստահում մարզչին: Մենք վստահել ենք Գյուլբուդաղյանցին նշանակելիս: Մենք շարունակելու ենք համագործակցությունը նրա հետ: Ընդհանուր առմամաբ ամբողջ տեխնիկական տնօրինությունը եւ բոլոր հավաքականների մարզչական շտաբերը, բոլորը համատեղ աշխատելու են՝ բոլորը բոլորի հետ: Նաեւ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի օգնությամբ ազգայի հավաքականների մարզիչների համար հետաքրքիր ծրագիր ենք մշակում: Հավանաբար հունվարին մեկնելու են Իսպանիա եւ թոփ ակումբներից մեկի հետ՝ դա կլինի «Ատլետիկո Մարդիդը» կամ «Ռեալը», որտեղ կանցկացնեն մարզումային ցիկլը՝ 1 շաբաթ, քննարկումներ կլինեն, հանդիպումներ կլինեն նաեւ այնտեղի մարզիչների հետ: Ամեն դեպքում մենք դրական ենք տրամադրված:

-Ասել եք, որ 5 տարվա ընթացքում կառուցելու եք 700 դաշտ: Ստացվում է տարեկան 140, ամսական էլ՝ 11 դաշտ: Իսկապե՞ս կարող եք ամսական 11 դաշտ կառուցել: Եթե այո՛, ապա որտե՞ղ:

-Խոսքը ոչ թե ստանդարտ, այլ փոքր դաշտերի մասին է: Եթե մոդելը ունենանք, շատ արագ կառուցվող բան է: Առաջին տարին է դժվար լինելու: Միայն մարզերում ենք նման դաշտեր կառուցելու: Եթե ընդամենը 29 բնակավայրում են ֆուտբոլ խաղում, ապա տեղ հաստատ կա: Նախ օգտագործելու ենք ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի ներդրումային ծրագրերի գումարները, ապա մեր հովանավորներից կամ մարքետինգից ստացած գումարները: Այդ աշխատանքներն էլ են ընթանում: Ինչ վերաբերում է 1 ամսում 11 դաշտ կառուցելուն, տարբեր մարզերում են կառուցվելու, պարտադիր չէ, որ շինարարը մեկը լինի:

-Քանի՞ տարվա պայմանագիր ունի Խինես Մելենդեսը: 

-Պայմանագիրը կնքվել է 1+1 սկզբունքով. 1 տարի՝ եւս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Պայմանավորվածությունն այն է, որ 2 տարի կաշխատի, հետո կողմերը կորոշեն՝ արդյոք ցանկանում են շարունակել:

-Ըստ Ձեզ՝ այդ ժամանակահատվածը կբավականացնի՞ արդյունք ցույց տալու համար:

-Սովորաբար հիմքը դնելու համար 2 տարին բավարար է, բայց ռեալ լավ ծավալների հասնելու համար մեզ 4 տարի հարկավոր կլինի: Սկսենք քչից, հետո կհասկանանք:

-Ի՞նչ իճակում են «Միկա» եւ «Հրազդան» մարզադաշտերը:

-«Հրազդանի» մասին շատ է խոսվել: Եվ ես, ե՛ւ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավարը հարցազրույցում ասել ենք այդ մասին: Այսօրվա դրությամբ այնտեղի խոտածածկը չի համապատասխանում ստանդարտներին: 2012 թ. ՀՖՖ-ն ստանդիոնը հանձնել էր բավական լավ վիճակում: Այն ՈՒԵՖԱ-ից ստացել էր 3-րդ կատեգորիա: Այն ժամանակ 3-րդ կատեգորիայի ստադիոններն անգամ ազգային հավաքականների խաղեր կարող էին ընդունել: Հետագայում ՈՒԵՖԱ-ն խստացրեց պահանջները: Հիմա այնտեղ հնարավոր կլիներ անցկացնել ՀՀ առաջնության հանդիպումներ, Եվրոպա լիգայի որակավորման փուլի հանդիպումներ, անգամ 21 տարեկանների հանդիպումներ, եթե այդ ստադիոնը բերվեր այն վիճակին, որը կար 2012 թ.: Բայց այն բանից հետո, ինչ ներդրումներ են արվել ՀՖՖ կողմից, «Հրազդանը» չի խնամվել եւ հասել է այս վիճակին: Այն մասնավոր սեփականություն է, այնտեղ սննկացման գործընթաց կա: Ստադիոնը ՀՖՖ-ին չի պատկանում, որպեսզի մենք որոշակի գործունեություն ծավալենք;

Ինչ վերաբերում է «Միկային», բանակցություններ վարում ենք սպորտի նախարարության հետ: Բայց դեռեւս ընթացքում է: Ժամկետներ չեմ կարող ասել, բայց այնտեղ միտք ունենք գոնե խոտածածկը փոխելու եւ հարմարեցնելու ՀՀ առաջնության ստանդարտներին:

-Հաշվի առնելով մեր պայմանները՝ խաղադաշտեր, ստադիոններ, ըստ Ձեզ՝ օպտիմալ տարբերակը ո՞րն է, քանի՞ թիմով պետք է անցկացվի ՀՀ առաջնությունը:

-Ցանկությունը մեծ է, որ որքան շատ թիմ լինի, այնքան լավ, բայց թիմերը պետք է ունենան ստադիոններ, ենթակառուցվածքներ: Ներկայումս ՀՀ առաջնությունում թիմերի մի մասը խաղում է այն ստադիոններում, որոնք պատկանում են ՀՖՖ-ին: Այս դեպքում պետք է նաեւ թիմերը մեզ ասեն՝ որտեղ են ցանկանում խաղալ: Խաղալու տեղ պետք է լինի: Այդ հարցը քննարկվելու է: Դուք գիտեք, որ հաջորդ մրցաշրջանից նաեւ Արմավիրի ստադիոնն է պատրաստ լինելու, եւ Արմավիրում էլ հնարավոր կլինի խաղալ: Ներկայումս չեմ կարող ասել օպտիմալ թիվը: Հուսամ՝ 10 թիմ կլինի: Իհարկե, եթե տեղ գտնենք խաղալու եւ արտոնագրված ստադիոններ ունենանք, որպեսզի առաջնության խաղեր անցկացնենք, լավ կլիներ նաեւ 12 թիմ:

-Ի՞նչ նորություններ կան «Ազգային» ստադիոն կառուցելու ծրագրից:

-Ծրագիրը կա, բանակցություններն ընթանում են: Դա շատ արագ չի լինում: Մենք ցանկանում ենք կառուցել «Ազգային» ստադիոն, որն ՈՒԵՖԱ-ի կողմից ընդունված կլինի, եւ հարմար կլինի ազգային հավաքականի հանդիպումների համար: «Հրազդանի» օրինակով ասացի, որ, եթե նախկինում թույլատրվում էր ազգային հավաքականների խաղեր անցկացնել 3-րդ կատեգորիաների ստադիոնում, ապա հիմա՝ ո՛չ: ՈՒԵՖԱ-ն խստացնում է պահանջները: Եթե մի օր էլ այնքան խստացնի, որ «Հանրապետականը» չհամապատասխանի, շատ դժվար կլինի: Մեզ օբյեկտիվորեն պետք է «Ազգային» ստադիոն: Համոզված ենք, որ տոմսերի վաճառքի, մարքետինգային ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում չեմ ասում՝ միշտ 100%-ով կլցնենք, բայց 30-հազարանոց ստադիոնը բավականաչափ կարող է լեցուն լինել:

-Ե՞րբ պատրաստ կլինի:

-Նախ պետք է ավարտվեն ներդրողների հետ բանակցությունները: 2-րդը, նախագիծը պետք է մշակվի, տեղական ինքնակառավարման մարմինների հետ բանակցվի: Ցանկություն կա, որ նախագիծն ամբողջովին պատրաստ լինի 2019 թ. եւ հասկանանք՝ երբ կարող ենք սկսել: Հիմա ժամկետներ չեմ կարող ասել:

-Նշմարե՞լ եք ստադիոնի տեղը կամ կա՞ ստադիոն, որի հիման վրա կկառուցեք:

-Որեւէ ստադիոնի հիման վրա շատ դժվար է կառուցել, որովհետեւ ստանդարտներն անընդհատ... եթե այսօր ստադիոն կառուցենք պետք է փորձենք կանխագուշակել՝ 2-3 տարի անց ինչ կլինի, որովհետեւ ստադիոնները շատ արագ են հնանում եւ պահանջներն ավելանում: Տեղը չենք նշմարել: Դեռ բանակցում ենք ընհանուր գումարի վերաբերյալ, 5 տիպային նախագիծ ենք ստացել՝ ինչ ստադիոններ կան եւ ինչ գումարների մասին է խոսքը, հիմա ուսումնասիրում ենք: Այդ առումով աշխատաքներ կատարվում են:

-Վերջերս ՀՖՖ նոր կազմը հանդիպեց ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի ղեկավարներին: Իչնպե՞ս եք գնահատում այդ հանդիպումները:

-Հանդիպումները դրական եմ գնահատում: Կարծում եմ՝ պարոն Վանեցյանի գնահատականն էլ նույնն է: ՈՒԵՖԱ-ին եւ ՖԻՖԱ-ին հետաքրքրում է յուրաքանչյուր ֆեդերացիայի նոր ղեկավարության դիրքորոշումը: Մարզային զարգացման մեր դիրքորոշումը, թե ինչպես ենք գումարները ծախսելու, ՈՒԵՖԱ-ին եւ ՖԻՖԱ-ին բավականաչափ գոհացնում է: Մեր ծրագրերը հավանության արժանացան: Խոսել ենք 3-րդ եվրագավաթի մասին, համերաշխության գումարների ծավալների ավելացման մասին: Մենք էլ բավական գոհ ենք այդ հարցերում ՈՒԵՖԱ-ի դիրքորոշմամբ եւ աջակցում ենք նրանց:

-Երբ գործկոմի կազմը որոշվեց, խոսակցություններ սկսվեցին, թե ինչ են այնտեղ անելու առողջապահության նախարարը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը, սոցիոլոգը.... կմանրամասե՞ք՝ ինչ են արել:

-Այդ 3 մարդիկ մեծ ծավալի աշխատանք են կատարում մեզ հետ: Առողջապահության նախարարի հետ ամսական 2 անգամ հանդիպում ենք: Քննարկում են մարզական բժշկության խնդիրները, ապահովագրության խնդիրները: Հույս ունեմ, որ 2019 թվականից մեր ազգային հավաքականների ֆուտբոլիստները կունենան ապահովագրական փաթեթներ: Նույնը վերաբերում է տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներին, որոնք կան գործկոմում: Մեծ աշխատանք ենք անում մարզերում, համայնքների հետ, այցելում ենք համայնքներ: Նրանք լուրջ աջակցում ենք, օրինակ, հենց այն հարցում, որ այդ փոքր դաշտերը սկսենք կառուցել: Ամեն դեպքում գործկոմի նիստերի ժամանակ լուրջ քննարկումներ են ընթանում տարբեր հարցերի շուրջ:

-Հայտնի՞ է՝ ովքեր են լինելու 17 եւ 19 տարեկանների հավաքականների մարզիչները:

-Այդ հարցը հիմա տեխնիկական տնօրենի հետ քննարկում ենք: Բոլոր հարցերի պատասխանները հունվարին կտրվեն: Մի քան կարող եմ ասե՝ մենք ունենալու ենք մինչեւ 18 տարեկանների հավաքական նույնպես, ինչը երբեւէ չի եղել, նկատի ունեմ այն բանից հետո, ինչ ՈՒԵՖԱ-ն փոփոխեց, դարձրեց 17, 19 տարեկանների: 18 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպումներ է անցկացնելու, որովհետեւ մրցաշարեր չկան իրենց համար: Պրակտիկան չկորցնելու համար տեխնիկական տնօրենը պարտադիր է համարել մինչեւ 18 տարեկանների հավաքական ունենալը: Շատ լայն շրջանակի մասին ենք խոսել: Նոր տեխնիկական տնօրենը դեռեւս ուսումնասիրում է, բայց այդ մասին հունվարի վերջում կխոսենք:

-Արդյո՞ք իրատեսական է, որ 2019-20 առաջնությունում պրոֆեսիոնալ լիգա ունենանք:

-Երբ նոր էի եկել ֆեդերացիա, կարծում էի՝ պորֆեսիոնալ լիգայի հետ կապված աշխատանքները շատ արագ կարող են կազմակերպվել, բայց հիմա արդեն այդ կարծիքին չեմ: Միտքը կա, եւ համարում եմ, որ դա պարտադիր է, բայց 2019-20 թթ. հաստատ չի լինի, որովհետեւ այդքան էլ հեշտ գործընթաց չէ, եւ վերագնահատելով այն, ինչ ունենք հայաստանյան ֆուտբոլում, կարծում եմ՝ դա դեռ հնարավոր չէ, բայց պետք է տեսլական ունենալ:

-Ի՞նչ ակնկալիքներ ունենք 2019 թ. ՀՀ-ում կայանալիք Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլից: Ի՞նչ կտա այդ մրցաշարը:

-Մեզ համար կարեւորագույն մրցաշար է: Տեսաք՝ 1 մինի-մրցաշար արդեն անցկացվեց, որը փորձ էր մեզ համար: Բավական դրական ենք գնահատում անացկացումը: Ամեն ինչ առանց խնդիրների եւ շատ հարթ անցավ: Մեզ համար դա շատ լավ փորձ է, որ  հետագայում էլ հավակնենք նման մրցաշարեր անցկացնելուն: Շատ կարեւոր է, որ կազմակերպչական առումով ամեն ինչ լավ անցնի: Համոզված եմ՝ այդպես էլ կլինի, եւ նաեւ հույս ունենք, որ ՀՀ հավաքականն էլ մինչեւ այդ ավելի մարտունակ կլինի եւ կկարողանա ավելի լավ արդյունքներ գրանցել:

Տպել
3263 դիտում

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի