Լավագույն ժամանակն է, որ մենք՝ հայերս, եւս մեկ հեղափոխություն անենք. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել են «Բիզնես միջավայր եւ ներդրումներ. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով հանդիպմանը, որին ներկա են եղել տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ: 

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է. 

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Հարգելի՛ գործընկերներ, նախարարներ, 

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Այսօր մենք հավաքվել ենք՝ խոսելու երկու նյութից: Մեկը կոչվում է գործարարություն, մյուսը՝ բարեգործություն: Երկուսն իրար հետ շատ կապակցված են: Դժվար է պատկերացնել՝ եթե մարդը հաջող է գործարարության որեւէ ոլորտում, նա հնարավորություն կամ ցանկություն չունենա զբաղվել նաեւ բարեգործությամբ:

Կուզեի նշել, որ այսօր առանձնահատուկ օր է: Ոչ թե նրա համար, որ հավաքվել ենք խոսելու բարեգործության, գործարարության մասին, այլ նախ եւ առաջ նրա համար, որ Երեխաների համաշխարհային օրն է: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր է, որովհետեւ եթե մտածենք մի քիչ ավելի խորը, կտեսնենք, որ երկու գործունեության ակունքներում եւ հիմքում նույն՝ երեխաների գաղափարն է, այսինքն՝ մեր ժառանգության, հաջորդ սերնդի: Երեխաները նաեւ մեր ընտանիքն են, մեր հայրենիքն են ու ապագան: Չեմ կարծում, որ որեւէ մեկը գործարարությամբ եւ բարեգործությամբ զբաղվում է զուտ իր անձի համար: Ի վերջո զբաղվում է իր, իր ընտանիքի, երկրի եւ ողջ ժողովրդի բարօրության համար: 

Ուստի կրկին ուզում եմ շնորհավորել ձեզ եւ մաղթել, որ ձեզնից յուրաքանչյուրի ընտանիքում, ինչպես նաեւ ամբողջ Հայաստանում ու Արցախում երեխաներն ապրեն բարեկեցիկ, ուրախ, հոյակապ, լավագույն կրթությունը ստանան աշխարհում եւ պատրաստ լինեն աջակցելու, իրենց ներդրումը բերելու եւ, եթե կարիքը լինի, նաեւ պաշտպանելու հայրենիքը: 

Խոսելով գործարարության մասին՝ վստահ եմ, որ պարոն վարչապետը ելույթում կանդրադառնա կառավարության գործունեությանը, ապագա ծրագրերին, տեսլականին: Հետեւաբար, կուզենայի օգտագործել առիթը՝ խոսելու ձեզ հետ վերջին ամիսների իմ դիտարկումների մասին: Մասնավորապես արտերկրում մեր երկրի նկատմամբ վերաբերմունքի, Հայաստանի կերպարի ու հեղինակության մասին: 

Վերջին ամիսներին առիթ եմ ունեցել ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում հանդիպումներ ունենալ ոչ միայն քաղաքական գործիչների, վերլուծաբանների, այլ նաեւ՝ գործարար լայն շրջանակների հետ: Ընդ որում, այդ շրջանակները բավականին լայն սպեկտր ունեին՝ սկսած սննդի, գյուղատնտեսության ոլորտներից՝ Danone, Nestle ֆրանսիական ընկերություններից մինչեւ Inalca իտալական մեծ ընկերություն: Հանդիպումներ եմ ունեցել նաեւ շինարարական ընկերությունների, օրինակ, Իտալիայի շինարարների ասոցիացիայի, ֆրանսիացիների, շատ մեծ բանկերի հետ: Բայց առանձնահատուկ իմ ուշադրության կենտրոնում է եղել նոր տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի ոլորտը: Իհարկե, Հայաստանը պետք է ունենա համաչափ տնտեսություն, որտեղ ամեն ինչ պետք է զարգացած լինի, սակայն այն լոկոմոտիվը, որը մեզ պետք է առաջ մղի 21-րդ դարում եւ դարձնի աշխարհի լավագույն, առաջադեմ երկրներից մեկը, նոր տեխնոլոգիաներն են: 

Ուզում եմ ձեզ փոխանցել այն, ինչ ստացել եմ նրանցից: Ուզում եմ ձեզ փոխանցել, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը, Հայաստանի ու մեր ժողովրդի կերպարը շատ դրական են: Սրանք գովեստի խոսքեր չեն, իրականություն են, որոնք դուք պետք է իմանաք նաեւ գործնական տեսանկյունից:

Փորձեմ թվարկել մի քանի պատճառ, որոնք գուցե դասագրքային են, պարզ են ու հասկանալի, սակայն էական են: 

Նախ եւ առաջ, եկեք հիշենք անցած մի քանի տարիները: Դրսում ապրող հայերի եւ ոչ հայերի համար Հայաստանը վերջին տարիներին հիշատակվել է մի քանի առիթով: Մեկը Եղեռնի 100-ամյակն է: Ուզենք, թե չուզենք՝ 100-ամյակը, որ աշխարհով մեկ նշվեց՝ Երեւանից սկսած մինչեւ Մոսկվա, Վատիկան եւ Հռոմ, Վաշինգտոնից մինչեւ Լոնդոն, ամենաբարձր մակարդակով, էապես փոխեց վերաբերմունքը մեր ժողովրդին ու պատմությանը, մեր ժողովրդի կերպարին ու տեսակին: Կրկին մենք աշխարհին ներկայացանք որպես ժողովուրդ, որն ունի սկզբունքներ: Ուժեղ ժողովուրդ, որին փորձեցին ոչնչացնել, բայց նա ամուր կանգնած է իր ոտքերի վրա: 

Իհարկե, այս տարվա ապրիլյան դեպքերը Հայաստանին բարձրացրեցին ամենաբարձր մակարդակի: Անկայուն աշխարհում գործընթացները, որոնք տեղի են ունենում մարդկային, գեղեցիկ ձեւով, դառնում են արժեքավոր: Հայաստանն այսօր ինչ-որ իմաստով յուրօրինակ երկիր է, որտեղ մեծ, պատմական փոփոխություն է տեղի ունեցել, սակայն շատ պարզ եւ մարդկային ձեւով: Մենք ինչ-որ իմաստով յուրօրինակ ենք, քանի որ ասում ենք՝ տեսեք՝ անհանգիստ աշխարհում կա մի տեղ, որտեղ կիրթ ձեւով հեղափոխություն է կատարվել: Այսինքն, գործարար շրջանակների ամենաբարձր մակարդակներում մարդկանց գիտակցության մեջ կա, որ Հայաստանը տարբեր է, յուրօրինակ է, հետեւաբար, Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն է տարբեր: 

Իհարկե, չեմ կարող չնշել նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի փայլուն անցկացումը Հայաստանում: Պետք է շնորհակալության խոսք ասել վերջին մի քանի տարիների հայկական դիվանագիտությանը այս հաջողության համար, եւ, իհարկե, կառավարությանը՝ փայլուն կազմակերպելու համար: Երեկ ես հրամանագիր ստորագրեցի Ֆրանկոֆոնիան լավ կազմակերպելու համար մի քանի անհատների պարգեւներ տալու մասին: 

Մենք հատուկ երկիր ենք, այսօր մարդիկ հատուկ հետաքրքրություն ունեն Հայաստանի նկատմամբ: 

Փաստը, որ Հայաստանում այսօր հայտարարված է եւ իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքար, աննկատ չի անցնում աշխարհում՝ թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում: Սա շատ դրական երեւույթ է: Խոսքն ընդհանրապես կոռուպցիայի եւ մասնավորապես դատաիրավական համակարգում այն քայլերի մասին է, որոնցով մենք ուզում ենք, որ դատարանը դառնա այն դատարանը, որի մասին երազում ենք: Չի կարող բիզնեսը զարգանալ, երկրում լինեն ներդումներ, եթե մարդիկ չեն վստահում դատարանին: Եթե ուշադիր լինենք, աշխարհի ամենամեծ ներդրումային ծավալ ունեցող երկրներն անպայման ունեն լավագույն դատաիրավական համակարգը: Ինչո՞ւ են աշխարհում այսօր հայտնի անգլիական, շվեյցարական կամ Սինգապուրի օրենքները՝ որովհետեւ մարդիկ վստահում են դատարանին: Դատարանն, իհարկե, վերջին տեղն է, որտեղ պետք է գնան գործարարները: Նախքան դատարանը հասնելը նրանք պետք է կարողանան լեզու գտնել, սակայն եթե դատարանին չես վստահում, ապա դժվար է: 

Ես շատ կցանկանայի, որ Հայաստանում մեկ ուրիշ դատական համակարգ զարգանար՝ արբիտրաժի դատարանը, այսինքն՝ երկխոսության, բանակցելու մեկ ուրիշ էլեմենտ: Մենք, ցավոք սրտի, արբիտրաժի մշակույթ չունենք: 

Մեկ ուրիշ դասական էլեմենտ էլ բանկային եւ ֆինանասատնտեսական համակարգերն են: Ես ամեն առիթով օգտագործում եմ այն փաստը, որ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, բայց թե՛ դրամը, թե՛ բանկային համակարգը մնացին անփոփոխ: Սա հսկայական առավելություն է մարդկանց գիտակցության մեջ, որ Հայաստանը կայուն տնտեսական համակարգ ունի: Եւ եթե Հայաստանում արժույթը եւ բանկային համակարգը դրամատիկ փոփոխությունների ընթացքում կայուն են մնում, ապա Հայաստանին կարելի է վստահել:

Եվ վերջապես, ուզում եմ խոսել հայ մարդու կերպարի մասին ու կրկին ցանկանում եմ իմ շնորհակալության խոսքը հղել մեր հայրենակիցներին, մասնավորապես նրանց, ովքեր գտնվում են սփյուռքում՝ Ռուսաստանից մինչեւ Լիբանան, Արգենտինայից Միացյալ Նահանգներ: Տասնյակ տարիների ընթացքում աշխարհում ստեղծվել է հայ գործարար մարդու կերպար, եւ այդ կերպարն ազնիվ, աշխատասեր մարդու կերպար է: Սա մեծ արժեք է մեր երկրի ու բիզնեսի գրավչության համար: Պետք է ամեն ինչ անենք, որ այդ կերպարն անսասան մնա: Խորին շնորհակալություն եմ հայտնում ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլեւ սփյուռքի բոլոր հայ գործարարներին, քանի որ նրանք են ստեղծել աշխատասեր ու ազնիվ ժողովրդի կերպարը:

Երկու խոսք բարեգործության մասին: Գիտեք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնն է: Հիմնադրամը ստեղծվել է 1990-ականների սկզբին, հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուժերով եւ գործել է բոլոր տարիներին: Ըստ ավանդույթի՝ երկրի նախագահը եղել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, եւ այժմ ես եմ ստանձնել այդ պաշտոնը:

Վարչապետի հետ մայիսին առաջին հանդիպման՝ տարեկան ժողովի ժամանակ դրվեց հստակ խնդիր գործադիր տնօրինության առջեւ, որ 20-րդ դարի վերջում ստեղծված համահայկական հիմնադրամը պետք է ձեւափոխվի, դառնա 21-րդ դարի հիմնադրամ: Ժամանակը փոխվել է, գործարարների ու բարերարների մեծ մասը հինը չեն, ավելի երիտասարդ են: Մեր հայկական բարեգործական կառույցը կարեւոր է, պատմություն ունի, Հայաստանից դուրս հազարավոր հայեր վստահում են կազմակերպությանը: Իհարկե, կազմակերպությունն ունեցել է խնդիրներ, գիտեք՝ գործադիր տնօրենի հետ կապված, սակայն ցույց տվեց ժամանակը, որ այն առողջ մարմին է: Հայտարարվեց գործադիր տնօրենի մրցույթ, եւ մոտ 40 մարդ դիմեց ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Այսինքն, մարդիկ հավատում են: Ընտրվեց, կարծում եմ, բոլոր չափանիշներով լավագույն գործադիր տնօրենը: 

Իհարկե, բարեգործական կառույցը բժշկի կամ բանկի նման կառույց է: Պետք է վստահես: Եթե բժշկին չվստահես, ինչպե՞ս ես գնալու նրա մոտ: Եթե բանկի գործունեությանը չվստահես, ինչպե՞ս ես փողդ պահելու: Եթե բարեգործական կառույցի բյուրեղային մաքրությանը չվստահես, ինչպե՞ս կարող ես նվիրաբերել: Կառույցի եւ տնօրինության առջեւ խնդիր է դրված, որ նոր մոտեցում ձեւավորվի բարեգործական կառույցի ապագայի համար: 

2018 թվականին ոչ միայն մեր առաջին հանրապետության 100- ամյակն էր, ոչ միայն Երեւանի 2800-րդ տարեդարձն էր, ոչ միայն ապրիլյան հեղափոխության տարին էր: Նաեւ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցն է: Այն մարդիկ, ովքեր 30 տարի առաջ են ծնվել, չեն հիշի այդ օրը: Ես հիշում եմ՝ այդ օրը Հայաստանի Գիտությունների ակադեմիայի համակարգչային կենտրոնում զրուցում էինք պրոֆեսոր Շուքուրյանի հետ, երբ շենքը սկսեց գնալ-գալ: Հետո ուսանողների հետ գնացինք՝ օգնելու մարդկանց դուրս բերել փլատակների տակից: Թվերն եմ ուզում հիշեցնել. 25 հազար մարդ ըստ պաշտոնական տվյալների, բայց մինչ օրս մարդիկ հավատում են, որ այդ թիվն ավելի մեծ է եղել, որ ուղղակի խորհրդային կառավարությունը թաքցրել է այդ թիվը: Մեկ օրվա մեջ ավելի շատ մարդ է զոհվել, քան ողջ Արցախյան պատերազմի ընթացքում: 45-50 հազար մարդ դուրս են բերվել փլատակների տակից: Դա գրեթե նույնն է, ինչ այսօրվա Գյումրիի բնակչությունը: 500 հազար մարդ անօթեւան է մնացել:

Ուզում եմ հիշեցնել, որ Սպիտակի, Վանաձորի, Գյումրիի մեր հայրենակիցները շատ համբերատար են եղել՝ գիտակցելով, որ բոլոր այդ տարիներին մենք լուծելու ուրիշ խնդիրներ ենք ունեցել, իրենց պահանջը չեն պարտադրել մեզ: 

Շատ բան է արված: Գյումրիում շինարարություն է արված տարբեր անհատների կողմից, չենք կարող մոռանալ Քըրք Քըրքորյանի մեծ ներդրումը, կառավարությունների ծրագրերը, սակայն երբ այսօր գնում եք Գյումրի, նույն ցավը կա:

Բարեգործությունը եւ գործարարությունը կարող են իրար հետ կապվել: Գյումրին մեր պատմական քաղաքն է: Երեւանը 2800 տարեկան քաղաք է, սակայն գտեք իրար կողք երեք փողոց, որոնք 100 տարեկան են: Երեւանում չկա, բայց կա Գյումրիում: Այդ քաղաքը կերպար ունի: Մարդիկ հատուկ են, հատուկ մշակույթ ունեն, արվեստի, թատրոնի քաղաք է: Քաղաքը գեղեցիկ է, եթե կարողանանք վերանորոգել: 

Ցավալի է, որ նախորդ տարի Գյումրի այցելել է 30 հազար մարդ, իսկ Արցախ՝ 18 հազար: Եթե համարենք, որ Արցախ այցելած մարդկանց մի մասը ծնողներն են, ովքեր գնացել են տեսնելու ծառայող զավակներին, ապա ուղղակի այցելուների թիվը քիչ է: Իսկ Գյումրի այցելած 30 հազարից 20 հազարն այն գյումրեցիներն են, ովքեր եկել են այցելելու ընտանիքներին: Իսկ Վրաստան նախորդ տարի այցելել է ավելի քան 1 մլն մարդ: 

Հարենասիրությունը միայն սահմանին հայրենիքը պաշտպանելը չէ: Հայրենասիրությունը նաեւ այն է, որ շաբաթ-կիրակի երեխաների հետ այցելենք Գյումրի: 

Իմ կոչը ձեզ հետեւյալն է. ձեր շաբաթ-կիրակին ընտանիքների հետ անցկացրեք Վանաձորում, Սպիտակում, Իջեւանում, Լոռիում, Գավառում, Արցախում՝ ուր կուզեք: 

Երբ Գյումրին կունենա ոչ թե 30, այլ 300 հազար այցելու, այդ քաղաքը լրիվ ուրիշ քաղաք կդառնա: Ե՛վ հյուրանոցներ կավելանան, եւ՛ ռեստորաններ: 

Կոչ եմ անում աջակցել հիմնադրամին եւ շաբաթ-կիրակին անցկացնել Երեւանից դուրս:

Կոչ եմ անում ձեզ՝ որպես գործարար՝ նախ եւ առաջ վստահ եղեք, որ մեր երկրի կերպարն այսօր աշխարհով մեկ շատ դրական է: Եվ եթե պետք է օգտագործվի Հայաստանը որպես դարպաս դեպի եվրասիական տարածք եւ Միջին Արեւելք, արտասահմանյան ընկերությունների համար լոկոմոտիվը դուք եք: 

Վստահ եղեք, որ լավագույն ժամանակն է, որ մենք՝ հայերս, եւս մեկ հեղափոխություն անենք, եւ այդ հեղափոխությունը տնտեսական պետք է լինի»: 

Տպել
1880 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին