Շինաշխատանքների մրցույթները շահում են տնօրենի հարազատները. Վանաձորի N16 դպրոցում անհաշտ են

Վերջին շրջանում պարբերաբար խռովություններ են բարձրանում տարբեր դպրոցներում: Ժամանակին զսպված դժգոհություններն ու անհամաձայնությունները այս կամ այն կերպ գտնում են իրենց դրսեւորումները: Իհարկե, երբեմն էլ այդ ամենը լինում է անձնական ու շահադիտական նպատակներ հետապնդելու հետեւանք:

Հերթական դպրոցը, որի աշխատակազմի մի խումբ անդամներ հայտարարում են հաստատությունում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի եւ տնօրենի թույլ տված չարաշահումների մասին, Վանաձորի համար 16 հիմնական դպրոցն է: Նրանք դիմել են նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակ:

«Ինչպես նախարարին ուղղված գրության մեջ, այնպես էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակում ուսուցիչները բողոքում են, որ տնօրեն Նաիրա Հարությունյանը կամայականություն ու բյուրոկրատական գործելաոճ է ցուցաբերում, ստեղծել է սպառնալիքի մթնոլորտ եւ նվաստացումների է ենթարկում ուսուցիչներին: Նրանք հայտնեցին, որ տնօրենը, իր խոսքով՝ վայելելով հենց նախարար Ա. Հարությունյանի հովանավորչությունը, վերջերս վերընտրվել է եւ շարունակում է նույն գործելաոճը. ստեղծել է յուրայինների շրջանակ եւ ըստ այդմ՝ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում աշխատակիցների նկատմամբ: Դա դրսեւորվում է ինչպես անհիմն նկատողություններով, այնպես էլ դասաբաշխմամբ»,- ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդագրության մեջ: 

Ուսուցիչներն, ըստ այդմ, նշել են նաեւ տնօրենի թույլ տված չարաշահումները, մասնավորապես.

  • Շինարարական աշխատանքների բոլոր մրցույթները շահում են տնօրենի հորեղբայրն ու հորեղբոր որդին: Ընդ որում՝ շինարարական ծավալուն աշխատանքներ են կատարվել ներառական կրթության աշակերտներին հատկացված գումարով:
  • Դպրոցի ճաշարանը տնօրինում է Նաիրա Հարությունյանի մորաքույրը, իսկ մորաքրոջ աղջիկը, որն ուսուցչի օգնական է աշխատում, վերահսկում է բոլոր աշխատողներին ու մասնակցում չարաշահումների կոծկմանը:
  • Դպրոցի հետ կապված առեւտուրը տնօրինում է Նաիրա Հարությունյանի հայրը, որը դպրոցում որեւէ հաստիք չի զբաղեցնում:
  • Չարաշահումներ է թույլ տվել նաեւ նախորդ ուստարում ներառական կրթության աշակերտներին տրամադրվող սննդի հարցում:

Կրթության եւ գիտության նախարարությունը, արձագանքելով վերոնշյալ հաղորդագրությանը, հայտարարում է, որ նախարար Արայիկ Հարությունյանը չունի հովանավորյալ կադրեր: «Հարկ ենք համարում նշել, որ տնօրենի ընտրության եւ վերընտրության գործառույթը բացառապես տվյալ դպրոցի կառավարման խորհրդի իրավասության շրջանակում է: ԿԳ նախարարն իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում չի ունեցել եւ չունի հովանավորյալ կադրեր, այդ երեւույթը խորթ է նոր իշխանություններին, ինչի մասին նախարարը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ իր գործունեության մեջ առաջնորդվելով բացառապես օրենքների եւ իրավական ակտերի շրջանակում նախարարին վերապահված լիազորություններով: Բացի այդ, ոչ բոլոր Հարությունյաններն են, որ բարեկամական կապեր ունեն ԿԳ նախարարի հետ»:

Նախարարությունն, ըստ էության, հերքում է նաեւ ուսուցիչների այն պնդումը, թե նախարարին ուղղված իրենց գրությանը պատշաճ ընթացք չի տրվել: Գերատեսչությունը նշում է, որ նախարարի հանձնարարությամբ դիմումը հասցեագրվել է Կրթության տեսչական մարմին: Վերջինս էլ, ուսումնասիրելով առաջ քաշված խնդիրները, որոշել է, որ դրանք դուրս են իր լիազորությունների շրջանակից եւ գրությամբ դիմել է Լոռու մարզպետարան: «Լոռու մարզպետի կողմից ստացվել է պատասխան գրություն, որում, մասնավորապես, նշվում է. «Դիմումը քննարկվել է Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում` ՀՀ Լոռու մարզպետի, փոխմարզպետի, կրթության մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատարի, դպրոցի տնօրենի եւ դիմումատուների մասնակցությամբ: Քննարկման արդյունքում հանձնարարվել է ե՛ւ տնօրինությանը, ե՛ւ կոլեկտիվին լինել հանդուրժող` ավելի կարեւորելով նոր սերնդի կրթության եւ դաստիարակության գործընթացը եւ ոչ թե անձնական խնդիրները, եւ աշխատանք տանել դպրոցում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու ուղղությամբ»: Այս մասին իրազեկվել են նաեւ դիմումատուները: Ուստի, ուսուցիչների դիմումն անպատասխան չի մնացել»,- պարզաբանում է ԿԳ նախարարությունը:

Վանաձորի համար 16 դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանը հրաժարվեց ուսուցիչների հայտարարությունների վերաբերյալ հեռախոսով մեկնաբանություններ տալ: «Մոտեցեք, անձամբ կտրամադրեմ ցանկացած ինֆորմացիա, որ ձեզ հետաքրքրի»,- ասաց նա: Մարզպետարանի կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանն էլ պատասխանեց, որ դեպքի հետ կապված շատ մանրամասների չի տիրապետում, իսկ վարչության պետի պաշտոնակատարը արձակուրդում է, բայց կրթության բաժինն ու համապատասխան վարչությունը միայն քննարկել են դիմումում տեղ գտած այն հարցերը, որոնք վերաբերել են կրթությանն ու դպրոցի բարոյահոգեբանական վիճակին: «Այդ քննարկման ժամանակ ինչ է պարզվել, ով ինչ է ասել, դրան ես չեմ տիրապետում եւ չեմ կարող ոչ մի մեկնաբանություն տալ: Այդ հանդիպման ժամանակ հանձնարարականը եղել է այդպես (ինչպես մեջբերել է կրթության եւ գիտության նախարարությունը-խմբ.): Եվ մինչ օրս ես այլ լուր չունեմ եւ անձամբ ինձ որեւէ բողոք՝ ե՛ւ պաշտոնական, ե՛ւ ոչ պաշտոնական, չի հասել»,- նշեց Գարիկ Տոնոյանը:

Ճշտող հարցին, թե ինքը փաստորեն չի կարող ասել՝ ուսուցիչների առաջ քաշած խնդիրները՝ դպրոցում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտի կամ տնօրենի թույլ տված չարաշահումների վերաբերյալ, որքանով են ճիշտ կամ սխալ, նա պատասխանեց. «Եթե կարողանում եմ օժանդակել իմ բարեկամին, որ իր գործը լավ կատարի, դա առանձին ուսումնասիրության խնդիր է: Եթե դա չարաշահում է, բնականաբար դա արդեն իրավապահ մարմինների հարթությունում է: Եվ քանի որ դա կրթության տեսչության լիազորություններից դուրս է, հասցեագրվում է իրավապահ մարմիններին, որովհետեւ մենք նման օրինակներ ունենում ենք: Մեզ ուղղակի տեսչությունը գրություն է ներկայացնում, որ այսինչ խնդրի վերաբերյալ համապատասխան գրություն է ուղարկվել Լոռու մարզային ոստիկանության վարչություն: Այս դեպքում ես չգիտեմ՝ ոստիկանություն կամ դատախազություն տեսչության կամ նախարարության կողմից գրություն գնացել է, թե չէ»,- նշեց բաժնի պետը:

Կրթության եւ գիտության նախարարին հասցեագրված դիմումի տակ ստորագրել են Վանաձորի համար 16 դպրոցի երկու փոխտնօրենները, գրադարանավարը, ուսուցիչներ: Ինչ վերաբերում է նրանց պնդմանը, թե շինարարական աշխատանքների բոլոր մրցույթները շահում են տնօրենի հորեղբայրն ու հորեղբոր որդին, նշենք, որ վերջինս Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետական բաժնի պետն է:

Տպել
2565 դիտում

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ