Սերժ Սարգսյանը նոր Հայաստանում շարունակում է նախագահ լինել. նա չորս օր առաջ հանդիպել է շախմատիստներին

Հայաստանի շախմատի ֆեդերացիայում դեռ հեղափոխություն տեղի չի ունեցել:  Քաղաքական փոփոխություններից հետո ֆեդերացիայի նախագահի պաշտոնը շարունակում է զբաղեցնել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Ի դեպ, ֆեդերացիայի նախագահության եւ խորհրդի կազմում են նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գործարար որդին՝ Միսակ Բալասանյանը եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախկին նախարար Լեւոն Յոլյանը:

Սերժ Սարգսյանը շախմատի ֆեդերացիայի հնաբնակներից է: Նա ֆեդերացիան նախագահում է դեռ 2004 թվականից: Վերջին անգամ այս պաշտոնում վերընտրվել է 2017 թվականին՝ հինգ տարի ժամկետով: Այսինքն՝ մինչեւ 2022 թվականը ֆեդերացիան դեռ ղեկավարելու է Սերժ Սարգսյանը: Եթե նա շարունակի ղեկավարել մինչ 2022 թվականն, ապա ստացվում է, որ 18 տարի շարունակ ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է լինելու:

Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարվելու ցանկություն չունի: Ինչպես մեր զրույցում փոխանցեցին ֆեդերացիայից՝ նրանք եւս չեն ցանկանում, որ Սերժ Սարգսյանը լքի այդ պաշտոնը: Մասնավորապես, շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը շարունակելու է ղեկավարել կառույցը, պատասխանեց, որ մեր հարցը կոռեկտ չէ:

«Ֆեդերացիան գործում է, նորմալ աշխատում է, խնդիրը ո՞րն է: Նա մինչեւ 2022 թվականը ֆեդերացիայի նախագահն է»,- ասաց Լպուտյանը եւ միաժամանակ տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը այցելում է ֆեդերացիա, հանդիպում է ունենում խորհրդի կազմի հետ եւ մասնակցում է ժողովներին:

Շախմատի ֆեդերացիայի անդամ Աղասի Ինանցն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը ֆեդերացիայի նախագահի կարգավիճակով մասնակցում է աշխատանքներին, լինում է նաեւ կառույցում: «Նա մշտական շփման մեջ է ֆեդերացիայի ղեկավար կազմի հետ: Ֆեդերացիայի նախագահը, ինչպես նախկինում, այդպես էլ հիմա տեղյակ է ֆեդերացիայի անցուդարձից: Կանոնակարգի համաձայն՝ նա մասնակցում է խորհրդի նիստերին եւ ժողովներին: Մի քանի օր առաջ շախմատի տանը հանդիպել է գրոսմայստերների հետ»:

Շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Միքայել Անդրիասյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ վերջին անգամ Շախմատի ֆեդերացիայի խորհրդի նիստ տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 22-ին: Անդրիասյանի փոխանցմամբ՝ նիստը վարել է հենց Սերժ Սարգսյանը: Հարցին՝ արդյո՞ք խորհրդի բոլոր անդամներն են նիստին մասնակցել, մասնավորապես, Տիգրան Սարգսյանը, Տարոն Մարգարյանը կամ Արտակ Սարգսյանը ներկա եղե՞լ են, Անդրիասյանը հրաժարվեց պատասխանել:

Ի դեպ, այստեղ ուշագրավն այն է, որ Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքի նորություններ բաժնում Սերժ Սարգսյանի եւ գրոսմայստերների հանդիպման մասին որեւէ տեղեկատվություն չկա:

Նոր Հայաստանում Սերժ Սարգսյանը նաեւ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Ի դեպ, հեղափոխությունը Երեւանի պետական համալսարանին այնպես է շրջանցել, որ կառույցի պաշտոնական կայքում Սերժ Սարգսյանը դեռ ՀՀ նախագահն է, հոգաբարձուների խորհրդի կազմում Վիգեն Սարգսյանը ներկայացվում է պաշտպանության նախարար, Հրանուշ Հակոբյանը՝ սփյուռքի նախարար, Գագիկ Հարությունյանը՝ Սահմանադրական դատարանի նախագահ, Արտակ Դավթյանը՝ պաշտպանության նախարարի տեղակալ եւ այլն:

Երեւանի պետական համալսարանի լրատվության պատասխանատու Գեւորգ Էմին-Տերյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ վերջին անգամ հոգաբարձուների խորհրդի նիստ տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին: Այս տարվա ավարտին մնացել է հինգ օր, բայց ԵՊՀ-ն դեռեւս խորհրդի նիստ չի անցկացրել: Նշենք, որ մեկ տարվա ընթացքում հոգաբարձուների խորհուրդն առնվազն մեկ նիստ պետք է անցկացնի: Լրատվության պատասխանատու Գեւորգ Էմին-Տերյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի նախագահի կարգավիճակով այցելում է ԵՊՀ: Վերջինս պատասխանեց, որ նման տեղեկատվություն չունի:

Անդրադառնալով բարձրագույն ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի կազմերի փոփոխությանը՝ նշենք, որ կրթության եւ գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել էր, որ բուհերի խորհուրդների կազմը շուտով կվերանայվի: «Բուհերին շրջաբերական է ուղարկվել այն մասին, որ հիմնադիրը՝ ի դեմս կառավարության, եւ լիազոր մարմինը՝ ի դեմս կրթության եւ գիտության նախարարության, պատրաստվում են փոփոխություններ իրականացնել խորհրդի կազմում: Նաեւ առաջարկություն է արվել վերանայել խորհուրդների պրոֆեսորդասախոսական կազմը: Ուղղակի՛ առաջարկություն, որ եթե նպատակահարմար գտնեն, կարող են իրենք էլ նոր ընտրություններ անել, թարմացնել խորհրդի կազմը: Ուսանողների պարագայում դա բնականոն գործընթաց է՝ բուհն ավարտելուց հետո նրանք պետք է նորերով փոխարինվեն: Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին այդպիսի անհրաժեշտություն է առաջանում»,- ասել էր Լուսինե Գրիգորյանը:

Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ նաեւ «Լույս» հիմնադրամի գործադիր կազմում: Կազմում են նաեւ նախկին վարչապետեր Տիգրան Սարգսյանը, Արմեն Գեւորգյանը, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը եւ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: 

Նշենք, որ Սերժ Սարգսյանը նախկինում եղել է նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Նրան այժմ փոխարինում է նախագահ Արմեն Սարգսյանը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում էլ Սերժ Սարգսյանին փոխարինում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տպել
4778 դիտում

Արտո Թունջբոյաջյան, Վահան Արծրունի. վաղվանից կմեկնարկի «Ֆրեսկո» ամենամյա փառատոնը

«Ներկայիս իրավիճակն անթույլատրելի է». Բակո Սահակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով. Թովմասյանը գրություն է ստացել

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է, թե որքան է լինելու յուրաքանչյուր դասագրքի համար վճարի չափը

Կամ գտնվում են իրավական հիմնավորումներ, որոնցով հանքը փակվում է, կամ այդ հանքը շահագործվում է․ հանրաքվեն տարբերակ չէ

Շոգն աստիճանաբար կնվազի. եղանակը՝ Հայաստանում

Հրդեհներ Ամազոնի անտառներում. կրակը տարածվում է աննախադեպ արագությամբ

Պետական պարտքի դինամիկան թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են. Ջանջուղազյան

ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը

Մեղավորության կանխավարկա՞ծ. Հերոյանը` քիլլե՞ր

Սյունիքի մարզում այրվում է մոտ 100 հա բուսածածկույթ (տեսանյութ)

Օդային աղետի պատճառների լաբիրինթոսում. անպատասխան հարցեր

Պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին եւ առաջնորդվել դրանցով. նախարար

Պայքար կյանքի եւ մահվան միջեվ. հրաշքի հնարավորությունը չի բացառվում

Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն. ԱԳ նախարար

Այրվում է երկրագնդի ամենախիտ ու ընդարձակ անտառներից մեկը՝ Ամազոնը. Սուրենյան

Երբ Թրամփի կամ Պոմպեոյի հետ հանդիպելու պահը գա, դա կլինի. Մնացականյան

Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար

Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը

Խոշոր հրդեհ Լոռիում. հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը (լուսանկարներ)