Նորածինը մահացել է ծնվելուց կարճ ժամանակ անց. սրտի արատը չէր հայտնաբերվել

Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի բնակչուհի Գայանե Կարապետյանի նորածին տղան մահացել է սեպտեմբերի 9-ին՝ ծնվելուց կարճ ժամանակ անց: Պարզվել է՝ երեխան սրտի արատ ունի, ինչը չի հայտնաբերվել նախածննդյան շրջանում: Լույս աշխարհ գալուց հետո փոքրիկը բարդ վիրահատության է ենթարկվել: Դա, սակայն չի փրկել նրա կյանքը:

Մայրն ահազանգում է բուժաշխատողների թերացման մասին, համոզված է, որ նրանք պետք է ժամանակին հայտնաբերեին պտղի մոտ առկա խնդիրներն ու տեղեկացնեին իրեն: «9 ամիս ես Էջմիածնում գնացել եմ կոնսուլտացիաների, ուլտրաձայնային հետազոտություններ անընդհատ անցել եմ: Կոնսուլտացիայի իմ բժշկուհին՝ Վարդուհի Գրիգորյանը, ուներ հատուկ գործիք, անընդհատ լսում էր երեխայի սրտի ձայնը, ասում, որ ամեն ինչ նորմալ է, հիասքանչ սրտիկ ունի երեխան: Ուղարկել է ուլտրաձայնային հետազոտության, այսինքն՝ սոնոգրաֆիայի: Իրենք միշտ ասել են, որ սիրտը նորմալ է, սրտի ձայնը, ամեն ինչ նորմալ է: Հղիության 20-րդ շաբաթում ինձ ուղարկեց Երեւանի «Ֆենիքսմեդ» կենտրոն՝ դոպլեր հետազոտության: Դոպլերի ուղարկում են, որ հատուկ տեսնեն սրտի կառուցվածքը, մորից երեխային արյունը ոնց է մատակարարվում դեպի սիրտը: Բժշկուհի Վարդուհին ասաց՝ Միսակյան Արմինեին կզանգես, կպայմանավորվես, կգնաս նրա մոտ: Բայց ես իր արած դոպլերը չհավանեցի, ճիշտն ասած, որովհետեւ երբ առաջին աղջկանովս հղի էի, գնացել էի «Էրեբունի», այնտեղ լրիվ հատիկ առ հատիկ ինձ ցույց տվեցին, իսկ այստեղ ինքը միայն ասում էր՝ նորմալ է»,- պատմեց երեխային կորցրած մայրը ու շարունակեց.

«Իմ սկեսուրը հարցրեց՝ բան չհասկացա ձեր արած դոպլերից: Գոնե տեսնենք՝ ինչ վիճակ է, ոչ մի բան չասացիք: Բժշկուհին երեխայի մատները հաշվեց՝ հինգ հատ մատիկ այս ձեռքին, հինգ հատ մատիկ՝ այն ձեռքին: Տեսա՞ք, համոզվեցի՞ք, որ դոպլեր եմ անում: Դոպլերն արեց, վերջացրեց, անցավ սոնոգրաֆիային: Երեխաս ծնվեց օգոստոսի 8-ին: 6 հատ մատ մի ձեռքին էր, 5 հատ մատ մյուս ձեռքին: Ինքը նույնիսկ ավելորդ մատը չէր տեսել: Առավոտյան տղայիս շնչառությունը շատ վատ էր: Նախ գույնը կապույտ էր ծնվել, ասացին պտղաջուր է կուլ տվել, կանցնի: Հետո մանկական բժշկուհին եկավ նայեց, ասաց՝ երեխայի սրտի մեջ աղմուկ եմ լսում, սրտի արատ ունի, բարդ արատ: Այդ պահին չիմացա ինչ անել, ոնց թե՝ սրտի բարդ արատ»:

Նորածինը Վաղարշապատից տեղափոխվել է Երեւանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն: Պարզվել է՝ այդ օրերին այնտեղ է գտնվում անվանի վիրաբույժ Հրայր Հովակիմյանը: Հարազատները մեծ հաջողություն են համարել, որ փոքրիկին նա է վիրահատելու: Բայց նույնիսկ այդ դեպքում նրանց բացատրել են, որ երեխայի ապրելու հավանականությունը շատ փոքր է:

«Մտել եմ իր մոտ, ինքը զարմացած նայում է ինձ, հարցնում է՝ աղջիկ ջան, դու դոպլեր հետազոտություն անցե՞լ ես, դու ընդհանրապես գնացե՞լ ես հետազոտվելու: Ասում եմ՝ բժիշկ Հովակիմյան, ես լրիվ հետազոտություններն անցել եմ: Զարմացավ՝ ոնց ցույց չի տվել երեխայի սրտի արատը: Հաջորդ օրը եկա Արմինեի մոտ, ասում է՝ ես ոչ մի բան չեմ տեսել: Ասում եմ՝ բա դու ինչի համար ես այստեղ աշխատում, ինչու ես մարդկանց ճակատագրեր խորտակում: Այնքան դժվար է, չեք պատկերացնի: Իմ երեխայի ձայնը մինչեւ հիմա իմ ականջներում է, չեմ կարողանում նրա ձայնը մոռանալ: Ուղիղ 15 օր իմ տղային վերակենդանացման բաժանմունքում քնեցրած են պահել՝ կրծքավանդակը բաց: 15 օր էլ իմ տղան այդտեղ է տանջվել: Այդ տանջանքները հիշում եմ, էլ չգիտեմ, գժվելու աստիճան է»,- հուզմունքով վերհիշեց Գայանե Կարապետյանը: Նա կարծում է, որ իր հղիությունը վարած Վարդուհի Գրիգորյանն ու Երեւանում սոնոգրաֆիստ Արմինե Սիսակյանը գործարք են կնքել: «Իրենք ինչ-որ գործարքի մեջ են, հաստատ: Գործարքը չլիներ, իր հղիներին այստեղից չի ուղարկի այնտեղ»,- եզրակացրեց նորածնին կորցրած մայրը:

Բժիշկները պարզաբանում են

«Ամեն բժիշկ պատասխան է տալիս իր կատարած աշխատանքի համար: Ես կոնկրետ հսկել եմ իր հղիության ընթացքը: Այդ ընթացքում մամայի առողջությունը չի տուժել, մամայի ճնշումը չի բարձրացել, մամայի ֆիզիկական տվյալները նորմալ են եղել, անալիզները նորմալ են եղել: Ինչ վերաբերում է երեխայի ցուցանիշներին, այսինքն՝ երեխան ունեցել է մագիստրալ անոթների պրոբլեմ, մանկաբարձ գինեկոլոգի իրավասության մեջ չի մտնում դա ստուգելը: Ես չեմ կարող նայել՝ պտուղը սրտի արատ ունի, թե չունի»,- պարզաբանեց Վաղարշապատի ծննդատան կանանց կոնսուլտացիայի մանկաբարձ-գինեկոլոգ Վարդուհի Գրիգորյանը: Նա պնդեց, որ հղիին չի պարտադրել դոպլեր հետազոտությունն անպայման անցնել «Ֆենիքսմեդ»-ում, ընդամենը առաջարկել է՝ հաշվի առնելով գնի մատչելիությունը եւ Էջմիածնի բնակիչների համար համեմատաբար մոտիկ տեղակայման վայրը: Ասաց, որ հարյուրավոր հիվանդներ են դիմել այդ կենտրոն եւ ոչ մի դժգոհություն չեն ունեցել: «Շատ հեղինակավոր բժիշկներ էլ են սխալվում, բժշկությունը ոչ ճշգրիտ գիտություն է: Ես չեմ պաշտպանում ուրիշ բժիշկներին, դա իմ գործն էլ չէ, բայց ցանկացած բժիշկ կարող է սխալվել: Ունի սխալվելու տոկոս»,- հավելեց մանկաբարձ-գինեկոլոգը:  

Նա ընդգծեց, որ եթե անգամ այդ ժամանակ հայտնաբերվեր Գայանե Կարապետյանի պտղի մոտ առկա սրտի արատը, այդ հղիությունը չէր կարող ընդհատվել, որովհետեւ ինքն իրավունք չէր ունենա համապատասխան ուղեգիր տալ: «Ես խոսել եմ շատ էխոսկոպիստների հետ: Իրենք ասել են, որ այդ խնդիրը կարող էր չերեւալ: Իհարկե, ես մասնագետ չեմ: Ցավալի է, Գայանե Կարապետյանը բալիկ է կորցրել, բայց եթե նույնիսկ այդ արատը հայտնաբերվեր էլ, դա ցուցում չէր լինելու եւ ինձ իրավունք չէր վերապահելու, որ ես ուղեգիր տայի 23-րդ կամ թեկուզ 20-րդ շաբաթում հղիությունը ընդհատելու, որովհետեւ դա վիրահատության ենթակա արատ է: Այսինքն՝ այսպես թե այնպես այդ երեխան պետք է ծնվեր: Նա ծնվել է, ապրել է, վիրահատվել է, վիրահատվելուց հետո նոր մահացել է: Այսինքն՝ կենսականորեն, կյանքի համար անհամատեղելի արատ չէր»,- նշեց բժշկուհին: Ընդգծեց, որ Հայաստանում գործող օրենսդրության համաձայն, հղիության 12-րդ շաբաթվանից հետո այն կարող է ընդհատվել միայն բժշկական ցուցումով՝ կյանքի հետ անհամատեղելի խնդիրների դեպքում:

Բժիշկ-ռադիոլոգ Արմինե Միսակյանը, մեկնաբանելով ողբերգական այս դեպքը, ասաց. «Հղին մեր կենտրոնում հետազոտվել է 21 շաբաթական ժամկետում, որի ժամանակ կատարվել է պտղի եւ մոր արյունատար անոթների Դոպլեր քննություն, ինչպես նաեւ պտղի սրտի էխոկարդիոգրաֆիա: Դոպլեր հետազոտության տվյալները համապատասխանել են հղիության ժամկետի հետ եւ արյունահոսքի պաթոլոգիկ շեղումներ չեն գրանցվել: Սրտի քառախոռոչ կառուցվածքը, ինչպես նաեւ մագիստրալ անոթների դիրքը գնահատվել են նորմալ, խոռոչների ասիմետրիա, լայնացումներ չեն հայտնաբերվել: Նշված ժամկետում պտղի թոքային զարկերակի սթենոզը չի դրսեւորվել: Քանի որ այն ունի հարաճուն բնույթ, շատ հաճախ հնարավոր է լինում հայտնաբերել 3-րդ եռամսյակում, սակայն դա եղել է հղիի եզակի այցը մեր կենտրոն: Կան բազմաթիվ մասնագիտական հրապարակումներ (օրինակ՝ Մերցի, Դուբիլեի, Վոլկովայի հեղինակությամբ), որտեղ կարող եք գտնել բժշկական ապացույցներ, որ նման արատները շատ հաճախ չեն հայտնաբերվում ներարգանդային զարգացման շրջանում, առավել եւս առաջին երկու կիսամյակներում: Հղիի մոտ նկարագրվել են այլ պաթոլոգիկ փոփոխություններ՝ ընկերքի վաղաժամ հասունացում (կիստոզ պլացենտոպաթիա), արգանդի բարձր տոնուս, հղիության ժամկետի եւ ֆետոմետրիայի որոշակի անհամապատասխանություն, որը նշվել է իմ կողմից տրված պատասխանի մեջ»:

Երկրորդելով Վաղարշապատի իր գործընկեր մանկաբարձ-գինեկոլոգին, Արմինե Միսակյանը եւս նկատեց, որ տվյալ արատը համարվում է շտկելի եւ հղիությունն ընդհատելու ցուցում չէր կարող լինել: «Եվ վերջապես, առողջապահության ստանդարտներով, նման խմբի արատների հայտնաբերման դեպքում չկա բժշկական ցուցում ՝ այդ հղիությունը ընդհատելու համար, որովհետև այն դասվում է կյանքի հետ համատեղելի արատների շարքում եւ վիրահատական ճանապարհով շտկելի է»,- ասաց նա:

Նշենք, որ նորածնին կորցրած Գայանե Կարապետյանը, Երեւանում հետազոտություն անցելուց առաջ եւ հետո սոնոգրաֆիկ հսկողության տակ է գտնվել Վաղարշապատի ծննդատանն աշխատող սոնոգրաֆիստ Սրբուհի Սեդրակյանի մոտ: Արատը չհայտնաբերվելու հնարավոր պատճառների մասին նրանից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց:

Տպել
9445 դիտում

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու